ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
23 հունիսի 2020 թվականի N 10
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԱԱՀ-Ի ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
ՀՀ-ում գրանցված ռեզիդենտ կազմակերպությունը ոչ ռեզիդենտ կազմակերպության միջոցով իրականացնում է արժեթղթերի առք ու վաճառք: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի արժեթղթերի վաճառքի գործարքները համարվում են ԱԱՀ-ից ազատված: Միևնույն ժամանակ կազմակերպությունը իր գործունեության համար ստանում է ծառայություններ ոչ ռեզիդենտ կազմակերպություններից և հանդես գալով որպես հարկային գործակալ դուրս է գրում մատակարարի անունից հարկային հաշիվներ, քանի որ համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի ծառայության մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը: Արդյո՞ք ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը չի կարող հաշվանցել ոչ ռեզիդենտ կազմակերպության անունից դուրս գրված մատակարարի հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը, եթե ՀՀ կազմակերպությունը զբաղվում է միայն ԱԱՀ-ից ազատված գործարքներով (ՀՀ տարածքից դուրս լիցենզավորված բրոքերի միջոցով արժեթղթերի վաճառք):
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 64-րդ հոդվածի 2-րդ մասի 47-րդ կետի «դ» ենթակետի համաձայն` ԱԱՀ-ից ազատվում է, մասնավորապես, բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ հարկ վճարողների կողմից արժեթղթերի օտարումը, արժեթղթերի ի պահ ընդունման և հաշվառման ծառայությունների մատուցումը,
i
- 70-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից ՀՀ-ում իրականացված` ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների ու գործառնությունների գծով օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը այդ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի փոխարեն` որպես հարկային գործակալ, կրում են պայմանագրային հարաբերությունների կողմ հանդիսացող ՄԱՀ վճարողները,
i
- 71-րդ հոդվածով սահմանված են սահմանված է ԱԱՀ-ի հաշվանցումների (պակասեցումների) իրականացման կարգը,
i
- 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` օրենսգրքի 70-րդ և 74-րդ հոդվածներով սահմանված կարգով բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկման նպատակով ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում, մասնավորապես, եթե ստացված ծառայությունները վերագրվում են ԱԱՀ-ից ազատված գործարքներին:
Հաշվի առնելով վերոգրյալը ներկայացված դեպքում ոչ ռեզիդենտի կողմից ՀՀ-ում իրականացված ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքի մասով գործարքի կողմ համարվող ԱԱՀ վճարողը` որպես հարկային գործակալ կրում է ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորություն օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով: Միաժամանակ, ստացված ծառայության մասով հարկային գործակալ համարվող ՀՀ ռեզիդենտ կազմակերպության կողմից մատակարարի անունից դուրս գրված հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ գումարը ենթակա չէ հաշվանցման, քանի որ ստացված ծառայությունը վերագրվում է ԱԱՀ-ից ազատված գործարքին:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ