(ուժը կորցրել է 22.02.05 թիվ 38-Ն հրաման)
i
301.0015.280901
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 09 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 30101155
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
23 մարտի 2001 թվականի թիվ 15
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԲՈՂՈՔՆԵՐԻ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն և «Ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին» կարգը գործողության մեջ մտնելու կապակցությամբ հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչության բողոքարկման խորհրդի կանոնադրությունը
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչության բողոքարկման խորհուրդ բողոքների և դիմումների ներկայացման և քննարկման կարգը
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայարտոնագրի պետի 1997 թ. նոյեմբերի 12-ի N 45 հրամանով հաստատված «ՀՀ արտոնագրային վարչության գանգատարկման խորհրդի կանոնադրությունը» և «Հայարտոնագրի գանգատարկման խորհուրդ գանգատների ներկայացման և դրանց քննարկման կարգը» (հաստատված են ՀՀ արդարադատության նախարարության կողմից 1998 թ. փետրվարի 24-ին, N 36980085):
Հաստատված է
Հայարտոնագրի պետի 2001թ.
մարտի 23-ի N 15 հրամանով
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչության (այսուհետ` Հայարտոնագիր) բողոքարկման խորհուրդը (այսուհետ` բողոքարկման խորհուրդ) ստեղծվել է Հայարտոնագրի պետի 1993թ. հոկտեմբերի 14-ի N Կ 41 հրամանով, «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածին համապատասխան:
1.2. Իր գործունեության ընթացքում բողոքարկման խորհուրդը ղեկավարվում է ՀՀ օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով, արդյունաբերական սեփականության օբյեկտների պահպանությանը վերաբերող միջազգային պայմանագրերով, որոնց մասնակիցն է Հայաստանի Հանրապետությունը, և սույն կանոնադրությամբ:
1.3. Բողոքարկման խորհուրդը քննարկում և սահմանված կարգով որոշումներ է կայացնում արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված վիճելի հարցերի վերաբերյալ: Բողոքարկման խորհուրդը քննարկում է նաև ապրանքային նշանները ՀՀ-ում հանրահայտ ճանաչելու մասին դրանց սեփականատերերի դիմումները (այսուհետ` նաև դիմում):
Բողոքարկման խորհուրդ բողոքների ու դիմումների ներկայացման և դրանց քննարկման կարգը սահմանում է Հայարտոնագիրը:
2. Բողոքարկման խորհրդի խնդիրները
2.1. Ապահովել հայտատուների, արտոնագրատերերի, ապրանքային և սպասարկման նշանների (այսուհետ` ապրանքային նշան), ֆիրմային անվանումների սեփականատերերի և ապրանքի ծագման տեղանունների օգտագործման իրավունքի վկայականների սեփականատերերի` օրենքով վերապահված իրավունքները, ինչպես նաև այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերը, գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի, ապրանքային նշանի, ֆիրմային անվանման և ապրանքի ծագման տեղանվան հայտերով փորձաքննության որոշումների, ինչպես նաև արդյունաբերական սեփականության նշված օբյեկտների պահպանական փաստաթուղթ տալու կամ գրանցման գործողության դեմ բողոքների քննարկման ընթացքում:
2.2. Իր իրավասության շրջանակներում լուծել ՀՀ-ում արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված վիճելի հարցերը, այդ թվում` ապրանքային նշանները հանրահայտ ճանաչելու հետ կապված հարցերը:
2.3. Կատարելագործել բողոքների քննարկման ընթացակարգը, մասնակցել արտոնագրային փորձաքննության անցկացման գործընթացների իրավական հիմքերի կատարելագործմանը:
3. Բողոքարկման խորհրդի գործառույթները
Հիմնական խնդիրներին համապատասխան բողոքարկման խորհուրդն ունի հետևյալ պարտականությունները`
3.1. Քննարկել գյուտի, օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի արտոնագիր տալը մերժելու, ինչպես նաև ապրանքային նշանները, ֆիրմային անվանումները, ապրանքի ծագման տեղանունների գրանցումը մերժելու և (կամ) ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայական տալը մերժելու մասին փորձաքննության որոշումների վերաբերյալ հայտատուների բողոքները:
3.2. Քննարկել գյուտի, օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու դեմ, ինչպես նաև ապրանքային նշանը, ապրանքի ծագման տեղանունը գրանցելու և (կամ) ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայական տալու դեմ երրորդ անձանց բողոքները:
3.3. Քննարկել հայտատուների դիմումները իրենց պատկանող ապրանքային նշանները, Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի 6 bis հոդվածի 1-ին կետին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու վերաբերյալ:
3.4. Ապահովել բողոքների և դիմումների քննարկման գաղտնիությունը բողոքարկման խորհրդում:
3.5. Ընդհանրացնել իր իրավասությանը վերաբերող օրենսդրական պրակտիկան և դրա հիման վրա մշակել և սահմանված կարգով Հայարտոնագրի խորհրդի քննարկմանը ներկայացնել դրանց կատարելագործման մասին առաջարկություններ:
3.6. Բողոքարկման խորհուրդը պատասխանատու է սույն կանոնադրությամբ իր վրա դրված խնդիրների և պարտականությունների կատարման համար:
4. Բողոքարկման խորհրդի իրավունքները
4.1. Բողոքների և սույն կանոնադրության 3.3 կետում նշված դիմումների քննարկման արդյունքում բողոքարկման խորհուրդը իրավասու է ընդունել հետևյալ որոշումները`
ա) բողոքը բավարարելու և փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու մասին.
բ) բողոքը մերժելու և փորձաքննության որոշումն օրինական ճանաչելու մասին.
գ) բողոքը բավարարելու և պահպանական փաստաթուղթն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին.
դ) բողոքը մերժելու և պահպանական փաստաթուղթն ուժի մեջ թողնելու մասին:
ե) դիմումը բավարարելու և ապրանքային նշանը ՀՀ-ում հանրահայտ ճանաչելու մասին.
զ) դիմումը մերժելու մասին:
Բողոքի վերաբերյալ բողոքարկման խորհրդի որոշումները պարտադիր են Հայարտոնագրի արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտերի փորձաքննություն իրականացնող ստորաբաժանումների համար:
4.2. Իր իրավասության շրջանակներում նամակագրություն վարել նախարարությունների, վարչությունների, կազմակերպությունների, հայտատուների, արտոնագրատերերի (ապրանքային նշանների, ֆիրմային անվանումների սեփականատերերի և ապրանքի ծագման տեղանունների օգտագործման իրավունքի վկայականների սեփականատերերի) և այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ, նրանցից ստանալ բոլոր այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են բողոքների վերաբերյալ որոշումներ ընդունելու համար:
4.3. Իր ընդունած որոշումների մասին սահմանված կարգով տեղեկություններ ներկայացնել Հայարտոնագրի պաշտոնական տեղեկագրում հրապարակելու համար:
4.4. Անհրաժեշտության դեպքում իր նիստերին հրավիրել քննարկվող հարցերին առնչվող հայտատուների, հեղինակների, արտոնագրատերերի (ապրանքային նշանների, ֆիրմային անվանումների սեփականատերերի և ապրանքի ծագման տեղանունների օգտագործման իրավունքի վկայականների սեփականատերերի) այլ իրավատերերի կամ նրանց ներկայացուցիչների, Հայարտոնագրի փորձագետների և այլ անձանց:
4.5. Անհրաժեշտության դեպքում ներգրավել բարձրորակ մասնագետների և գիտնականների` հայտերի փորձաքննության հետ կապված հարցերի քննարկման համար:
4.6. Մասնակցել Հայարտոնագրի միջազգային համագործակցությանը օտարերկրյա պետությունների արտոնագրային գերատեսչությունների կամ բողոքների քննարկման այլ իրավասու մարմինների փորձի ուսումնասիրման և օգտագործման հետ կապված հարցերում:
5. Բողոքարկման խորհրդի անդամների անկախությունը
Բողոքները և դիմումները քննարկելիս, բողոքարկման խորհրդի որոշումներ ընդունելիս բողոքարկման խորհրդի անդամները (այսուհետև` խորհրդի անդամները) անկախ են և առաջնորդվում են միայն ՀՀ օրենքներով:
Խորհրդի անդամները որոշումներ ընդունման ժամանակ առաջնորդվում են միայն օրենսդրությամբ, որևէ ազդեցության բացառման պայմաններում:
6. Բողոքարկման խորհրդի կազմը է կառուցվածքը
6.1. Բողոքարկման խորհուրդը ստեղծված է Հայարտոնագրի պետի հրամանով և ունի հետևյալ կազմը` բողոքարկման խորհրդի նախագահ, նրա տեղակալ (Հայարտոնագրի բաժնի վարիչի կարգավիճակով) և խորհրդի անդամներ:
6.2. Բողոքարկման խորհրդի նախագահն ի պաշտոնե Հայարտոնագրի պետն է:
6.3. Բողոքարկման խորհրդի նախագահը ղեկավարում է բողոքարկման խորհրդի գործունեությունը և կազմակերպում է նրա աշխատանքը, բաշխում է պարտականությունները իր տեղակալի և խորհրդի անդամների միջև, լուծում է խորհրդի գործունեության հետ կապված այլ հարցեր:
6.4. Բողոքարկման խորհրդի նախագահի տեղակալը նշանակվում ու ազատվում է պաշտոնից Հայարտոնագրի պետի հրամանով:
6.5. Բողոքարկման խորհրդի անդամների կազմը հաստատում է Հայարտոնագրի պետը:
7. Բողոքարկման խորհրդի կոլեգիան
7.1. Քննարկման ընդունված բողոքները քննարկվում են կոլեգիալ կարգով` բողոքարկման խորհրդի առնվազն երեք անդամներից բաղկացած կազմով, որը ձևավորում է խորհրդի նախագահը կամ նրա տեղակալը:
Խորհրդի նախագահը և նրա տեղակալը կարող են ընդգրկվել կոլեգիայի կազմում և լինել դրա ղեկավարը:
7.2. Կոլեգիայի կազմում չպետք է ընդգրկվեն վիճարկվող որոշում ընդունած փորձագետի կամ բողոք ներկայացնող անձի հետ ազգակցական կապեր ունեցող անձինք, ինչպես նաև փորձաքննության վիճարկվող որոշման ընդունմանը ուղղակի կամ անուղղակի մասնակցած անձինք:
Նշված պարագաներից ցանկացածի առկայության դեպքում կոլեգիայի կազմում ընդգրկված խորհրդի անդամը պարտավոր է ինքնաբացարկ հայտարարել: Այդ դեպքում նշանակվում է կոլեգիայի նոր կազմ:
7.3. Սույն կանոնադրության 3.3 կետում նշված դիմումները քննարկվում են Բողոքարկման խորհրդի կոլեգիայի ընդլայնված կազմով, որի մեջ կարող են ընդգրկվել ինչպես Հայարտոնագրի խորհրդի անդամները, այնպես էլ գործի էությունից ելնելով` համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները: Բողոքարկման խորհրդի ընդլայնված կոլեգիայի կազմը ձևավորվում է խորհրդի նախագահի կողմից:
Հաստատված է
Հայարտոնագրի պետի 2001թ.
մարտի 23-ի N 15 հրամանով
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԲՈՂՈՔՆԵՐԻ Է ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ Է ԴՐԱՆՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳ
1. Ընդհանուր դրույթներ
Սույն կարգը սահմանված է Հայարտոնագրի բողոքարկման խորհրդի կանոնադրության 1.3 կետին համապատասխան և նախատեսված է կարգավորել արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված բողոքների և դիմումների ներկայացման և քննարկման հետ կապված հարցերը:
2. Բողոքարկման խորհուրդ ներկայացվող բողոքները է դիմումները
Հայարտոնագրի բողոքարկման խորհուրդ (այսուհետ` նաև խորհուրդ) կարող են ներկայացվել հետևյալ բողոքները և դիմումները:
2.1. Գյուտի արտոնագիր չտալու մասին կրկնական նախնական փորձաքննության որոշման վերաբերյալ:
2.2 Օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի արտոնագիր չտալու մասին կրկնական փորձաքննության որոշման վերաբերյալ:
2.3. Ապրանքային կամ սպասարկման նշանի (այսուհետ` ապրանքային նշան) գրանցման, ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի վկայական ստանալու հայտը քննարկման չընդունելու մասին նախնական փորձաքննության որոշման վերաբերյալ:
2.4. Առարկության քննարկման արդյունքում գյուտի նախնական արտոնագիր չտալու մասին կրկնական փորձաքննության որոշման վերաբերյալ:
2.5. Գյուտի հիմնական արտոնագիր չտալու մասին գերատեսչության որոշման վերաբերյալ:
2.6. Ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին հայտարկվող նշանի փորձաքննության որոշման վերաբերյալ, այդ թվում` նշանը չգրանցելու մասին վերջնական մերժումները *, որոնք ընդունվել են հայտարկվող նշանի փորձաքննության արդյունքում` Մադրիդյան համաձայնագրի 5 հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերին համապատասխան:
2.7. Ապրանքի ծագման տեղանվան գրանցումը մերժելու և (կամ) դրա օգտագործման իրավունք չտալու մասին հայտարկվող տեղանվան փորձաքննության որոշման վերաբերյալ:
2.8. Ֆիրմային անվանման գրանցումը մերժելու մասին փորձաքննության որոշման վերաբերյալ:
2.9. Ապրանքային նշանը գրանցելու մասին հայտարկվող նշանի փորձաքննության որոշման վերաբերյալ, այդ թվում`
ա) ապրանքային նշանի մեկ կամ մի քանի տարրերը փորձաքննության կողմից պաշտպանությունից հանելու դեպքում.
բ) ապրանքային նշանի գրանցման ընթացքում հայտատուի ներկայացրած ապրանքների ցանկը փորձաքննության կողմից փոփոխվելու դեպքում:
2.10. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու դեմ:
2.11. Ապրանքային նշանի գրանցման դեմ, այդ թվում` Մադրիդյան համաձայնագրի 5 հոդվածի 6-րդ կետին համապատասխան:
2.12. Ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) տեղանվան օգտագործման իրավունքի վկայական տալու դեմ:
2.13. Ապրանքային նշանը Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի 6 bis հոդվածի 1-ին կետին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու վերաբերյալ:
3. Բողոքների է դիմումների ներկայացման պայմանները
3.1. Սույն կարգի 2.1-2.9 կետերին համապատասխան բողոքը ներկայացվում է հայտատուի կողմից անմիջականորեն կամ նրա ներկայացուցչի միջոցով:
Սույն կարգի 2.10-2.12 կետերին համապատասխան բողոքը ներկայացվում է ցանկացած անձի կողմից անմիջականորեն կամ նրա ներկայացուցչի միջոցով:
Բողոքի (դիմումի) գործերը վարելու և դրա քննարկման ընթացքում իր շահերը ներկայացնելու համար, հայտատուն կարող է նշանակել ներկայացուցիչ` նրան տալով սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպված լիազորագիր:
Հայաստանի Հանրապետությունից դուրս ապրող ֆիզիկական անձինք և օտարերկրյա իրավաբանական անձինք կամ նրանց արտոնագրային հավատարմատարները բողոքների և դիմումների ներկայացման հետ կապված գործերը վարում են Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով:
Նշված լիազորագիրը կարող է ներկայացվել բողոքի (դիմումի) հետ կամ գործավարության ընթացքում:
3.2. Սույն կարգի 2.13 կետին համապատասխան դիմումը ներկայացվում է այն անձի կամ նրա ներկայացուցչի միջոցով, որը իր ապրանքային նշանը համարում է հանրահայտ (այսուհետ` հայտատու):
3.3. Բողոքում նշվում են` գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի, ապրանքային նշանի, ֆիրմային անվանման, ապրանքի ծագման տեղանվան հայտի համարը, իսկ պահպանական փաստաթղթի վիճարկման դեպքում արտոնագրի և (կամ) գրանցման վկայականի համարը, բողոքարկողի ազգանունը, անունը, հայրանունը կամ իրավաբանական անձի լրիվ անվանումը և նամակագրության հասցեն:
3.4. Սույն կարգի 2.1 - 2.2 և 2.4 - 2.5 կետերին համապատասխան բողոքը ներկայացվում է հայտատուի կողմից որոշումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:
Սույն կարգի 2.3, 2.6, 2.7 և 2.9 կետերին համապատասխան բողոքը ներկայացվում է հայտատուի կողմից որոշումն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում:
Սույն կարգի 2.8 կետին համապատասխան բողոքը ներկայացվում է հայտատուի կողմից որոշումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:
3.5. Սույն կարգի 2.10 կետին համապատասխան բողոքը ներկայացվում է արտոնագրի գործողության ամբողջ ժամկետում:
Սույն կարգի 2.11 կետին համապատասխան, ապրանքային նշանի գրանցման դեմ բողոքը ներկայացվում է ապրանքային նշանի գրանցման գործողության ամբողջ ժամկետում` «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների» մասին ՀՀ օրենքի (այսուհետ` Ապրանքային նշանների մասին օրենք) 3 և 11 հոդվածներով սահմանված պահանջների խախտման դեպքում և ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունները պաշտոնական տեղեկագրում հրապարակելու օրվանից 5 տարվա ընթացքում` նույն օրենքի 12 հոդվածի համաձայն:
3.6. Բողոքին (դիմումին) կցվում է սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Առանց սահմանված տուրքի վճարման անդորրագրի բողոքը (դիմումը) քննարկման չի ընդունվում:
3.7. Սույն կարգի 3.4 կետով սահմանված ժամկետները խախտելու դեպքում բողոքը կարող է քննարկման ընդունվել բաց թողած ժամկետների վերականգնման մասին խնդրագրի առկայության դեպքում: Խնդրագիրը ներկայացվում է բողոքի հետ միաժամանակ, որպես դրա բաղկացուցիչ մաս կամ բողոքին կից հավելվածի տեսքով:
Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հայտով փորձաքննության որոշմանը վերաբերող բողոքի ներկայացման բաց թողած ժամկետների վերականգնման մասին խնդրագիրը ներկայացվում է ժամկետի ավարտման օրվանից ոչ ավելի, քան վեց ամսվա, իսկ ապրանքային նշանին վերաբերող խնդրագիրը` երեք ամսվա ընթացքում:
Այս դեպքում բողոքի և խնդրագրի հետ միասին պետք է ներկայացվի բաց թողած ժամկետների վերականգնման համար սահմանված տուրքի վճարման անդորրագիրը:
Առանց բաց թողած ժամկետների վերականգնման համար սահմանված տուրքի վճարման անդորրագրի բողոքը քննարկման չի ընդունվում:
3.8. Այն դեպքում, երբ վճարված տուրքի գումարը գերազանցում է օրենքով սահմանված չափերը, ապա հայտատուի դիմումի համաձայն այն կարող է օգտագործվել մեկ այլ գործողության կամ արդյունաբերական սեփականության մեկ այլ օբյեկտի իրավական պահպանության հետ կապված գործողության համար: Հակառակ դեպքում, հայտատուի դիմումի համաձայն, ավել վճարված գումարը օրենքով սահմանված կարգով վերադարձվում է հայտատուին:
3.9. Սույն կարգի 2.1-2.9 կետերին համապատասխան բողոքը պետք է պարունակի փորձաքննության որոշման անճշտությունը հաստատող փաստարկներ, վերաբերի գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի, ապրանքային նշանի, ապրանքի ծագման տեղանվան մեկ հայտի և ներկայացվի երկու օրինակից:
3.10. Սույն կարգի 2.10-2.12 կետերին համապատասխան բողոքը պետք է պարունակի պահպանական փաստաթուղթը և (կամ) գրանցումը ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու հիմքերի առկայությունը հաստատող փաստարկներ, վերաբերի մեկ պահպանական փաստաթղթի և (կամ) մեկ գրանցման ու ներկայացվի երկու օրինակից:
3.11. Սույն կարգի 2.10 կետին համապատասխան բողոքը պետք է պարունակի «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 1-ին կետի 1-ին, 2-րդ և (կամ) 3-րդ ենթակետերով սահմանված հիմքերի առկայությունը հաստատող փաստարկներ:
3.12. Սույն կարգի 2.11 և 2.12 կետերին համապատասխան բողոքը պետք է պարունակի Ապրանքային նշանների մասին օրենքի 28 և 43 հոդվածներով սահմանված հիմքերի առկայությունը հաստատող փաստարկներ:
3.13. Սույն կարգի 2.13 կետին համապատասխան դիմումը պետք է պարունակի ապրանքային նշանի հանրահայտ լինելը հաստատող փաստացի տեղեկություններ:
4. Բողոքի (դիմումի) ընդունումը է գրանցումը
4.1. Որպես բողոք քննարկման է ընդունվում սույն կարգի 2.1-2.12, 3.1, 3.3-3.5 և 3.9-3.12 կետերով սահմանված պահանջներին բավարարող գրավոր խնդրագիրը:
4.2. Խորհուրդ ներկայացված բողոքը (դիմումը) գրանցվում է, և դրան տրվում է մտից համար:
4.3. Բողոքի (դիմումի) ստացման օրվանից մեկամսյա ժամկետում բողոքարկողին (դիմողին) ուղարկվում է ծանուցագիր բողոքը (դիմումը) քննարկման ընդունելու մասին, որի մեջ նշվում է խորհրդի կոլեգիայի նիստում բողոքի (դիմումի) քննարկման թվականը:
Սույն կարգի 2.10-2.12 կետերին համապատասխան բողոքը քննարկման ընդունելու մասին ծանուցագիր է ուղարկվում նաև վիճարկվող պահպանական փաստաթղթի սեփականատիրոջը` կցելով դրան բողոքի պատճենը` վիճարկման վերաբերյալ իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ, ինչը կարող է արվել ոչ ուշ, քան կոլեգիայի նիստի անցկացման օրվանից 10 օր առաջ:
Ապրանքային նշանի սեփականատիրոջը, որի նշանը գրանցվել է նշանների միջազգային գրանցման Մադրիդյան համաձայնագրի համաձայն, վերը նշված ծանուցագիրը ուղարկվում է անմիջականորեն նշանի սեփականատիրոջը: Ընդ որում, նշվում է, որ վիճարկվող գրանցման գործողության վերաբերյալ նա կարող է ներկայացնել իր նկատառումները, բողոքի քննարկման հետ կապված գործերը վարելով Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով:
Կոլեգիայի բոլոր ծրագրված նիստերի անցկացման ժամկետների մասին խորհուրդը տեղեկացնում է Հայարտոնագրի համապատասխան փորձաքննական ստորաբաժանմանը (այսուհետ` փորձաքննության բաժին):
4.4. Այն դեպքում, երբ խորհուրդ ներկայացված խնդրագիրը չի համապատասխանում սույն կարգի 3.1, 3.3-3.4 կետերով սահմանված պահանջներին, բացառությամբ 3.1 կետի 3-րդ մասով նախատեսված լիազորագրի ձևակերպմանը վերաբերող պահանջների, դրա ստացման օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում բողոքարկողին ծանուցագիր է ուղարկվում այն մասին, որ ստացված խնդրագիրը որպես բողոք քննարկման ենթակա չէ:
Այն դեպքում, երբ խնդրագիրը չի համապատասխանում սույն կարգի 3.9-3.12 կետերով, 3.1 կետի 3-րդ պարբերությամբ նախատեսված պահանջներին, խնդրագրի ստացման օրվանից մեկամսյա ժամկետում բողոքարկողին ուղարկվում է հարցում` այն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում խնդրագիրը որպես բողոք քննարկելու համար անհրաժեշտ տեղեկություններ ներկայացնելու առաջարկությամբ:
Պահանջված տեղեկությունները ժամանակին ներկայացնելու դեպքում, բողոքի ստացման թվական է համարվում խորհրդի կողմից դրանցից վերջինի ստացման թվականը, ընդ որում սույն կարգի 4.3 կետի համաձայն, մեկ ամսվա ընթացքում բողոքարկողին ուղարկվում է ծանուցագիր` բողոքը քննարկման ընդունելու մասին:
Նշված եռամսյա ժամկետում պահանջված տեղեկությունները չներկայացնելու դեպքում, խնդրագիրը որպես բողոք քննարկման չի ընդունվում, ինչի մասին խորհուրդը, հարցումն ուղարկելու օրվանից հինգ ամիսը լրանալուն պես, ծանուցում է բողոքարկողին:
4.5. Սույն կարգի 4.3 և 4.4 կետերում նշված ծանուցումները և հարցումներն ստորագրում է խորհրդի նախագահը կամ նրա տեղակալը:
4.6. Հայտատուի խնդրանքով բողոքը (դիմումը) կարող է հետ կանչվել դրա քննարկման ցանկացած փուլում մինչև Բողոքարկման խորհրդի կոլեգիայի նիստում խորհրդի որոշման հրապարակումը: Այս դեպքում բողոքի կամ դիմումի քննարկումը և դրանցով վարվող գործավարությունը դադարեցվում է:
Եթե բողոքի (դիմումի) հետ կանչման մասին խնդրագիրը Բողոքարկման խորհուրդ է ներկայացվել մինչև սույն կարգի 4.3. կետով նախատեսված` բողոքը (դիմումը) քննարկման ընդունելու մասին ծանուցագրի առաքումը հայտատուին, ապա վերջինիս խնդրագրի հիման վրա վճարված պետական տուրքի գումարը կարող է վերադարձվել կամ սահմանված կարգով օգտագործվել այլ տուրքերի վճարման համար: Հակառակ դեպքում վճարված պետական տուրքի գումարը վերադարձման ենթակա չէ:
5. Բողոքի (դիմումի) քննարկման ժամկետները
5.1. Սույն կարգի 2.1 - 2.2, 2.4, 2.5 կետերին համապատասխան բողոքը քննարկվում է դրա ստացման օրվանից երկամսյա ժամկետում:
Սույն կարգի 2.3, 2.6 - 2.9 և 2.11-2.12 կետերին համապատասխան բողոքը քննարկվում է դրա ստացման օրվանից եռամսյա ժամկետում:
Սույն կարգի 2.10 կետին համապատասխան բողոքը քննարկվում է դրա ստացման օրվանից 6-ամսյա ժամկետում:
Սույն կարգի 2.13 կետին համապատասխան դիմումը քննարկվում է դրա ստացման օրվանից եռամսյա ժամկետում:
5.2. Ցանկացած անձ, որին ուղարկվել է բողոքը քննարկման ընդունելու մասին ծանուցագիր, սույն կարգի 4.3 կետի համաձայն, կարող է դիմել խորհուրդ` կոլեգիայի նիստի անցկացման ժամկետների տեղափոխման խնդրանքով, սույն կարգի 4.1 կետին համապատասխան ժամկետների սահմաններում:
Դիմումը ներկայացվում է գրավոր, և դրա բավարարման դեպքում նշանակվում է կոլեգիայի նիստի անցկացման նոր թվական, ինչի մասին ծանուցվում են գանգատի քննարկման բոլոր մասնակիցները:
Կողմերից մեկի խնդրանքով և քննարկման բոլոր մասնակիցների համաձայնությամբ, գանգատի քննարկման սկիզբը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան վեց ամսով, սկսած սույն կարգի 5.1 կետով սահմանված ժամկետի ավարտի օրվանից:
5.3. Սույն կարգի 5.1 կետով սահմանված ժամկետները կարող են երկարաձգել նաև Բողոքարկման խորհրդի նախաձեռնությամբ` բողոքի (դիմումի) սպառիչ լրիվությամբ և անշահախնդիր քննարկումն ապահովելու նպատակով, ոչ ավելի քան վեց ամսով:
Եթե հարցվել են բողոքի կամ դիմումի քննարկման համար անհրաժեշտ լրացուցիչ նյութեր, ապա մինչև դրանց ստացումը նշված ժամկետների ընթացքը կասեցվում է:
6. Բողոքի քննարկումը խորհրդի կոլեգիայի նիստում
6.1. Բողոքը կամ դիմումը քննարկվում է խորհրդի կոլեգիայի նիստում, քննարկմանը մասնակցող անձանց պարտադիր ներկայությամբ:
Կոլեգիայի կազմում չպետք է ընդգրկվեն բողոքի կամ փորձաքննության բաժնի վիճարկվող որոշում ընդունած փորձագետի հետ ազգակցական կապեր ունեցող անձինք, ինչպես նաև փորձաքննության վիճարկվող որոշման ընդունմանը ուղղակի կամ անուղղակի մասնակցած անձինք:
6.2. Բողոքի (դիմումի) քննարկմանը կարող են մասնակցել` բողոքարկողը (դիմողը), պահպանական փաստաթղթի սեփականատերը և (կամ) նրանց լիազորած ներկայացուցիչը և փորձաքննության բաժնի ներկայացուցիչները:
Հայարտոնագրի աշխատակիցները չեն կարող լինել նշված անձանց ներկայացուցիչներ:
6.3. Ցանկացած մասնակից, անհրաժեշտության դեպքում, կարող է այլ մասնագետներ հրավիրել բողոքի քննարկմանը մասնակցելու համար:
Այն հայտերով, որոնց մասին դեռևս տեղեկությունները չեն հրապարակվել, այլ մասնագետների հրավիրումը հնարավոր է միայն հայտատուի համաձայնության դեպքում:
6.4. Քննարկման մասնակիցները իրավունք ունեն նախօրոք ծանոթանալ գործի նյութերին, դրանցից քաղվածքներ և պատճեններ անել, իսկ քննարկման ընթացքում` հարցեր տալ մյուս մասնակիցներին և կոլեգիայի անդամներին, խնդրագրեր ներկայացնել, տալ բանավոր և (կամ) գրավոր պարզաբանումներ քննարկվող հարցի էության վերաբերյալ, որոնք կցվում են կոլեգիայի նիստի արձանագրությանը:
6.5. Կոլեգիայի նիստի անցկացման տեղի և թվականի մասին ծանուցում ստացած մասնակցի նիստին չներկայանալը չի խոչընդոտում բողոքի (դիմումի) քննարկմանը:
Սակայն կոլեգիան իրավասու է մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում հետաձգել նիստը, անհնար համարելով բողոքի (դիմումի) քննարկումը տվյալ նիստի ընթացքում:
6.6. Կոլեգիայի նիստը հետաձգելու կամ այն կրկին անգամ անցկացնելու անհրաժեշտության դեպքում նիստի անցկացման նոր ժամկետը կարող է նշանակվել ոչ շուտ, քան առաջինից մեկ ամիս անց, հետաձգելով նաև բողոքի քննարկման ժամկետը, ինչը պետք է համաձայնեցվի բողոքարկողի (դիմողի) հետ:
6.7. Նիստը ղեկավարում է կոլեգիայի նախագահը, ապահովելով բողոքի (դիմումի) ամբողջական, բազմակողմանի և անկողմնակալ քննարկումը: Նախագահողը բացում է կոլեգիայի նիստը, ներկայացնում է կոլեգիայի անդամներին և քննարկմանը մասնակցող անձանց:
6.8. Քննարկման յուրաքանչյուր մասնակից կարող է բացարկ հայտարարել կոլեգիայի ցանկացած անդամի (անդամների)` սույն կարգի 6.1. կետում նշված պատճառների հիման վրա: Բացարկը պետք է լինի պատճառաբանված և հայտարարվի գործի ըստ էության քննարկումից առաջ:
Բացարկը քննարկվում է կոլեգիայի անդամների կողմից, և այն բավարարելու դեպքում նշանակվում է կոլեգիայի նոր կազմ, որը որոշում է բողոքի (դիմումի) քննարկման նոր ժամկետը:
6.9. Բողոքի (դիմումի) ըստ էության քննարկումն սկսվում է նախագահողի կամ կոլեգիայի անդամներից մեկի զեկուցումով:
Գործի հետագա քննարկումը կատարվում է հետևյալ հաջորդականությամբ`
ա) բողոքարկողի (դիմողի) և (կամ) նրա ներկայացուցչի ելույթը.
բ) փորձաքննության բաժնի ներկայացուցչի ելույթը.
գ) արտոնագրատիրոջ (ապրանքային նշանի սեփականատիրոջ) ելույթը պահպանական փաստաթղթի վիճարկման դեպքում.
դ) կողմերի պատասխանները կոլեգիայի անդամների հարցերին:
6.10. Գործի էության քննարկման ընթացքում կոլեգիան սահմանափակվում է փորձաքննության ընթացքում քննարկված նյութերով և լրացուցիչ որոնումներ չի կատարում:
6.11. Նոր ներկայացված տեղեկությունների վերաբերյալ ավելի մանրամասն հետազոտություններ կատարելու անհրաժեշտության դեպքում, կոլեգիայի որոշմամբ նիստը կարող է հետաձգվել սույն կարգի 6.6 կետի դրույթներին համապատասխան:
6.12. Կոլեգիայի նիստի ընթացքը արձանագրվում է, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ձայնագրվում մագնիսական ժապավենի վրա, ինչի մասին տեղեկացվում են բոլոր մասնակիցները:
Արձանագրությունը կցվում է գործին:
6.13. Կոլեգիայի նիստի արձանագրությունը վարում է կոլեգիայի քարտուղարը, որը նշանակվում է նախագահողի կողմից` կոլեգիայի անդամներից:
6.14. Արձանագրության մեջ նշվում են`
նիստի անցկացման թվականը.
կոլեգիայի անդամների և նիստի մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը. նրանց առնչությունը քննարկվող հարցին.
քննարկվող հայտի, արտոնագրի և (կամ) նշանի վկայականի համարը և օբյեկտի անվանումը (նշանի պատկերը) (սույն կարգի 2.13 կետով նախատեսված դիմումի քննարկման դեպքում բերվում է ապրանքային նշանի նկարագրությունը).
գործի գրանցման համարը.
տեղեկություններ նիստի մասնակիցների մասին.
բողոքում (դիմումում) կամ փորձաքննության որոշման մեջ բացակայող փաստարկների, խնդրագրերի կամ պարզաբանումների վերաբերյալ մասնակիցների դիմումների համառոտ շարադրանքը.
կոլեգիայի որոշման բանաձևային մասը:
6.15. Քննարկմանը մասնակցող անձինք և կոլեգիայի անդամները կարող են արձանագրության մեջ մտցնել իրենց հատուկ կարծիքը կամ այն գրավոր ներկայացնել եռօրյա ժամկետում: Վերջինս գրանցվում և կցվում է կոլեգիայի նիստի արձանագրությանը:
6.16. Արձանագրությունը հրապարակում է նախագահողը, և այն տրվում է կոլեգիայի անդամներին` ստորագրության:
7. Բողոքարկման խորհրդի որոշումները
7.1. Սույն կարգի 2.1-2.3 կետերին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`
ա) բողոքը բավարարելու, կրկնական նախնական փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու և գյուտի հայտով գործավարությունը շարունակելու մասին.
բ) բողոքը բավարարելու, կրկնական փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու և օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու մասին.
գ) բողոքը բավարարելու, նախնական փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու և ապրանքային նշանի, ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի հայտը քննարկման ընդունելու մասին.
դ) բողոքը մերժելու և նախնական փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:
7.2. Սույն կարգի 2.4 կետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`
ա) բողոքը բավարարելու, կրկնական փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու և գյուտի նախնական արտոնագիր տալու մասին.
բ) բողոքը մերժելու և կրկնական փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:
7.3. Սույն կարգի 2.5 կետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`
ա) բողոքը բավարարելու, գերատեսչության որոշումը չեղյալ ճանաչելու և գյուտի հիմնական արտոնագիր տալու մասին.
բ) բողոքը մերժելու և գերատեսչության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:
7.4. Սույն կարգի 2.6 կետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`
ա) բողոքը բավարարելու, հայտարկվող նշանի փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու և ապրանքային նշանը գրանցելու մասին.
բ) բողոքը մերժելու և փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:
7.5. Սույն կարգի 2.7 կետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`
ա) բողոքը բավարարելու, հայտարկվող տեղանվան փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու, ապրանքի ծագման տեղանունը գրանցելու և դրա օգտագործման իրավունք ընձեռելու մասին.
բ) բողոքը մերժելու և փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:
7.6. Սույն կարգի 2.8 կետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`
ա) բողոքը բավարարելու, փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու և հայտարկվող ֆիրմային անվանումը գրանցելու մասին.
բ) բողոքը մերժելու և փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:
7.7. Սույն կարգի 2.9 կետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`
ա) բողոքը բավարարելու, փորձաքննության որոշումը փոփոխելու և բողոքով նախատեսված փոփոխություններով` հայտարկվող նշանը գրանցելու մասին.
բ) բողոքը բավարարելու և հայտարկվող նշանի գրանցումը մերժելու մասին փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու մասին.
գ) բողոքը մերժելու և փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:
7.8. Սույն կարգի 2.10 կետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`
ա) բողոքն ամբողջովին կամ մասնակիորեն բավարարելու, արտոնագիր տալու մասին փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու կամ որոշումը փոփոխելու և պահպանական փաստաթուղթն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին.
բ) բողոքը մերժելու և պահպանական փաստաթուղթն ուժի մեջ թողնելու մասին:
7.9. Սույն կարգի 2.11 կետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`
ա) բողոքը բավարարելու, ապրանքային նշանը գրանցելու մասին փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու կամ փոփոխելու և (կամ) նշանի գրանցումն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին.
բ) բողոքը մերժելու և նշանի գրանցումն ուժի մեջ թողնելու մասին:
7.10. Սույն կարգի 2.12 կետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`
ա) բողոքը բավարարելու, ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) դրա օգտագործման իրավունք ընձեռելու մասին փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու և գրանցման և (կամ) ապրանքի ծագման տեղանվան օգտագործելու իրավունքի վկայականը անվավեր ճանաչելու մասին.
բ) բողոքը մերժելու և տեղանվան գրանցումը և (կամ) վկայականը ուժի մեջ թողնելու մասին:
7.11. Սույն կարգի 2.13 կետին համապատասխան դիմումի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`
ա) դիմումը ամբողջովին կամ մասնակիորեն բավարարելու և ապրանքային նշանը ՀՀ-ում հանրահայտ ճանաչելու մասին.
բ) ապրանքային նշանը ՀՀ-ում հանրահայտ ճանաչելու մասին դիմումը մերժելու մասին:
8. Բողոքարկման խորհրդի որոշման ուժի մեջ մտնելը
8.1. Բողոքի (դիմումի) քննարկումը կոլեգիայի նիստում (նիստերում) ավարտելու և արձանագրությունը ստորագրելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կոլեգիան խորհրդի անունից բողոքի (դիմումի) վերաբերյալ ընդունում է հիմնավորված որոշում:
8.2. Կոլեգիան որոշումներ է ընդունում ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում կոլեգիայի ղեկավարի ձայնը վճռորոշ է:
8.3. Սահմանված ձևով կազմված որոշումն ստորագրում է բողոքարկման խորհրդի նախագահը:
Կոլեգիայի ցանկացած անդամի հատուկ կարծիքը գրանցվում է որոշման հավելվածում:
8.4. Խորհրդի որոշումը կցվում է գործին, իսկ դրա պատճենը` ոչ ուշ, քան որոշումն ընդունելուց 15 օր հետո ուղարկվում է բողոքարկողին (դիմողին), իսկ պահպանական փաստաթղթի վիճարկման դեպքում` նաև դրա սեփականատիրոջը:
8.5. Խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում այդ որոշումը սույն կարգի 8.4 կետում նշված անձանց ուղարկելու օրվանից:
8.6. Խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել դատարան:
9. Հետագա գործավարությունը
9.1. Գործի նյութերը վերադարձվում են փորձաքննության բաժին` ընդունված որոշմանը համապատասխան հետագա գործավարության համար:
9.2. Խորհրդի որոշումն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում փորձաքննության բաժինը ընդունում է նոր, խորհրդի որոշմանը համապատասխան որոշում:
9.3. Գործը կոլեգիայի նիստի արձանագրության և խորհրդի որոշման պատճենի հետ միասին պահվում է խորհրդում, մինչև արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին ՀՀ համապատասխան օրենքով խորհրդի որոշումները դատարանում բողոքարկելու համար բոլոր սահմանված ժամկետների ավարտը: