ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
2 սեպտեմբերի 2020 թվականի N 65
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների հինգերորդ և տասնութերորդ ծրագրերի շրջանակներում ստացվող պետական աջակցության գումարները հարկման հատուկ և ընդհանուր համակարգերում գործունեություն իրականացնող հարկ վճարողների համար համարվու՞մ են հարկվող եկամուտ, թե՞ ոչ:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
- 4-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ, 47-րդ, 48-րդ կետերին համապատասխան` ապրանքի մատակարարումը ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն է մեկ անձից մեկ այլ անձի` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում` մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց (41-րդ կետ), աշխատանքի կատարումը աշխատանքի կատարման արդյունքի սեփականության իրավունքի փոխանցումն է մեկ անձից մեկ այլ անձի` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում` մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց (47-րդ կետ), իսկ ծառայության մատուցումը մեկ անձի կողմից մեկ այլ անձի օգտին գործողության իրականացումն է որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում` մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց (48-րդ կետ),
- 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին համապատասխան` շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ են համարվում նաև առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների անհատույց ստացված ակտիվները: Մասնավորապես, «բ» ենթակետի համաձայն` դրամական միջոցները եկամուտ են համարվում դրանց ստացման հարկային տարում, բացառությամբ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում ստացված նպատակային դրամական միջոցների, որոնք եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ այդ դրամական միջոցները կամ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս` անկախ այդ ծախսը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից: Պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում որպես արդեն իսկ կատարված ծախսերի կամ ստացված վնասների փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցները եկամուտ են համարվում դրանց ստացման հարկային տարում,
i
- 256-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, բացառությամբ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների շրջանակներում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը: Նույն մասի կիրառության իմաստով` ծառայությունների մատուցում են համարվում նաև ոչ նյութական ակտիվների օտարման գործարքները, ինչպես նաև այն գործարքները, որոնց դիմաց ստացվում են վարձակալական կամ օգտագործման վճար, տոկոս և (կամ) ռոյալթի:
i
Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 359-Լ և 2020 թվականի մայիսի 12-ի N 726-Լ որոշումների համաձայն` կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համապատասխանաբար հինգերորդ և տասնութերորդ միջոցառումների շահառուներին տրամադրվող միանվագ դրամաշնորհը ստացողների մոտ չի առաջացնում ապրանք մատակարարելու, ծառայություն մատուցելու և (կամ) աշխատանք կատարելու պարտավորություն, հայտնում ենք, որ ստացված միանվագ դրամաշնորհը օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան ներառվում է շահութահարկ վճարողի համախառն եկամտի մեջ, իսկ շրջանառության հարկ վճարողի մոտ շրջանառության հարկով հարկման օբյեկտ չի ձևավորում:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ