ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՔՐԴ/0192/01/08
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Լ. Թադևոսյանի
մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի
Ս. Ավետիսյանի
Ե. Դանիելյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ` Ն. Թումանյանի
մասնակցությամբ դատախազ` Պ. Պետրոսյանի
2020 թվականի մայիսի 25-ին ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Կարեն Վաչագանի Թարխանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի հուլիսի 24-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի` հիմնարար խախտման հիմքով ներկայացված բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
i
1. 2008 թվականի մարտի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 62202608 քրեական գործը:
2008 թվականի մարտի 5-ին Կարեն Թարխանյանը ձերբակալվել է:
i
Նախաքննության մարմնի` 2008 թվականի մարտի 7-ի որոշմամբ Կ.Թարխանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2008 թվականի մարտի 7-ի որոշմամբ Կ.Թարխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով:
Նախաքննության մարմնի` 2008 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ Կ.Թարխանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով:
2008 թվականի ապրիլի 18-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի քրեական դատարան (այսուհետ` նաև Երևանի դատարան):
2. Երևանի դատարանի` 2008 թվականի հունիսի 10-ի դատավճռով Կ.Թարխանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտվել ազատազրկման` 4 (չորս) տարի ժամկետով:
3. Կ.Թարխանյանի պաշտպան Զ.Բուդաղյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2008 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ բողոքը մերժել է, Երևանի դատարանի` 2008 թվականի հունիսի 10-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:
4. Կ.Թարխանյանի և նրա պաշտպան Զ.Բուդաղյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ վերադարձվել է:
5. 2020 թվականի փետրվարի 25-ին ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը հիմնարար խախտման հիմքով բողոք է բերել Վճռաբեկ դատարան, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի մայիսի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
i
6. Երևանի դատարանը, Կ.Թարխանյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, հաստատված է համարել հետևյալ փաստական տվյալները. «(...) 2008թ. մարտի 1-ին` ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ, բռնությամբ և իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով ուղեկցվող զանգվածային անկարգությունների ժամանակ ամբաստանյալ Կարեն Թարխանյանը հայհոյանքներ է տվել հանրապետության ղեկավարների և նշված վայրում հասարակական կարգի պահպանության գծով ծառայություն իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանների հասցեին, զանգվածային անկարգությունների մասնակիցներին է բաժանել մետաղյա ձողեր, նման եղանակով և կոչերով նրանց ուղղորդել է շարունակել զանգվածային անկարգություններն ու բռնություն կիրառել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ: Զանգվածային անկարգությունների մասնակիցները մետաղյա ձողերով հարձակվել են իշխանության ներկայացուցիչների վրա և այդ ձողերով ու քարերով հարվածել նրանց:
(...) Վերլուծելով ամբաստանյալ Կարեն Վաչագանի Թարխանյանին առաջադրված մեղադրանքը, նրա ցուցմունքը և գործով ձեռք բերված ապացույցները, դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Կարեն Վաչագանի Թարխանյանի կողմից, նրա մեղավորությամբ, բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով և վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր գործադրելով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով ուղեկցված զանգվածային անկարգություններ կազմակերպելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին»(1):
_________________________
1) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 79-82:
7. Առաջադրված մեղադրանքում Կ.Թարխանյանն իրեն մեղավոր չի ճանաչել և դատաքննության ընթացքում ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-ին` ժամը 12.30-ից 13.00-ի սահմաններում, իր ավտոմեքենայով, մոր հետ միասին «Հրազդան տոնավաճառ» գնալիս, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ տեսնելով մարդկանց բազմություն` հետաքրքրությունից դրդված իջել են ավտոմեքենայից: Այնտեղ են գտնվել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Զ.Փոստանջյանը, Ա.Մարտիրոսյանը և այլոք, խաղաղ մթնոլորտ է տիրել: Չնայած ոստիկանները պահանջել են հեռանալ և ազատել հրապարակը, սակայն ինքը, հետաքրքրությունից դրդված, նշված տարածքից չի հեռացել, նաև սպասել է մինչև տարածքն ազատվի, որպեսզի կարողանա մեքենան դուրս բերել: Այդ ընթացքում ինքն ու մայրը զրուցել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների հետ, իսկ ճանապարհը բացվելուց հետո գնացել են տուն:
Վկաների ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը: Ինքը որևէ ջարդի կամ անկարգությունների մասնակից չի եղել, երկաթյա ձողեր ոչ ոքի չի տվել, ընդամենը մի քանի անգամ բացականչություններ է արել` «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի ոտնահարթակի վրայից բղավել է «Լևոն» և այլն: Այդպես է վարվել, քանի որ բոլորն էին այդպես վարվում:
Ոստիկան Կարեն Աբելյանին ճանաչում է շուրջ 7 տարի: Վերջինս հսկողություն է իրականացրել Շենգավիթի շուկայում, որտեղ ինքն աշխատել է որպես մսավաճառ, և իրենց միջև պարբերաբար կոնֆլիկտներ են տեղի ունեցել: Ինչ վերաբերվում է բերման ենթարկելու օրվան, ապա ոստիկաններն իրեն տեսել են Մաշտոցի և Խորենացու փողոցների հատման տարածքում և փակել են իր ճանապարհը, ապա կոպիտ կերպով տարել են ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ մարտի 1-ի գործով կարկառուն դեմքի են բերել: Ինքը պատմել է իրողությունը, որ անկարգություններին և ջարդերին չի մասնակցել(2):
_________________________
2) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 47-55:
7.1. Առաջին ատյանի դատարանը, Կ.Թարխանյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք է ընդունել վկաներ` ՀՀ ոստիկանության պահակապարեկային ծառայության գնդի 1-ին վաշտի ոստիկաններ` Էդուարդ Գասպարյանի և Շահեն Խաչատրյանի նույնաբովանդակ ցուցմունքներն այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-ին ծառայություն են իրականացրել Երևան քաղաքի Գ. Լուսավորիչ փողոցում, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ, որտեղ չարտոնված հանրահավաքի մասնակիցներն անկարգություններ են կատարել: Անկարգությունների անմիջական ակտիվ կատարողներից է եղել Կ.Թարխանյանը, ով մասնակիցներին մետաղյա ձողեր է բաժանել: 2008 թվականի մարտի 4-ին, պարեկային ավտոմեքենայով ծառայություն իրականացնելիս, Երևան քաղաքի Մաշտոց-Խորենացի փողոցների հատման խաչմերուկում պատահաբար տեսել են Կ.Թարխանյանին, անմիջապես ճանաչել նրան` որպես մարտի 1-ին վերը նկարագրված զանգվածային անկարգությունների մասնակցի ու բերման ենթարկել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին(3):
_________________________
3) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 283-286:
7.2 Առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճռի հիմքում դրել է նաև ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի` 2008 թվականի մարտի 27-ի թիվ 10\4-2-536 գրությունը, դեպքի վայրի զննության արձանագրությունը, պայթունատեխնիկական և քիմիական համալիր փորձաքննությունների 2008 թվականի մարտի 21-ի թիվ 07100803 և 07050803 եզրակացությունները, Երևանի քաղաքապետի` 2008 թվականի մարտի 27-ի թիվ 01\7-6295հ գրությունը(4):
_________________________
4) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 74-78:
7.3. Առաջին ատյանի դատարանում, գործի քննության ընթացքում Կ.Թարխանյանի պաշտպանը միջնորդել է դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել Կ.Թարխանյանի մորը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Զ.Փոստանջյանին, Ա.Մարտիրոսյանին և Ա.Բախշյանին: Առաջին ատյանի դատարանը հիշյալ անձանց դատարան հրավիրելու և որպես վկա հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունը մերժել է` պատճառաբանելով, որ պաշտպանը չի հիմնավորել միջնորդության մեջ նշված անձանց ցուցմունքների վերաբերելիությունը Կ.Թարխանյանին առաջադրված մեղադրանքին(5):
_________________________
5) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 54-55:
8. Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, նշել է. «(...) Քննության առնելով պաշտպանի վերաքննիչ բողոքը և հիմնավորումները, մեղադրողի պատասխան առարկությունը, ուսումնասիրելով գործի փաստական հանգամանքները և ձեռք բերված ապացույցները, ղեկավարվելով օրենքով և իրավագիտակցությամբ վերաքննիչ քրեական դատարանը եկավ հետևության, որ պաշտպանի վերաքննիչ բողոքը բավարարելու և ամբաստանյալի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելու հիմքեր չկան (...)»(6):
_________________________
6) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 118-121:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքի հեղինակը նշել է, որ նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
Ըստ բողոքաբերի` ստորադաս դատարանները, Կ.Թարխանյանի մեղադրանքը հիմնավորելիս առավելապես հիմնվելով դեպքից տևական ժամանակ անց ոստիկանության աշխատակիցների հայտնած իրարամերժ ցուցմունքների վրա, չեն ապահովվել Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մատնանշված` արդար դատաքննության իրավունքի երաշխիքները: Դատարանները, Կ.Թարխանյանի մեղքը հիմնավորող ապացուցողական զամբյուղում ծանրակշիռ դեր հատկացնելով ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին, պատշաճ գնահատման չեն ենթարկել այն, որ վերջիններս ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում, ինչը ողջամտորեն կասկածի տակ է դնում նրանց ցուցմունքների արժանահավատությունը:
Ինչ վերաբերում է այլ ապացույցներին, որոնց դատարանները հղում են կատարել, ապա բողոքաբերի պնդմամբ, դրանք անուղղակի ապացույցներ են և ուղղակիորեն չեն հաստատում Կ.Թարխանյանի առնչությունը մեղսագրվող արարքին:
Ըստ բողոքաբերի` առավել հատկանշական է այն, որ Կ.Թարխանյանը որպես վիճարկվող իրադարձությունների ակտիվ մասնակից և ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրող, ոստիկանություն բերման է ենթարկվել հիշյալ իրադարձություններից տևական ժամանակ անց` այն պատճառաբանությամբ, որ ծառայություն իրականացնող ոստիկաններն այլ վայրում ծառայություն իրականացնելիս նկատել են Կ.Թարխանյանին և նույնացրել այդ իրադարձությունների ժամանակ հիշատակված արարքները կատարող անձի հետ: Նման պայմաններում, ստորադաս դատարանները չեն օգտագործել յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն` ստուգելու այն ոստիկանության ծառայողների մեղադրական ցուցմունքները, որոնք ակտիվ դեր են ունեցել մեղսագրվող արարքի կատարման ժամանակահատվածում:
Բացի այդ, բողոք բերած անձը նշել է, որ պաշտպանական կողմին հնարավորություն չի ընձեռվել արդյունավետորեն վիճարկելու ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ: Դատաքննության ընթացքում պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել անձանց, ովքեր ականատես են եղել նկարագրված իրադարձություններին, որը դատարանի կողմից մերժվել է` անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Բողոք բերած անձը նշել է նաև, որ ստորադաս դատարանները պատշաճ վերլուծության չեն ենթարկել այն հարցը, թե ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները` Կ.Թարխանյանին բերման և քրեական հետապնդման ենթարկելուն նախորդող և հաջորդող իրադարձությունների համատեքստում արդյո՞ք կասկած չեն առաջացնում դրանց վստահելիության և ճշգրտության առումով, ինչն ուներ առանցքային նշանակություն` դրանց արժանահավատությունը, ինչպես նաև այլ փաստական տվյալների հետ համակցության մեջ գործի լուծման համար բավարարությունը որոշելու տեսանկյունից:
Այսպիսով, ըստ բողոքաբերի, ստորադաս դատարանները պատշաճ ստուգման և գնահատման չեն ենթարկել սույն գործի փաստական հանգամանքները, իսկ քրեական գործում առկա չէ արժանահավատ ապացույցների բավարար համակցություն, որը թույլ կտար հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան ապացուցված համարել, որ Կ.Թարխանյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք:
10. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանել ու փոփոխել` ճանաչելով և հռչակելով Կարեն Թարխանյանի անմեղությունը մեղսագրված արարքում:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
i
11. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Կ.Թարխանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
12. ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն` «1. Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:
2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը` օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա»:
Եվրոպական կոնվենցիայի 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն` «1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան:
2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա (...)»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպական կոնվենցիայի 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համատեքստում դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ պետական իշխանությունները պետք է հարգեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությունը և թույլատրեն գործով վարույթի վերսկսում միայն այն դեպքերում, երբ այն կատարելու լեգիտիմ հիմքերը գերազանցում են իրավական որոշակիության սկզբունքը: Մասնավորապես, այն դատական ակտի վերանայումը, որն օրինական ուժ է ստացել, չպետք է թույլատրվի միայն գործը վերաքննելու և նոր որոշում կայացնելու նպատակով, այլ պետք է հետապնդի դատական սխալները և արդարադատության իրականացման ընթացքում թույլ տրված խախտումները շտկելու նպատակ(7):
_________________________
7) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bratyakin v. Russia գործով 2006 թվականի մարտի 9-ի որոշումը, գանգատ թիվ 72776/01:
Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով, «հիմնարար խախտում» հասկացությունը ենթադրում է միայն դատավարական ընթացակարգի լուրջ խախտումը, որն էապես խաթարում է նախորդ դատավարության ամբողջականությունը, կարող է հիմք հանդիսանալ ոչ անձի օգտին գործի վերանայման համար, եթե նա արդարացվել է կամ մեղավոր է ճանաչվել նվազ ծանր հանցագործության համար, քան օրենքով նախատեսվածը, որը ենթակա էր կիրառման: Հետևաբար, նման դեպքերում, դատախազի կամ վերադաս դատարանի կողմից զուտ գործով ապացույցների պարզ վերագնահատումը չէր կարող բավարարել նշված չափանիշին: Այնուամենայնիվ, ինչ վերաբերում է իրավիճակներին, երբ անձը մեղավոր է ճանաչվել և գործի վերանայումը կարող է լինել իր օգտին, Եվրոպական դատարանը նշել է, որ թիվ 7 Արձանագրության Բացատրական զեկույցի 31-րդ կետում ընդգծված է, որ «4-րդ հոդվածը չի խոչընդոտում գործի կրկնակի քննությանը` հօգուտ դատապարտված անձի, և դատական ակտի ցանկացած այլ փոփոխությանը` ի շահ դատապարտյալի»: Նման դեպքերում, համապատասխանաբար, խախտման բնույթը նախևառաջ ենթակա է գնահատման` պարզելու համար, թե արդյո՞ք թույլ է տրվել պաշտպանական իրավունքի խախտում, և, ըստ այդմ, արդյո՞ք գործով առկա է եղել խոչընդոտ` արդարադատության պատշաճ իրականացման համար: Վերջապես, 7-րդ Արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի վերանայման հիմքերն ամեն դեպքում, in fine, պետք է լինեն այնպիսին, որ «ազդեն գործի ելքի վրա»` կամ հօգուտ անձի, կամ հակառակը(8):
_________________________
8) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Mihalache v. Romania գործով 2019 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 54012/10, կետ 133:
12.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացում»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Նույն հոդվածի երկրորդ մասի կանոնները չեն գործում այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը»:
12.2. Վերը մեջբերված քրեադատավարական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Մկրտիչ Սարգսյանի գործով որոշմամբ և իրավական դիրքորոշումներ արտահայտել առ այն, որ «(...) Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը կարող են վերանայվել բացառապես նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման (կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների) հիմքով: Նման իրավակարգավորումը բխում է իրավաչափ այն գաղափարից, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը ընդհանուր կանոնից բացառություն է և, որպես այդպիսին, ենթադրում է բողոքարկման բացառիկ հիմքերի առկայություն:
Հարկ է ընդգծել, որ «հիմնարար խախտումը» ենթադրում է խախտման առավել ծանր բնույթ, քան քրեական օրենքի սխալ կիրառումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներ): Հիմնարար խախտման էությունը դրսևորվում է նրանում, որ այն ի սկզբանե կանխորոշում է քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, բովանդակազրկում դրա նշանակությունը` դրանով իսկ վկայելով անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացված լինելու մասին: (...)»(9):
_________________________
9) Տե՛ս Մկրտիչ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵՄԴ/0020/01/14 որոշման 19-20-րդ կետերը:
12.3. «Հիմնարար խախտման» էությանն անդրադարձել է նաև ՀՀ սահմանադրական դատարանը` թիվ ՍԴՈ-1431 որոշմամբ ընդգծելով հետևյալը. «(...) Հիմնարար խախտումը պետք է պատճառահետևանքային կապի մեջ գտնվի ընդունված և արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտի հետ: Քրեական արդարադատությունը, վերջին հաշվով, ուղղված է անմեղ անձին արդարացնելուն, հանցանք կատարած անձին դատապարտելուն, նրա նկատմամբ արդարացի պատիժ նշանակելուն, հանցագործությունից տուժած անձի իրավունքներն ու իրավաչափ շահերը պաշտպանելուն, նրան պատճառված վնասը հատուցելուն: Այսինքն` առերևույթ հիմնարար խախտումը պետք է արժեզրկի քրեական գործով իրականացված արդարադատությունը, նսեմացնի կայացված դատական ակտի դերն ու նշանակությունը: Մասնավորապես` այդպիսի վիճակ կարող է առաջանալ այն դեպքում, երբ գործը քննվել և դատական ակտը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով, կամ երբ անձը դատապարտվել է այնպիսի արարքի համար, որը ստացել է ակնհայտ սխալ իրավական գնահատական»(10):
_________________________
10) Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշման 4.3-րդ կետը:
i
13. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
(...)
3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.
դ) հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները (...)»:
13.1. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` արդար դատաքննության իրավունքի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճռում(11) արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
_________________________
11) Տե՛ս Mushegh Saghatelyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08:
- որոշելու համար, թե արդյոք վարույթն ընդհանուր առմամբ արդար է եղել, թե` ոչ, պետք է հաշվի առնել, թե արդյոք պահպանվել են պաշտպանության կողմի իրավունքները, և արդյոք դիմումատուին հնարավորություն է տրվել վիճարկելու ապացույցների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ: Ի լրումն, ապացույցների որակը պետք է քննարկման առարկա հանդիսանա, ներառյալ` արդյոք այդ ապացույցների ձեռքբերման հանգամանքները կասկած չեն առաջացնում դրանց վստահելիության և ճշգրտության վերաբերյալ(12),
_________________________
12) Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bykov v. Russia գործով 2009 թվականի մարտի 10-ի վճիռը, գանգատ թիվ 4378/02, 89-90-րդ կետեր, Huseyn and Others v. Azerbaijan գործով 2011 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35485/05, 199-200-րդ կետեր:
i
- որպես ընդհանուր կանոն` դատարաններն են գնահատում իրենց ներկայացված ապացույցները, ինչպես նաև այն ապացույցների վերաբերելիությունը, որոնք վկայակոչում է պաշտպանության կողմը: Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով նրանց թույլատրվում է, կրկին որպես ընդհանուր կանոն, որոշել` արդյոք անհրաժեշտ է անձանց որպես վկա կանչելը` կոնվենցիոն համակարգում այդ բառին տրված «ավտոնոմ» նշանակությամբ: Ապացույցները վերցնելու համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հատուկ ուշադրություն է դարձրել կողմերի հավասարության սկզբունքին համապատասխանությանը, որն արդար դատաքննության հիմնարար հայեցակետերից մեկն է, և որով ենթադրվում է, որ դիմումատուին պետք է «տրվի իր գործն այնպիսի պայմաններում ներկայացնելու ողջամիտ հնարավորություն, որն իր համար ոչ բարենպաստ պայմաններ չի ստեղծի` համեմատած իր հակառակորդի հետ»(13),
_________________________
13) Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Kasparov and Others v. Russia գործով 2013 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 21613/07, 57-58-րդ կետեր:
i
- չնայած սովորաբար ազգային դատարաններն են որոշում կայացնում վկային կանչելու անհրաժեշտության և նպատակահարմարության վերաբերյալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բացառիկ հանգամանքներում կարող է հանգել այն եզրակացության, որ այդպես չվարվելը հակասում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածին(14),
_________________________
14) Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bricmont v. Belgium գործով 1989 թվականի հուլիսի 7-ի վճիռը, գանգատ թիվ 10857/84, 89-րդ կետ, Popov v. Russia գործով 2006 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատ թիվ 26853/04, 188-րդ կետ, Dorokhov v. Russia գործով 2008 թվականի փետրվարի 14-ի վճիռը, գանգատ թիվ 66802/01, 65-րդ կետ:
- եթե վկաներին հարցաքննելու մասին մեղադրյալի միջնորդությունն ավելորդ բարդություններ չի առաջացնում, բավարար հիմնավորված է, առնչվում է մեղադրանքի էությանը և թերևս կարող է ամրապնդել պաշտպանությունը կամ նույնիսկ հանգեցնել արդարացման դատավճռի, ապա ներպետական իշխանություններն այդ միջնորդությունը մերժելու համար պետք է համապատասխան պատճառաբանություններ ներկայացնեն(15),
_________________________
15) Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Topic v. Croatia գործով 2013 թվականի հոկտեմբերի 10-ի վճիռը, գանգատ թիվ 51355/10, 42-րդ կետ, Polyakov v. Russia գործով 2009 թվականի հունվարի 29-ի վճիռը, գանգատ թիվ 77018/01, 36-րդ կետ:
- չնայած դիմումատուին դատապարտելիս ներպետական դատարանները, ոստիկանության ծառայողների ցուցմունքներից բացի, հղում են կատարել այլ ապացույցների, միակ ապացույցը, որով ուղղակիորեն ենթադրվում էր դիմումատուի մասնակցությունն այդ արարքների կատարմանը, և որով տրամադրվում էր դրանց մանրամասները, տվյալ ցուցմունքներն էին: Բոլոր մյուս ապացույցները, որոնց դատարանները հղում են կատարել, անուղղակի ապացույցներ են, և չի կարելի ասել, որ դրանք ուղղակիորեն ցույց են տալիս դիմումատուի առնչությունը մեղսագրվող արարքներին,
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննել է մի շարք գործեր, որոնց դեպքում հրապարակային միջոցառման ժամանակ անհատին իր պահվածքի պատճառով քրեական հետապնդման են ենթարկել և դատապարտել` հիմնվելով բացառապես այն ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, որոնք ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ այդ վարույթներում դատարանները պատրաստակամորեն և անվերապահորեն ընդունել են ոստիկանության ծառայողների ցուցմունքները և դիմումատուին որևէ հնարավորություն չեն տվել հակառակ ապացույցներ ներկայացնելու: Այն վճռել է, որ այս մեղադրանքների հիմքում ընկած այն հիմնական փաստերի վերաբերյալ վեճի դեպքում, երբ մեղադրանքի կողմի միակ վկաներն այն ոստիկանության ծառայողներն են եղել, որոնք ակտիվ դեր են ունեցել վիճարկվող իրադարձություններում, դատարանները պետք է պարտադիր օգտագործեին յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն` ստուգելու նրանց մեղադրական ցուցմունքները(16):
_________________________
16) Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Kasparov and Others v. Russia գործով 2013 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 21613/07, 64-րդ կետ, Navalnyy and Yashin v. Russia գործով 2014 թվական դեկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 76201/11, 83-րդ կետ, Frumkin v. Russia գործով 2016 թվականի հունվարի 5-ի վճիռը, գանգատ թիվ 74568/12, 165-րդ կետ:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում Կ.Թարխանյանի պաշտպանը միջնորդել է դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել մի շարք վկաների: Առաջին ատյանի դատարանը հիշյալ անձանց դատարան հրավիրելու և որպես վկա հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունը մերժել է` պատճառաբանելով, որ պաշտպանը չի հիմնավորել միջնորդության մեջ նշված անձանց ցուցմունքների վերաբերելիությունը Կ.Թարխանյանին առաջադրված մեղադրանքին(17):
_________________________
17) Տե՛ս սույն որոշման 7.3-րդ կետը:
i
14.1. Առաջին ատյանի դատարանը, 2008 թվականի հունիսի 10-ի դատավճռով Կ.Թարխանյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության մեջ, որպես արարքի կատարումը հիմնավորող ապացույցներ հիմք է ընդունել վկաներ` ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ոստիկաններ Էդուարդ Գասպարյանի և Շահեն Խաչատրյանի նույնաբովանդակ ցուցմունքները, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի` 2008 թվականի մարտի 27-ի թիվ 10\4-2-536 գրությունը, դեպքի վայրի զննության արձանագրությունը, պայթունատեխնիկական և քիմիական համալիր փորձաքննությունների 2008 թվականի մարտի 21-ի թիվ 07100803 և թիվ 07050803 եզրակացությունները և Երևանի քաղաքապետի` 2008 թվականի մարտի 27-ի թիվ 01\7-6295հ գրությունը(18):
_________________________
18) Տե՛ս սույն որոշման 7.2-րդ կետը:
14.2. Վերաքննիչ դատարանը, 2008 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է, որ Կ.Թարխանյանի մեղադրանքն ապացուցված է, մեղավորությունը հաստատված, արարքին տրվել է քրեաիրավական ճիշտ գնահատական, նշանակվել է արդարացի և համաչափ պատիժ, հետևաբար ամբաստանյալին արդարացնելու, պաշտպանի վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքեր չկան(19):
_________________________
19) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
15. Սույն որոշման 14-14.2-րդ կետերում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների, Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո, ինչպես նաև հաշվի առնելով այդ դիրքորոշումների համատեքստում արդար դատաքննության իրավունքի ներկայիս զարգացումը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Կ.Թարխանյանի մեղադրանքը հիմնավորելիս, առավելապես հիմնվելով ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա` չեն ապահովել Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մատնանշված` արդար դատաքննության իրավունքի երաշխիքները: Դատարանները Կ.Թարխանյանի մեղքը հիմնավորող ապացուցողական զամբյուղում ծանրակշիռ դեր հատկացնելով ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին` պատշաճ գնահատման չեն ենթարկել այն, որ վերջիններս ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում, ինչը ողջամտորեն կասկածի տակ է դնում նրանց ցուցմունքների արժանահավատությունը: Մասնավորապես, սույն գործով վճռորոշ ապացույցները, որոնցով ուղղակիորեն հիմնավորվել է Կ.Թարխանյանի մասնակցությունը նրան վերագրված արարքների կատարմանը, վիճարկվող իրադարձությունների անմիջական մասնակից` վկաներ` ՀՀ ոստիկանության ծառայողներ Է.Գասպարյանի և Շ.Խաչատրյանի ցուցմունքներն են: Ինչ վերաբերում է այլ ապացույցներին, որոնց դատարանները հղում են կատարել, ապա դրանք անուղղակի ապացույցներ են և ուղղակիորեն չեն հաստատում Կ.Թարխանյանի առնչությունը մեղսագրվող արարքին:
i
Նման պայմաններում, ստորադաս դատարանները չեն օգտագործել յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն` ստուգելու այն ոստիկանության ծառայողների մեղադրական ցուցմունքները, որոնք ակտիվ դեր են ունեցել Կ.Թարխանյանին մեղսագրվող արարքի կատարման ժամանակահատվածում: Ավելին, ինչպես նշվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում, սույն գործով ևս պաշտպանական կողմին հնարավորություն չի ընձեռվել արդյունավետորեն վիճարկելու ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ: Այսինքն` բողոքաբերի փաստարկն այն մասին, որ պաշտպանական կողմին հնարավորություն չի ընձեռվել արդյունավետորեն վիճարկելու ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ, ընդունելի է Վճռաբեկ դատարանի համար, քանի որ պաշտպանական կողմին հնարավորություն չի տրվել դատարան հրավիրելու մի շարք վկաների և ապացուցողական զանգվածում ներառելու նրանց ցուցմունքները, որոնք կասկածի տակ էին դնում ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված տվյալները և հիմնավորում էին դեպքի հանգամանքների վերաբերյալ պաշտպանության կողմի առաջ քաշված վարկածը: Այլ կերպ, ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված տվյալներն անվերապահորեն ընդունելը` առանց պաշտպանական կողմին լիարժեք հնարավորություն ընձեռելու մրցակցային դատավարության պայմաններում արդյունավետորեն վիճարկելու իր դեմ տրված ցուցմունքների արժանահավատությունը, ինչպես արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով, սույն գործով ևս հանգեցրել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` արդար դատաքննության իրավունքի խախտման:
16. Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարելու մեջ Կ.Թարխանյանի մեղավորության հարցին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ»:
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն` «Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»:
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:
2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության ընթացքում: Հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, սույն օրենսգրքի 360 հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերում նշված հարցերին տալիս է հաստատող պատասխաններ»:
16.1. Վերլուծելով ապացուցման քրեադատավարական կանոնները, մասնավորապես անդրադառնալով «ապացույցների բավարարություն» հասկացությանը` Վճռաբեկ դատարանն Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով որոշման մեջ նշել է, որ. «(...) «Ապացույցների բավարարությունը» որոշելու չափանիշներն են.
1) անմեղության կանխավարկածը,
2) վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունքը,
3) դատավարական որոշումների հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը:
(...) Հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատված համարելը ոչ այլ ինչ է, քան անմեղության կանխավարկածի հաղթահարում: Միևնույն ժամանակ, անձին դատապարտելու համար համարժեք ապացույցների բավարար համակցության բացակայությունը նշանակում է, որ անձի անմեղության կանխավարկածը հաղթահարված չէ: Այլ խոսքով` քրեական դատավարության ընթացքում չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության:
(...) Ներքին համոզմունքը, որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն, մի կողմից, պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից, անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ:
(...) Ապացույցի արժանահավատության հատկանիշը նույնպես վերաբերում է ապացույցի բովանդակային գնահատմանը: Արժանահավատ է այն ապացույցը, որի ճշմարտացիությունը կասկած չի հարուցում: Ապացույցն արժանահավատության տեսանկյունից գնահատելիս դատարանը պետք է հիմք ընդունի հետևյալ հանգամանքները.
ա) ապացույցի աղբյուրի հատկանիշները (օրինակ` փորձագետի ձեռնհասությունը, ցուցմունք տվող անձի շահագրգռվածությունը, որոշ դեպքերում հոգեբանական և ֆիզիոլոգիական հատկանիշները, վիճակը, ինչպես նաև անձին վերաբերող այլ հատկանիշներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ այդ անձի կողմից գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներն ընկալելու, մտապահելու, վերարտադրելու գործընթացի վրա),
բ) ապացույցի ձևավորման հանգամանքները (օրինակ` վկայի կողմից կոնկրետ հանգամանքն ընկալելու պայմանները, պաշտպանի, ներկայացուցչի ներկայությունը և այլն),
(...):
Յուրաքանչյուր ապացույց արժանահավատության տեսանկյունից պետք է գնահատվի ապացույցների համակցության մեջ` բազմակողմանի և մանրամասն գնահատելով փաստական տվյալների ստացման աղբյուրները և ապացույցի ձևավորման ամբողջ ընթացքը: Ապացույցի արժանահավատության վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել դրա բովանդակությունն այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ համադրելու արդյունքում: Որոշակի փաստի վերաբերյալ այս կամ այն աղբյուրից ստացված տեղեկությունների արժանահավատությունը գնահատելու համար անհրաժեշտ է վերլուծել ստացված տեղեկությունների բովանդակությունը, համադրել դրանք այլ ապացույցների հետ, պարզել դրանց համապատասխանությունը կամ հակասությունը, հակասության դեպքում` դրա պատճառները:
Ապացույցի արժանահավատության վերաբերյալ դատարանի եզրահանգումները պետք է հիմնվեն գործում առկա փաստական տվյալների վրա:
(...) Ապացույցների գնահատման արդյունքում ձևավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում և օբյեկտիվացվում ապացույցների բավարարությունը որոշելու մյուս` դատավարական որոշումների հիմնավորման և պատճառաբանման չափանիշի միջոցով (...):
(...) Քրեական դատավարությունում մեղքի հարցը լուծելիս որպես ապացույցների բավարարության շեմ պետք է գործի «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշը: Ընդ որում, «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշ ասելով, պետք է հասկանալ փաստական տվյալների (ապացույցների) այնպիսի համակցություն, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը: Վերոգրյալը չի նշանակում, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորությունն ընդհանրապես չի կարող առաջացնել որևէ կասկած, սակայն այդպիսի կասկածի հավանականության դեպքում դրա աստիճանը պետք է լինի աննշան (խիստ ցածր): Այլ խոսքով` մեղադրանքը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած»(20):
_________________________
20) Տե՛ս Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 29-31-րդ և 33-րդ կետերը:
i
17. Սույն որոշման 16-16.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն որոշման 14-14.2-րդ կետերում ներկայացված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի իրավական ռեժիմով վճռաբեկ բողոքը քննության առնելու պայմաններում, չանդրադառնալով 2009 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ` ապացուցողական զամբյուղում ներառված փաստական տվյալների վերաբերյալ արդեն իսկ տրված գնահատականներին, ընդունելի է համարում բողոքաբերի փաստարկն այն մասին, որ վստահելիության և ճշգրտության առումով ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները պատշաճ ստուգման չեն ենթարկվել: Մասնավորապես, ստորադաս դատարանները համակողմանի վերլուծության չեն ենթարկել այն հարցը, թե ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները` սույն գործի փաստական հանգամանքների և գործի նյութերի համատեքստում արդյո՞ք կասկած չեն առաջացնում դրանց վստահելիության և ճշգրտության առումով, ինչն ուներ առանցքային նշանակություն` դրանց արժանահավատությունը, ինչպես նաև այլ փաստական տվյալների հետ համակցության մեջ գործի լուծման համար բավարարությունը որոշելու տեսանկյունից: Այսպես, դատական ակտերով հաստատված փաստական հանգամանքների և գործի նյութերի համադրված վերլուծությունից հետևում է.
- Կ.Թարխանյանը, 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ Ֆրանսիայի դեսպանատան մոտ մասնակցել է հանրահավաքին,
- 2008 թվականի մարտի 4-ին, պարեկային ավտոմեքենայով ծառայություն իրականացնելիս, սույն գործով վկաներ ոստիկանության աշխատակիցները, Երևան քաղաքի Մաշտոց-Խորենացի փողոցների հատման խաչմերուկում պատահաբար տեսել են Կ.Թարխանյանին, և նրան` որպես մարտի 1-ին կատարված զանգվածային անկարգությունների մասնակցի, բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին(21),
_________________________
21) Տե՛ս սույն որոշման 7.1-րդ կետը:
- նախաքննության մարմնի` 2008 թվականի մարտի 7-ի որոշմամբ Կ.Թարխանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Այնուհետև, նախաքննության մարմնի` 2008 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ Կ.Թարխանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով(22):
_________________________
22) Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:
Դեպքի վերոնշյալ ժամանակագրությունը, մասնավորապես այն, որ ըստ մեղադրանքի` Կ.Թարխանյանը 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ Ֆրանսիայի դեսպանատան մոտ մասնակցել է հանրահավաքին, այնուհետև, երեք օր անց, ոստիկաններն այլ վայրում ծառայություն իրականացնելիս, պատահական տեսել են նրան և որպես մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների ակտիվ մասնակցի բերման ենթարկել ոստիկանություն, ողջամտորեն ստվերում են Կ.Թարխանյանի մեղադրանքը հիմնավորող, գործով ուղղակի ապացույց հանդիսացող` ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վստահելիությունն ու ճշգրտությունը` կասկածի տակ դնելով դրանց արժանահավատությունը: Նման պայմաններում, ստորադաս դատարանները չեն օգտագործել յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն` ստուգելու այն ոստիկանության ծառայողների մեղադրական ցուցմունքները, որոնք ակտիվ դեր են ունեցել մեղսագրվող արարքի կատարման ժամանակահատվածում:
Վերոշարադրյալ անհերքելի գործոնների հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները պատշաճ ստուգման և գնահատման չեն ենթարկել սույն գործի փաստական հանգամանքները, իսկ քրեական գործում առկա չէ արժանահավատ ապացույցների բավարար համակցություն, որը թույլ կտար հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան ապացուցված համարել, որ Կ.Թարխանյանը կատարել է սույն քրեական գործով իրեն մեղսագրված` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը:
19. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
i
Նշվածը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի և 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա բեկանելու ստորադաս դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, ճանաչելու և հռչակելու Կ.Թարխանյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում և քրեական գործի վարույթը կարճելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
i
20. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 21-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Կարեն Վաչագանի Թարխանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի քրեական դատարանի` 2008 թվականի հունիսի 10-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի հուլիսի 24-ի որոշումը բեկանել:
2. Կարեն Վաչագանի Թարխանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ և արդարացնել, քրեական գործի վարույթը կարճել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Լ. Թադևոսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ս. Ավետիսյան
Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան
__________________________________
ԻՐՏԵԿ - սույն որոշման հրապարակման օրը բացակայում է www.datalex.am կայքէջում, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2022 թվականի մայիսի 20-ին:
Միասնական կայք` 16.05.22-29.05.22