ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
29 դեկտեմբերի 2023 թվականի N 2687-Ն
ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ (ՍԽԵՄԱՆ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 164-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սերմերի և տնկանյութի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել`
1) մշակաբույսերի սերմնաբուծության հերթագայությունը (սխեման)` համաձայն N 1 հավելվածի,
2) մշակաբույսերի տնկարանային արտադրության հերթագայությունը (սխեման)` համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում մշակաբույսերի սերմնաբուծության հերթագայությունը (սխեման) սահմանելու մասին» N 164-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Վ. ՔԵՐՈԲՅԱՆ
Հավելված N 1
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2023 թվականի դեկտեմբերի 29-ի
N 2687-Ն հրամանի
ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ (ՍԽԵՄԱՆ)
1. Հացահատիկային, բանջարաբոստանային, յուղատու մշակաբույսերի և խոտաբույսերի սերմնաբուծությունն իրականացվում է հետևյալ հերթագայությամբ (սխեմայով)`
1) առաջին տարվա փորձարկման տնկարան,
2) երկրորդ տարվա փորձարկման տնկարան,
3) բազմացման տնկարան, որտեղից ստացվում են նախահիմնային (օրիգինալ) սերմեր,
4) հիմնային (սուպերէլիտային, էլիտային) սերմեր` նախահիմնային սերմերից ստացված սերմեր,
5) 1-ին վերարտադրության սերմեր` էլիտային սերմերից ստացված սերմեր,
6) 2-րդ վերարտադրության սերմեր` 1-ին վերարտադրության սերմերից ստացված սերմեր:
2. Կարտոֆիլի սերմնաբուծությունն իրականացվում է հետևյալ հերթագայությամբ (սխեմայի)`
1) նախահիմնային (օրիգինալ) տնկանյութ` ընտրասերողի կողմից ստացված տնկանյութ կամ մերիստեմային հյուսվածքից ստացված մինի պալարներ,
2) սուպերէլիտային (հիմնային) տնկանյութ` նախահիմնային տնկանյութից ստացված տնկանյութ,
3) էլիտային (հիմնային) տնկանյութ` սուպերէլիտային տնկանյութից ստացված տնկանյութ,
4) 1-ին վերարտադրության տնկանյութ` էլիտային տնկանյութից ստացված տնկանյութ,
5) 2-րդ վերարտադրության տնկանյութ` 1-ին վերարտադրության տնկանյութից ստացված տնկանյութ:
Հավելված N 2
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2023 թվականի դեկտեմբերի 29-ի
N 2687-Ն հրամանի
ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՏՆԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ (ՍԽԵՄԱՆ)
1. Տնկարանային արտադրությունն իրականացվում է հետևյալ հերթագայությամբ (սխեմայով)`
1) In vitro ելակետային բույսի թեկնածու` ըստ սորտային հատկանիշների տիպիկության, ֆիզիոլոգիական հատկությունների և բերքատվության առանձնացված, վիրուսային, ֆիտոպլազմային, սնկային, բակտերիալ հիվանդությունների և վնասատուների առկայությունն ստուգված, իսկ դրանց հայտնաբերման դեպքում in vitro եղանակով առողջացված ելակետային բույս,
2) In vivo ելակետային բույսի թեկնածու (բուսանյութ)` ըստ սորտային հատկանիշների տիպիկության, ֆիզիոլոգիական հատկությունների և բերքատվության առանձնացված, վիրուսային, ֆիտոպլազմային, սնկային, բակտերիալ հիվանդությունների առկայությունն ստուգված, վեգետատիվ և սերմնային (սերմնային պատվաստակալ) բազմացման միջոցով ելակետային բույսերի ստացման համար նախատեսված ելակետային բույս,
3) Ելակետային բույս` ելակետային բույսի թեկնածուի վեգետատիվ բազմացման միջոցով ստացված, սորտի անփոփոխ ժառանգականությունը կրող, հիվանդություններով կամ վնասատուներով վարակվածությունը, ինչպես նաև առավել վարակածին վիրուսազերծությունն ստուգված` հիմնային (սորտային) մայրուտի հիմնման համար նախատեսված ելակետային բույսեր,
4) Հիմնային (սորտային) տնկանյութ` ելակետային բույսի վեգետատիվ բազմացման միջոցով ստացված սորտի անփոփոխ ժառանգականությունը կրող, հիվանդությունների ու վնասատուների վարակվածությունը և առավել վարակածին վիրուսազերծությունն ստուգված հիմնային մայրուտի հիմնման համար նախատեսված տնկանյութ (հավաստագրված տնկանյութը ստանում են հիմնային մայրուտից, բազմացման յուրաքանչյուր փուլում տնկանյութի կենսաբանական կարգը մեկ աստիճան իջնում է):
5) Հավաստագրված տնկանյութ` հիմնային (սորտային) բույսերի վեգետատիվ սերունդ, սորտային պահանջներին և բուսասանիտարական մաքրության պահանջներին համապատասխանող, վիրուսազերծությունը (առավել վարակածին հարուցիչներից) ստուգված` (հնդավորները` յուրաքանչյուր 4 տարին մեկ անգամ, կորիզավորները և հատապտուղները` 2 տարին մեկ անգամ), հավաստագրված մայրուտի հիմնման համար նախատեսված և հավաստագրված 1-ին և 2-րդ վերարտադրության համար կիրառվող հավաստագրված տնկանյութ,
6) Վերարտադրված հավաստագրված (ստուգված) տնկանյութ` հավաստագրված տնկանյութի վեգետատիվ հաջորդական բազմացումների արդյունքում ստացված վիրուսազերծությունը (առավել վարակածին հարուցիչներից) ստուգված (մշակաբույսով պայմանավորված` հնդավորներ, կորիզավորներ և հատապտուղներ` 2 տարին մեկ անգամ) վերարտադրված հավաստագրված տնկանյութ:
Պաշտոնական հրապարակման օրը` 22 հունվարի 2024 թվական: