27.09.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 դեկտեմբերի 2023 թվականի N 2291-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ), ՄԻՋԻՆ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԻՆՉԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ն ԸՆԴԳՐԿՎԱԾ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ, «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ընդգրկված Լեռնային Ղարաբաղի սովորողների ուսման վարձի փոխհատուցման տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգի շահառուների փոխհատուցման գործընթացը` համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելով նաև Հայաստանի Հանրապետության 2024, 2025, 2026, 2027 և 2028 թվականների պետական բյուջեներում:
(2-րդ կետը փոփ. 26.09.2024 թիվ 1513-Լ որոշում)
3. Սահմանել, որ սույն որոշման կարգավորումները գործում են 2023-2024, 2024-2025, 2025-2026, 2026-2027 և 2027-2028 ուսումնական տարիների համար, մինչև տվյալ կրթական մակարդակում ուսումնառության ավարտը (ըստ կիսամյակների) և տարածվում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված ընտանիքների այն սովորողների վրա (այդ թվում` մինչև 2023-2024 ուսումնական տարին Լեռնային Ղարաբաղի կողմից ուսման վարձի փոխհատուցում ստացած), որոնք 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ սահմանված կարգով ընդունվել կամ հրամանագրվել են Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում:
(3-րդ կետը փոփ. 26.09.2024 թիվ 1513-Լ որոշում)
3.1. Սույն որոշման կարգավորումները տարածվում են նաև 2024-2025 ուսումնական տարում նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ սահմանված կարգով պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում առաջին կուրս ընդունված` 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված ընտանիքների սովորողների վրա, մինչև տվյալ կրթական մակարդակում ուսումնառության ավարտը:
(3.1-ին կետը լրաց. 26.09.2024 թիվ 1513-Լ որոշում)
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշման հրապարակումից հետո եռօրյա ժամկետում հրապարակել Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների ցանկը, որոնցում սովորողներին տրամադրվում է սույն որոշմամբ նախատեսված ուսման վարձի փոխհատուցում:
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշման շրջանակներում աջակցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1957-Լ որոշման շրջանակում շահառու հանդիսացող սովորողների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ուղղությամբ` սույն որոշման հրապարակումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. դեկտեմբերի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի դեկտեմբերի 21-ի
N 2291-Լ որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ), ՄԻՋԻՆ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԻՆՉԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ն ԸՆԴԳՐԿՎԱԾ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված ընտանիքների` Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ` ՈՒՀ) 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ սահմանված կարգով հրամանագրված և ըստ համապատասխան կրթական աստիճանների կամ ծրագրերի (արհեստագործական, միջին, բակալավր, անընդհատ և ինտեգրացված, մագիստրատուրա, ասպիրանտուրա, կլինիկական օրդինատուրա) վճարովի համակարգում ընդգրկված, ինչպես նաև արհեստագործական, միջին մասնագիտական, բակալավրի կամ անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2024-2025 ուսումնական տարում սահմանված կարգով առկա ուսուցմամբ առաջին կուրս ընդունված սովորողներին (այսուհետ` սովորող) ուսման վարձի փոխհատուցման տրամադրման գործընթացը, պայմանները և չափերը:
(1-ին կետը փոփ. 26.09.2024 թիվ 1513-Լ որոշում)
2. Սույն կարգով փոխհատուցում են ստանում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից հրապարակված ցանկում ներառված ՈՒՀ-երում, ինչպես նաև 2024-2025 ուսումնական տարում նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ սահմանված կարգով պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ առաջին կուրս ընդունված սովորողները, ովքեր հանդիսանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1957-Լ որոշման շահառուներ:
(2-րդ կետը փոփ. 26.09.2024 թիվ 1513-Լ որոշում)
3. Սույն կարգով սովորողին ուսման վարձի փոխհատուցումը տրամադրվում է 2023-2024, 2024-2025, 2025-2026, 2026-2027 և 2027-2028 ուսումնական տարիների համար` ըստ կիսամյակների` հիմք ընդունելով ՈՒՀ-երի համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար սահմանված ուսման վարձի չափը, ընդ որում` բակալավրի, անընդհատ և ինտեգրացված, մագիստրոսի կրթական ծրագրերի համար ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 163-Ն որոշմամբ սահմանված` ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների ուսման վարձի առավելագույն չափը, իսկ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սույն կարգի շահառու հանդիսացող սովորողների ուսման վարձի փոխհատուցումը տրամադրվում է տվյալ ուսումնական հաստատության կողմից տվյալ տարվա համապատասխան մասնագիտությամբ սահմանված ուսման վարձավճարի չափով:
(3-րդ կետը փոփ. 26.09.2024 թիվ 1513-Լ որոշում)
4. Սովորողներին 2023-2024, 2024-2025, 2025-2026, 2026-2027 և 2027-2028 ուսումնական տարիների համար տրվում է փոխհատուցում հետևյալ չափերով և պայմաններով`
1) 2023-2024 ուսումնական տարվա, ինչպես նաև 2024-2025 ուսումնական տարում արհեստագործական, միջին մասնագիտական, բակալավրի կամ անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով սահմանված կարգով առաջին կուրս ընդունվածներին 1-ին կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով, անկախ նախորդ ուսումնական տարվա արդյունքում ձևավորված միջին որակական գնահատականից (այսուհետ` ՄՈԳ) կամ առաջադիմությունից, առաջին կուրսում սովորողների պարագայում` ընդունելության արդյունքներից.
2) 2023-2024 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի և 2024-2025 ուսումնական տարվա համար` տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով` նախորդ կիսամյակի արդյունքում ՄՈԳ-ի 65.00 տոկոսը հաղթահարելու դեպքում, իսկ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողի պարագայում` նախորդ կիսամյակի արդյունքում 50 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և «լավ» գնահատականներ ունենալու դեպքում.
3) 2025-2026 ուսումնական տարվանից սկսած և հետագա ուսումնառության ընթացքում, մինչև տվյալ կրթական մակարդակում ուսումնառության ավարտը տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով` նախորդ կիսամյակի արդյունքում ՄՈԳ-ի 75.00 տոկոսը հաղթահարելու դեպքում, իսկ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողի պարագայում` նախորդ կիսամյակի արդյունքում 50 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և «լավ» գնահատականներ ունենալու դեպքում:
(4-րդ կետը փոփ. 26.09.2024 թիվ 1513-Լ որոշում)
5. Սույն կարգով սահմանված փոխհատուցումը չի տրվում, եթե`
1) սովորողը տեղափոխվել է այլ ՈՒՀ կամ սահմանված կարգով փոխել է կրթական ծրագիրը կամ ՈՒՀ-ից հեռացվել (ազատվել) է.
2) սովորողն ուսման վարձի ամբողջական փոխհատուցում է ստանում այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից:
(5-րդ կետը փոփ. 26.09.2024 թիվ 1513-Լ որոշում)
6. Սույն կարգի շրջանակներում շահառուներին ուսման վարձի փոխհատուցում կարող է տրամադրվել նաև տեղական և միջազգային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից (այսուհետ` ֆինանսավորող) և նրանց կողմից հատկացված դրամական միջոցների հաշվին` վերջիններիս հետ կնքելով գրավոր համաձայնագիր` անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորող պայմանների ընդգրկմամբ:
7. Եթե սովորողն օգտվում է ՈՒՀ-ի կողմից սահմանված ուսման վարձի մասնակի փոխհատուցման իրավունքից կամ ուսման վարձի մասնակի փոխհատուցում է ստանում այլ ֆինանսավորողի կողմից, ապա փոխհատուցվում է ուսման վարձի մնացորդային գումարի չափով:
2. ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
8. Սովորողները սույն կարգի շրջանակներում փոխհատուցում ստանալու համար դիմում են ՈՒՀ-ին:
9. ՈՒՀ-ը կազմում և նախարարությանն է տրամադրում սովորողների անվանացանկ` նշելով`
1) սովորողի նույնականացման տվյալները.
2) կրթական աստիճանը, մասնագիտությունը (կրթական ծրագիրը), կուրսը, ուսուցման ձևը, ՄՈԳ-ի չափը, առաջադիմության վերաբերյալ տեղեկատվությունը.
3) կիսամյակի ուսման վարձի չափը.
4) կարգավիճակը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ հաստատված ժամանակավոր վկայական, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1957-Լ որոշման շրջանակում շահառու).
5) այլ տեղեկատվություն (ըստ անհրաժեշտության):
10. Նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների պարագայում` սույն կարգի 9-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը լրացվում է նաև մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (առկայության դեպքում) սովորողների անվան դիմաց:
11. Սույն կարգի 9-րդ կետում նշված անվանացանկը ճշգրտվում է Միասնական սոցիալական ծառայության գրանցամատյանների հետ, որտեղ ստուգվում է սույն կարգով նախատեսված պայմանների առկայությունը:
12. Սովորողներին փոխհատուցման ենթակա ֆինանսական միջոցները ՈՒՀ-երին տրամադրվում են նվիրաբերության պայմանագրերի (լրացումների և փոփոխությունների դեպքում` համաձայնագրերի) հիման վրա` հիմք ընդունելով յուրաքանչյուր ՈՒՀ-ի կողմից ճշտված և նախարարություն ներկայացված անվանացանկերը:
13. Սույն կարգի շահառու հանդիսացող և ուսումնառությունը դադարեցրած (պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու, առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդում գտնվելու, հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքերում) սովորողը սահմանված կարգով և ժամկետներում վերականգնվելիս պահպանում է սույն կարգով փոխհատուցում ստանալու իրավունքը:
(13-րդ կետը փոփ. 26.09.2024 թիվ 1513-Լ որոշում)
14. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերում ուսման վարձի փոխհատուցման գումարները վճարելու հետ կապված գործողություններ իրականացնելու նպատակով նախարարությանը թույլատրել`
1) ֆինանսավորողի և ՈՒՀ-ի հետ կնքել համապատասխան պայմանագիր` անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորող պայմանների ընդգրկմամբ.
2) ֆինանսավորողին տրամադրել շահառուների ցուցակներ` պայմանագրով սահմանված կարգով: Ընդ որում, պայմանագրով սահմանված պայմաններով շահառուի ուսման վարձի փոխհատուցումը վճարվում է ֆինանսավորողի տրամադրած ֆինանսական միջոցներից, իսկ դրանց բացակայության կամ անբավարարության (մասնակի վճարման) դեպքում` սույն որոշմամբ նախատեսված կարգով:
_______________
ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):