040.0545.270899
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» օգոստոսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 օգոստոսի 1999 թվականի թիվ 545
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Սահմանել միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության հետևյալ արտոնությունները`
ա) քննությունները դրական միավորներով հանձնած դիմորդներից պահուստային տեղերի հաշվին, ուսումնական հաստատության ընդունող հանձնաժողովի որոշմամբ մրցույթից դուրս ընդունվում են`
1-ին ու 2-րդ խմբերի և մինչև 16 տարեկան մանկուց հաշմանդամները, որոնց, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի եզրակացության համաձայն, տվյալ մասնագիտությամբ սովորելը հակացուցված չէ` միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների ընդունելության` օրենքով սահմանված բժշկական հակացուցումների ցանկին համապատասխան.
Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) և 1-ին խմբի հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները, համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կողմից տրված վկայականների.
երկկողմանի ծնողազուրկ և մինչև տվյալ ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ը 18 տարին չլրացած անձինք.
բժշկական հիմնարկներում ավելի քան 5 տարվա կրտսեր բուժաշխատողի աշխատանքային ստաժ ունեցող դիմորդները (միջին մասնագիտական պետական բժշկական ուսումնական հաստատություններ ընդունվողների համար).
բ) քննությունները դրական միավորներով հանձնած դիմորդներից մրցույթից դուրս, անվճար ուսուցման տեղերի հաշվին (յուրաքանչյուր մասնագիտության գծով` 1 տեղ) ընդունվում են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները.
գ) միջնակարգ հանրակրթական դպրոցը ոսկե կամ արծաթե մեդալով, մասնագիտական տեխնիկական ուսումնարանները (հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա), միջին մասնագիտական և պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները գերազանցության դիպլոմով ավարտած դիմորդները, հանրակրթական կամ մասնագիտական առարկաների գծով աշխարհի, Եվրոպայի, Հայաստանի Հանրապետության առաջնության մրցումների (օլիմպիադաներ, մրցույթներ) և միջազգային մրցույթների (օլիմպիադաներ, մրցույթներ) հաղթողներն ու մրցանակակիրները համապատասխան մասնագիտությունների գծով ընդունվում են միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններ` առանց ընդունելության քննությունների, տվյալ մասնագիտության պետական պատվերով ուսուցմամբ տեղերի հաշվին, ուսումնական հաստատության ընդունող հանձնաժողովի որոշմամբ:
Միջնակարգ հանրակրթական դպրոցը ոսկե կամ արծաթե մեդալով, պետական բարձրագույն ուսումնական հաստատությունը գերազանցության դիպլոմով ավարտած դիմորդներն ընդունվում են բժշկական միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններ` առանց ընդունելության քննությունների, տվյալ մասնագիտության պետական պատվերով ուսուցմամբ տեղերի հաշվին, ուսումնական հաստատության ընդունող հանձնաժողովի որոշմամբ.
դ) սույն կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները, ովքեր դիմել են ընդունվելու միայն վճարովի հիմունքներով ուսուցմամբ մասնագիտությունների գծով, ընդունվում են մրցույթից դուրս` ուսման վարձը պարտադիր վճարելու պայմանով և ազատվում են ընդունելության համար սահմանված վարձի վճարումից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 27-ից: