ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
28 նոյեմբերի 2021 թվականի N 301
ԱԱՀ-ՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող, ամբողջությամբ ամորտիզացված ավտոմեքենայի` իրական արժեքից էականորեն ցածր արժեքով վաճառքի դեպքում ո՞րն է հանդիսանում ԱԱՀ-ով հարկման բազան:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 4-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի համաձայն` ապրանքի մատակարարում է համարվում ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը մեկ անձից մեկ այլ անձի` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում` մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց,
i
- 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ է համարվում ապրանքի մատակարարումը, եթե ապրանքի մատակարարման վայրը, օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը,
i
- 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքների դեպքում, եթե օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում դրանց արժեքը` դրամական արտահայտությամբ` առանց ԱԱՀ-ի,
i
- 62-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսը, բացառությամբ նույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի:
i
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, եթե ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքն իրականացվել է իրական արժեքից էականորեն ցածր արժեքով, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ գործարքի իրական արժեքի 80 տոկոսը:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ