040.1533.091002
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«09» հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 օգոստոսի 2002 թվականի թիվ 1533-Ա
ՇԵՆՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Փախստականների և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի կարիքավոր ընտանիքների բնակարանային խնդիրները կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Գլխամասային կոմունալ տնտեսություն պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Հանգստյան բազա» մասնաճյուղի` որպես հանրակացարան օգտագործվող շենքը և գույքը` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը, և այն, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի, նվիրաբերել Ծաղկաձորի քաղաքային համայնքին` հանրակացարանի բնակելի տարածքները և գույքը` համաձայն N 3 հավելվածի, շենքում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց սեփականաշնորհելու և շենքում բնակվող կարիքավոր տեղաբնակներին անհատույց օտարելու պայմանով:
(1-ին կետը փոփ. 26.06.04 թիվ 906-Ա որոշում)
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին 1-ամսյա ժամկետում, Ծաղկաձորի քաղաքապետի հետ համատեղ, սահմանված կարգով ապահովել նվիրաբերության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետին` Ծաղկաձորի քաղաքապետի հետ` ըստ իրավասության, փախստականների կողմից շենքի զբաղեցված տարածքները Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց` պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» թիվ 404 որոշմամբ սահմանված կարգով համապատասխանաբար սեփականաշնորհել այնտեղ բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց և օտարել համայնքի բնակիչներին ապահովելով համապատասխան պայմանագրերի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ