ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
«11» 04 1996 Թ.
ԹԻՎ 141 ՀՐԱՄԱՆՈՎ
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«10» ԱՊՐԻԼԻ 1996 Թ.
ԹԻՎ 17 - 2 / 8
Կ Ա Ր Գ
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ՄԵՋ ՄՏՑՎՈՂ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի ԹԻՎ 69 ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
i
ՀՀ կառավարության 1996 թվականի փետրվարի 29-ի «Անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակներով օգտագործելու համար փոխհատուցումների և ներկայացուցչական ծախսերի նորմաներ և նորմատիվներ սահմանելու մասին» թիվ 69 որոշման 2-րդ կետը և ՀՀ կառավարության 1992 թվականի ապրիլի 16-ի «ՀՀ տարածքում գործող ձեռնարկությունների արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքի մեջ մտցվող ծախսերի կազմի ու շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» թիվ 238 որոշմամբ հաստատված հիմնական դրույթների 14-րդ կետը կիրարկելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը սահմանում է.
1. ՀՀ ձեռնարկություններում արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքում ներառվող ներկայացուցչական ծախսերի առավելագույն չափը սահմանվում է հաշվետու տարվա արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից ստացված հասույթի 0,5 տոկոսի չափով /46 «Արտադրանքի /աշխատանքների, ծառայությունների/ իրացում» հաշվի կրեդիտային շրջանառությունից/:
2. Հաշվետու տարվա ընթացքում արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքում ներառվող ներկայացուցչական ծախսերի առավելագույն չափը և այդ առավելագույն չափի սահմաններում ինքնարժեքի կազմում մտցվող փաստացի կատարված ներկայացուցչական ծախսերը հաշվառվում են տարվա սկզբից աճողական կարգով և ճշտվում միայն հաշվետու տարվա վերջում:
3. Հաշվետու տարվա յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում կատարված ներկայացուցչական ծախսերը ձևակերպվում են արտադրության, շրջանառության ծախքերի հաշվառման համապատասխան` 26 «Ընդհանուր տնտեսական ծախսեր», 44 «Շրջանառության ծախքեր» հաշիվների դեբետով և 71 «Հաշվարկներ հաշվետու անձանց հետ», 76 «Հաշվարկներ դեբիտորների և կրեդիտորների հետ» հաշիվների կրեդիտով:
4. Հաշվետու տարվա յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի /եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս/ վերջում դրանց համար սահմանված ներկայացուցչական ծախսերի առավելագույն չափը գերազանցող գումարը դուրս է գրվում արտադրության, շրջանառության ծախքերի հաշվառման, 26 «Ընդհանուր տնտեսական ծախսեր», 44 «Շրջանառության ծախքեր» հաշիվներից և որպես գալիք ժամանակաշրջանի ծախսեր ձևակերպվում` 31 «Գալիք ժամանակաշրջանի ծախսեր» հաշվի համապատասխան ենթահաշվի դեբետով:
5. Հաշվետու տարվա յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի /եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս/ վերջում դրանց համար սահմանված ներկայացուցչական ծախսերի առավելագույն չափի և արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքի մեջ ներառված ծախսերի տարբերության գումարը դուրս է գրվում 31 «Գալիք ժամանակաշրջանի ծախսեր» հաշվից և դեբետագրվում է արտադրության, շրջանառության ծախքերի հաշվառման` 26 «Ընդհանուր տնտեսական ծախսեր», 44 «Շրջանառության ծախքեր» հաշիվներին:
6. Հաշվետու տարվա վերջում ներկայացուցչական ծախսերի առավելագույն չափը գերազանցող գումարները դուրս են գրվում 31 «Գալիք ժամանակաշրջանի ծախսեր» հաշվից և որպես գերածախս ծածկվում են ձեռնարկության տրամադրության տակ մնացող շահույթի կամ նպատակային այլ մուտքերի` 81 «Շահույթի օգտագործում», 87 «Չբաշխված շահույթ», 88 «Հատուկ նշանակության հիմնադրամներ» հաշիվների հաշվին:
Օրինակ.
1. 1996 թ. 1-ին եռամսյակում ձեռնարկության ներկայացուցչական ծախսերի առավելագույն չափը կազմել է 150000 դրամ, իսկ փաստացի ծախսը` 220000 դրամ, 2-րդ եռամսյակում ներկայացուցչական ծախսերի առավելագույն չափը կազմել է 150000 դրամ, փաստացի ծախսը` 100000 դրամ, 3-րդ եռամսյակում ներկայացուցչական ծախսերի առավելագույն չափը կազմել է 80000 դրամ, իսկ փաստացի ծախսը` 90000 դրամ և 4-րդ եռամսյակում ներկայացուցչական ծախսերի առավելագույն չափը կազմել է 120000 դրամ, իսկ փաստացի ծախսը` 140000 դրամ: 1-ին եռամսյակի ընթացքում փաստացի կատարված 220000 դրամ ներկայացուցչական ծախսը ձևակերպվում է արտադրության, շրջանառության ծախքերի հաշվառման` 26, 44 հաշիվների դեբետով և 71, 76 հաշիվների կրեդիտով, իսկ եռամսյակի վերջում ներկայացուցչական ծախսերի առավելագույն չափը գերազանցող 70000 դրամի / 220000 դրամ - 150000 դրամ = 70000 դրամ/ չափով դեբետագրվում է 31 հաշիվը, կրեդիտագրվում` 26, 44 հաշիվները:
Երկրորդ եռամսյակի ընթացքում փաստացի կատարված 100000 դրամ ներկայացուցչական ծախսը ձևակերպվում է արտադրության, շրջանառության ծախքերի հաշվառման` 26, 44 հաշիվների դեբետով և 71, 76 հաշիվների կրեդիտով: Առաջին կիսամյակի համար հաշվարկված ներկայացուցչական ծախսերի առավելագույն չափի 300000 դրամի /150000 դրամ + 150000 դրամ = 300000 դրամ/ և առաջին կիսամյակի ընթացքում արտադրության, շրջանառության ծախքերով ձևակերպված ներկայացուցչական 250000 դրամ /150000 դրամ + 100000 = 250000 դրամ/ ծախսերի տարբերության չափով 50000 դրամը /300000 դրամ - 250000 դրամ = 50000 դրամ/ դուրս է գրվում 31 հաշվից և դեբետագրվում 26, 44 հաշիվներին:
Երրորդ եռամսյակի ընթացքում փաստացի կատարված ներկայացուցչական 90000 դրամ ծախսը ձևակերպվում է արտադրության, շրջանառության ծախքերի հաշվառման` 26, 44 հաշիվների դեբետով և 71, 76 հաշիվների կրեդիտով:
9 ամսվա ընթացքում արտադրության, շրջանառության ծախքերով ձևակերպված ներկայացուցչական 390000 դրամի /150000 դրամ + 150000 դրամ + 90000 դրամ = 390000 դրամ/ և 9 ամսվա համար հաշվարկված ներկայացուցչական ծախսերի առավելագույն չափի 380000 դրամ /150000 դրամ + 150000 դրամ + 80000 դրամ = 380000 դրամ/ ծախքերի տարբերության 10000 դրամի / 390000 դրամ - 380000 դրամ = 10000 դրամ/ չափով դեբետագրվում է 31 հաշիվը, կրեդիտագրվում` 26, 44 հաշիվները:
Չորրորդ եռամսյակի ընթացքում փաստացի կատարված ներկայացուցչական 140.000 դրամ ծախսը ձևակերպվում է արտադրության շրջանառության ծախքերի հաշվառման` 26, 44 հաշիվների դեբետով և 71, 76 հաշիվների կրեդիտով:
Տարվա ընթացքում արտադրության, շրջանառության ծախքերով ձևակերպված ներկայացուցչական 520000 դրամ /150000 դրամ + 150000 դրամ + 80000 դրամ + + 140000 դրամ = 520000 դրամ/ և տարվա համար հաշվարկված ներկայացուցչական ծախսերի առավելագույն չափի 500000 դրամի /150000 դրամ + 150000 դրամ + 80000 դրամ + 120000 դրամ = 500000 դրամ / տարբերության 20000 դրամի /520000 դրամ - - 500000 դրամ = 20000 դրամ/ չափով դեբետագրվում է 31 հաշիվը, կրեդիտագրվում` 26, 44 հաշիվները:
Հաշվետու տարվա արդյունքներով 31 հաշվի դեբետային մնացորդը կկազմի 50000 դրամ` այսինքն տարվա ընթացքում փաստացի կատարված 550000 դրամի / 220000 դրամ + 100000 դրամ + 90000 դրամ + 140000 դրամ = 550000 դրամ / և ներկայացուցչական ծախսերի համար սահմանված առավելագույն չափի սահմաններում արտադրանքի, աշխատանքների ծառայությունների ինքնարժեքում ներառված 500000 դրամ /150000 դրամ + 150000 դրամ + 80000 դրամ + 120000 դրամ = 500000 դրամ/ ծախսերի տարբերությունը: Այդ գումարի չափով տարեվերջում դեբետագրվում են 81, 87, 88 հաշիվները, կրեդիտագրվում` 31 հաշիվը, որպես հաշվետու տարում կատարված ներկայացուցչական ծախսերի գերածախս:
Օրինակով բերված հաշվարկների համար հաշվապահական հաշվառման մեջ` ըստ հաշվետու ժամանակաշրջանների տրվում են հետևյալ ձևակերպումները.
I եռամսյակ
Դեբետ 26, 44 հաշիվներ
220000 դրամ
Կրեդիտ 71, 76 հաշիվներ
Դեբետ 31 հաշիվ
70000 դրամ
Կրեդիտ 26, 44 հաշիվներ
II եռամսյակ
Դեբետ 26, 44 հաշիվներ
100000 դրամ
Կրեդիտ 71, 76 հաշիվներ
Դեբետ 26, 44 հաշիվներ
50000 դրամ
Կրեդիտ 31 հաշիվ
III եռամսյակ
Դեբետ 26, 44 հաշիվներ
90000 դրամ
Կրեդիտ 71, 76 հաշիվներ
Դեբետ 31 հաշիվ
10000 դրամ
Կրեդիտ 26, 44 հաշիվներ
IV եռամսյակ
Դեբետ 26, 44 հաշիվներ
140000 դրամ
Կրեդիտ 71, 76 հաշիվներ
Դեբետ 31 հաշիվ
20000 դրամ
Կրեդիտ 26, 44 հաշիվներ
Դեբետ 81, 87, 88 հաշիվներ
50000 դրամ
Կրեդիտ 31 հաշիվ
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
25.04.1996թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20960016