Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 փետրվարի 2024 թվականի N 226-Ն

 

ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Համաձայն «Սերմերի և տնկանյութի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) սերմերի հավաստագրման կարգը և այդ նպատակով օգտագործվող ձևաթղթերը` համաձայն N 1 հավելվածի.

2) տնկանյութի հավաստագրման ժամկետը, կարգը և այդ նպատակով օգտագործվող ձևաթղթերը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետությունում պարտադիր հավաստագրման ենթակա բույսերի տեսակների ցանկը` համաձայն N 3 հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի «Պարտադիր հավաստագրման ենթակա բույսերի տեսակների ցանկը հաստատելու մասին» N 1344-Ն և «Սերմերի հավաստագրման կարգը հաստատելու մասին» N 1479-Ն որոշումները:

i

3. Սույն որոշման N 2 հավելվածն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1087-Ն որոշման մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունները (այսուհետ` փոփոխություններ) ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրը:

4. Սույն որոշման N 3 հավելվածով նախատեսված` խաղողի, ծիրանենու, ազնվամորենու վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում, հնդավորների, կորիզավորների, ընկուզավորների, հատապտղատուների վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո 9 ամսվա ընթացքում, ընկուզավորների, չոր մերձարևադարձայինների վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացքում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. փետրվարի 16

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2024 թվականի փետրվարի 15-ի

N 226-Ն որոշման

 

ՍԵՐՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունում սերմերի հավաստագրման կարգը (այսուհետ` կարգ) սահմանվում է «Սերմերի և տնկանյութի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան և կանոնակարգում է Հայաստանի Հանրապետությունում մշակաբույսերի սերմերի որակի գնահատման և շուկայահանման գործընթացներն ու ընթացակարգերը, և սահմանվում են այդ նպատակով օգտագործվող ձևաթղթերը:

2. Հայաստանի Հանրապետությունում սերմերի հավաստագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին)` «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) միջոցով:

 

2. ՍԵՐՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

3. Սերմերի հավաստագրման նպատակներն են`

1) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և շուկայահանվող սերմերի բարձր որակի (սորտային մաքրություն, սորտային պատկանելություն, ծլունակություն, հիվանդությունների ու վնասատուների հարուցիչներից զերծ, մոլախոտերով, այլ (չեզոք) նյութերով ցածր աղտոտվածություն) երաշխավորումը.

2) Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության արդյունավետության բարձրացումը.

3) մշակաբույսերի սերմերի հավաստագրման, սերմերի որակի գնահատման, շուկայահանման հետ կապված ընթացակարգերի համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին.

4) բարձրորակ և միջազգային շուկայում մրցունակ սերմերի արտադրությանը նպաստելը և դրանով իսկ Հայաստանի Հանրապետությունում սերմեր արտադրող ու իրացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց գործունեության, ինչպես նաև սերմերի միջազգային շուկայում նրանց մասնակցությունն ապահովելու համար արդյունավետ պայմանների ստեղծումը:

4. Սերմերի հավաստագրման խնդիրներն են`

1) պետության և սպառողների շահերի պաշտպանությունն անբարեխիղճ սերմ արտադրողներից ու իրացնողներից.

2) սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նորմատիվ իրավական այլ ակտերի պահանջներին սերմերի որակի համապատասխանության հավաստումը.

3) սերմերի արտադրության, պահպանության, իրացման և շուկայահանման գործընթացների նկատմամբ արդյունավետ պետական վերահսկողության իրականացումը:

 

3. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Սույն կարգում կիրառվող հիմնական հասկացություններն են`

1) սերմերի խմբաքանակ` ծագմամբ և որակով միատարր, մեկ սորտի և դասի սերմերի որոշակի քանակություն, որոնք ունեն որակը հավաստող միևնույն փաստաթուղթը.

2) սերմերի խառը խմբաքանակ` տարբեր տեղերից ստացված, միևնույն սորտի և դասի սերմերի խմբաքանակ: Սերմերի խառը խմբաքանակի բաղադրիչները կարող են լինել տարբեր բերքերից ստացված սերմեր, հավաստագրման ներկայացված սերմերի խմբաքանակներ կամ դրանց համակցությունը.

3) սերմերի խառնուրդ` սերմերի խմբաքանակ, որը բաղկացած է սերմերի երկու և ավելի տեսակներից կամ սորտերից.

4) սերմ արտադրող` կազմակերպության կողմից հաշվառված իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն իր կողմից օգտագործվող հողատարածքում իրականացնում է սերմերի բազմացման աշխատանքներ: Սերմ արտադրողը կարող է նաև վերամշակել, փաթեթավորել իր սեփական արտադրության սերմերը.

5) փաթեթավորող, վերամշակող` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը փաթեթավորում, վերամշակում է հավաստագրված սերմերը.

6) նմուշառու` հավաստագրման ներկայացվող սերմերից նմուշներ վերցնելու համար կազմակերպության ներկայացուցիչ.

7) դաշտային հետազոտող (ապրոբատոր)` սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ կատարող.

8) հայտատու` սերմ արտադրող, որը դիմում է կազմակերպություն սերմերի հավաստագրման նպատակով.

9) նախահիմնային (ՆՀՄ - PB) սերմեր` բուծողի կամ լիցենզավորված անձի կողմից արտադրված, սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերին, պետական չափորոշիչներին և նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող, տվյալ սորտի առանձնահատկություններն ամբողջությամբ կրող սերմեր.

10) հիմնային (սուպերէլիտային, էլիտային) (ՀՄ - BS) սերմեր (սուպերէլիտա, էլիտա)` սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերին, պետական չափորոշիչներին և նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող նախահիմնային սերմերից ստացված սերմեր.

11) հավաստագրված (ՀՍ - CS) սերմեր` հիմնային սերմերից ստացված, սերմ արտադրողների կողմից արտադրված սերմեր, որոնց որակը համապատասխանում է սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերին, պետական չափորոշիչներին և նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին.

12) առաջին սերնդի հավաստագրված (ՀՍ1 - C1) սերմեր` հիմնային սերմերից ստացված սերմեր, որոնք նախատեսված են երկրորդ սերնդի հավաստագրված սերմերի (ՀՍ2 - C2) արտադրության կամ բերքի ստացման համար և համապատասխանում են սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերին, պետական չափորոշիչներին և նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին.

13) երկրորդ սերնդի հավաստագրված (ՀՍ2 - C2) սերմեր` հիմնային սերմերից կամ առաջին սերնդի հավաստագրված (ՀՍ1 - C1) սերմերից ստացված սերմեր, որոնք նախատեսված են արտադրական բերքի ստացման համար և համապատասխանում են սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերին, պետական չափորոշիչներին և նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին:

 

4. ՍԵՐՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

6. Հավաստագրման պետք է ենթարկվեն օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում գրանցված բոլոր սորտերի կամ հիբրիդների սերմերը: Օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի և հիբրիդների ցանկում չգրանցված սորտերի կամ հիբրիդների սերմերը չեն կարող հավաստագրվել:

7. Հայաստանի Հանրապետությունում սերմերը հավաստագրվում են ըստ հետևյալ դասերի`

1) նախահիմնային (օրիգինալ) սերմեր.

2) հիմնային սերմեր.

3) վերարտադրված սերմեր (առաջին և երկրորդ վերարտադրությունների, հիբրիդային առաջին և երկրորդ սերունդների սերմեր):

8. Հավաստագրվող սերմերի արտադրության համար օգտագործվող սերմերի խմբաքանակը ենթակա է հաշվառման կազմակերպության կողմից, որն իրականացվում է հավաստագրման գործընթացի իրականացման մասին հայտի հիման վրա:

9. Հավաստագրվող սերմերի արտադրության համար օգտագործվող սերմերի խմբաքանակից նմուշառման նպատակով հայտատուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով սահմանված նմուշառման կարգի համաձայն լիազոր մարմին է ներկայացնում հայտ:

10. Սերմերի այն խմբաքանակներից, որոնք պահվել են հետագա տարիներին բազմացման համար, նոր նմուշներ չեն վերցվում: Նախորդ տարիներից պահված սերմերի իրացման դեպքում սերմերի նշված խմբաքանակները տվյալ պահին պետք է համապատասխանեն սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նորմատիվ իրավական այլ ակտերի պահանջներին: Հետագա տարիներին բազմացման համար պահպանված սերմերի հաշվառման և դրանց տնօրինման մասին գրանցումները կատարվում են սույն կարգին համապատասխան:

11. Հայտատուն սերմերի խմբաքանակի հավաստագրման գործընթացն անցկացնելու նպատակով սերմի արտադրության համար նախատեսված սերմերի ցանքից առնվազն մեկ ամիս առաջ լիազոր մարմին է ներկայացնում`

1) մշակաբույսի սերմերի խմբաքանակի հավաստագրման գործընթաց անցկացնելու վերաբերյալ հայտ` համաձայն N 1 ձևի.

2) սերմնարտադրության նպատակով օգտագործվող սերմերի (որոնցից ստացվել է հավաստագրման ենթակա սերմերի խմբաքանակը)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված լաբորատորիաների կողմից իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքները.

3) սերմնարտադրության համար նախատեսված սերմերի ծագումն ու որակը հավաստող փաստաթուղթը.

4) առկայության դեպքում` տվյալ սորտի սերմերի բազմացման բուծողի թույլտվությունը հավաստող փաստաթուղթ.

5) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը:

12. Լիազոր մարմինը հայտի ներկայացման պահին հաշվառում է հայտը:

13. Մշակաբույսի սերմերի խմբաքանակի հավաստագրման գործընթաց անցկացնելու վերաբերյալ հայտի հիման վրա լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին N 2 ձևին համապատասխան ծանուցում է հայտն ընդունելու կամ մերժելու մասին` միաժամանակ հայտն ընդունելու դեպքում տրամադրելով սերմերի խմբաքանակի հղման թիվը:

14. Լիազոր մարմինը մերժում է հայտը, եթե`

1) սերմնարտադրության նպատակով օգտագործվող սերմերի լաբորատոր փորձաքննության արդյունքները չեն համապատասխանում համապատասխան դասի ցուցանիշներին.

2) չեն ներկայացվել սույն կարգի 12-րդ կետով սահմանված փաստաթղթերը կամ ներկայացվել են թերի:

15. Նախահիմնային սերմերին հավաստագիր տրվում է սերմերի խմբաքանակից վերցված նմուշի փորձաքննության արդյունքների հիման վրա, իսկ հիմնային և վերարտադրված սերմերին` սերմերի խմբաքանակից վերցված նմուշի փորձաքննության և դաշտային հետազոտությունների արդյունքների հիման վրա:

16. Մշակաբույսի տեսակով պայմանավորված` հավաստագիրը գործում է մեկից մինչև երեք տարի ժամկետով:

 

5. ՍԵՐՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԻՏԱԿՆԵՐԸ

 

17. Սերմերի հավաստագրման նպատակով օգտագործվող ձևաթղթերը ներկայացված են համաձայն NN 1-7 ձևերի:

18. Բոլոր դասերի սերմերի պիտակները տրամադրում է կազմակերպությունը` N 7 ձևին համապատասխան ներկայացված հայտի հիման վրա: Պիտակների ձեռքբերման համար հայտ են ներկայացնում սերմ արտադրողները:

19. Յուրաքանչյուր սերմնադաշտի կամ գրանցված սերմի խմբաքանակի համար լրացվում է առանձին ձևաթուղթ, որում հայտատուն նշում է պահանջվող պիտակների անհրաժեշտ թիվը` ըստ սորտերի և սերմերի դասերի:

20. Սերմերի պիտակները հաշվառման ենթակա փաստաթղթեր են: Կազմակերպությունը հաշվառում է պատվիրված, ստացված և օգտագործված պիտակները, պահպանում տեղեկություններ պիտակներում նշվող բույսի տեսակի, սորտի, սերմերի դասերի, պիտակների հերթական (սերիական) թվերի, ինչպես նաև պիտակների կորստի և փչացման մասին:

21. Պիտակների զգալի թվի կորստի կամ փչացման դեպքերում սերմ արտադրողները տեղեկացնում են կազմակերպությանը, իսկ չօգտագործված պիտակները վերադարձվում են կազմակերպություն:

22. Սերմերի խմբաքանակի հղման թիվը կազմելու և պիտակները լրացնելու համար օգտագործվում են սերմերի հետևյալ դասերը, դասերի ծածկագրերն ու պիտակների գույները`

 

.____________________________________________________.

|Դասը          |Ծածկագիրը|Պիտակի գույնը              |

|______________|_________|___________________________|

|Նախահիմնային  |ՆՀՄ - PB |սպիտակ` անկյունագծով անցնող|

|              |         |մանուշակագույն շերտով      |

|______________|_________|___________________________|

|Հիմնային      |ՀՄ - BS  |սպիտակ                     |

|______________|_________|___________________________|

|Առաջին սերնդի |ՀՍ1 - C1 |կապույտ                    |

|հավաստագրված  |         |                           |

|______________|_________|___________________________|

|Երկրորդ սերնդի|ՀՍ2 - C2 |կարմիր                     |

|հավաստագրված  |         |                           |

.____________________________________________________.

 

23. Մինչև արտաքին պիտակների տրամադրումը` կազմակերպությունը դրանց վրա տպագրում է հետևյալ տեղեկությունները`

1) արտադրման վայրը.

2) արտադրողի անվանումը.

2) բուսատեսակը.

3) սորտը կամ հիբրիդը.

4) դասը.

5) հավաստագրի համարը.

6) խմբաքանակի հղման թիվը.

7) սերմերի տարայի կնքման (վերակնքման) տարեթիվը, ամիսն ու օրը.

8) բերքահավաքի տարին.

9) տարայում առկա սերմերի քաշը կամ քանակը.

10) տեղեկություն սերմերի քիմիական մշակման մասին:

24. Սերմերի յուրաքանչյուր տարայի համար տրամադրվում է 2 նույնական պիտակ` բացառությամբ կպչուն կամ չպատռվող պիտակների, որոնց օգտագործման դեպքում չի պահանջվում ներքին պիտակ: Պիտակներից մեկը տեղադրվում է տարայի ներսում, իսկ մյուսն ամրացվում է տարայի արտաքին մակերեսին:

25. Նոր սորտի նախահիմնային սերմերի համար պիտակների ստացման մասին հայտի հետ միասին ներկայացվում է փաստաթուղթ, որով հաստատվում է սերմի տվյալ խմբաքանակի կապն այն սերմերի հետ, որոնք ներկայացվել են կազմակերպություն` տարբերիչ առանձնահատկության, միատարրության կայունության փորձարկումներ անցկացնելու համար: Եթե սորտը նոր չէ, ապա այդ փաստաթուղթը պետք է հավաստի սերմերի տվյալ խմբաքանակի ծագումը:

26. Հավաստագրման համար անհրաժեշտ ձևաթղթերն ու պիտակները հաշվառում, տրամադրում, չօգտագործված և վնասված ձևաթղթերն ու պիտակները դուրս է գրում ու ոչնչացնում կազմակերպությունը:

 

7. ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ

 

27. Հայտատուն պարտավոր է երաշխավորել, որ սերմնարտադրության համար նախատեսված մշակաբույսն աճեցվի նախորդի ճիշտ ընտրությամբ և մեկուսացման պահանջներին համապատասխանող դաշտերում:

28. Մշակաբույսերի սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ կատարելու վերաբերյալ հայտը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամաններով սահմանված հայտի ձևի և կարգի համաձայն:

29. Կազմակերպությունը բույսի կենսաբանական առանձնահատկությամբ պայմանավորված վեգետացիայի տարբեր փուլերում իրականացնում է սերմնադաշտերի ուսումնասիրություններ:

30. Սերմնադաշտերի դաշտային հետազոտություններն իրականացվում են լիազոր մարմնի կողմից հավատարմագրված դաշտային հետազոտողները (ապրոբատորները)` հայտատուի հետ կնքված պայմանագրի հիման վրա և սերմնադաշտերի դաշտային հետազոտության վերաբերյալ N 3 ձևին համապատասխան հաշվետվություն են ներկայացնում կազմակերպություն, ինչպես նաև ներկայացնում են սերմնադաշտի դաշտային հետազոտության արդյունքում կազմված ակտը` ձև N 4-ին համապատասխան:

31. Սերմնադաշտերի նույնականացումն ապահովելու նպատակով սերմ արտադրողը ցանքից հետո սերմերի յուրաքանչյուր խմբաքանակի համար ցուցանակ է տեղադրում սերմնադաշտի տեսանելի վայրում: Ցուցանակի վրա փակցվում է սերմերի տվյալ խմբաքանակի հղման թիվը` ապահովելով դրա անջրանցիկությունը: Սերմ արտադրողը մինչև բերքահավաքի ավարտը յուրաքանչյուր սերմնադաշտի համար ունենում է թղթապանակ (նշված սերմնադաշտի թիվը կամ անվանումը), որում պահվում է սերմերի յուրաքանչյուր խմբաքանակի համար առնվազն մեկ պիտակ: Պիտակները պետք է հասանելի լինեն դաշտային հետազոտողների համար:

32. Սերմ արտադրողը և (կամ) դաշտային հետազոտողը հավաստագրվող սերմերի արտադրության համար օգտագործվող սերմերի խմբաքանակի հաշվառման մասին տեղեկություններում անճշտությունների և անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում անմիջապես տեղեկացնում է կազմակերպությանը:

33. Կազմակերպությունը սերմնադաշտերի հետազոտությունների ավարտից հետո ուսումնասիրում է դաշտային հետազոտությունների մասին հաշվետվությունները և հայտատուին տեղեկացնում սերմնադաշտի ընդունման կամ խոտանման մասին:

34. Հայտատուն մինչև դաշտային հետազոտությունների անցկացումը` հաշվառված սերմերը հավաստագրման չներկայացնելու որոշման մասին պետք է տեղեկացնի կազմակերպությանը, որի կողմից սերմերը հանվում են հաշվառումից:

35. Հայտատուն հավաստագրման համար նախատեսված սերմերը պահեստավորում է այլ սերմերից առանձին և պիտակավորում դրանք: Սերմերի տեղափոխման համար օգտագործվում են միայն նոր կամ լիարժեք մաքուր պարկեր:

36. Սերմերի տեղափոխման և վերամշակման ժամանակ պետք է պահպանվեն սերմերի սորտային պատկանելիությունն ու մաքրությունը:

37. Սերմ արտադրողը կարող է միևնույն սորտի սերմերը կուտակել իր տնտեսությունում` իր հայեցողությամբ ու պատասխանատվությամբ և որպես մնացորդային քանակություն` հավաստագրման ներկայացնել հաջորդ տարի:

 

8. ՄԱՔՐԱԾ (ԶՏԱԾ) ՍԵՐՄԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ՊԻՏԱԿԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿՆՔՈՒՄԸ

 

38. Սերմերի վերամշակման ընթացքում պետք է երաշխավորվի ըստ սորտերի և հիբրիդների բոլոր սերմերի լիարժեք և պատշաճ նույնականացումը: Եթե ստացված սերմերի տարբեր խմբաքանակները մինչև հավաստագրումը վերամշակվում են տարբեր եղանակներով, ապա յուրաքանչյուր խմբաքանակ դիտարկվում է որպես սերմերի առանձին խմբաքանակ, որը պետք է ունենա սերմերի խմբաքանակի առանձին հղման թիվ:

39. Հավաստագրման համար սերմերի յուրաքանչյուր խմբաքանակ պիտակավորվում և կնքվում է նմուշառուի կողմից:

40. Պիտակները լինում են`

1) անցքով պիտակներ, որոնք ամրացնում են ձեռքի կապարակնքիչի միջոցով, և այս դեպքում պարկում դրվում են նաև ներքին պիտակներ.

2) պարկին մեկ կարով ամրացվող արտաքին և ներքին պիտակներ, որոնց օգտագործման դեպքում կնիք չի պահանջվում.

3) կպչուն պիտակներն ամրացվում են միայն թղթե կամ պլաստիկ պարկերին, փակցվում են պարկի վերևի մասում, կարվում են մեկ կարով կամ փակցվում են պարկի վրա և պարկի վերի կարը կնքվում է.

4) չպատռվող պիտակներ, որոնց օգտագործման դեպքում կնիք և (կամ) ներքին պիտակ չեն պահանջվում:

41. Սերմերը կարող են հավաստագրվել նաև մեծածավալ տարաներով: Այդ դեպքում կուտակված սերմերի մեծածավալ տարան այնպես է պիտակավորվում և կնքվում, որ անհնար լինի այն բացելը` առանց կնիքը խախտելու: Մեծածավալ տարայից նմուշառումը կարող է կատարվել մինչև դրա պիտակավորումը և կնքումը, եթե նմուշառուն տարողությունը պիտակավորում ու կնքում է նմուշ վերցնելուց անմիջապես հետո:

42. Օգտագործված պիտակները ենթակա չեն կրկնակի օգտագործման:

 

9. ՍԵՐՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

43. Սերմերի հավաստագրման մասին հայտը ներկայացվում է կազմակերպություն: Սերմերի հավաստագրման համար կարող է հայտ ներկայացնել գրանցված սերմ արտադրողը:

44. Սերմերի խմբաքանակի հավաստագրման համար հայտը ներկայացվում է համաձայն N 6 ձևի: Հայտատուն սերմերի հավաստագրման մասին հայտը ներկայացնելու հետ միաժամանակ ներկայացնում է N 5 ձևին համապատասխան` սերմերի նմուշառման և լաբորատոր փորձաքննության վերաբերյալ հայտ:

45. Սույն կարգի N 5 ձևի համաձայն հայտի ներկայացումից հետո, 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպության կողմից իրականացվում է սերմերի նմուշառում և մշակաբույսի կենսաբանական առանձնահատկությամբ պայմանավորված` նորմատիվային փաստաթղթերով սահմանված ժամկետում` լաբորատոր փորձաքննություն:

46. Լիազոր մարմնի կողմից սերմնադաշտի դաշտային հետազոտության հաշվետվության, դաշտային հետազոտության ակտի, սերմերի լաբորատոր փորձաքննության արդյունքների հիման վրա 10 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է սերմերի տվյալ խմբաքանակի հավաստագիրը, եթե`

1) կատարված լաբորատոր հետազոտությունների արդյունքում սերմնարտադրության նպատակով օգտագործված սերմերը (որոնցից ստացվել է հավաստագրման ենթակա սերմերի խմբաքանակը) հաստատվել են համապատասխան դասում.

2) դաշտային հետազոտողի ակտի համաձայն սերմնադաշտերը համապատասխանում են սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նորմատիվ իրավական այլ ակտերի պահանջներին.

3) ստացված սերմերի խմբաքանակից վերցված սերմերի նմուշը լաբորատոր փորձաքննության արդյունքների համաձայն համապատասխանում է սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նորմատիվ իրավական այլ ակտերի պահանջներին:

47. Սույն կարգի 46-րդ կետով սահմանված պահանջները չբավարարվելու դեպքում, հավաստագրի տրամադրումը մերժելու պարագայում, լիազոր մարմինը դրա մասին տեղեկացնում է հայտատուին` նշելով մերժման պատճառները, դրա մասին որոշման ընդունումից հետո երեք օրվա ընթացքում:

48. Կուտակված սերմերի մնացորդային քանակության հավաստագրումն իրականացվում է միևնույն ընթացակարգով:

 

10. ՍԵՐՄԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՎԵՐԱԳՐԱՆՑՈՒՄԸ

 

49. Սերմերի խմբաքանակը վերագրանցվում է և վերապիտակավորվում, եթե այդ խմբաքանակը կրկնակի փորձաքննության է ենթարկվում:

50. Վերագրանցում պահանջվում է սերմերի հավաստագրման հետևյալ գործողությունների համար`

1) վերանմուշառում և վերափորձաքննություն (ոչ էական անհամապատասխանություն ունեցող սերմերի խմբաքանակից կրկնակի նմուշառում և կրկնակի փորձաքննություն).

2) վերամաքրում (մաքրության հետ կապված թերությունների վերացում).

3) սերմերի խմբաքանակի դասի իջեցում:

51. Նշված երեք գործողությունները կարող են կատարվել միաժամանակ: Վերագրանցվող սերմերի խմբաքանակին տրվում է սերմերի խմբաքանակի հղման նոր թիվ` բացի լիարժեք վերափորձաքննությունից:

52. Վերափորձաքննության համար սերմերի խմբաքանակից վերցվում է նոր նմուշ, կատարվում լաբորատոր փորձաքննություն, որոնց համար լրացուցիչ վճարներ չեն պահանջվում:

53. Վերամաքրման համար սերմերի խմբաքանակից վերցվում է նոր նմուշ, կատարվում փորձաքննություն, որոնց համար պահանջվում են լրացուցիչ վճարներ:

54. Դասի իջեցման համար սերմերի խմբաքանակից նոր նմուշ չի վերցվում, փորձաքննություն չի կատարվում, և լրացուցիչ վճարներ չեն պահանջվում:

55. Բոլոր վերագրանցումների համար պահանջվում են առանձին հայտեր:

 

11. ՎԵՐԱՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ

 

56. Սերմերի տվյալ խմբաքանակից (առանց սերմերի խմբաքանակի հետագա վերամշակման) վերանմուշառում կատարելու համար հայտատուն ներկայացնում է հայտ` համաձայն N 5 ձևի` դրա վրա կատարելով «Վերանմուշառում» նշումը:

57. Եթե վերանմուշառման մասին հայտ է ներկայացվում սերմերի խմբաքանակի առանձին մասերի համար, ապա յուրաքանչյուր առանձին մասը վերապիտակավորվում և վերակնքվում է սերմի խմբաքանակի հղման նոր թվով:

58. Յուրաքանչյուր խմբաքանակի, ինչպես նաև առանձին մասերի բաժանված սերմերի խմբաքանակի յուրաքանչյուր մասի յուրաքանչյուր վերանմուշառման համար, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատված նմուշառման կարգի համաձայն, լրացուցիչ հայտ է ներկայացվում կազմակերպություն` հայտի մեջ կատարելով «Վերանմուշառում» նշումը: Սերմերի ամբողջ խմբաքանակից վերանմուշառման դեպքում պահպանվում են սկզբնական պիտակներն ու սերմի խմբաքանակի հղման թիվը:

 

12. ԽՈՏԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԵՐՄԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՎԵՐԱՄԱՔՐՈՒՄԸ (ՎԵՐԱԶՏՈՒՄԸ)

 

59. Սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նորմատիվ իրավական այլ ակտերի պահանջներին չբավարարելու պատճառով չհավաստագրված սերմերը վերամաքրման (վերազտման) դեպքում ենթակա են հավաստագրման և պիտակավորման որպես ամբողջովին նոր սերմերի խմբաքանակ և դրանց տրվում է սերմերի խմբաքանակի հղման նոր թիվ:

 

13. ՍԵՐՄԵՐԻ ԴԱՍԵՐԻ ԻՋԵՑՈՒՄԸ

 

60. Լաբորատոր փորձաքննության արդյունքների հիման վրա սերմերի դասերը կարող են իջեցվել ավելի ցածր դասերի` հետևյալ կարգով`

1) հիմնային սերմերի դասերը կարող են իջեցվել մինչև ՀՍ-1.

2) սերմերի ՀՍ-1 դասը կարող է իջեցվել մինչև ՀՍ-2 դասի:

61. Դասի իջեցման ենթակա սերմերի խմբաքանակի համար ներկայացվում է հավաստագրման նոր հայտ` սերմերի խմբաքանակի նոր հղման թվով: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատված հավաստագրի ձևում նշվում է սերմերի խմբաքանակի սկզբնական հղման թիվը, և կատարվում է «Դասի իջեցում» նշումը:

62. Նախահիմնային սերմերի դասն իջեցման ենթակա չէ:

 

14. ՍԵՐՄԵՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄԸ

 

63. Եթե սերմերի խմբաքանակից նմուշ է վերցվել, և այն փորձաքննության է ենթարկվել նախքան սերմերի քիմիական մշակումը, ապա այդ սերմերի խմբաքանակի նկատմամբ առաջին անգամ կիրառված հղման թիվը սերմերի քիմիական մշակման ընթացքում չի փոխվում:

64. Լաբորատոր փորձաքննության նպատակով կատարված նմուշառումից հետո սերմերի քիմիական մշակման ենթարկվելու դեպքում դրա մասին տեղեկացվում է սերմերի գնորդը:

65. Եթե սերմերի խմբաքանակի տարբեր մասերը նախքան սերմերի հավաստագրումը քիմիական մշակման են ենթարկվել տարբեր եղանակներով, ապա յուրաքանչյուր առանձին մասը համարվում է սերմերի առանձին խմբաքանակ, որին տրվում է սերմերի խմբաքանակի հղման առանձին թիվ: Սերմերի քիմիական մշակումները համարվում են տարբեր, եթե դրանք կատարվում են տարբեր եղանակներով, և դրանց արդյունքում փոփոխվում է սերմերի ապրանքային նշանը:

 

15. ՎԵՐԱՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ

 

66. Պիտակավորված սերմերի վերափաթեթավորման բոլոր գործողություններն իրականացնում է հայտատուն: Նմուշառուն գրառում է սկզբնական պիտակների վրա եղած տեղեկությունները:

67. Սերմերը կարող են վերափաթեթավորվել ցանկացած չափի տարաներում, որոնց վրա ամրացվում են նոր պիտակներ:

 

16. ՍԵՐՄԵՐԻ ԽԱՌԸ ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԸ

 

68. Սերմ արտադրողն իր հայեցողությամբ կամ պատասխանատվությամբ կարող է խառնել միևնույն սորտի սերմերը և ստանալ սերմերի խառը խմբաքանակ: Եթե խառնվում են տարբեր դասերի սերմեր, ապա խառնուրդը դասակարգվում է ըստ ամենացածր դաս ունեցող բաղադրիչի դասի:

69. Սերմերի բոլոր խառը խմբաքանակներից կատարվում է վերանմուշառում, և դրանք ենթարկվում են վերափորձաքննության:

70. Սերմ արտադրողների կողմից խառնման ենթակա սերմերի խմբաքանակների պիտակները հեռացվում և ոչնչացման ու դրանց թվերի գրանցման նպատակով վերադարձվում են կազմակերպություն: Սերմերի խառը խմբաքանակները պիտակավորվում են նոր պիտակներով և կազմակերպության կողմից դրանց տրվում է սերմի խմբաքանակի հղման նոր թիվ:

71. Սերմերի խառը խմբաքանակի ստացման ժամանակ դրա բաղադրիչ մասերը խառնվում են այնպես, որպեսզի ապահովվի խառնուրդի միատարրությունը:

72. Արգելվում է տարբեր եղանակներով քիմիական մշակման ենթարկված սերմերից խառը խմբաքանակի ստացումը:

 

17. ՀԱՎԱՍՏԱԳՐՎՈՂ ՍԵՐՄԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԵՐՄԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԵՐՄԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՀՂՄԱՆ ԹԻՎԸ

 

73. Հավաստագրվող սերմերի արտադրության նպատակով օգտագործվող սերմերի թվով նույնականացվում են սերմնադաշտը և արտադրվող սերմերը` նախքան դրանց վերամշակումը:

74. Հայաստանի Հանրապետության տարածքում հավաստագրվող սերմերի արտադրության նպատակով օգտագործվող սերմերի յուրաքանչյուր խմբաքանակ պետք է ունենա իր եզակի նույնականացման թիվը:

75. Սերմերի նույնականացման թիվը բաղկացած է`

1) բերքահավաքի տարեթվի վերջին թվանշանից.

2) հայտատուի հաշվառման թվից.

3) տրված հավաստագրի հերթական համարից:

76. Հայտատուն և կազմակերպությունը պարտադիր պահպանում են ձևի մեկական օրինակ:

77. Շուկայահանվող սերմերի խմբաքանակները կրում են սերմերի խմբաքանակի հղման եզակի թիվ: Հավաստագրման ենթակա սերմերի խմբաքանակի հղման թիվը կազմվում է հետևյալ ձևով`

1) բերքահավաքի տարեթվի վերջին թիվը.

2) սերմերի խմբաքանակի դասի ծածկագիրը.

3) վերամշակողի գրանցման թիվը.

4) տվյալ տարվա բերքահավաքից ստացված սերմերի խմբաքանակի հերթական թիվը:

78. Սերմերի խառը խմբաքանակի հղման թիվը ներառում է`

1) սերմերի խառը խմբաքանակի հղման թվի սկզբում «Խ» տառը.

2) սերմերի խառը խմբաքանակի բոլոր բաղադրիչների բերքահավաքի տարին նույնը լինելու դեպքում` այդ տարեթվի վերջին թվանշանը, բերքահավաքների տարեթվերը տարբեր լինելու դեպքում` վերջին տարեթիվը.

3) տվյալ տարվա տարբեր բերքերից ստացված սերմեր խառնելու դեպքում` հավաստագրի հերթական համարը:

 

Ձև N 1

 

ՀԱՅՏ N _ _

 

ՄՇԱԿԱԲՈՒՅՍԻ ՍԵՐՄԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայտատու ___________________________________________________________

(անունը, ազգանունը կամ իրավաբանական անձի անվանումը)

 

Հասցե _______________________________________________________________

(ՀՀ մարզը, համայնքը, բնակավայրը)

 

Հեռախոսահամար _______________________________ Էլ. փոստի հասցե

__________________________

 

Խնդրում եմ _________________________ _________________________________

                 (մշակաբույսի անվանումը)         (սորտ, հիբրիդ)

 

_____________________ դասի սերմերի _______________ տոննա խմբաքանակին տրամադրել հաշվառման համար և դրանցից ստացված _____________________ դասի սերմերի հավաստագրման գործընթաց անցկացնել:

 

Սերմնադաշտի գտնվելու վայրը ___________________________________________

(ՀՀ մարզը, համայնքը, բնակավայրը)

 

____________ հեկտար, նախորդ մշակաբույսը _____________________________:

(մակերեսը)

 

Հայտատուն հավաստագրման գործընթաց սկսելու պարագայում պարտավորվում է կնքել պայմանագիր, ինչպես նաև հայտին կից ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, սահմանված կարգով և ամբողջ ծավալով կատարել հավաստագրում անցկացնելու հետ կապված բոլոր ծառայությունների (աշխատանքների) վճարումները:

Հայտատուն հաստատում է, որ բերված ամբողջ տեղեկությունը ճիշտ է:

 

Հայտատու ____________________

(ստորագրություն)

Կ.Տ. _____________________________________________________________

 

Լրացվում է «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակցի կողմից:

 

    1. Հայտի գրանցման ամսաթիվ`                      օր    ամիս    տարի

    2. Մուտքի ծածկագիրը`                            «___» _____ 20___ թ.

3. Փաստաթղթերի ստացականը կազմվել և հանձնվել է` N ________

«___» ______ 20___ թ.

 

Հավաստագրող մարմնի պատասխանատու _______________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

 

Ձև N 2

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ N ____

 

ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ ԵՎ ԲԱԶՄԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՐՄԻ (ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայտատու _____________________________________________________________

(անունը, ազգանունը կամ իրավաբանական անձի անվանումը)

 

Հասցե ___________________________________________________________

(ՀՀ մարզը, համայնքը, բնակավայրը)

 

Հեռախոսահամար _______________________________ Էլ. փոստի հասցե _________

___________________________

 

«Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը որոշում է`___________________________________

(անցկացնել հավաստագրում կամ մերժել)

 

Տեղեկացվում է, որ Ձեր կողմից ներկայացված ___________ հայտի հիման վրա __________________ ____________________________

(հայտի համարը) (մշակաբույսը, սորտ, հիբրիդ)

 

_____________________ դասի սերմերի _______________ տոննա խմբաքանակի հաշվառման համարն է _____________________:

 

Հավաստագրման գործընթացը մերժվում է*`

 

1. _______________________________________________________________________ (որոշելու համար համապատասխանությունը (նորմատիվային փաստաթղթերի անվանումը) պահանջներին) 2. _______________________________________________________________________ (ձևակերպել մերժման պատճառը) ________________________________________________________________________ (ձևակերպել մերժման պատճառը)

 

Հավաստագրող մարմնի պատասխանատու _______________________________________

(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)

 

    Ամսաթիվ                                      «___» _________ 20___ թ.

 

*Լրացվում է մերժման դեպքում:

 

Ձև N 3

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ N ___

 

ՍԵՐՄՆԱԴԱՇՏԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Դաշտային հետազոտող ___________________________________________________

(անուն, ազգանուն կամ իրավաբանական անձի անվանումը)

 

Հասցե _________________________________________________________________

(ՀՀ մարզը, համայնքը, բնակավայրը)

 

Հեռախոսահամար _______________________________ Էլ. փոստի հասցե ________

_______________________________

 

Տեղեկացվում է, որ _____________________________________________________

(սերմնադաշտի գտնվելու վայրը մարզը, համայնքը)

 

___________ հեկտար_________________________________________________________

(մակերեսը)                    (մշակաբույսի անվանումը, սորտը, հիբրիդ)

 

__________________________________ սերմնադաշտում իրականացվել է դաշտային

(սերմնաբուծության հերթագայությունը) հետազոտություն` բույսի վեգետացիայի ընթացքում աճի և զարգացման _____________ _______________________________________________ փուլ(եր)ում:

 

Սերմնադաշտի հակիրճ բնութագիրը _________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

Դաշտային հետազոտող` ___________________________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

 

    Ամսաթիվ                                      «___» _________ 20___ թ.

 

Ձև N 4

 

ԱԿՏ N ___

 

ՍԵՐՄՆԱԴԱՇՏԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ

 

«___» _________ 20___ թ.

                                               օր     ամիս     տարի

 

Դաշտային հետազոտող ___________________________________________________

(անունը, ազգանունը, վկայագրի N)

_______________________________________________________________________

(հայտատուի անունը ազգանունը կամ իրավաբանական անձի անվանումը)

 

ներկայությամբ կատարեց ___________________________________________________ __________________________________________ գտնվող __________ հեկտար

(ՀՀ մարզը, համայնքը, բնակավայրը)                   (մակերեսը)

 

սերմնադաշտում կատարված դաշտային հետազոտության:

 

Դաշտային հետազոտության արդյունքները

 

.__________________________________________________________.

|Մշակաբույսը|Սորտը|Ցանքի տարին|Սերմնաբուծության |Բերքատ-   |

|           |     |           |հերթագայությունը |վությունը,|

|           |     |           |                 |ց/հա      |

|___________|_____|___________|_________________|__________|

|     1     |  2  |     3     |        4        |     5    |

|___________|_____|___________|_________________|__________|

|___________|_____|___________|_________________|__________|

|___________|_____|___________|_________________|__________|

|___________|_____|___________|_________________|__________|

|___________|_____|___________|_________________|__________|

.__________________________________________________________.

 

Դաշտային հետազոտողի որոշումը և առաջարկությունները ___________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

    Հայտատու _______________________      Ապրոբատոր __________________

                (ստորագրություն)                     (ստորագրություն)

 

Ձև N 5

 

ՀԱՅՏ N ____

 

ՍԵՐՄԵՐԻ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայտատու _____________________________________________________________

(անունը, ազգանունը կամ իրավաբանական անձի անվանումը)

 

Հասցե _______________________________________________________________

(ՀՀ մարզը, համայնքը, բնակավայրը)

 

Հեռախոսահամար _______________________________ Էլ. փոստի հասցե _________

___________________________

 

Խնդրում եմ _________________________ _________________________________

                 (մշակաբույսի անվանումը)           (սորտ, հիբրիդ)

 

______________________ դասի սերմերի _______________ տոննա խմբաքանակից իրականացնել նմուշառում և լաբորատոր փորձաքննություն:

 

Հայտատու ___________________

(ստորագրություն)

Կ.Տ. ___________________________________________________________

 

Լրացվում է «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակցի կողմից:

 

    1. Հայտի գրանցման ամսաթիվ`                      օր    ամիս    տարի

    2. Մուտքի ծածկագիրը`                            «___» _____ 20___ թ.

3. Փաստաթղթերի ստացականը կազմվել և հանձնվել է` N ________

«___» ______ 20___ թ.

 

Հավաստագրող մարմնի պատասխանատու _______________________________________

(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)

 

Ձև N 6

 

ՀԱՅՏ N ___

 

ՄՇԱԿԱԲՈՒՅՍԻ ՍԵՐՄԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայտատու _____________________________________________________________

(անունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը)

 

Հասցե _____________________________________________________________

_____________________________________________________________

                    (ՀՀ մարզը, համայնքը, բնակավայրը)

 

Հեռախոսահամար _______________________________ Էլ. փոստի հասցե _________

_____________________________

 

Խնդրում եմ ________________________________________ ________________________________

                 (մշակաբույսի անվանումը)          (սորտ, հիբրիդ)

 

_______________________ դասի սերմերի _______________ տոննա խմբաքանակին տրամադրել հավաստագիր:

 

Հավաստագրման ներկայացվող սերմի բերքահավաքի տարին _____________________ ________________:

 

Հայտատու _______________________

(ստորագրություն)

Կ.Տ.____________________________________________________________

 

Լրացվում է «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակցի կողմից:

 

    1. Հայտի գրանցման ամսաթիվ`                        օր   ամիս   տարի

    2. Մուտքի ծածկագիրը`                            «___» _____ 20___ թ.

3. Փաստաթղթերի ստացականը կազմվել և հանձնվել է` N ________

«___» _____ 20___ թ.

 

Հավաստագրող մարմնի պատասխանատու _______________________________________

(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)

 

Ձև N 7

 

ՀԱՅՏ N _____

 

ՍԵՐՄԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՊԻՏԱԿՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«___» _________ 20___ թ.

                                                օր     ամիս     տարի

 

Հայտատու _____________________________________________________________

(անունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը)

 

Հասցե _________________________________________________________________

(ՀՀ մարզը, համայնքը, բնակավայրը)

 

Հեռախոսահամար _______________________ Էլ. փոստի հասցե _________________

Խնդրում է տրամադրել ___________________________________________________

(մշակաբույսի անվանումը, սորտը)

 

դասի սերմերի ______________________________ N_____________________ խմբաքանակի _____________ պիտակներ ________________________________________ _______________ համաձայն պայմանագրի:

 

Հայտատու _________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.02.2024
N 226-Ն
Որոշում