Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳ ...

 

05.04.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 3-ին

 

ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության կազմակերպման և իրականացման իրավական հիմքերը, սկզբունքները, պետական պահպանություն իրականացնող մարմնի լիազորությունները, գործունեության կարգն ու առանձնահատկությունները, պետական պահպանություն իրականացնող մարմնի ծառայողների պաշտոնների խմբերը և զինվորական կոչումները, պետական պահպանություն իրականացնող մարմնում ծառայության հետ կապված այլ առանձնահատկությունները, կարգավորում հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության կազմակերպման և իրականացման ոլորտում ծագող հարաբերությունները:

(նախաբանը փոփ. 23.12.22 ՀՕ-610-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

պետական պահպանություն` պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման և պահպանվող օբյեկտների պաշտպանության ոլորտի գործառույթ, որն իրականացվում է իրավական, կազմակերպական, պահպանական, ռեժիմային, օպերատիվ-հետախուզական, տեխնիկական և այլ միջոցառումների համակցության հիման վրա.

պետական պահպանության օբյեկտներ` սույն օրենքով հատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք.

պահպանվող օբյեկտներ` պետական պահպանության օբյեկտների մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի շենքեր, շինություններ, կառույցներ, դրանց հարող տարածքներ, տրանսպորտային միջոցներ, որոնք պահպանության ենթակա են պետական պահպանության օբյեկտների անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև պետական պահպանության մարմնի կողմից օգտագործվող շենքեր, շինություններ, կառույցներ, դրանց հարող տարածքներ և տրանսպորտային միջոցներ.

պահպանական միջոցառումներ` պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման և պահպանվող օբյեկտների պաշտպանության համար պետական պահպանության մարմնի կողմից իրականացվող գործողությունների համակցություն, այդ թվում` ընդգրկելով նաև անվտանգության ապահովման մյուս պետական մարմինները.

անցագրային ռեժիմ` պահպանվող օբյեկտներ անձանց, տրանսպորտային միջոցների, իրերի մուտք և ելք կատարելու սահմանված կարգ:

 

Հոդված 2. Պետական պահպանության իրավական հիմքը

 

Պետական պահպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, սույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի հիման վրա:

 

Հոդված 3. Պետական պահպանության իրականացման հիմնական սկզբունքները

 

Պետական պահպանությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության, անընդհատության, քաղաքական չեզոքության, կենտրոնացված ղեկավարման, գործունեության բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների կիրառման համակցության սկզբունքներով:

(3-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն օրենք)

 

Հոդված 4. Պետական պահպանության իրականացման միջոցառումները

 

Պետական պահպանությունն ապահովվում է հետևյալ միջոցառումների իրականացմամբ.

1) պետական պահպանության օբյեկտների անհատական պահպանության, հատուկ կապի և տրանսպորտային սպասարկման իրականացում, ինչպես նաև նրանց անվտանգությանն սպառնացող վտանգի մասին տեղեկատվության տրամադրում.

2) օրենսդրությանը համապատասխան օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացում.

3) պետական պահպանության օբյեկտների մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում հասարակական կարգի պահպանություն և պահպանական միջոցառումների իրականացում.

4) պահպանվող օբյեկտներում` սահմանված անցագրային ռեժիմի և կարգի ապահովում:

 

ԳԼՈՒԽ 2.
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

 

Հոդված 5. Պետական պահպանության օբյեկտները

 

1. Պետական պահպանության օբյեկտների շարքին դասվում են սույն օրենքով սահմանված բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այն անձինք, որոնց սույն օրենքի համաձայն տրամադրվել է պետական պահպանություն, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներն ու այլ անձինք` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակ:

2. Պետական պահպանություն տրամադրվում է`

1) Հանրապետության նախագահին.

2) վարչապետին.

3) Ազգային ժողովի նախագահին.

4) սույն օրենքի 6.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում` վարչապետի թեկնածուին:

Հանրապետության նախագահը, վարչապետը և Ազգային ժողովի նախագահը` իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, իսկ վարչապետի թեկնածուն` մինչև վարչապետ նշանակելու հարցի լուծումը, իրավասու չեն հրաժարվելու պետական պահպանությունից:

i

3. Այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել վարչապետի որոշմամբ:

3.1. (3.1-րդ հոդվածն ուժը կորցրել է 29.01.2023 թվականից` 23.12.22 ՀՕ-610-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

4. Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձի կողմից (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց) վարչական զանցանքի կամ հանցագործության (հակաիրավական արարքի) ակնհայտ հատկանիշներ պարունակող գործողություններ կատարվելու դեպքում պետական պահպանություն իրականացնող խմբի ղեկավարը պարտավոր է`

1) հատուկ պետական պաշտպանության ենթակա անձին անհապաղ տեղեկացնել, որ պետական պահպանությունը կարող է կասեցվել այդ անձի կողմից նման գործողությունների կատարման ընթացքում.

2) անհապաղ զեկուցել վարչապետին ենթակա պետական պահպանության ծառայության (այսուհետ` ծառայություն) պետին հետագա պահպանությունն իրականացնելու նպատակահարմարության վերաբերյալ:

4.1. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով իրազեկվելուց հետո հատուկ պետական պաշտպանության ենթակա անձի կողմից վարչական զանցանքի կամ հանցագործության (հակաիրավական արարքի) ակնհայտ հատկանիշներ պարունակող գործողությունները շարունակվելու դեպքում պետական պահպանություն իրականացնող խմբի ղեկավարի ներկայացմամբ և ծառայության պետի որոշմամբ կամ անմիջականորեն ծառայության պետի որոշմամբ այդ գործողությունների կատարման ընթացքում կարող է կասեցվել պետական պահպանությունը: Նույն կարգով իրազեկվելուց հետո հատուկ պետական պաշտպանության ենթակա անձի կողմից վարչական զանցանքի կամ հանցագործության (հակաիրավական արարքի) ակնհայտ հատկանիշներ պարունակող գործողությունները կրկին կատարվելու դեպքում ծառայության պետի ներկայացմամբ` վարչապետի որոշմամբ պետական պահպանությունը կարող է դադարեցվել:

5. Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց, կարող են ժամանակավորապես հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով ծառայության ղեկավարին:

6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց պետական պահպանությունն իրականացում է բացառապես ծառայությունը:

(5-րդ հոդ. փոփ. 20.03.08 ՀՕ-3-Ն, 23.03.18 ՀՕ-275-Ն, 23.12.22 ՀՕ-610-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)  օրենքներ)

 

Հոդված 6. Հանրապետության նախագահի պետական պահպանությունը

 

1. Հանրապետության նախագահին նրա ընտրվելուց հետո տրամադրվում է պետական պահպանություն` նրա մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերում:

2. Հանրապետության նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:

3. Պաշտոնաթող Հանրապետության նախագահներին Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրվում է անձնական պետական պահպանություն` 7 տարի ժամկետով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պաշտոնաթող Հանրապետության նախագահներին սույն մասով նախատեսված պետական պահպանության ժամկետի ավարտից հետո պետական պահպանություն կարող է տրամադրվել վարչապետի որոշմամբ` հաշվի առնելով նրանց կյանքին կամ առողջությանն սպառնացող վտանգի առկայության, նրանց կողմից պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկատվությանը տիրապետման հանգամանքը, ինչպես նաև պաշտոնաթողությունից հետո գործունեության բնույթը: Պաշտոնաթող Հանրապետության նախագահների` օտարերկրյա պետություններում գտնվելու ժամանակ պետական պահպանություն կարող է տրամադրվել մեկ տարվա ընթացքում օտարերկրյա պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տևողությամբ այցերի ընթացքում: Պաշտոնաթող Հանրապետության նախագահները կարող են ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով ծառայության պետին:

(6-րդ հոդ. փոփ. 20.03.08 ՀՕ-3-Ն, 23.03.18 ՀՕ-275-Ն, 23.12.22 ՀՕ-610-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 6.1. Վարչապետի պետական պահպանությունը

 

1. Վարչապետին նրա նշանակվելուց հետո տրամադրվում է պետական պահպանություն` նրա մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերում` սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված միջոցառումների լրիվ ծավալով:

2. Պետական պահպանություն տրամադրվում է նաև վարչապետի`

1) Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին` իր թեկնածությունը Հանրապետության նախագահին ներկայացնելու պահից.

2) Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասին համապատասխան` Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին` վարչապետ ընտրելու որոշումն ընդունվելու պահից:

3. Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:

4. Պաշտոնաթող վարչապետներին Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրվում է անձնական պետական պահպանություն` 10 տարի ժամկետով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պաշտոնաթող վարչապետներին սույն մասով նախատեսված պետական պահպանության ժամկետի ավարտից հետո պետական պահպանություն կարող է տրամադրվել վարչապետի որոշմամբ` հաշվի առնելով նրանց կյանքին կամ առողջությանն սպառնացող վտանգի առկայության, նրանց կողմից պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկատվությանը տիրապետման հանգամանքը, ինչպես նաև պաշտոնաթողությունից հետո գործունեության բնույթը: Պաշտոնաթող վարչապետների` օտարերկրյա պետություններում գտնվելու ժամանակ պետական պահպանություն կարող է տրամադրվել մեկ տարվա ընթացքում օտարերկրյա պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տևողությամբ այցերի ընթացքում: Պաշտոնաթող վարչապետները կարող են ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով ծառայության պետին:

(6.1-ին հոդ. լրաց. 23.03.18 ՀՕ-275-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 23.12.22 ՀՕ-610-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)  օրենքներ)

 

Հոդված 7. Ազգային ժողովի նախագահի պետական պահպանությունը

 

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին պետական պահպանություն տրամադրվում է նրա պաշտոնավարման ժամանակահատվածում` նրա մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերում:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:

3. Պաշտոնաթող Ազգային ժողովի նախագահներին Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրվում է անձնական պետական պահպանություն` 5 տարի ժամկետով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պաշտոնաթող Ազգային ժողովի նախագահներին սույն մասով նախատեսված պետական պահպանության ժամկետի ավարտից հետո պետական պահպանություն կարող է տրամադրվել վարչապետի որոշմամբ` հաշվի առնելով նրանց կյանքին կամ առողջությանն սպառնացող վտանգի առկայության, նրանց կողմից պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկատվությանը տիրապետման հանգամանքը, ինչպես նաև պաշտոնաթողությունից հետո գործունեության բնույթը:

(7-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն, 23.12.22 ՀՕ-610-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 8. Պետական պահպանության ապահովման միջոցառումների իրականացումը

 

Սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասում, 6-րդ և 7-րդ հոդվածներում նշված անձանց պետական պահպանության ապահովման միջոցառումներն իրականացվում են` ելնելով նրանց անվտանգությանն սպառնացող վտանգի բնույթից ու աստիճանից` սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

(8-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն օրենք)

 

Հոդված 9. Օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների ու այլ անձանց անվտանգությունը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների ու նրանց ընտանիքների անդամների պետական պահպանության ապահովման միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև պետական պահպանությունն իրականացնող պետական մարմնի և օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:

2. Օտարերկրյա պետական այլ պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում, կարող է տրամադրվել պետական պահպանություն` վարչապետի որոշմամբ: 

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 29.01.2023 թվականից` 23.12.22 ՀՕ-610-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

(9-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն, 23.12.22 ՀՕ-610-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 3.
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

i
Հոդված 10. Պետական պահպանություն իրականացնող մարմինը և ծառայության պետի լիազորությունները

 

1. Պետական պահպանությունն իրականացնող մարմինը ծառայությունն է, որը վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին է:

2. Ծառայության կառավարումն իրականացնում է վարչապետը, իսկ անմիջական ղեկավարումը` ծառայության պետը, որն անմիջականորեն ենթակա և հաշվետու է վարչապետին: Ծառայության պետի բացակայության ժամանակ վերջինիս պարտականությունները վարչապետի որոշմամբ կատարում է ծառայության պետի տեղակալներից մեկը:

3. Ծառայության պետը`

1) պատասխանատու է ծառայության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

3) կառավարում է ծառայության ենթակայությանը հանձնված կազմակերպությունները և հիմնարկները.

4) նշանակում և ազատում է իր խորհրդականին, իր և տեղակալի օգնականներին.

5) օրենքով կամ ծառայության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է ծառայության ծառայողներին և աշխատողներին, զինվորական ծառայությունից արձակում է ծառայության ծառայողներին, խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում ծառայության ծառայողներին և աշխատողներին.

6) հաստատում է հաստիքացուցակը.

7) հաստատում է ներքին աշխատակարգը.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.

9) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալի հանձնարարականները.

10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, ծառայության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների ու հիմնարկների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները, հանձնարարականները.

11) լսում է կառուցվածքային ստորաբաժանումների, ծառայության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

12) սահմանում է իր տեղակալների, ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների լիազորությունները և պատասխանատվության աստիճանը.

13) կատարում է պարտականությունների բաշխում իր և իր տեղակալների միջև.

14) ներկայացնում է ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում ու միջազգային կազմակերպություններում.

15) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ծառայության համար, կազմակերպում է դրանց կատարման ստուգումը.

16) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ ծառայության ծառայողներին և աշխատողներին պետական պարգևներով պարգևատրելու վերաբերյալ.

17) ծառայության ծառայողներին և աշխատողներին պարգևատրելու համար հիմնում է մեդալներ և կրծքանշաններ, հաստատում դրանց կանոնադրությունները և նկարագրությունները.

18) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում է ծառայության գործունեության ապահովման համար անհրաժեշտ կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման և լուծարման հարցերը.

19) վերահսկում է ծառայության կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործընթացը.

20) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` որոշում է ծառայության ծառայողների և աշխատողների` համատեղությամբ աշխատանքի պայմանները.

21) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ծառայության ծառայողներին և աշխատողներին թույլատրում է դուրս գալ Հայաստանի Հանրապետության սահմաններից.

22) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է ծառայությանն ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները (նաև արտարժութային), ծառայությանը հատկացված ֆինանսական միջոցների (այդ թվում` արտարժութային) կարգադրիչն է.

23) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սահմանված կարգով զինվորական ծառայության է ընդունում ծառայությունում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է որոշում նրանց աշխատանքային ստաժը երկարամյա ծառայության մեջ հաշվարկելու վերաբերյալ, ինչպես նաև ծառայությունում զինվորական ծառայության է ընդունում պահեստազորում չգտնվող կանանց.

24) սահմանված կարգով շնորհում է զինվորական կոչումներ` գնդապետի կոչումը ներառյալ, ներկայացնում է միջնորդություն ծառայության ղեկավար ծառայողներին զինվորական բարձրագույն սպայական կազմի կոչումներ շնորհելու վերաբերյալ.

25) ստորագրում և սահմանված դեպքերում կնքում է ծառայության գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերը.

26) սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ ծառայության ծառայողների և աշխատողների թվի, ինչպես նաև դրա կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ.

27) ծառայության ծառայողներին և աշխատողներին, ինչպես նաև ծառայության առջև դրված խնդիրների լուծմանն աջակցած անձանց պարգևատրելու համար ունի պարգևատրման ու նվիրատվության միջոցներ (այդ թվում` հրազեն և սառը զենք).

28) իր իրավասության սահմաններում որոշում է ծառայության կողմից օտարերկրյա պետությունների հատուկ ծառայություններին ու իրավապահ մարմիններին օպերատիվ տեղեկատվության, հատուկ տեխնիկական և այլ միջոցների փոխանցման կարգը.

29) ծառայության կողմից օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացվելիս որոշում է օպերատիվ միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծախսման չափն ու կարգը.

30) ընդունում է որոշում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների պատվիրակություններին ընդունելու, ինչպես նաև ծառայության պատվիրակություններին օտարերկրյա պետություններ ուղարկելու մասին.

31) հաստատում է ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները և կառուցվածքները.

32) սահմանում է ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների պետերի ու նրանց տեղակալների գործառնական պարտականությունները.

33) որոշում է ծառայության ծառայողների և աշխատողների գործուղման հետ կապված հարցերը.

34) օրենքի համաձայն` ծառայության համակարգի ծառայողների և աշխատողների համար սահմանում է սոցիալական պաշտպանվածության այլ երաշխիքներ` կապված նրանց ծառայության (աշխատանքի) առանձնահատկությունների հետ.

35) թույլատրում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների համար պայմանագրային հիմունքներով կադրերի պատրաստումը.

36) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է ենթաօրենսդրական (այդ թվում` օրենքով նախատեսված դեպքերում նորմատիվ) իրավական ակտեր.

37) ծառայության ծառայողներին և աշխատողներին թույլատրում է սովորել հեռակա ուսուցմամբ ուսումնական հաստատություններում.

38) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

4. Պետական պահպանության առանձին օբյեկտի պահպանությունն անմիջականորեն ղեկավարում է պետական պահպանության օբյեկտի պահպանության ղեկավարը:

5. Ծառայության կանոնադրությունը, այդ թվում` կառուցվածքը, ծառայողների և աշխատողների քանակը հաստատում է վարչապետը, իսկ ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները, կառուցվածքները և ծառայողների և աշխատողների գործառնական պարտականությունները, ինչպես նաև ծառայության ծառայողների վկայականների տրամադրման կարգը հաստատում է ծառայության պետը: Ծառայությունը կարող է ունենալ ինչպես հիմնական մասնագիտական, այնպես էլ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ:

6. Ծառայության հաստիքները ենթակա են համալրման նաև պայմանագրային հիմունքներով քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց կողմից, որոնք ծառայողներ չեն, և նրանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

7. Պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովմանը և պահպանվող օբյեկտների պաշտպանությանը օրենքով ամրագրված իրենց լիազորությունների սահմաններում մասնակցում են նաև անվտանգության ապահովման մյուս պետական մարմինները:

(10-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն, 23.12.22 ՀՕ-610-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 28.02.24 ՀՕ-122-Ն օրենքներ)

 

Հոդված 11. Ծառայության հիմնական խնդիրները

 

Ծառայության հիմնական խնդիրներն են`

1) պետական պահպանության օբյեկտներին սպառնացող վտանգը կանխատեսելը և բացահայտելը, այդ սպառնալիքների կանխարգելման համար համալիր միջոցառումներ իրականացնելը.

2) պետական պահպանության օբյեկտների անվտանգությունն ապահովելը նրանց մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրում, այդ թվում` երթևեկության ժամանակ.

3) իրենց իրավասության շրջանակներում համապատասխան կապի կազմակերպումը և իրականացումն ապահովելը.

4) իրենց իրավասության շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարին մասնակցելը.

5) պահպանվող օբյեկտները պաշտպանելը.

6) պահպանվող օբյեկտներում հանցագործությունները և այլ իրավախախտումները բացահայտելը, կանխելը և խափանելը.

7) պահպանվող օբյեկտներում սահմանված անցագրային ռեժիմը և կարգն ապահովելը:

8) պետական պահպանության օբյեկտների շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն ապահովելը նրանց մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում, այդ թվում` երթևեկության ժամանակ:

(11-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն, 23.12.22 ՀՕ-610-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 12. Ծառայության պարտականությունները

 

Ծառայությունը պարտավոր է`

1) բացահայտել, կանխել և խափանել պետական պահպանության օբյեկտների և պահպանվող օբյեկտների դեմ ուղղված հակաիրավական ոտնձգությունները.

2) կազմակերպել և իրականացնել պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովմանն ուղղված պահպանական, ռեժիմային, տեխնիկական և այլ միջոցառումներ.

3) ապահովել պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման համար անհրաժեշտ հասարակական կարգի պահպանումը նրանց մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում, վերացնել պետական պահպանության իրականացմանը խոչընդոտող արգելքները.

4) անհրաժեշտության դեպքում ապահովել այն ավտոտրանսպորտային միջոցի ուղեկցումը, որով երթևեկում են պետական պահպանության օբյեկտները.

5) իր իրավասության շրջանակներում կազմակերպել և իրականացնել իր գործունեության համար անհրաժեշտ կապի համակարգի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներ, ապահովել դրանց հուսալիությունը, տեղեկատվական անվտանգությունը և օպերատիվությունը.

6) իրականացնել ծածկագրային աշխատանքներ.

7) իրականացնել իր գործունեության տեղեկատվական-վերլուծական ապահովումը.

8) կազմակերպել և իրականացնել պետական պահպանության բնագավառի մասնագետների պատրաստում, ծառայողների վերապատրաստում և որակավորման բարձրացում.

9) ապահովել սեփական անվտանգությունը.

10) համապատասխան մարմինների հետ համագործակցելով` իրականացնել միջոցառումներ` պահպանվող օբյեկտների տեխնիկական միջոցներից տեղեկատվական արտահոսքը կանխելու համար.

11) իր իրավասության սահմաններում համագործակցություն իրականացնել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների և համապատասխան կազմակերպությունների հետ:

12) ապահովել պետական պահպանության օբյեկտներին շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը:

(12-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն, 23.12.22 ՀՕ-610-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 13. Ծառայության իրավունքները

 

Ծառայությունը պետական պահպանություն իրականացնելու նպատակով իրավունք ունի`

1) պահպանական միջոցառումների նախապատրաստման և իրականացման նպատակով ներգրավել անհրաժեշտ ուժեր և միջոցներ.

2) օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենսդրությանը համապատասխան, իր լիազորության շրջանակներում, իրականացնել օպերատիվ-հետախուզական գործունեություն.

3) պահպանվող օբյեկտներում կազմակերպելու և իրականացնելու օպերատիվ տեխնիկական զննումներ, իսկ համապատասխան ծառայությունների և կազմակերպությունների ներգրավմամբ իր իրավասության շրջանակներում` նաև սանիտարահիգիենիկ, ռադիացիոն և հակահամաճարակային, ինչպես նաև պետական պահպանության օբյեկտներին օրենքով սահմանված կարգով տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման ապահովման նկատմամբ հսկողություն.

4) պահպանվող օբյեկտներ մուտք և ելք կատարելու ժամանակ ստուգել պաշտոնատար անձանց և քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը, կատարել նրանց, ինչպես նաև նրանց մոտ գտնվող իրերի, նրանց տրանսպորտային միջոցների և դրանցով տեղափոխվող իրերի զննում, այդ թվում` կիրառելով տեխնիկական միջոցներ.

5) կատարել փաստերի և իրադարձությունների փաստաթղթավորում, լուսանկարում, ձայնագրում և տեսանկարահանում.

6) ձերբակալել և համապատասխան մարմիններին հանձնել պահպանվող օբյեկտներում իրավախախտումներ կամ իրավախախտման փորձ կատարած այն անձանց, ովքեր խոչընդոտել են պետական պահպանության մարմնի օրինական պահանջների կատարմանը, ինչպես նաև ապօրինաբար մուտք են գործել կամ փորձ են արել ապօրինաբար մուտք գործել պահպանվող օբյեկտներ.

7) պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին և կազմակերպություններին միջնորդել` վերացնելու պետական պահպանության օբյեկտների և պահպանվող օբյեկտների անվտանգությանն սպառնացող պատճառները և պայմանները.

8) անարգել մուտք գործել բնակելի տարածքներ, շենքեր, շինություններ, հողամասեր, եթե հապաղումը կարող է սպառնալիք առաջացնել պետական պահպանության օբյեկտների անվտանգության համար:

Եթե սույն կետով նախատեսված գործողությունները կատարվել են քաղաքացիների կամ պաշտոնատար անձանց կամքին հակառակ` զուգորդվելով այդ անձանց ազատությունից զրկելով, ապա ծառայությունն այդ մասին 24 ժամվա ընթացքում տեղյակ է պահում տվյալ տարածքի դատախազին.

9) անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել տրանսպորտային միջոցների և հետիոտնի երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակելու ուղղությամբ, արգելել տրանսպորտային միջոցների և քաղաքացիների գտնվելը որոշակի վայրերում և օբյեկտներում, ինչպես նաև տեղափոխել տրանսպորտային միջոցներն այդ վայրերից, եթե դրանք կարող են խոչընդոտող արգելք հանդիսանալ պետական պահպանության իրականացման համար.

10) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անվճար ստանալ իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն.

11) իրականացնել ծածկագրային աշխատանքներ.

12) թույլատրել ծառայության ծառայողներին` օրենքով սահմանված կարգով պահել, կրել, օգտագործել հրազեն և հատուկ միջոցներ.

ԻՐՏԵԿ 13-րդ հոդվածի 13-րդ կետը փոփոխվելու է Կառավարության համապատասխան կարգն ուժի մեջ մտնելուց հետո` 23.12.22 ՀՕ-610-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք:    

13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցել.

14) ապահովել սեփական անվտանգությունը.

15) օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների և կազմակերպությունների հետ իր իրավասության շրջանակներում փոխանակել օպերատիվ տեղեկատվություն, հատուկ տեխնիկական և այլ միջոցներ, ինչպես նաև պայմանավորվել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման կարգի և պայմանների մասին.

16) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել իր իրավասությանը վերաբերող` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանը:

(13-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-222-Ն,  23.03.18 ՀՕ-275-Ն, 23.12.22 ՀՕ-610-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 14. Ծառայության համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների,  կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կազմակերպությունների հետ

 

1. Ծառայությունը պետական պահպանության օբյեկտների անվտանգությունն ապահովում է` համագործակցելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ:

2. Ծառայությունն իր իրավասության շրջանակներում կազմակերպում է անվտանգության ապահովման պետական մարմինների հետ համագործակցությունը և համակարգում է նրանց գործունեությունը պետական պահպանության ոլորտում:

3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են աջակցել ծառայությանը` պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման խնդրում:

4. Ծառայության համագործակցությունն օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների և կազմակերպությունների հետ իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա:

(14-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն, 23.12.22 ՀՕ-610-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 15. Ծառայության մասին տեղեկությունների պաշտպանվածությունը

 

Ծառայությունում պետական գաղտնիքի պաշտպանությունն իրականացվում է պետական և ծառայողական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

(15-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն, 01.03.23 ՀՕ-67-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 4.
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

(4-րդ գլխի վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն, 23.12.22 ՀՕ-610-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 15.1. Ծառայության պետը

 

1. Ծառայության պետի պաշտոնը զինվորական ծառայության պաշտոն չէ: Ծառայության պետը հանրային պաշտոն զբաղեցնող անձ է, որի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով:

2. Ծառայության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

( 15.1-րդ հոդ. լրաց. 23.12.22 ՀՕ-610-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 15.2. Ծառայության պետի տեղակալները

 

1. Ծառայությունում նախատեսվում են ծառայության պետի տեղակալի ինչպես զինվորական ծառայության պաշտոններ, այնպես էլ ոչ զինվորական ծառայության պաշտոններ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված` ծառայության պետի տեղակալի ոչ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողները հանրային պաշտոն զբաղեցնող անձինք են, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով, և նրանց վրա չեն տարածվում սույն օրենքի 16.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները (վերաբերում է զինվորական տեղակալներին պաշտոնի նշանակման պայմաններին):

3. Ծառայության պետի տեղակալի զինվորական ծառայության պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը` վարչապետի առաջարկությամբ` ծառայության պետի ներկայացմամբ, իսկ ծառայության պետի տեղակալի ոչ զինվորական ծառայության պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը` ծառայության պետի առաջարկությամբ:

( 15.2-րդ հոդ. լրաց. 23.12.22 ՀՕ-610-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 16. Ծառայությունը ծառայությունում

 

1. Ծառայությունը համալրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի զինծառայողներով:

Ծառայության սպաները և ենթասպաները զինծառայողներ են և զինվորական ծառայությունն անցնում են ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը կարգավորող օրենսդրությանը համապատասխան` հաշվի առնելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները:

( 3-րդ պարբերությունն ուժը կորցրել է 29.01.2023 թվականից` 23.12.22 ՀՕ-610-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

2. Ծառայողական պարտականությունները կատարելիս ծառայության ծառայողի` իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջների կատարումը պարտադիր է բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների և քաղաքացիների համար:

3. Ծառայողական պարտականությունները կատարելիս ծառայության ծառայողի օրինական պահանջները չկատարելը կամ նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

4. Ծառայության ծառայողների մասնագիտական պատրաստումը, վերապատրաստումը և որակավորման բարձրացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

i

5. Ծառայության զինծառայողների միասնական համազգեստի և տարբերանշանների նկարագիրը հաստատում է վարչապետը:

(16-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն, 23.12.22 ՀՕ-610-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 16.1. Ծառայության ծառայողների պաշտոնների խմբերը, պաշտոնների անվանացանկը և զինվորական կոչումները

 

1. Ծառայության ծառայողների պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) ծառայության ծառայողների բարձրագույն պաշտոններ` ծառայության պետի տեղակալներ.

2) ծառայության ծառայողների գլխավոր պաշտոններ` ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների պետեր.

3) ծառայության ծառայողների ավագ պաշտոններ` ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների պետերի տեղակալներ, ոչ ինքնուրույն ստորաբաժանումների պետեր և նրանց տեղակալներ.

4) ծառայության ծառայողների միջին պաշտոններ` սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ և 5-րդ կետերում չընդգրկված պաշտոններ.

5) ծառայության ծառայողների կրտսեր պաշտոններ` ենթասպաներով համալրվող պաշտոններ:

2. Ծառայության ծառայողների պաշտոնների գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերը կարող են բաժանվել ենթախմբերի:

3. Ծառայության ծառայողների պաշտոնների գլխավոր խումբը կարող է բաժանվել ենթախմբերի` վարչապետի որոշմամբ, իսկ ծառայության ծառայողների պաշտոնների ավագ, միջին և կրտսեր խմբերը կարող են բաժանվել ենթախմբերի` ծառայության պետի հրամանով:

4. Ծառայության ծառայողների պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, ինչպես նաև այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է վարչապետը:

5. Ծառայության ծառայողներին, որպես զինծառայողների, շնորհվում են զինվորական կոչումներ: Ծառայությունում սահմանվում են սպայական և ենթասպայական հետևյալ կազմերն ու կոչումները.

 

Կազմերը Կոչումները
Ավագ ենթասպայական  ենթասպա
 ավագ ենթասպա
Սպայական  
կրտսեր սպայական  լեյտենանտ
 ավագ լեյտենանտ
 կապիտան
ավագ սպայական  մայոր
 փոխգնդապետ
 գնդապետ
բարձրագույն սպայական  գեներալ-մայոր
 գեներալ-լեյտենանտ

 

6. Ծառայության ծառայողների պաշտոնների խմբերին համապատասխանում են կոչումների հետևյալ վերին սահմանները.

1) ծառայության ծառայողների բարձրագույն պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը գեներալ-լեյտենանտի կոչումն է.

2) ծառայության ծառայողների գլխավոր պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը գեներալ-մայորի կոչումն է.

3) ծառայության ծառայողների ավագ պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը գնդապետի կոչումն է.

4) ծառայության ծառայողների միջին պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը մայորի կոչումն է.

5) ծառայության ծառայողների կրտսեր պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանն ավագ ենթասպայի կոչումն է:

7. Ծառայության պետը, կախված ավագ, միջին և կրտսեր պաշտոնների խմբերից (ենթախմբերից), սահմանում է նշված խմբերի կոնկրետ պաշտոններին համապատասխանող կոչումների ստորին և վերին սահմանները:

8. Ծառայության ծառայողների բարձրագույն և գլխավոր պաշտոնների խմբերի կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումների ստորին և վերին սահմանները սահմանում է վարչապետը:

9. Ծառայության ծառայողների բարձրագույն սպայական կազմի կոչումները շնորհում է Հանրապետության նախագահը` վարչապետի առաջարկությամբ` օրենքով սահմանված կարգով:

10. Ծառայության ծառայողների ավագ և կրտսեր սպայական, ինչպես նաև ավագ ենթասպայական կազմերի կոչումները շնորհում է ծառայության պետը:

11. Ծառայության ծառայողների կոչումները շնորհվում են անհատական կարգով:

(16.1-ին հոդ. լրաց. 23.03.18 ՀՕ-275-Ն, 23.12.22 ՀՕ-610-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 16.2.  Ծառայության ծառայողին պաշտոնի նշանակելու պայմանները, պաշտոնի նշանակելը և ազատելը

 

1. Ծառայության պետի տեղակալ կարող է նշանակվել այն ծառայողը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է ծառայության ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումն առնվազն 3 տարի զբաղեցրել է ծառայության ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:

2. Ծառայության ծառայողների գլխավոր խմբի պաշտոններում ատեստավորման արդյունքով կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք մինչև նշանակումը վերջին մեկ տարին զբաղեցրել են ծառայության ծառայողների գլխավոր խմբի այլ պաշտոն կամ մինչև նշանակումը վերջին երեք տարին զբաղեցրել են ծառայության ծառայողների ավագ խմբի որևէ պաշտոն: Ծառայության ծառայողների գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել նաև ծառայության ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը:

3. Ծառայության ծառայողների ավագ և միջին խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է ատեստավորման արդյունքով` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:

4. Ծառայության ծառայողների կրտսեր խմբի պաշտոններում նշանակումները կատարվում են առանց ատեստավորման:

5. Ծառայության ծառայողների ավագ և միջին խմբերի պաշտոններում նշանակումը կատարվում է բարձրագույն կրթության առկայության դեպքում:

6. Ծառայության ծառայողների կրտսեր խմբի պաշտոններում նշանակումը կատարվում է առնվազն միջնակարգ կրթության առկայության դեպքում:

7. Ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են ընդունվել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, հարկադիր կատարումն ապահովող ծառայության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների, Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներ, դատախազներ (այդ թվում` նշված մարմիններում և պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), ինչպես նաև ծառայության նախկին ծառայողներ, որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ծառայության ծառայողներին ներկայացվող պահանջները:

8. Ծառայության ծառայողների գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոնների ծառայողներին պաշտոնի նշանակում ու պաշտոնից ազատում է ծառայության պետը:

(16.2-րդ հոդ. լրաց. 23.03.18 ՀՕ-275-Ն, 23.12.22 ՀՕ-610-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 16.3. Ծառայությունում ծառայության հետ կապված հարաբերությունները

 

1. Ծառայությունում ծառայությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնադրություններով և կանոնագրքերով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, իսկ ծառայությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջների, ծառայողների` պաշտոնի նշանակման, տեղափոխման և պաշտոնից ազատման, պաշտոնի և պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարման, ծառայողների` ծառայության նոր վայր տեղափոխման, կոչումների շնորհման և զրկման, իջեցման ու վերականգնման, կոչումների շնորհման ժամկետների, ծառայողների ատեստավորման, վերապատրաստման, ուսումնառության, ուսումնական ծախսերի փոխհատուցման, կադրերի տրամադրության տակ թողնելու (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի), աշխատաժամանակի տևողության, հանգստի ժամանակի, հերթապահության, արձակուրդի, ծառայողների իրավունքների, պարտականությունների, ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումների, ծառայողին հրամաններ տալու սահմանափակումների, ծառայության ժամկետների (բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված` ծառայության ժամկետները երկարաձգելու դեպքերի), ծառայության ժամկետի հաշվարկման կարգի, ծառայությունից արձակման, ծառայության կամ պաշտոնում վերականգնման, ծառայությունից արձակված ծառայողներին տրվող վճարումների, արտոնությունների և կենսաթոշակի ապահովման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքով, իսկ ծառայողների սոցիալական պաշտպանվածության ու երաշխիքների, ծառայությունում շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների զինվորական ծառայություն անցնելու կարգի (բացառությամբ սույն օրենքի 17.1-ին հոդվածի 3-13-րդ մասերով նախատեսված` հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման) հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով:

2. Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով` ծառայության ծառայողը կարող է թողնվել կադրերի տրամադրության տակ ծառայության մի կառուցվածքային ստորաբաժանումից մինչև ծառայության մեկ այլ կառուցվածքային ստորաբաժանում տեղափոխվելը` մինչև 2 ամիս ժամկետով: Սույն մասով նախատեսված դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:

3. Ծառայությունում սահմանվում են նաև քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հաստիքներ, որոնք զբաղեցնող անձինք ծառայողներ չեն, և նրանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

4. Սահմանային տարիքի հասած ծառայողների` ծառայությունում ծառայության ժամկետները տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է երկարաձգել մինչև 10 (բարձրագույն սպայական կազմի ծառայողներինը` մինչև 5) տարի ժամկետով` հաշվի առնելով համապատասխան ծառայողի գիտելիքները, հմտությունները, ունակությունները և ֆիզիկական պատրաստվածությունը:

5. Ծառայությունում 20 և ավելի տարի անբասիր ծառայած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանն առանձնակի ծառայություններ մատուցած սպայական և ենթասպայական կազմերի ծառայողներին, անկախ ծառայությունում ծառայության ընդհանուր ժամկետից, ծառայության պետի հրամանով կարող է վերապահվել զինվորական համազգեստ կրելու իրավունք: Ծառայության բարձրագույն սպայական կոչում ունեցող ծառայողները ծառայությունից արձակվելուց հետո իրավունք ունեն կրելու զինվորական համազգեստ:

(16.3-րդ հոդ. լրաց. 23.12.22 ՀՕ-610-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 17. Ծառայության ծառայողների պատասխանատվությունը

 

1. Ծառայության ծառայողն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար ենթարկվում է պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Ծառայության ծառայողի անօրինական գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

(17-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն օրենք)

 

Հոդված 17.1. Ծառայության ծառայողի վարձատրությունը

 

1. Ծառայության յուրաքանչյուր ծառայող (սույն օրենքի 16.3-րդ հոդվածի 2-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածով սահմանված դեպքերում նաև կադրերի տրամադրության տակ գտնվողները) ունի վարձատրության իրավունք:

2. Ծառայության ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով:

3. Ծառայության ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվում է ատեստավորում: Հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման կարգը սահմանվում է վարչապետի որոշմամբ: Հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման` սույն հոդվածով սահմանված կարգը տարածվում է նաև ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների վրա:

4. Ծառայության ծառայողները հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորմանը մասնակցում են կամավոր:

5. Ծառայության ծառայողների պաշտոն առաջին անգամ զբաղեցնող ծառայողները կարող են դիմել հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման համար` պաշտոնի նշանակվելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո:

6. Ծառայության ծառայողների պաշտոն զբաղեցնող, հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորված և սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողներին հաշվարկված հավելավճարը վճարվում է երկու տարի ժամկետով: Հավելավճարի վճարումը շարունակելու նպատակով ծառայողը կարող է դիմել հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման համար սույն մասով նախատեսված ժամկետը լրանալուց առնվազն երկու ամիս առաջ:

7. Հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ծառայողը հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման համար կարող է դիմել ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո:

8. Արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողը կարող է դիմել հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման համար ծառայության անցնելուց հետո` երկամսյա ժամկետում:

9. Հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման համար դիմած ծառայողը ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման անցկացման ժամկետի մասին:

10. Հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման արդյունքներով կայացվում է հետևյալ եզրակացություններից որևէ մեկը.

1) հաշվարկել հավելավճար.

2) շարունակել հավելավճարի հաշվարկումը.

3) չհաշվարկել հավելավճար:

11. Հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած ծառայողը տվյալ տարվա ընթացքում հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորում անցնելու համար կարող է դիմել ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքը ձեռք բերելու օրվանից:

12. Հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորվող ծառայողը պարտադիր ծանոթանում է ատեստավորման արդյունքներին և կայացված եզրակացությանը: Հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորվող ծառայողն իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկելու ատեստավորման արդյունքները և կայացված եզրակացությունը` դրանց ծանոթանալու օրվանից հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

ԻՐՏԵԿ 17.1-ին հոդվածի 13-րդ մասն ուժի մեջ է մտնում Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից` 23.12.22 ՀՕ-610-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք  

13. Ծառայության ծառայողներին սույն հոդվածով սահմանված հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ: Հավելավճարի հաշվարկման կարգը և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմքերը սահմանվում են վարչապետի որոշմամբ: Սույն մասի համաձայն հավելավճար հաշվարկելու դեպքում ծառայողներին «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և պայմանագրային զինվորական ծառայության պաշտոնի համար սահմանված հավելումը չեն հաշվարկվում:

(17.1-րդ հոդ. լրաց. 23.12.22 ՀՕ-610-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 18. Ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածությունը

 

Ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է ազգային անվտանգության մարմիններում ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան:

(18-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 5.
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԶԵՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

(5-րդ գլխի վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն օրենք)

 

Հոդված 19. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման պայմանները

 

1. Ծառայության ծառայողներն իրավունք ունեն ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրել սույն օրենքով նախատեսված կարգով և դեպքերում, եթե այլ միջոցներ չեն ապահովում ծառայության վրա դրված պարտականությունների կատարումը:

Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և (կամ) զենք գործադրելու ընտրություն կատարելիս ծառայության ծառայողն առաջնորդվում է` ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից և իրավախախտի անձից:

2. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և (կամ) զենք գործադրելիս ծառայության ծառայողը պարտավոր է`

1) նախազգուշացնել դրանք օգտագործելու մասին` անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում պետական պահպանության օբյեկտների, ծառայության կամ պահպանական միջոցառումների անցկացմանը ներգրավված մյուս ծառայողների և այլ անձանց կյանքի կամ առողջության համար, կամ երբ ստեղծված իրադրությունում նման նախազգուշացումն անհնար է.

2) դրանք գործադրել իրավախախտման կամ դիմադրության վտանգավորության բնույթին և աստիճանին համաչափ, ձգտել, որպեսզի իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի.

3) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն:

3. Ծառայության ծառայողները պատասխանատվություն չեն կրում սույն օրենքով նախատեսված դեպքերում գործադրված ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և (կամ) զենքի կիրառման համար, եթե տվյալ դեպքում չի կատարվել անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության սահմանների անցում կամ հանցագործություն կատարած անձի ձերբակալման համար անհրաժեշտ միջոցառումների գերազանցում:

4. Լիազորությունների գերազանցմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և (կամ) հրազենի գործադրումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

5. (5-րդ մասն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-275-Ն օրենք)

(19-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն օրենք)

 

Հոդված 20. Ֆիզիկական ուժի գործադրումը

 

Ծառայության ծառայողներն իրավունք ունեն ֆիզիկական ուժ գործադրել հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխարգելման, դրանք կատարած անձանց ձերբակալման, ծառայողների օրինական պահանջների հակազդեցության հաղթահարման համար:

(20-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն օրենք)

 

Հոդված 21. Հատուկ միջոցների օգտագործումը

 

1. Ծառայության ծառայողները, անձամբ կամ ստորաբաժանման կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս, իրավունք ունեն հատուկ միջոցներ օգտագործել հետևյալ դեպքերում.

1) պետական պահպանության օբյեկտների վրա հարձակմանը կամ հարձակման վտանգին դիմակայելիս.

2) ծառայության ծառայողների և քաղաքացիների անվտանգությունն ապահովող պետական այլ մարմինների ծառայողների վրա հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կամ ցույց տրվող դիմադրությունը կանխելիս.

3) պահպանվող օբյեկտների և տրանսպորտային միջոցների վրա հարձակմանը կամ հարձակման վտանգին դիմակայելիս.

4) օրինազանցներին և այլ անձանց ձերբակալելիս, որոնց հանդեպ անհրաժեշտ հիմքեր կան ենթադրելու, որ նրանք հակված են ցույց տալու զինված դիմադրություն կամ խոչընդոտելու ծառայության ծառայողների պարտականությունները կատարելուն, ինչպես նաև նրանց համապատասխան մարմիններ բերման ենթարկելիս:

Բացի այդ, հատուկ միջոցներ կարող են օգտագործվել սույն օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:

2. Արգելվում է հատուկ միջոցների գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամություն ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և ծառայողի կյանքին և առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

3. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում հատուկ միջոցների կամ զենքի բացակայության պայմաններում ծառայության ծառայողն իրավունք ունի օգտագործել ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները:

(21-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն, 07.02.24 ՀՕ-60-Ն օրենքներ)

 

Հոդված 22. Զենքի կիրառումը և օգտագործումը

 

1. Ծառայության ծառայողները, որպես ծայրահեղ միջոցառում, անձամբ կամ ստորաբաժանման կազմում իրավասու են զենք կիրառել`

1) պետական պահպանության օբյեկտների կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կանխելիս.

2) ծառայության ծառայողների և պահպանական միջոցառումների ապահովման համար ներգրավված այլ մարմնի ծառայողների վրա հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կանխելիս, եթե նրանց կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում, ինչպես նաև նրանց զենքին տիրանալու փորձը կանխելիս.

3) պահպանվող օբյեկտների և տրանսպորտային միջոցների վրա հարձակմանը կամ հարձակման սպառնալիքին դիմակայելիս.

4) պատանդներին ազատելիս, ահաբեկչական և այլ հանցավոր ոտնձգությունները կանխելիս.

5) տրանսպորտային միջոցները վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդն իրական վտանգ է ստեղծում պետական պահպանության օբյեկտների կյանքի և առողջության նկատմամբ և չի ենթարկվում ծառայողի` տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ազդանշաններին.

6) պետական պահպանության օբյեկտների և այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս.

7) զենք օգտագործելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապ հայտարարելիս կամ օգնություն կանչելիս:

2. Արգելվում է զենքի գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամություն ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և ծառայողի կյանքին ու առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

Մերկացրած զենքով ձերբակալում կատարող ծառայության ծառայողին մոտենալու (նրա կողմից պահանջված հեռավորությունը խախտելու միջոցով), առանց թույլտվության անսպասելի կտրուկ շարժում կատարելու, ձեռքերը գրպանները տանելու կամ զենքին ձեռք մեկնելու` ձերբակալվողի ցանկացած փորձ ծառայության ծառայողին իրավունք է տալիս առանց նախազգուշացման` զենք գործադրել օրենքով սահմանված կարգով:

Զենքի կիրառման բոլոր դեպքերի մասին ծառայության ծառայողը պարտավոր է զեկուցել իր անմիջական ղեկավարին:

(22-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն, 07.02.24 ՀՕ-60-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 6.
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ, ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

(6-րդ գլխի վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն օրենք)

 

Հոդված 23. Ծառայության ֆինանսավորումը

 

Ծառայության ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենսդրությամբ սահմանված այլ միջոցների հաշվին:

Ծառայության համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում է հատուկ հոդված:

(23-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն օրենք)

 

Հոդված 24. Ծառայության նյութատեխնիկական և այլ ապահովումը

 

Ծառայության նյութատեխնիկական ապահովումը, ծառայողների և քաղաքացիական աշխատանք կատարող ու տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց բնակարանային, կենցաղային, սննդի, նյութական օգնության, խրախուսման և սոցիալական այլ պահանջմունքների բավարարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենսդրությամբ սահմանված այլ միջոցների, այդ թվում` պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցելու դիմաց ստացվող միջոցների հաշվին:

(24-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն, 23.12.22 ՀՕ-610-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 7.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 25. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության իրավահաջորդությունը

 

Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց անվտանգության ապահովման վարչության իրավահաջորդն է:

 

Հոդված 26. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հուլիսի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. դեկտեմբերի 23
Երևան
ՀՕ-40-Ն

 

 

pin
ՀՀ 03.12.2003
N ՀՕ-40-Ն օրենք