ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
7 հուլիսի 2020 թվականի N 29
ԱԱՀ-ԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Կազմակերպության կողմից ՀՀ է ներմուծվել բժշկական սառնարան: Ներմուծվող ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրն է` 84185019000:
i
«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումը ազատվում է ԱԱՀ-ից» ՀՀ օրենքի համաձայն այս ապրանքի ներմուծումը ազատվում է ԱԱՀ-ից: Իսկ «Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 05.10.2017թ.-ի 1317-Ն որոշմամբ ԱՏԳ ԱԱ 84185019000 ծածկագրով ապրանքը ներառված չէ ցանկում, որոնց վաճառքը ազատվում է ԱԱՀ-ից: Տվյալ դեպքում վերոնշյալ ապրանքը համարվու՞մ է բժշկական տեխնիկա և արդյո՞ք բժշկական սառնարանի վաճառքը ազատվում է ԱԱՀ-ից:
Պատասխան
«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքի (29.06.2001թ. ՀՕ-195) 1-ին հոդվածով սահմանված են այն ապրանքատեսակները, որոնց ներմուծումն ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ազատված է ԱԱՀ-ից: Միաժամանակ նույն հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` ավելացված արժեքի հարկ վճարող համարվողների կողմից ԱՏԳ ԱԱ 84 և 85 ապրանքային ենթախմբերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 8418 10 200 1, 8418 10 800 1, 8418 30 200 1, 8418 40 200 1, 8422 11 000 0, 8447 90 000 1, 8450 11, 8451 21, 8452 10, 8508 11 000 0, 8508 19 000 1, 8509 4, 8516 31 000, 8516 33 000 0, 8516 40, 8516 50, 8516 60 101 0, 8516 71, 8516 72, 8519 20, 8521 90 000 1, 8528 72 ծածկագրերին դասվող ապրանքների) ներմուծումը, անկախ նույն հոդվածով սահմանված ցանկում կատարված բացառություններից, ազատվում է ավելացված արժեքի հարկից:
i
ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ից ազատվում են դոնորային արյան և դրա բաղադրամասերի, մայրական կաթի, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, բժշկական տեխնիկայի և բժշկական նշանակության ապրանքների օտարումը, բժշկական կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում պացիենտների պատրաստած ապրանքների օտարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը:
Նույն կետով սահմանված արտոնությունների կիրառության շրջանակը սահմանված է ՀՀ կառավարության 05.10.2017թ. N 1317-Ն որոշմամբ, որի N 3 հավելվածի 5-րդ կետի համաձայն` բժշկական տեխնիկա են համարվում դեղերի պատրաստման, բուժման, ախտորոշիչ հետազոտությունների անցկացման, վերականգնողական բուժման և այլ բնույթի բժշկական օգնության ու սպասարկման ծառայություններ իրականացնելու համար անհրաժեշտ բժշկական հատուկ և օժանդակ ապարատները, գործիքները, տրանսպորտային միջոցները, սարքերը և այլ սարքավորումը: Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության կիրառության նպատակով բժշկական տեխնիկային դասվում են`
1) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի դասակարգչի 9018, 9019, 9020, 9022, 9023, 9402 խմբերին դասվող բժշկական տեխնիկան,
2) ներմուծվող այն տեխնիկան և սարքերը, որոնց ուղեկցող փաստաթղթերում (տեխնիկական անձնագիր, հաշվարկային և բեռնառաքման այլ փաստաթուղթ) նշված է, որ դրանք նախատեսված են բժշկական օգնության և սպասարկման համար:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով սահմանված ԱԱՀ-ից ազատման արտոնությունը վերաբերում է միայն այն բժշկական տեխնիկայի օտարմանը, որը դասվում է ԵՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 9018, 9019, 9020, 9022, 9023, 9402 խմբերին կամ ներմուծվող բժշկական այն տեխնիկայի և սարքերի օտարմանը, որոնց ուղեկցող փաստաթղթերում (տեխնիկական անձնագիր, հաշվարկային և բեռնառաքման այլ փաստաթուղթ) նշված է, որ դրանք նախատեսված են բժշկական օգնության և սպասարկման համար: ԱԱՀ-ից ազատման արտոնության կիրառման համար պարտադիր պայմաններ են`
1) օտարվող ապրանքը պետք է դասվի ԵՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 9018, 9019, 9020, 9022, 9023, 9402 խմբերին, կամ
2) եթե օտարվող ապրանքը չի դասվում վերոնշյալ ծածկագրերին, ապա`
- ներմուծված ապրանքները պետք է հանդիսանան բժշկական տեխնիկա, այսինքն` արտոնությունը կիրառելի է միայն դեղերի պատրաստման, բուժման, ախտորոշիչ հետազոտությունների անցկացման, վերականգնողական բուժման և այլ բնույթի բժշկական օգնության ու սպասարկման ծառայություններ իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկայի օտարման դեպքում, և
- բժշկական տեխնիկայի կամ սարքի ուղեկցող փաստաթղթերում (տեխնիկական անձնագիր, հաշվարկային և բեռնառաքման այլ փաստաթուղթ) պետք է նշված լինի, որ դրանք նախատեսված են բժշկական օգնության և սպասարկման համար:
Միաժամանակ հայտնում ենք, որ «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքի վերոնշյալ դրույթի համաձայն` ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կողմից ԵՏՄ անդամ չհանդիսացող պետությունից ԱՏԳ ԱԱ 8418 50 19 00 0 ծածկագրին դասվող ապրանքի ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ