040.0610.250510
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 մայիսի 2010 թվականի N 610-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1049-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1049-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
i
1) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-ին ենթակետով.
«14.1) ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժողովածուների, տեղեկագրերի, պարբերականների հրատարակումների ծրագրավորումը.».
2) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետի`
i
ա. 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) Հայաստանի Հանրապետությունում և հայկական սփյուռքում Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման, Հայաստանի, հայ ժողովրդի վարկանիշն ամրապնդող նպատակային համահայկական, մշակութային, կրթական, գիտական, հոգևոր, տնտեսական, մարզական և այլ ոլորտներում հավաքների, գիտաժողովների, խորհրդաժողովների, փառատոների, համատեղ միջոցառումների կազմակերպման ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ, ինչպես նաև այդ ոլորտներում պետական լիազոր մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցություն.
5) սփյուռքի կրթական, գիտական, մշակութային, երիտասարդական, մարզական և այլ կազմակերպությունների, այդ ոլորտներում գործող առանձին անհատների ու Հայաստանի Հանրապետության համապատասխան կազմակերպությունների և անհատների միջև կապերի հաստատմանն ու զարգացմանը նպաստելը, մասնագետների գործուղման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող պետական և հասարակական նախաձեռնություններին, համապետական և համահայկական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ քննարկումներին, միջոցառումներին և ծրագրերին սփյուռքի կրթամշակութային գործիչների, գիտնականների, ձեռներեցների, կանանց, երիտասարդների ընդգրկմանը միտված ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
6) սփյուռքի մշակույթի զարգացման ռազմավարության մշակմանը մասնակցություն, սփյուռքում հայապահպան գործունեությանը, հայ մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանն ու տարածմանն աջակցություն, սփյուռքի կազմակերպությունների, հասարակական և հոգևոր կառույցների ու անհատների հետ սփյուռքում հայկական ունեցվածքի պահպանման և ուսումնասիրման ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
7) հայեցի կրթության և դաստիարակության ռազմավարության մշակմանը մասնակցություն, համահայկական կրթական ծրագրերի իրականացմանը, համապատասխան ծրագրերի ու դասագրքերի մշակմանը և հրատարակմանը Հայաստանի Հանրապետության կառույցների և սփյուռքի մասնագետների մասնակցության ապահովում, մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպման, սփյուռքի կրթամշակութային հաստատություններն անհրաժեշտ դասագրքերով և մեթոդական ձեռնարկներով ապահովելուն ուղղված աշխատանքների համակարգում, համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ` Հայաստանի Հանրապետության բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում հայագիտական մասնագիտությունների գծով սփյուռքահայերի ուսումնառության հնարավորությունների ընդլայնմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
8) սփյուռքի համար տարածաշրջանների պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման կարիքների գնահատում և ծրագրերի մշակում, սփյուռքի պատմության և հիմնախնդիրների վերաբերյալ հետազոտությունների իրականացման ծրագրերի մշակում ու իրականացման մոնիթորինգ.
9) այլալեզու և այլադավան հայերի վերաինտեգրմանն ուղղված հայադարձության ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.»,
բ. 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11) Հայաստանի և սփյուռքի տեղեկատվության փոխանակման քաղաքականության մշակում` համահայկական միասնական տեղեկատվական համակարգերի միջոցով: Հեռուստակամուրջների, տեսահամաժողովների, համահայկական խորհրդաժողովների անցկացման ծրագրերի մշակում, առանձին երկրների հայկական համայնքների մասին լիարժեք, ամբողջական պատմական, վիճակագրական, քաղաքական, կրթամշակութային, հոգևոր, գիտական, տնտեսական և այլ տեղեկությունների հավաքագրման, հայկական համայնքների մասին համապարփակ տեղեկատվական շտեմարանների ստեղծման ծրագրերի մշակման աշխատանքների համակարգում.»,
գ. ուժը կորցրած ճանաչել 20-րդ և 22-րդ ենթակետերը,
դ. 24-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24) Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման բնագավառում պետական կառավարման այլ մարմինների հետ համագործակցություն, անհրաժեշտության դեպքում նրանց հետ համատեղ` աշխատանքային խմբերի ու հանձնաժողովների ստեղծում, համատեղ հրամանների արձակում, խորհրդակցությունների, սեմինարների, քննարկումների, հանդիպումների անցկացման ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ