Սեղմել Esc փակելու համար:
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՈՎ ՉԱՊԱՀՈՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հուլիսի 2023 թվականի N 1219-Ն

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՈՎ ՉԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1321-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում պայմանագրային զինծառայողներին ամսական դրամական հատուցում վճարելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողներին վճարվող ամսական դրամական հատուցման չափերը`

1) Երևան քաղաքում` մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին` 65000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 85000 դրամ.

2) այլ քաղաքներում` մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին` 38000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 50000 դրամ.

3) այլ բնակավայրերում` մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին` 20000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 25000 դրամ:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին» N 1321-Ն որոշումը:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշման համաձայն այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում ստացող պայմանագրային զինծառայողներին սույն որոշմամբ սահմանված ամսական դրամական հատուցման հաշվարկումը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի օգոստոսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հուլիսի 20

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի հուլիսի 20-ի

N 1219-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՈՎ ՉԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՎՃԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ` օրենք) պահանջների համաձայն ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող և ծառայողական բնակարանով չապահովված պայմանագրային զինծառայողներին և օրենքով նրանց հավասարեցված անձանց ամսական դրամական հատուցում վճարելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների համակարգերում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայությունում կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունում (այսուհետ` նաև համապատասխան պետական մարմին) զինվորական (քրեակատարողական) ծառայության մեջ գտնվող անձանց վրա.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայությունում և Ոստիկանությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց և Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հոգևոր ծառայություն իրականացնող հոգևոր ծառայողների վրա:

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված անձանց (այսուհետ` նաև շահառու) ընտանիքի անդամ են համարվում`

1) ամուսինը (կինը) և 18 տարին չլրացած երեխաները.

2) համատեղ բնակվող` անգործունակ ճանաչված կամ մինչև 26 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաև համատեղ բնակվող` 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակները, եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը:

4. Սույն կարգի համաձայն ամսական դրամական հատուցում ստանալու իրավունք ունի այն շահառուն, ով ծառայության վայրում չի ապահովվել ծառայողական բնակելի տարածությամբ, և ծառայության վայրի վարչական տարածքի (համայնքի) ու շահառուի մշտական (փաստացի) բնակության հաշվառման կամ սեփականության իրավունքով բնակելի տարածության գտնվելու վայրի վարչական տարածքի (համայնքի) միջև հեռավորությունը կազմում է առնվազն 30 կիլոմետր: Շահառուի ծառայության և մշտական բնակության հաշվառման կամ սեփականության իրավունքով բնակելի տարածության վայրը բազմաբնակավայր համայնքում գտնվելու դեպքում` սույն կետում նշված հեռավորությունը հաշվարկվում է` հիմք ընդունելով շահառուի ծառայության և մշտական բնակության հաշվառման կամ սեփականության իրավունքով բնակելի տարածության բնակավայրի միջև եղած հեռավորությունը: Սույն կետի կիրառման նպատակով հիմք է ընդունվում իրավասու պետական մարմնի կողմից հրապարակված կամ համապատասխան պետական մարմնի գրավոր հարցմանն ի պատասխան տրամադրված` Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների (համայնքների), իսկ բազմաբնակավայր համայնքի դեպքում` բնակավայրերի միջև հեռավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը:

5. Սույն կարգի համաձայն ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքից չի օգտվում ծառայության վայրում ծառայողական բնակելի տարածությամբ չապահովված այն շահառուն`

1) ով ծառայության վայրի վարչական տարածքից (համայնքից), իսկ բազմաբնակավայր համայնքի դեպքում` տվյալ բնակավայրից մինչև 30 կիլոմետր հեռավորությամբ ունի մշտական (փաստացի) բնակության հաշվառում կամ միանձնյա կամ բաժնային կամ համատեղ սեփականության իրավունքով բնակելի տարածություն.

2) ով սույն կետի 1-ին ենթակետի շրջանակներում ծառայության ընթացքում փոխել է մշտական (փաստացի) բնակության հաշվառման վայրը կամ օտարել է միանձնյա կամ բաժնային կամ համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածությունը.

3) ում ընտանիքի անդամը շահառուի ծառայության վայրի վարչական տարածքից (համայնքից), իսկ բազմաբնակավայր համայնքի դեպքում` տվյալ բնակավայրից մինչև 30 կիլոմետր հեռավորությամբ ունի միանձնյա սեփականության իրավունքով բնակելի տարածություն:

6. Ամսական դրամական հատուցում ստանալու նպատակով շահառուն ներկայացնում է դիմում` ուղղված զորամասի (այլ զինվորական կառավարման կամ կադրային մարմնի) հրամանատարին (ղեկավարին) կամ համապատասխան պետական մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձին, որին կցվում են հետևյալ փաստաթղթերը`

1) շահառուի և օրենքով սահմանված նրա ընտանիքի անդամների վավեր անձնագրերի պատճենները` հաշվառման էջով, ամուսնության վկայականի և անչափահաս անձանց ծննդյան վկայականների պատճենները, իսկ անձնագրի փոխարեն նույնականացման քարտ ներկայացվելու դեպքում` բնակչության պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից տրված տեղեկանք անձի հաշվառման մասին.

2) սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նախատեսված ընտանիքի անդամներ ունենալու դեպքում` համապատասխանաբար ուսումնառությունը կամ անգործունակությունը կամ հաշմանդամությունը հաստատող փաստաթղթի պատճենը.

3) Կադաստրի կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից տրված տեղեկանք` Հայաստանի Հանրապետության տարածքում շահառուի և օրենքով սահմանված նրա ընտանիքի անդամների կողմից սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու` ներառյալ սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված օտարման հանգամանքի առկայության կամ բացակայության մասին: Սույն ենթակետով նախատեսված տեղեկանքը հիմք է ընդունվում ոչ ավելի, քան 15 աշխատանքային օր վաղեմության ժամկետ ունենալու դեպքում:

7. Շահառուին ամսական դրամական հատուցումը հաշվարկվում է շահառուի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը զորամաս (այլ զինվորական կառավարման կամ կադրային մարմին) մուտքագրվելու օրվան հաջորդող ամսվա 1-ից սկսած և վճարվում է շահառուի ամսական դրամական ապահովության վճարման հետ միաժամանակ` անկանխիկ եղանակով:

8. Շահառուին վճարվող ամսական դրամական հատուցման չափը կարող է փոփոխվել` շահառուի դիմումի հիման վրա կամ զորամասի (այլ զինվորական կառավարման կամ կադրային մարմնի) հրամանատարի (ղեկավարի) կամ համապատասխան պետական մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի նախաձեռնությամբ` շահառուի ընտանիքի անդամների թիվն ավելանալու կամ նվազելու կամ սույն կարգի 3-րդ կետում նախատեսված համապատասխան հանգամանքը վերանալու դեպքում: Այդ նպատակով շահառուի ծառայության վայրի զորամասի (այլ զինվորական կառավարման կամ կադրային մարմնի) կողմից իրականացվում է ամսական դրամական հատուցում ստացող շահառուների հաշվառում:

9. Ամսական դրամական հատուցում ստացող և օրենքով սահմանված կարգով կադրերի տրամադրության տակ թողնված (կադրերի ռեզերվում գրանցված) շահառուն պահպանում է հատուցում ստանալու իրավունքը` կադրերի տրամադրության տակ թողնելու (կադրերի ռեզերվում գրանցելու)` օրենքով սահմանված ամբողջ ժամկետի ընթացքում` բացառությամբ սույն կարգի 12-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված դեպքերի:

10. Ամսական դրամական հատուցում ստացող շահառուին զորամասի (այլ զինվորական կառավարման մարմնի) տեղակայման վայրի վարչական տարածքում (համայնքում) գտնվող մեկ այլ զորամասում (այլ զինվորական կառավարման մարմնում) ծառայության նշանակելու դեպքում ամսական դրամական հատուցման վճարումը շարունակվում է նոր զորամասում (այլ զինվորական կառավարման մարմնում)` վերջինիս հրամանատարի (ղեկավարի) հրամանով և շահառուին նախկին զորամասի (այլ զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու օրվան հաջորդող օրվանից, որի նպատակով շահառուն նոր զորամասի (այլ զինվորական կառավարման մարմնի) հրամանատարին (ղեկավարին) ներկայացնում է դիմում, ինչպես նաև շահառուի վերաբերյալ սույն կարգի 6-րդ կետում նախատեսված փաստաթղթերը նախկին զորամասից (այլ զինվորական կառավարման մարմնից) ուղեկցական գրությամբ փոխանցվում են նոր զորամաս (այլ զինվորական կառավարման մարմին):

11. Ամսական դրամական հատուցում ստացող շահառուն պարտավոր է յուրաքանչյուր տարվա մինչև մարտի 1-ն իր ծառայության վայրի զորամաս (այլ զինվորական կառավարման կամ կադրային մարմին) ներկայացնել սույն կարգի 6-րդ կետի 3-րդ կետում նախատեսված տեղեկանքը: Սույն կետում նշված ժամկետում տեղեկանք չներկայացվելու կամ ներկայացված տեղեկանքի համաձայն սույն կարգի 5-րդ կետի 1-ին կամ 3-րդ ենթակետերում սահմանված պայմանների առկայության դեպքերում ամսական դրամական հատուցման վճարումը դադարեցվում է, ինչպես նաև սույն կարգի 5-րդ կետի 1-ին կամ 3-րդ ենթակետերում նախատեսված հանգամանքների առկայության դեպքում այդ հանգամանքների ծագման օրվանից մինչև սույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետում նախատեսված տեղեկանքը ներկայացնելու օրը շահառուին վճարված ամսական դրամական հատուցման գումարները ենթակա են վերադարձման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Սույն կետի համաձայն ամսական դրամական հատուցման վճարումը դադարեցնելու և վերադարձման ենթակա ընդհանուր գումարի չափի վերաբերյալ գրավոր ծանուցվում է շահառուին, ինչպես նաև առաջարկվում է մեկամսյա ժամկետում` միանվագ, կամ շահառուի ցանկությամբ` 12 ամիսը չգերազանցող ժամանակացույցով, մասերով վերադարձնել վճարված ամսական դրամական հատուցման ընդհանուր գումարը, որից շահառուի հրաժարվելու դեպքում` այդ գումարի վերադարձն իրականացվում է դատական կարգով:

12. Ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքը դադարեցվում է`

1) սույն կարգի 5-րդ կամ 11-րդ կետերով սահմանված դեպքերում.

2) օտարերկրյա պետություն ուսման կամ ծառայության կամ օրենքի 45-րդ հոդվածում նշված մարմին գործուղելու հիման վրա շահառուին` օրենքով սահմանված կարգով կադրերի տրամադրության տակ թողնելու դեպքում, եթե շահառուն չունի ընտանիք, կամ շահառուի հետ գործուղման վայր է մեկնում նաև նրա ընտանիքը.

3) օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 8-րդ կամ 9-րդ կետերով սահմանված հիմքով շահառուին զինվորական պաշտոնից ազատելու դեպքում, եթե շահառուն չունի ընտանիք.

4) շահառուին ծառայությունից արձակելու (ազատելու) դեպքում:

13. Ամսական դրամական հատուցում ստացած և համապատասխան ծառայությունից արձակվելու (ազատվելու) հետևանքով հատուցման իրավունքը դադարեցված, սակայն հետագայում համապատասխան ծառայությունից արձակելու (ազատելու) մասին հրամանը ոչ իրավաչափ ճանաչվելու հիմքով շահառուին ծառայությունում վերականգնելու դեպքում շահառուին հաշվարկվում և վճարվում է նաև ծառայությունից արձակելու (ազատելու) օրվանից մինչև ծառայությունում վերականգնելու օրն ընկած ժամանակահատվածի համար ամսական դրամական հատուցման գումարը, եթե այդ ժամանակահատվածում առկա չէ սույն կարգի 5-րդ կետում նշված` ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքը բացառող որևէ պայման:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 20 հուլիսի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.07.2023
N 1219-Ն
Որոշում