ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
20 մայիսի 2021 թվականի N 201
ԱԱՀ-ՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
ՀՀ-ում գործունեություն իրականացնող կազմակերպությունը ԱՄՆ-ում գործող բեռնափոխադրող և առաքում իրականացնող ընկերությունների համար իրականացնում է միջնորդական ծառայություն: Ընկերությունը կապ է հաստատում բեռնափոխադրող ընկերությունների և հաճախորդների միջև` այդ կերպ ապահովելով առաքման ամբողջ գործընթացի իրականացումը, այսինքն իրականացնում է բեռնափոխադրման միջնորդական ծառայություն: Տվյալ դեպքում մատուցվող ծառայությունը համարվում է ԱԱՀ-ով հարկման օբյեկտ, թե՞ ոչ:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի'
i
- 39-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են այն դեպքերը, երբ աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը: Մասնավորապես, նույն մասի 6-րդ կետի համաձայն` ծառայության մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե ծառայությունը մատուցող կազմակերպության կամ մշտական հաստատության գտնվելու վայրը կամ ծառայությունը մատուցող ֆիզիկական անձի բնակության վայրը, օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե այլ բան սահմանված չէ նույն մասի 1-4-րդ կետերով և 2-րդ մասի 1-ին կետով,
i
- 39-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են այն դեպքերը, երբ աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս,
i
- 39-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` օրենսգրքի կիրառության իմաստով աշխատանքների կամ ծառայությունների բնորոշումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում կիրառվող` տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան: Միաժամանակ, աշխատանքը կամ ծառայությունը համարվում է օրենսգրքի համապատասխան հոդվածում, մասում, կետում կամ ենթակետում նշված այլ աշխատանքին կամ ծառայությանը համանման, եթե այն ընդգրկված է Հայաստանի Հանրապետությունում կիրառվող` տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի այն դասում, որում ընդգրկված են համապատասխանաբար` տվյալ հոդվածում, մասում, կետում կամ ենթակետում նշված այլ աշխատանքը կամ ծառայությունը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ. N 874-Ն հրամանի հավելվածով հաստատված է Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը,
i
- 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ է համարվում, մասնավորապես` ծառայության մատուցումը (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի),
i
- 60-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` բեռների, փոստի և (կամ) ուղևորների` ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով փոխադրման տրանսպորտային ծառայության մատուցման գործարքը ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չի համարվում, եթե այն սկսվում և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ.
1) ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չի համարվում բեռների, փոստի և (կամ) ուղևորների` ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով փոխադրման տրանսպորտային ծառայության մատուցման գործարքը, որը սկսվում և ավարտվում է ՀՀ տարածքից դուրս,
i
2) ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չհամարվող տրանսպորտային ծառայության մատուցման հետ կապված բեռների, փոստի և (կամ) ուղևորների փոխադրման կազմակերպման միջնորդական գործունեության իրականացման դեպքում ծառայության մատուցման վայրը որոշվում է օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին և 2-րդ մասին համապատասխան: Ընդ որում` նշված գործունեությունը, որի մասով հարկման օբյեկտ չհամարվող ծառայություն համարելու դրույթ օրենսգրքով սահմանված չէ, ՀՀ ռեզիդենտ կազմակերպության կողմից իրականացվելու դեպքում ծառայության մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը և այդ ծառայության մասով ԱԱՀ-ն հաշվարկվում ու վճարվում է օրենսգրքի 4-րդ բաժնով սահմանված ընդհանուր կարգով:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ