040.0927.040913
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 օգոստոսի 2013 թվականի N 927-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 940-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի 17-րդ «Անվտանգություն» հավելվածով սահմանված դրույթների համապատասխանության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում օդանավերի և օբյեկտների պահպանության կարգը հաստատելու մասին» N 940-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
i
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) Դոկ. 8973 փաստաթղթով սահմանված ռիսկերի գնահատման մեթոդաբանության հիման վրա օդանավակայաններում իրականացվում են սույն կետում նշված` պահպանության ենթակա օբյեկտների անվտանգության ռիսկերի գնահատման միջոցառումներ:».
2) 10-րդ կետում`
i
ա. «ա» ենթակետը «մշտական» բառից հետո լրացնել «և ժամանակավոր» բառերով,
բ. «բ» ենթակետը «ավտոտրանսպորտով» բառից հետո լրացնել «կամ առանց դրա» բառերով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.
«դ) մուտքի հսկողության ավտոմատացված համակարգերի և տեսահսկման սարքավորումների կիրառում:».
i
3) 11-րդ կետը «հեռուստահսկման» բառից հետո լրացնել «(տեսահսկման)» բառով.
i
4) 12-րդ կետը լրացնել «Օդանավակայանների կանգառներում տեխնիկական սպասարկման մեջ գտնվող, ուղևորների փոխադրմանը նախապատրաստվող, մեկնման նպատակով դեպի թռիչքուղիներ շարժվող և թռիչքներ կամ վայրէջքներ կատարող բոլոր օդանավերի շարժը վերահսկվում է տեսահսկման սարքավորումների միջոցով:» նախադասությամբ.
i
5) 24-րդ կետի երկրորդ նախադասությունը «պարեկային ծառայության» բառերից հետո լրացնել «, տեսահսկման սարքավորումների» բառերով.
i
6) 4-րդ «IV. ՕԴԱՆԱՎԵՐԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«IV. ՕԴԱՆԱՎԵՐԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
44. Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողները ծառայության կատարման ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներով:
45. Պահպանության ծառայություն իրականացնելու համար ավիացիոն անվտանգության ծառայությունում ստեղծվում են հերթափոխներ, որոնց կազմում ընդգրկվում են անհրաժեշտ թվով տեսուչներ, օպերատորներ, զենքի գծով մասնագետներ և վարորդներ:
46. Հերթափոխը ղեկավարում է հերթափոխի պետը, իսկ նրա բացակայության դեպքում` հերթափոխի պետի տեղակալը: Նրանք անմիջականորեն ենթարկվում են ավիացիոն անվտանգության ծառայության պետին:
47. Հերթափոխի պետերի, տեղակալների, տեսուչների, օպերատորների, զենքի գծով մասնագետների և վարորդների լիազորությունները սահմանվում են կազմակերպությունների տնօրենների կողմից հաստատված պաշտոնական հրահանգներով, որոնք համաձայնեցվում են գլխավոր վարչության հետ` մեկամսյա ժամկետում:
48. Պահակակետերի միջոցով Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում, ինչպես նաև օդանավակայանների տարածքներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների առանձնացված տարածքներում գտնվող օբյեկտների պահպանության իրականացման դեպքերում, ելնելով օբյեկտի առանձնահատկություններից, պահպանվող օբյեկտի տարածքում ստեղծվում է մեկ կամ մի քանի պահակակետեր:
48.1. Պահակակետ է հանդիսանում օդանավակայանի կամ օբյեկտի տարածքում սահմանված ներօբյեկտային վերահսկողության աշխատանքների, այդ տարածքների աշխատողների, այցելուների և տրանսպորտային միջոցների մուտքի ու ելքի ապահովման նպատակով պահպանության հանձնված օբյեկտի այն տեղամասը և (կամ) Հայաստանի Հանրապետության օդանավակայանների վերահսկելի գոտիներ մուտքի ելքի համար նախատեսված հսկիչ անցագրային կետերը, հատուկ վերահսկելի գոտիներում գտնվող օդանավերի կայանատեղերի, ավիավառելիքային սպասարկման առանձնացված պահեստների, բեռնային համալիրների, բորտսննդի արտադրամասերի և պահեստների, վարչական շենքերի և շինությունների տարածքներ մուտքի ելքի համար նախատեսված հսկիչ անցագրային կետերը, որտեղ ավիացիոն անվտանգության ծառայության տեսուչը կատարում է պահակակետային տեղեկագրով սահմանված պահպանության ծառայություն:
49. Պահակակետերը, ելնելով պահպանվող օբյեկտների առանձնահատկություններից, լինում են մշտական և ժամանակավոր: Մշտական են այն պահակակետերը, որտեղ ելնելով օդանավակայանի աշխատանքի առանձնահատկություններից և ավիացիոն անվտանգության ապահովման խնդիրներից` անհրաժեշտ է իրականացնել մշտական հսկողություն: Ժամանակավոր են այն պահակակետերը, որոնք ժամանակավորապես ստեղծվում են օդանավակայանի վերահսկելի գոտիներում և օբյեկտների տարածքներում` որոշակի աշխատանքների իրականացման նկատմամբ ժամանակավոր հսկողության իրականացման անհրաժեշտությունից ելնելով:
50. Բոլոր մշտական պահակակետերի տեսանելի տեղում տեղադրվում են «Վերահսկվող գոտի» մակագրությամբ ցուցանակներ:
51. Այն պահակակետերում, որտեղ իրականացվում է տարածքի կամ օբյեկտի զինված պահպանություն, տեսանելի տեղում տեղադրվում են «Արգելված գոտի, իրականացվում է զինված պահպանություն» մակագրությամբ ցուցանակներ:
51.1. Օբյեկտների պահպանությունն իրականացվում է նաև պարեկային ծառայություն կատարելու միջոցով: Պարեկային ծառայությունն ավիացիոն անվտանգության ծառայության առնվազն երեք աշխատողների կողմից իրականացվում է ավտոտրանսպորտով կամ առանց դրա` երթևեկության համար սահմանված երթուղով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ