ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
21 մայիսի 2021 թվականի N 203
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Շահութահարկով հարկման բազան որոշելու նպատակով 2020թ. սեպտեմբերից Արցախյան երկրորդ պատերազմի պատճառով ՀՀ-ում ապաստանած Արցախի Հանրապետության քաղաքացիներին հյուրընկալած հանգստյան տների կողմից նրանց համար կատարված ծախսերը արդյո՞ք նվազեցվում են համախառն եկամտից:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 111-րդ հոդվածին համապատասխան` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի` համապատասխանաբար 1-ին և 3-րդ կետերով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են շահութահարկ վճարողի կատարած` օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, եթե նույն հոդվածի 2-րդ մասով և օրենսգրքի 113-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ,
i
- 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում անհատույց տրամադրած ակտիվները, անհատույց կատարված աշխատանքները կամ անհատույց մատուցված ծառայությունները, ներած պարտավորությունները, բացառությամբ օրենսգրքի 120-րդ հոդվածով և 123-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքերի,
i
- 120-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի այն մասը, որը գերազանցում է հարկային տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը, իսկ հարկային տարվա ընթացքում համախառն եկամտի բացակայության դեպքում` այդ հարկային տարվա ընթացքում հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարի մեկ տոկոսը:
Հաշվի առնելով վերը նշված կարգավորումները` հայտնում ենք, որ ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերը համախառն եկամտից նվազեցնելու նպատակով կիրառելի են օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ դրույթները:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ