ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
12 նոյեմբերի 2020 թվականի N 102
ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
«Ա» կազմակերպությունը «Բ» առևտրային կազմակերպությանը տրամադրել է 15.000.000 ՀՀ դրամ անտոկոս փոխառություն` բանկային փոխանցմամբ: Պայմանագրի ժամկետի լրանալու հետ կապված փոխառու ընկերությունը պատրաստվում է հետ վերադարձնել փոխառության գումարը` կանխիկ գումարով վճարելով «Ա» ընկերության դրամարկղ: Տվյալ դեպքում փոխառության գումարը կանխիկ եղանակով հետ ստանալու դեպքում արդյո՞ք խախտվում է հարկային օրենսդրությամբ սահմանված որևէ սահմանափակում:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 4-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետի համաձայն` ապրանքը դրամական միջոցից, ֆինանսական ակտիվներից, ոչ նյութական ակտիվներից, գուդվիլից տարբերվող ցանկացած ակտիվ է, եթե օրենսգրքով այլ բան սահմանված չէ,
i
- 4-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի համաձայն` ապրանքի մատակարարումը ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն է մեկ անձից մեկ այլ անձի` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում` մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց,
i
- 4-րդ հոդվածի 1-ին մասի 44-րդ կետի համաձայն` ծառայությունը գործողություն է, որի արդյունքը չունի նյութական բնույթ, և որը ստացողը սպառում է այդ գործողության ընթացքում,
i
- 4-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետի համաձայն` ծառայության մատուցումը մեկ անձի կողմից մեկ այլ անձի օգտին գործողության իրականացումն է` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում` մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց,
i
- 386-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքների դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամով վճարումների նկատմամբ կիրառվում են հետևյալ սահմանափակումները.
1) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի վճարման առավելագույն չափը սահմանվում է 300 հազար դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), իսկ մեկ ամսվա ընթացքում այդպիսի գործարքների հանրագումարի մասով` 3 միլիոն դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը),
2) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը սահմանվում է 300 հազար դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), իսկ մեկ ամսվա ընթացքում այդպիսի գործարքների հանրագումարի մասով` 3 միլիոն դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), բացառությամբ նույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի,
i
- 386-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները չեն տարածվում ներկայացուցչական ծախսերի դիմաց կատարվող վճարումների, ֆիզիկական անձանց կատարվող` նրանց անձնական կամ պասիվ եկամուտներին վերաբերող վճարումների (մասնավորապես` աշխատավարձի, դրան հավասարեցված վճարումների, նպաստների, կրթաթոշակների, կենսաթոշակների, փոխհատուցման վճարների), գյուղատնտեսական արտադրանք մթերող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից գյուղատնտեսական արտադրանք արտադրող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ կնքված գրավոր պայմանագրերի հիման վրա նրանցից գնված գյուղատնտեսական արտադրանքի դիմաց կատարվող վճարումների, ինչպես նաև անմիջականորեն գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից միս ձեռք բերելու դիմաց կատարվող վճարումների վրա:
Հաշվի առնելով վերոնշյալ կարգավորումները` հայտնում ենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 386-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները չեն տարածվում ապրանքների մատակարարում, ծառայությունների մատուցում և (կամ) աշխատանքների կատարում չհամարվող գործարքների, մասնավորապես` գրությամբ նշված դեպքում փոխառության հետ վերադարձման նկատմամբ:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ