(ուժը կորցրել է 28.12.02 թիվ 797-Ն որոշում)
i
041.0184.160498
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 ապրիլի 1998 թվականի թիվ 184
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության խորհրդի անդամների թիվը` 9 մարդ:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման` գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի մասին» թիվ 38 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի ապրիլի 2-ի թիվ 208 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման հավելվածում`
i
«ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն» տողում «110» թիվը փոխարինել «98» թվով.
i
«ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն» տողից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն 19 1 0» տողը:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 356 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հունիսի 17-ի թիվ 244 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
i
ա) որոշմամբ հաստատված կանոնադրության 5-րդ կետից հանել «դ», «ե», «զ» և «է» ենթակետերը, իսկ «ը» ենթակետը «շարժական» բառից հետո լրացնել «և անշարժ» բառերով:
Այդ կապակցությամբ որոշմամբ հաստատված կանոնադրության 5-րդ կետի «ը»-»մ» ենթակետերը համապատասխանաբար համարել «դ»-»հ» ենթակետեր.
i
բ) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքից հանել «Հուշարձանների պահպանության և վերականգնման վարչություն» բառերը:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թ.
ապրիլի 16-ի թիվ 184 որոշմամբ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունը (այսուհետև` վարչություն) պետական կառավարման մարմին է` գերատեսչության կարգավիճակով, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների (այսուհետև` հուշարձաններ) պահպանության, վերականգնման և օգտագործման բնագավառի կառավարումն ու վերահսկողությունը` ենթարկելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը:
Վարչությունը պատասխանատու է բնագավառում տիրող վիճակի և դրա հեռանկարային զարգացման, գիտատեխնիկական ու կառուցվածքային քաղաքականության, հուշարձանների նպատակային օգտագործման համար:
2. Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
3. Վարչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:
II. Վարչության խնդիրներն ու գործառույթները
4. Վարչության հիմնական խնդիրները և գործառույթներն են`
ա) հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի պետական քաղաքականության մշակմանը և իրականացմանը մասնակցելը.
բ) հուշարձանների պահպանության և օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման պետական վերահսկողության իրականացումը.
գ) հուշարձանների պետական հաշվառման, վավերագրման, պահպանման, վերականգնման և օգտագործման գիտամեթոդական սկզբունքների ու նորմատիվների մշակումը, դրանց կիրառման նկատմամբ վերահսկողությունը.
դ) հուշարձանների վերաբերյալ գիտական, գիտատեղեկատու և գիտահանրամատչելի աշխատությունների պատրաստումն ու հրատարակումն, հուշարձանների պահպանության քարոզչությունը.
ե) հուշարձանների պահպանության բնագավառում միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը.
զ) հանրապետական նշանակության հուշարձանների ցուցակների կազմումը և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը: Տվյալ տարածքի հուշարձանների պահպանման գոտիների և տեղական նշանակության հուշարձանների ցուցակների կազմումը ու պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ հաստատումը.
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հուշարձանների կադաստրի վարումը.
ը) պատմամշակութային արգելոցներ և դրանց կից թանգարաններ, ցուցադրություններ, այցելուների սպասարկման օբյեկտներ ստեղծելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.
թ) հուշարձաններ ունեցող բնակավայրերի, դրանց հատվածների հատակագծման, կառուցապատման, ինչպես նաև հուշարձան հանդիսացող առանձին շինություններն վերականգնման և բարեկարգման նախագծերի վերաբերյալ սահմանված կարգով համաձայնություն կամ մասնագիտական եզրակացություն տալը, դրանց իրականացման ընթացքում հուշարձանների անվթարության ապահովումը վերահսկելը.
ժ) հուշարձանների տեղային ուսումնասիրությունների համար համաձայնություն տալը, գրանցումը և դրանց իրականացման ընթացքում հուշարձանների անվթարության ապահովման վերահսկումը.
ժա) հուշարձանների հաշվառման, կատալոգավորման, պահպանության և վերականգնման բնագավառում պետական պատվիրատու հանդիսանալը.
ժբ) հուշարձանների վերականգնման և օգտագործման նախագծանախահաշվային և տեխնիկատնտեսական փաստաթղթերի մշակումն ու հաստատումը.
ժգ) պեղման, վերականգնման, ինչպես նաև շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արգելումը կամ դադարեցումը` հուշարձանին վնաս պատճառելու կամ այդպիսի սպառնալիքի դեպքում.
ժդ) հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի ու օգտագործման ձևի փոփոխությունների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը.
ժե) միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի սահմաններում այլ պետություններում գտնվող հայկական հուշարձանների պահպանության, վավերագրման, ուսումնասիրման և վերականգնման գործին նպաստելը.
ժզ) հայկական հուշարձանների գիտատեղեկատու և վավերագրական նյութերի համակարգված շտեմարանի ստեղծումը.
ժէ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը:
III. Վարչության գործունեության կազմակերպումը
5. Վարչության համակարգը ընդգրկում է իր ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը:
6. Վարչությունը հուշարձանների պահպանությունը և օգտագործումը վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավասության սահմաններում չխախտելով համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը:
7. Վարչությունը միջճյուղային հարցերի մշակման և լուծման նպատակով նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների հետ համատեղ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն:
8. Վարչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է իր բնագավառի պետական գույքի տնօրինման և օգտագործման գործառույթներ: Վարչությունն իր համակարգի ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապահովում է պետական սեփականության պահպանությունը:
9. Վարչությունը`
ա) իր գործունեությունն իրականացնում է աշխատանքային ծրագրերին համապատասխան.
բ) աշխատանքային տարեկան ծրագրերը համաձայնեցման է ներկայացնում Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն.
գ) ընդհանրացնում է ոլորտում օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան, օրենսդրության կատարելագործման վերաբերյալ մշակում է առաջարկություններ ու դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.
դ) սահմանված կարգով մասնակցում է վարչության իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.
զ) իր ընթացիկ գործունեության վերաբերյալ տեղեկությունները պարբերաբար ներկայացնում է Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարություն:
10. Վարչությունը գլխավորում է վարչության պետը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի հետ:
Վարչության պետն ունի տեղակալ, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի ու վարչության պետի հետ:
11. Վարչության պետի բացակայության դեպքում պետի պարտականությունները կատարում է տեղակալը:
12. Վարչության պետը`
ա) պատասխանատվություն է կրում վարչության առջև դրված խնդիրների և գործառույթների կատարման համար.
բ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ ու տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.
գ) անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հետ արձակում է համատեղ հրամաններ.
դ) սահմանում է վարչության պետի տեղակալի, բաժնի պետերի և վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքային այլ ստորաբաժանումների ղեկավարների իրավասության շրջանակները.
ե) իր իրավասության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները.
զ) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում վարչության կենտրոնական ապարատի աշխատողներին, համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին, նրանց հետ կնքում աշխատանքային պայմանագրեր.
է) համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հետ` Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում վարչության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թիվը.
ը) հաստատում է վարչության կենտրոնական ապարատի բաժինների, մյուս կառուցվածքային ստորաբաժանումների, վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կանոնադրությունները.
թ) առաջարկում է վարչության խորհրդի անդամների թիվը, Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում վարչության խորհրդի անհատական կազմը.
ժ) կազմակերպում և վարում է վարչության խորհրդի նիստերը.
ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
13. Վարչությունը բնագավառի բոլոր հարցերի քննարկումը և լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` պաշտոնատար անձանց պատասխանատվության որոշակի սահմանումով:
14. Վարչության խորհուրդն իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում բնագավառի զարգացման հիմնական հարցերը և վարչության գործունեության հետ կապված այլ խնդիրներ, քննարկում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարողական կարգապահության, ղեկավար կադրերի ընտրության հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում վարչության բաժինների, համակարգի հիմնարկների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների հաշվետվությունները:
Վարչության պետի և վարչության խորհրդի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում վարչության պետը կենսագործում է իր որոշումը` դրանց մասին հայտնելով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ վարչության խորհրդի անդամները կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:
15. Հուշարձանների պահպանության, վերականգնման բնագավառի սկզբունքային խնդիրները, կարևոր ծրագրերը և նախագծերը քննության առնելու նպատակով վարչությունում ստեղծվում է գիտամեթոդական խորհուրդ` բաղկացած մասնագետներից, գիտական փորձագետներից, համապատասխան գերատեսչությունների, հիմնարկների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից:
Գիտամեթոդական խորհրդի կազմը և կանոնադրությունը հաստատում է վարչության պետը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հետ:
16. Վարչությունը ստեղծում, վերակազմավորում և լուծարում է իր համակարգի ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հետ:
17. Վարչությունը մասնակցում է հուշարձանների պետական հաշվառման պահպանության և վերականգնման բնագավառի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակաորման վերաբերյալ պահանջների սահմանմանը:
18. Վարչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տիրապետմանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության համաձայնությամբ թույլատրում այդ գույքի օտարումը կամ վարձակալության հանձնումը:
19. Վարչությունն իրականացնում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության, ներառյալ հիմնադիր փաստաթղթերի և նրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության վերահսկումը:
20. Վարչությունը թույլատրում է իր համակարգի ձեռնարկություններին անդամակցել ձեռնարկությունների տնտեսական միավորումներին:
21. Վարչությունն իր համակարգի ձեռնարկություններին, հիմնարկներն, կազմակերպություններին թույլատրում է իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները ներդնել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:
22. Վարչության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
23. Վարչությունը կազմակերպում է քաղաքացիների նմանակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը` հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկներ, կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար: