ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 2023 թվականի N 896-Ն
ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՎԱՃԱՌՔԻ, ՓՈԽԱՆՑԵԼՈՒ, ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 673 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասին և 27-րդ հոդվածի 7-րդ մասին, 32-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) զենքը պահելու պայմաններին վերաբերող պահանջները` համաձայն N 1 հավելվածի.
2) զենքը կրելու կարգին վերաբերող պահանջները` համաձայն N 2 հավելվածի.
3) զենքի հավաքածու կազմելու և զենքի հավաքածու ցուցադրելու կանոնները, վաճառքի, փոխանցելու, ձեռք բերելու, ցուցադրելու, պահելու և փոխադրելու կարգը` համաձայն N 3 հավելվածի:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Քաղաքացիական և ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառության կարգը» N 673 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. հունիսի 5
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2023 թվականի հունիսի 1-ի
N 896-Ն որոշման
ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական և ծառայողական, այդ թվում` ժամանակավոր օգտագործման համար ստացված, ինչպես նաև որպես պարգև տրված մարտական զենքը պահելու պայմաններին վերաբերող պահանջները, զենքի պահման անվտանգության և պահպանության ապահովման նկատմամբ վերահսկողությունը:
2. Զենքը և դրա փամփուշտները պահելը թույլատրվում է ոստիկանության մարմիններից զենք պահելու և օգտագործելու, պահելու և կրելու թույլտվություն ստացած իրավաբանական և ֆիզիկական անձանց:
3. Իրավաբանական և ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից զենք պահելու թույլտվություն ստանալուց հետո պարտավոր են ապահովել զենքի պատշաճ պահպանության և այն պահելու անվտանգության պայմանները:
4. Զենքն իրավաբանական անձանց կողմից պետք է պահվի հատուկ կահավորված զենքի զետեղարաններում` չհրկիզվող կամ մետաղյա պահարաններում, բուրգերում, արկղերում` լիցքաթափված, իջեցված ձգանով, պահպանակի դրված, մաքրված, յուղված, փամփուշտներից առանձնացված վիճակում:
5. Զենք պահելու չհրկիզվող կամ մետաղյա պահարանում, բուրգերում կամ արկղերում ամրացվում են հաշվեպիտակներ, որոնց վրա նշվում են զենքերի տեսակները, մոդելները, համարները` համաձայն համարային հաշվառման ցուցակի ու հաշվառման մատյանի:
6. Իրավաբանական անձանց զինասենյակներում զենքի հետ համատեղ թույլատրվում է պահել փամփուշտներ` տուփերով, պահեստատուփերով կամ պահունակներով:
7. Գործարանային փաթեթավորմամբ զենքերը (տուփերով, արկղերով) և փամփուշտները (ցինկերով, արկղերով) կարող են պահվել դարակաշարերի վրա:
8. Չփաթեթավորված փամփուշտները պահվում են միայն տարբեր գաղտնանիշ ունեցող երկու փականներով փակվող մետաղյա արկղերում կամ պահարաններում:
9. Զենքի ընդունման, դրանց փոխանցման, հաշվառման անհրաժեշտ փաստաթղթերը լրացնելու կարգը սահմանվում է իրավաբանական անձանց ղեկավարների հրամաններով:
10. Չհրկիզվող կամ մետաղյա պահարաններում, բուրգերում և արկղերում իրարից առանձին պահվում են`
1) փամփուշտները և զենքը, ընդ որում` հրագործական կազմ ունեցող, արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված, ինչպես նաև չպայթած խոտան փամփուշտները պահվում են առանձին փաթեթներով.
2) գեղարվեստական հարդարված զենքերը, որոնք պարունակում են թանկարժեք մետաղներ կամ քարեր.
3) վերցված, քաղաքացիների կամ իրավաբանական անձանց աշխատողների կողմից պահպանության փոխանցված, ինչպես նաև հաշվեկշռում եղած զենքերը.
4) առանձին մետաղյա տարաներում կամ պոլիէթիլենային պարկերում տեսակավորված մանրածախ առևտրի համար նախատեսված վառոդը:
11. Զենքի պահման համար նախատեսված մետաղյա պահարանները և արկղերը պետք է փակվեն փականով և ունենան 2 մմ-ից ոչ պակաս հաստությամբ պատեր, վառոդների, փամփուշտների և հրավառային միջոցների պահման պահարանները և արկղերը` 3 մմ-ից ոչ պակաս, իսկ օդային տրանսպորտով փոխադրվող զենքի պահման համար նախատեսվածները` 1,6 մմ-ից ոչ պակաս հաստությամբ պատեր:
12. Չհրկիզվող կամ մետաղյա պահարանները, բուրգերը, արկղերը և դարակաշարերը զետեղարաններում տեղադրվում են մուտքի դռնից 1,5 մ և պատուհաններից` 0,5 մ, իսկ փամփուշտների արկղերը և աերոզոլային սարքերը` տաքացուցիչ սարքերից 1 մ հեռավորության վրա, բացի այդ պահարանների, արկղերի, բուրգերի միջև հեռավորությունը պետք է հնարավորություն տա դրանց դռների ազատ բացվելուն:
13. Չհրկիզվող կամ մետաղյա պահարանի, բուրգի, արկղի համար ստեղծվում է գույքացուցակ, որտեղ նշվում են պահվող զենքի տեսակը, քանակը և համարները, ինչպես նաև ամրացվում է նշատախտակ, որտեղ շենքի գույքացուցակի համաձայն` նշվում են հերթական համարը, անվանումը, ստորաբաժանման, իրավաբանական անձի անվանումը, որի իրավասության տակ է գտնվում զենքը, ինչպես նաև` զենքի պահպանման պատասխանատու անձի անուն ազգանունը և նրա կապարակնիքի կամ կնիքի համարը: Ցուցակները ստորագրվում են իրավաբանական անձի ղեկավարի հրամանով նշանակված պատասխանատու անձի կողմից և ճշտվում են, եթե դրանց մեջ փոփոխություններ են կատարվել:
14. Մաքսային հսկողության տակ գտնվող զենքի և դրա փամփուշտների պահման պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:
15. Իրավաբանական անձանց կողմից ողորկ-երկարափող հրազեն, համակցված հրազեն, այդ թվում` ակոսափող կամ օդաճնշիչ զենքը, որի փողային էներգիան գերազանցում է 7,5 ջոուլը, իսկ տրամաչափը 4,5 միլիմետրից ավելի է, ինչպես նաև սառը շեղբավոր և նետողական զենքը կարող են պահվել սույն կարգի պահանջներին համապատասխան, սպորտային օբյեկտների` զենքի պահման զետեղարաններում` ոստիկանության մարմիններից զենքը պահելու և օգտագործելու թույլտվություն ստանալուց հետո:
16. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պատկանող զենքն ու դրա փամփուշտները պետք է պահվեն բնակության վայրում, դրանց պահպանման, ամբողջականության, անվտանգության պայմաններն ապահովող չհրկիզվող կամ մետաղյա պահարաններում, գերկայուն (գերամուր) նյութից պատրաստված կամ երկաթով պատված փայտյա արկղերում:
17. Զենքի հավաքածուի պահելու սենյակը պետք է կահավորվի հրշեջ-պահպանական ահազանգման համակարգով, իսկ մուտքի դուռը պետք է լինի մետաղյա` լրացուցիչ ամրացված: Առաջին և վերջին հարկերում գտնվող սենյակի կամ բնակարանի պատուհաններին տեղադրվում է մետաղյա վանդակաշար, զենքի պահման զետեղարանների համար նախատեսված կարգով:
18. Եթե տեխնիկական պատճառներով հնարավոր չէ կահավորել անվտանգության ազդանշանային համակարգ, ապա զենքի պահման պահարանները և արկղերն ամրացվում են պատերից մեկին` երկուսից ոչ պակաս 16 մմ և ավելի հաստությամբ պողպատյա հեղույսներով:
19. Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք, պետական ռազմականացված կազմակերպությունների աշխատողները, զենքն ու դրա փամփուշտները (այդ թվում` մարտական զենքը) պահում են իրենց բնակության վայրում` սույն կարգի 11-րդ կետով նախատեսված կարգով:
20. Քաղաքացին Հայաստանի Հանրապետությունից 180 օրից ավելի բացակայելու դեպքում զենքն ի պահ է հանձնում Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը:
21. Օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք որսի, սպորտային միջոցառումներին մասնակցելու կամ ցուցադրման նպատակով ներկրված զենքի ու դրա փամփուշտների ժամանակավոր պահպանության ապահովումն իրականացնում է օտարերկրյա քաղաքացիներին հրավեր ուղարկած իրավաբանական անձը:
22. Զենք պահելու զետեղարանները պետք է համապատասխանեն տեխնիկական ամրացվածության հետևյալ պահանջներին`
1) շենքերի պատերը, միջնորմները, առաստաղը, հատակը պետք է լինեն կապիտալ կառուցված, քարային շարվածքի հաստությունը պետք է լինի 360 մմ-ից ոչ պակաս, պատերի բետոն բլոկները` 200 մմ-ից ոչ պակաս, երկաթբետոնե ծածկերը` 180 մմ-ից ոչ պակաս, երկու շերտով բետոնե բլոկները` յուրաքանչյուրը 90 մմ.
2) նշված պահանջներին չհամապատասխանող կառույցի պատերը պատվում են 16 մմ-ից ոչ պակաս երկաթյա ձողերից պատրաստված 150x150 մմ-ից ոչ ավելի չափի վանդակաշարով.
3) ներքին պատերը կառուցելու ժամանակ թույլատրվում է օգտագործել զուգավորված բետոնե միջնապատային սալեր, յուրաքանչյուրը 80 մմ-ից ոչ պակաս հաստությամբ` նրանց միջև նշված վանդակաշար անցկացնելով.
4) պատերի ամրացման համար թույլատրվում է օգտագործել այլ հատուկ նյութեր, որոնք իրենց տեխնիկական բնութագրով չեն զիջում նշված կոնստրուկցիաներին.
5) ինժեներական ցանցերի համար նախատեսված, ինչպես նաև օդափոխիչ հորանցքերը, պատերի անցքերը փակվում են 16 մմ-ից ոչ պակաս հաստությամբ երկաթե ձողերից պատրաստված` 50x50 մմ չափի վանդակաշարով.
6) դռների խորշերը սարքավորվում են`
ա. 3 մմ-ից ոչ պակաս հաստությամբ երկաթյա դռնով, որն ուժեղացվում է պարագծով և անկյունագծով` պատերի 3 մմ-ից ոչ պակաս հաստությամբ և կողերի 50 մմ-ից ոչ պակաս լայնությամբ երկաթյա պրոֆիլով,
բ. 16 մմ-ից ոչ պակաս հաստությամբ ձողերով և 150x150 մմ-ից ոչ ավելի վանդակների չափերով պատրաստված վանդակապատ դռնով, որը նույնպես ամրացվում է պարագծով և անկյունագծով: Դռան խորշի շրջանակը պատրաստվում է պատերի 5 մմ-ից ոչ պակաս հաստությամբ և կողերի 100 մմ-ից ոչ պակաս լայնությամբ երկաթյա պրոֆիլից.
7) երկաթյա վանդակապատ դռան ձողերը յուրաքանչյուր հատման և պրոֆիլների հետ միացման տեղերում եռակցվում են, իսկ դռների խորշի շրջանակներն ամրացվում են պատերի մեջ 80 մմ խորությամբ և ցեմենտապատվում են.
8) մուտքի հիմնական և վանդակապատ դռները պետք է ունենան տարբեր գաղտնանիշով ներքին երկու փականներ, ծխնիների հուսալի կառուցվածք և ամրություն.
9) փականների փակող մասի լայնակի կտրվածքի մակերեսը պետք է լինի 3 քառ. սմ-ից ոչ պակաս.
10) մուտքի դուռը լրացուցիչ սարքավորվում է կնքման համար հարմարանքով, ինչպես նաև 3 մմ-ից ոչ պակաս հաստությամբ երկաթյա ականջիկներով` դրսից կախովի կողպեքով կամ երկրորդ ներքին փականով փակելու համար.
11) զենքի զետեղարանը պետք է սարքավորվի Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից սահմանված նորմերին համապատասխան, հրդեհաշիջման միջոցներով և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համապատասխան ծառայության կամ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության պահնորդաազդանշանային կենտրոնացված պահպանության դիտակետին միացված ահազանգման համակարգով կամ ինքնաահազանգման համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը մոտակա պահակակետին միացնելով (եթե այն շուրջօրյա ծառայության է) կամ շենքի արտաքին մասին ամրացնելով.
12) ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր,
13) զենք օգտագործելու, պահելու և զետեղարանների տեխնիկական ամրացվածությունը պահանջների համապատասխանելիության ստուգման մասին կազմվում է ակտ (Ձև N 1):
23. Զենքի հանձնման և ստացման համար թույլատրվում է զետեղարանի պատի կամ դռան մեջ բացել 300x200 մմ չափի պատուհան` ներսից փականով փակվող 3 սմ հաստությամբ ներքին երկաթյա դռնակով: Պատուհանի շրջանակը պատրաստվում է 5 մմ-ից ոչ պակաս պատերի հաստությամբ և 100 մմ-ից ոչ պակաս կողերի լայնությամբ երկաթյա պրոֆիլից:
24. Իրավաբանական անձանց կողմից պահվող զենքն ու փամփուշտները, որոնք նախատեսված չեն տվյալ իրավաբանական անձանց օգտագործման համար, ինչպես նաև զինասենյակներում նախատեսված նորմերից ավելի (500 միավորից ավելի զենք և 150000 հատից ավելի փամփուշտ) զենք պահելն իրականացվում է սույն հրահանգի պահանջներին համապատասխան սարքավորված պահեստային շինությունում:
25. Պահեստային շինությունը տեղակայվում է առանձին կառուցված, ոչ բնակելի շենքում, իսկ փամփուշտների պահման համար պատրաստվում են ստորգետնյա կառույցներ կամ վերգետնյա շինություններ` թմբապատված մինչև տանիքը: Այդպիսի շինությունների կառուցման հաշվարկները կատարվում են համապատասխան մասնագիտացված կազմակերպության կողմից:
26. Պահեստային շենքի պատերը, առաստաղը և հատակը պետք է համապատասխանեն այն պահանջներին, որոնք սահմանված են զենքի զետեղարանների համար:
27. Շենքը սարքավորվում է հիմնական և պահեստային դարպասներով, ինչպես նաև` լրացուցիչ փականով փակվող երկաթյա վանդակաշարով: Դարպասները պետք է լինեն մետաղյա կամ փայտից` դրսից և կողերից պատված 2 մմ հաստությամբ երկաթյա թիթեղով, ունենան ծխնիների հուսալի ամրություն և ներքին փականներ` իրենց ամրապնդիչներով (վերևից և ներքևից): Երկաթյա վանդակաշարերը պետք է պատրաստվեն 16 մմ-ից ոչ պակաս հաստությամբ ձողերից:
28. Մուտքի դարպասները և վանդակաշարերը կարող են ունենալ ներշինված դռնակներ` սարքավորված 24-րդ կետի պահանջներին համապատասխան.
1) դարպասները, վանդակաշարերը և մուտքի դռները պարագծով ու անկյունագծով ամրացվում են 5 մմ-ից ոչ պակաս պատերի հաստությամբ և 100 մմ-ից ոչ պակաս կողերի լայնությամբ երկաթյա պրոֆիլով: Պատուհանախորշերը փակվում են 16 մմ-ից ոչ պակաս հաստությամբ երկաթյա ձողերից պատրաստված և 150x150 մմ-ից ոչ ավելի չափի վանդակաշարով.
2) դարպասների և վանդակաշարերի հիմքերը տեղադրվում են 80 մմ-ից ոչ պակաս խորության վրա և ցեմենտապատվում են:
29. Պահեստային շինություններում զենք ստացողների (հանձնողների), զենքի պահպանության համար պատասխանատու անձանց համար, ինչպես նաև հաշվառման փաստաթղթերի և կապարակնքման (կնքման) միջոցների պահման համար պատրաստվում են մեկուսացված տեղեր.
1) նշված վայրերում տեղակայվում են ոստիկանության, իրավաբանական անձի պահպանության ծառայության աշխատակիցներին կամ պահակախմբի պետին շտապ կանչելու զանգի կոճակներ.
2) պահեստներում պետք է լինեն հրդեհաշիջման միջոցներ, հրշեջապահպանական ահազանգման համակարգ, տարածքի սխեմաներ, զենքի և փամփուշտների պահպանության պատասխանատու անձանց կողմից պարտադիր կատարման համար գրավոր հրահանգներ:
30. Աշխատանքային օրվա ընթացքում վաճառասրահներում և առևտրային ցուցափեղկերում հրազենը, գազային և օդաճնշիչ զենքերը կարող են ցուցադրվել բաց ցուցափեղկերում` պայմանով, որ զենքի յուրաքանչյուր միավորն ամրացվի ցուցափեղկին. ապահովել զենքի պատշաճ պահպանությունը և անվտանգությունը:
31. Զենք պահելու յուրաքանչյուր զետեղարանում փակցվում են այնտեղ տեղադրված չհրկիզվող կամ մետաղյա պահարանների, բուրգերի, արկղերի և դարակաշարերի քանակի, դրանց հերթական և գույքագրման համարների ցուցակներ, ինչպես նաև կնիքների, կապարակնիքների և դրոշմակնիքների համարները, որոնցով կնքվում են դրանք:
32. Չհրկիզվող կամ մետաղյա պահարանների, բուրգերի, արկղերի և դարակաշարերի պիտակները ստորագրվում են զենքի պահպանության համար պատասխանատու անձանց կողմից և ճշտվում են փոփոխությունները մուտքագրելու միջոցով:
33. Զենքի պահման զետեղարանի մուտքի դռան վրա ամրացվում է տվյալ զետեղարանի հրդեհային անվտանգության և պահպանության պատասխանատու անձի անուն-ազգանունով պիտակ:
34. Եթե միևնույն զետեղարանում իրավաբանական անձի մի քանի ստորաբաժանումների զենքեր են պահվում, ղեկավարի հրամանով նշանակվում է զետեղարանի պահպանության համար պատասխանատու անձ: Յուրաքանչյուր ստորաբաժանման զենքերը պետք է պահվեն առանձին չհրկիզվող կամ մետաղյա պահարաններում, արկղերում, բուրգերում և կնքվեն (կապարակնքվեն) յուրաքանչյուր ստորաբաժանման զենքի պահպանության պատասխանատու անձի կողմից:
35. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց զենքի պահման զետեղարանների չհրկիզվող կամ մետաղյա պահարանների, արկղերի, բուրգերի բանալիների առաջին խուրձը պետք է պահվի զենքի պահպանության համար պատասխանատու անձի, իսկ երկրորդը` իրավաբանական անձի ղեկավարի մոտ:
36. Այն դեպքում, երբ կազմակերպության ղեկավարի հրամանով զենքի հանձնման պարտականությունը դրվում է զինված պահակախմբի կամ հերթափոխի պետի վրա, բանալիների երկրորդ խուրձը պահվում է նրանց մոտ և փոխանցվում է հերթափոխի ավարտից հետո` ստորագրելով հերթափոխի հանձնման-ընդունման գրքում: Իսկ բանալիների երկրորդ խրձի օգտագործման և պահման կարգը այլ կազմակերպություններում որոշվում է իրավաբանական անձի ղեկավարի հրամանով` գրավոր ուղեկցական գրությամբ համաձայնեցնելով ոստիկանության հետ:
37. Զենքի պահման անվտանգության և պահպանության ապահովման նկատմամբ վերահսկողությունը.
1) քաղաքացիների մոտ առկա զենքի և փամփուշտների պահման պայմանների ստուգման ժամանակ ոստիկանության ծառայողի կողմից պարզվում են`
ա. առկա զենքի համապատասխանությունը տրված թույլտվություններին, ինչպես նաև` քաղաքացիների մոտ գտնվող փամփուշտների համապատասխանությունը գրանցված զենքի տեսակին և մոդելին,
բ. փականով փակվող չհրկիզվող կամ մետաղյա պահարանի, գերկայուն (գերամուր) նյութից պատրաստված կամ երկաթով պատված փայտյա արկղերի առկայությունը,
գ. զենքի պահման պայմանները` զենքի պահպանումը մեկուսացված սենյակում, լրացուցիչ փակող հարմարանքներով սարքավորված մետաղյա կամ մետաղապատ դռան առկայությունը, ազդանշանային միջոցները, պահարանների կամ արկղերի բանալիների պահման կարգը.
2) իրավաբանական անձի կողմից զենքի և փամփուշտների պահպանության անվտանգության պայմանների ստուգման ժամանակ ոստիկանության ծառայողը պարզում է`
ա. պահման, ցուցադրման, վաճառքի և օգտագործման համար զենքի և փամփուշտների զետեղարանների տեխնիկական ամրացվածության համապատասխանությունը սույն կարգի պահանջներին,
բ. պահպանության ահազանգման համակարգի էլեկտրասնուցման և էլեկտրական հոսանքի պահեստային աղբյուրի միացման գործունեության հուսալիությունը,
գ. զենքի պահման պայմանները չհրկիզվող կամ մետաղյա պահարաններում, ցուցափեղկերի միացումը օբյեկտի ազդանշանային համակարգին, ինչպես նաև` զենքի և փամփուշտների գործարանային փաթեթավորմամբ կամ մետաղյա արկղերով դասավորումը դարակաշարերի վրա,
դ. զենքի առկայությունը և համապատասխանությունը հաշվառման փաստաթղթերին ու դրանք պահելու թույլտվություններին, գույքացուցակների կազմման և դրանց քանակի և համարային հաշվառման ճշտությունը,
ե. զենքի տեխնիկական վիճակը,
զ. զետեղարանների, դրանցում պահվող չհրկիզվող կամ մետաղյա պահարանների, ցուցափեղկերի, բուրգերի, արկղերի, վահանակների պահեստային բանալիների պահման կարգը, զենքի պահպանության համար պատասխանատու անձանց տրված կնիքների, կապարակնքման միջոցների հաշվառումը և պահպանումը,
է. զենքի հետ կապված աշխատանքներին առնչվելու իրավունք ունեցող անձանց թույլտվությունների կազմակերպումը, ներօբյեկտային և անցագրային ռեժիմի պահպանման համալիր միջոցառումները,
ը. զենքի հանձնման-ընդունման մատյանում հաշվառման տվյալների և գրանցումների համապատասխանությունն աշխատանքային ժամանակացույցին, ծառայության, պարապմունքների և հրաձգության անցկացման ամփոփագրերին, զենք կրելու և պահելու թույլտվություն ստացած անձանց զենքի ամրագրման մասին հրամաններին, ինչպես նաև` հրաձգության, զենքերը նշանափորձելու, նշանազարկը ստուգելու, ակոսափող զենքերը ստուգելու նպատակով կրակելու համար ծախսված փամփուշտների հայտերին,
թ. գործուղման մեկնող առանձին աշխատողների զենք ստանալու կարգը,
ժ. զենք ցուցադրելու կամ պահելու տարածքները պահպանության հանձնելու (ընդունելու) մասին փաստաթղթերի առկայությունը,
ժա. զենք ընդունելու, հանձնելու, զենքը լիցքավորելու և լիցքաթափելու, ինչպես նաև` մաքրելու տեղը սարքավորելու և այդտեղ գնդակորսիչների առկայությունը (հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց համար).
3) զետեղարանների, կառույցների և շենքերի զննությունն իրականացվում է իրավաբանական անձի ղեկավարի կամ նրա տեղակալի կամ զենքերի պահպանության համար պատասխանատու անձանց ներկայությամբ.
4) համապատասխանության գնահատման մարմիններում (կենտրոններում), ինչպես նաև` համապատասխան փորձարկման լաբորատորիաներում (փորձագիտական կենտրոններում) զենք պահելու և օգտագործելու վայրերը ստուգվում են համապատասխանության գնահատման մարմնի ներկայացուցիչների մասնակցությամբ.
5) զետեղարանների, կառույցների և շենքերի հետազոտման աշխատանքներին անհրաժեշտության դեպքում ընդգրկվում են ճարտարապետական վերահսկողության մարմինների կամ այլ լիազորված մարմինների իրավասու աշխատողներ:
Այն դեպքում, երբ օբյեկտը նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ սարքավորվում է տեխնիկական ամրացվածության հատուկ միջոցներով (այդ թվում` գնդակաորսիչներով), որոնք ունեն բարդ կառուցվածք, հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար ներգրավվում են համապատասխան մասնագետներ.
6) ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները զենք պահելու օբյեկտները, ինչպես նաև առևտրային կազմակերպությունները ստուգում են կիսամյակը մեկ, կազմում են ակտ, որի պատճենը` ստորագրությամբ, հանձնում են իրավաբանական անձի ղեկավարին.
7) ժամանակավոր օգտագործման համար զենք ստացած պաշտոնատար անձանց և զենքի սեփականատեր-քաղաքացիների բնակության վայրում և իրավաբանական անձանց հաշվառման վայրում ստուգելու զենքի առկայությունը և այն պահելու պայմաններն իրականացվում են ոստիկանության ծառայողների կողմից` տարին մեկ անգամ.
8) զենքի պահման պայմանների խախտումներ հայտնաբերելու դեպքում ոստիկանությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց տալիս է դրանց վերացման մասին պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ, ինչպես նաև իրենց իրավասության սահմաններում` «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքի առկայության դեպքում տրված թույլտվությունները ճանաչում են ուժը կորցրած (Ձև N 2).
9) զենքը վերցվում է արձանագրությամբ (Ձև N 3), որը մեկ օրվա ընթացքում զեկուցագրով զեկուցվում է ոստիկանության ստորաբաժանման ղեկավարին: Վերցված զենքը հանձնվում է ոստիկանության տվյալ ստորաբաժանման հերթապահ մաս` ի պահ.
10) իրավաբանական անձի խախտում թույլ տված աշխատողի զենքը վերցնելուց հետո իրավաբանական անձի ղեկավարին տրվում է գրավոր հանձնարարական:
38. Կազմակերպություններում զենքի և փամփուշտների հաշվառումն իրականացնում է իրավաբանական անձի ղեկավարը կամ այն աշխատողը, որի վրա իրավաբանական անձի ղեկավարի հրամանով դրվել են զենքի և փամփուշտների պատասխանատու պահպանության պարտականությունները: Կառուցվածքային, տարածքային ստորաբաժանումներ ունեցող կազմակերպություններում իրավաբանական անձի ղեկավարի հրամանով զենքի և փամփուշտների պատասխանատու պահպանության պարտականությունները դրվում են յուրաքանչյուր տարածքային ստորաբաժանման ղեկավարի վրա:
39. Սույն կարգով նախատեսված զենքի և փամփուշտների հաշվառման ցուցակագրերը, գրանցման մատյանները, ինչպես նաև ավտոմատացված հաշվառման համար նախատեսված ձևաթղթերն օգտագործելուց առաջ ենթակա են պարտադիր գրանցման` թույլտվության համակարգի ստորաբաժանման կողմից: Մատյանների թերթերը համարակալվում, կարվում և կնքվում են ոստիկանության ստորաբաժանման կնիքով: Կազմակերպություններում և դրանց ստորաբաժանումներում զենքը պահելու վերահսկողություն իրականացնելու նպատակով ներքին հաշվառման փաստաթղթերի վարման կարգը և զենքի պահպանության պատասխանատու անձանց պարտականությունները սահմանվում են իրավաբանական անձանց կողմից:
40. Զենքի և փամփուշտների փաստաթղթերը կարվում են հաշվառման գործերում, իսկ համակարգիչներով ձևակերպված փաստաթղթերը` հաշվառման գործեր վարելու կանոնների պահանջներին համապատասխան մատյաններում: Ամրակարված փաստաթղթերի մասին տեղեկությունները նախապես մուտքագրվում են գործերի գույքացուցակում և մատյանում: Զենքի հաշվառման ցուցակագրերը, գրանցման մատյանները, հաշվառման փաստաթղթերով գործերը վարվում են զենքի ու փամփուշտների պահման պատասխանատու անձանց կողմից, իսկ դրանց ավարտից հետո հանձնվում են կազմակերպության արխիվ: Հաշվառման փաստաթղթերով գործերը, ցուցակագրերը, գրանցման մատյանները ոչնչացվում են 10 տարի պահելուց հետո կամ տվյալ իրավաբանական անձի գործունեությունը վերահսկող` ոստիկանության ստորաբաժանման գրավոր թույլտվությամբ: Եթե հաշվառման փաստաթղթերի հետագա պահպանումն իրավաբանական անձի մոտ անհնար է, դրանք հանձնվում են ոստիկանության ստորաբաժանումներին:
41. Առանձին զետեղարանում զենքի և փամփուշտների տեղաբաշխման ժամանակ դրանց պահպանության համար պատասխանատու անձանց կողմից տարվում են հետևյալ հաշվառման փաստաթղթերը`
1) զենքի և փամփուշտների հանձնման-ընդունման մատյան (Ձև N 4).
2) զենքի և փամփուշտների առկայության և տեխնիկական վիճակի ստուգման մատյան (Ձև N 5).
3) շուրջօրյա զինված պահպանության առկայության դեպքում հերթապահության հանձնման-ընդունման մատյան (Ձև N 6).
4) պահպանության տակ գտնվող զենքի և փամփուշտների զինասենյակներում, չհրկիզվող կամ մետաղյա պահարաններում, բուրգերում և արկղերում պահվող զենքի փաթեթավորման թերթիկները (Ձև N 7).
5) չհրկիզվող կամ մետաղյա պահարանում, բուրգում, արկղում տեղավորված զենքի ամրացվածության ցուցակ (Ձև N 8).
6) զենքի և փամփուշտների հետ կապված աշխատանքներին թույլատրված անձանց ցուցակ:
42. Պահեստային շինություններում զենքի և փամփուշտների տեղաբաշխման դեպքում հաշվառման փաստաթղթերը վարվում են հետևյալ ձևով`
1) ստացվող, պահվող և փոխանցվող (վաճառվող) զենքի ու փամփուշտների առկայության և շարժի հաշվառման մատյանում (Ձև N 9). մեծ քանակությամբ զենքերի պահպանության դեպքում թույլատրվում է ունենալ հաշվառման մի քանի մատյաններ` ըստ զենքի մոդելի և փամփուշտների տեսակների.
2) դարակաշարերի վրա պահվող զենքի և փամփուշտների դարակաշարային պիտակներ (Ձև N 10).
3) պահպանության ստորաբաժանման համար նախատեսված ծառայողական փաստաթղթեր.
4) զենքի ու փամփուշտների ներկրման և արտահանման հիմնական, ժամանակավոր և մեկանգամյա անցագրերի հաշվառման մատյաններ:
43. Բեռների պահպանության, ուղեկցման կամ ինկասացիայի ստորաբաժանումներում, ինչպես նաև պահակակետերում վարվում են հետևյալ ծառայողական փաստաթղթերը`
1) իրավաբանական անձի ղեկավարի կողմից հաստատված ծառայության ժամանակացույց.
2) օբյեկտի (օբյեկտների) պահպանությունը, բեռների ուղեկցումը և արժեքավոր իրերի ինկասացիան իրականացնող վերակարգերի ամենօրյա պահակակետային ամփոփագրեր, որոնք պետք է հաստատվեն իրավաբանական անձի ծառայությունը կազմակերպող պատասխանատու անձի կողմից.
3) օբյեկտների պահպանության պահակակետերի ցանկ, ինկասացիայի և բեռների ուղեկցման երթուղիներ` նշելով օգտագործվող զենքի և փամփուշտների տեսակները և մոդելները.
4) իրավաբանական անձի աշխատողներին անհատական ամրացված զենքի և փամփուշտների համարային հաշվառման մատյան (Ձև N 11).
5) շարժական պահակախմբերի երթուղիները` հաստատված իրավաբանական անձի ղեկավարի կողմից.
6) ուսումնական հրաձգության, զենքի նշանափորձման և նշանազարկը ստուգելու նպատակով փամփուշտներ բաց թողնելու հայտեր, հաշվառման գործեր և իրավաբանական անձի ղեկավարի հրամանների պատճեններ:
44. Զենքի և փամփուշտների առևտրով զբաղվող իրավաբանական անձանց կողմից վարվում են`
1) ստացվող, պահվող և փոխանցվող զենքի ու փամփուշտների առկայության և շարժի հաշվառման մատյաններ, ինչպես նաև` կոմիսիոն վաճառքի ընդունված զենքի և փամփուշտների հաշվառման նույնանման առանձին մատյաններ.
2) վաճառված զենքի և փամփուշտների հաշվառման մատյան (Ձև N 12).
3) փաստաթղթեր` զենքի և փամփուշտների պահման յուրաքանչյուր վայրի համար (զինասենյակի, պահեստի, շինության).
4) զենքի և փամփուշտների ընդունման ակտ (Ձև N 13):
45. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց կողմից վարվում են`
1) անհատական ամրացված զենքի և փամփուշտների համարային հաշվառման մատյան.
2) զենքի և փամփուշտների պահման, ինչպես նաև իրավաբանական անձին պատկանող հրաձգային օբյեկտների վերաբերյալ հաշվառման փաստաթղթեր.
3) ուսումնական հրաձգության, ստուգման նպատակով ակոսափող հրազենը կրակելու, զենքի նշանափորձման և նշանազարկը ստուգելու նպատակով, ինչպես նաև` ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ծախսված փամփուշտների դուրսգրման ակտեր.
4) զենքի և փամփուշտների ընդունման-փոխանցման ակտ.
5) տարածքային ստորաբաժանումների միջև զենքի և փամփուշտների փոխանցման մասին իրավաբանական անձի ղեկավարի հրամանը` գրավոր տեղյակ պահելով վերահսկող ոստիկանության մարմնին:
46. Մարզական կազմակերպությունները և ուսումնական հաստատությունները վարում են`
1) զենքի և փամփուշտների, այդ թվում` նաև պատասխանատու պահպանության փոխանցված զենքի համարային հաշվառման մատյան.
2) պարապմունքներ անցկացնելու համար զենք հատկացնելու և հրաձգություն անցկացնելու մասին մարզական կազմակերպության կամ ուսումնական հիմնարկի ղեկավարի հրամանի պատճենը` հաշվառման գործերի հետ միասին.
3) հրաձգության կամ ուսումնական պարապմունքների համար զենք և փամփուշտներ հատկացնելու հայտ.
4) հրաձգության ժամանակ զենքի և փամփուշտների բաշխման հանձնման ամփոփագրեր.
5) օգտագործված փամփուշտների դուրսգրման ակտեր.
6) զենքի և փամփուշտների ընդունման-փոխանցման ակտ.
7) զինասենյակներում տեղավորված զենքի և փամփուշտների հաշվառման փաստաթղթեր, ինչպես նաև հրաձգային օբյեկտների համար նախատեսված փաստաթղթեր` դրանց առկայության դեպքում:
47. Որսորդական տնտեսություն վարող կազմակերպությունները վարում են`
1) կազմակերպության աշխատողներին ամրացված քաղաքացիական զենքի և զենքի ու փամփուշտների համարային հաշվառման մատյան.
2) քաղաքացիներին աշխատանքի ընդունելու, նրանց քաղաքացիական զենք ամրացնելու մասին իրավաբանական անձի ղեկավարի հրամանների պատճեններ և հաշվառման գործեր.
3) զենքի և փամփուշտների ընդունման-փոխանցման ակտ.
4) օգտագործված փամփուշտների դուրսգրման ակտեր.
5) զենք և փամփուշտներ պահող հրաձգային օբյեկտի համար նախատեսված հաշվառման փաստաթղթեր` դրանց առկայության դեպքում:
48. Զենքի փոխադրում իրականացնող իրավաբանական անձինք վարում են`
1) զենքի և փամփուշտների փոխադրման հաշվառման մատյաններ, այդ թվում` մաքսային հսկողության տակ գտնվող զենքի և փամփուշտների հաշվառման համար առանձին մատյաններ (Ձև N 14).
2) պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված տրանսպորտային հաշվառման ուղեկցող փաստաթղթեր.
3) զենքի և փամփուշտների տեղաբաշխման ու պահման տեղերի համար սույն հրահանգով նախատեսված փաստաթղթեր, ինչպես նաև անցագրային ռեժիմ և փոխադրվող (տեղափոխվող) բեռի ուղեկցումն իրականացնող ստորաբաժանման ծառայողական փաստաթղթեր:
49. Իրավաբանական անձինք, որոնք մարզական միջոցառումները կամ որսորդությունն անցկացնում են օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ, նրանց կողմից ներկրված զենքը և փամփուշտները հաշվառում են զենքի ընդունման-հանձնման մատյանի առանձին բաժնում:
50. Իրավաբանական անձանց հաշվեկշռում գտնվող, այդ թվում` ոստիկանության ստորաբաժանումներից ժամանակավոր օգտագործման համար ստացված կամ պետական ռազմականացված կազմակերպությունների կողմից փոխանցված զենքերի ընթացիկ հաշվառման հիմնական փաստաթուղթը անհատական ամրացված զենքի և փամփուշտների համարային հաշվառման մատյանն է: Նշված մատյանի առանձին բաժնում թույլատրվում է հաշվառել իրավաբանական անձանց օգտագործման համար թույլատրված ինքնապաշտպանական հատուկ միջոցներ, ինչպես նաև զենքի խնամքի համար նախատեսված գործիքներ, նյութեր և հարմարանքներ:
51. Զենքի հաշվառման փաստաթղթերում նշվում են նրա տեսակը, ձևը, մոդելը, տրամաչափը, իսկ փամփուշտների մասին` լրացուցիչ, քանակը և արտադրության խմբաքանակի համարը:
52. Պահպանության պատասխանատու անձի կողմից զենքի և փամփուշտների հանձնումը կազմակերպության աշխատողներին, իրականացվում է հանձնման-ընդունման մատյանում համապատասխան գրանցում կատարելուց հետո` այն անձի ստորագրությամբ, որին ամրացված է զենքը: Իրավաբանական անձին պատկանող զենքի և փամփուշտների հափշտակման կամ կորստի դեպքում անհապաղ տեղեկացվում է ոստիկանության ստորաբաժանումներին` ըստ դրանց հաշվառման վայրի: Իրավաբանական անձի ղեկավարի կողմից ոստիկանության ստորաբաժանումների հետ համատեղ կատարվում է ստուգում, որի արդյունքներով որոշում է կայացվում զենքը և փամփուշտները հաշվառումից հանելու մասին` կազմելով դուրսգրման ակտ:
53. Զենքի և փամփուշտների ավելցուկ կամ պակասորդ հայտնաբերելու դեպքում իրավաբանական անձի ղեկավարը այդ մասին տեղեկացնում է ոստիկանության ստորաբաժանումներին, և նշանակվում է գույքագրում, որի ընթացքում բացահայտվում են զենքի հաշվառման տվյալների անհամապատասխանության պատճառներն ու պայմանները և դրանց հաշվառման կարգը խախտող մեղավոր անձինք: Հաշվառումից դուրս մնացած զենքը և փամփուշտները մեկ օրվա ընթացքում ենթակա են հանձնման ոստիկանության ստորաբաժանումներին:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2023 թվականի հունիսի 1-ի
N 896-Ն որոշման
ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական և ծառայողական, այդ թվում` ժամանակավոր օգտագործման համար ստացված, ինչպես նաև որպես պարգև տրված մարտական զենքը կրելու պայմաններին վերաբերող պահանջները:
2. Ոստիկանության մարմինների կողմից տրված զենքը պահելու և կրելու թույլտվությունների հիման վրա զենք կրելը թույլատրվում է`
1) հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց, պետական մարմինների պաշտոնատար անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողներին` ծառայողական պարտականությունների կատարման զենք կրելու թույլտվություն.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` ինքնապաշտպանության, սիրողական, մարզական և ուսուցողական հրաձգության, որսորդության, սպորտային և մշակութային միջոցառումների, ռազմամարզության ընթացքում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում օգտագործելու համար:
3. Երկարափող հրազենը կրում են ծածկաշապիկով, դրված պահպանակի, իսկ կարճափող հրազենը` պատյանում, նույն կերպ:
4. Զենքի կրկնօրինակներ, ինչպես նաև մշակութային արժեք ունեցող զենք թույլատրվում է կրել միայն ազգային տարազի հետ` առանց փամփուշտի` պետական մարմինների, թանգարանների, պետական կամ հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող պատմամշակութային միջոցառումներին քաղաքացիների մասնակցության դեպքում` նշված միջոցառումների իրականացումը Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ:
5. Սույն կարգի 2-րդ կետում նշված անձինք զենք կրելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և զենք պահելու և կրելու թույլտվություն:
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2023 թվականի հունիսի 1-ի
N 896-Ն որոշման
ԿԱՐԳ
ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՎԱՃԱՌՔԻ, ՓՈԽԱՆՑԵԼՈՒ, ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ
1. Սույնով սահմանվում են զենքի հավաքածու կազմելու և զենքի հավաքածու ցուցադրելու կանոնները, վաճառքի, փոխանցելու, ձեռք բերելու, ցուցադրելու, պահելու և փոխադրելու կարգը:
2. Ֆիզիկական և իրավաբանական անձինք, զենքի հավաքածու կարող են կազմել Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրված թույլտվության հիման վրա:
3. Զենքի հավաքածուն ընտրված զենքերի ամբողջություն է, որը կարող է ունենալ ճանաչողական, պատմական, գիտական, գեղարվեստական, մշակութային և տեղեկատվական նշանակություն.
4. Իրավաբանական և ֆիզիկական անձինք զենքի հավաքածու կարող են կազմել Հայաստանի Հանրապետության ոստիկանության տված` զենքի հավաքածու կազմելու թույլտվության հիման վրա: Իրավաբանական և ֆիզիկական անձանց զենքի հավաքածուում կարող են ներառվել ինքնապաշտպանական, սիրողական, որսորդության, սպորտային, ճանաչողական, պատմական, գիտական, գեղարվեստական, մշակութային և տեղեկատվական նշանակության զենքի տեսակները:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից հավաքածու կազմելու թույլտվություն չի պահանջվում քաղաքացիական զենքի այն տեսակների համար, որոնք ձեռք են բերվում առանց թույլտվության:
6. Իրավաբանական անձինք, բացի պետական ռազմականացված կազմակերպություններից, սույն կետում նշված հավաքածու կազմելու նպատակով զենք և դրա փամփուշտները ձեռք են բերում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրված թույլտվության հիման վրա` համաձայն իրավաբանական անձի ղեկավարի ներկայացրած դիմումի:
7. Պետական ռազմականացված կազմակերպությունները զենքի հավաքածու կազմում են առանց թույլտվության: Պետական ռազմականացված կազմակերպությունները զենքի հավաքածուում կարող են ներառել`
1) քաղաքացիական զենք.
2) ծառայողական զենք.
3) մարտական զենք.
4) քրեական վարույթներով իրեղեն ապացույց ճանաչված (այդ թվում` ինքնաշեն, ապօրինի ձևափոխված կամ Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված) զենք` վերջնական դատական ակտի առկայության դեպքում.
5) արտադրական, ուսումնական զենք, փորձարկումների համար նախատեսված կամ նշված նպատակներով պատրաստված զենքի եզակի նմուշներ.
6) համապատասխանության գնահատում չանցած զենք.
7) սույն կետի 1-6-րդ ենթակետերով նախատեսված զենքերի փամփուշտներ:
8. Զենքի հավաքածու չեն համարվում և Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հաշվառման ենթակա չեն`
1) զենքի և ռազմամթերքի նմանակները (մակետները), որոնցից կենդանի կամ այլ նշանակետ խոցելն անհնար է.
2) կառուցվածքով զենքին նմանվող իրերը:
9. Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության փորձաքրեագիտական ստորաբաժանումները, քրեագիտական հավաքածուների օգտագործման կարգը սահմանում են սույն կետում նշված պետական մարմինները` առանց թույլտվության:
10. Պետական, համայնքին, իրավաբանական ու ֆիզիկական անձանց պատկանող թանգարանները զենքի և դրա փամփուշտների փոխանցելը, ձեռք բերելը, հավաքածուներ կազմելը (այսուհետ` հավաքչարարություն) կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համաձայնությամբ:
11. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են քաղաքացիական զենքի ու դրա փամփուշտների հավաքչարարություն իրականացնել, եթե այդ զենքի ձեռքբերումը չի հակասում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգին:
12. Զենքով պարգևատրված անձինք կարող են այդ զենքն ընդգրկել իրենց հավաքածուի մեջ` հավաքածու կազմելու թույլտվության առկայության դեպքում:
13. Իրավաբանական ու ֆիզիկական անձանց արգելվում է`
1) իրականացնել զենքի և դրա փամփուշտների հավաքչարարություն` առանց համապատասխան թույլտվություն ստանալու.
2) հավաքել զենքի և դրա փամփուշտների տեսակներ ու մոդելներ, որոնք նախատեսված չեն հավաքածու կազմելու թույլտվությամբ:
14. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն բնակության վայրում պահելու զենքի և դրա փամփուշտների հավաքածուները դրանց պահպանման, ամբողջականության, անվտանգության պայմաններն ապահովող պայմաններում` մետաղյա պահարաններում, գերկայուն (գերամուր) նյութից պատրաստված կամ երկաթով պատված փայտյա արկղերում կամ զենք պահելու տեխնիկական պահանջների համապատասխան սարքավորված սենյակներում:
15. Զենքի ու փամփուշտների հավաքածու կազմելու թույլտվություն ստանալու համար իրավաբանական անձի ղեկավարը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն պարտավոր է ներկայացնել`
1) դիմում.
2) իրավաբանական անձի կանոնադրության և պետական գրանցման փաստաթղթերի պատճեններ.
3) զենք ու փամփուշտներ պահելու համար նախատեսված շինությունների, զետեղարանների, պահեստների` օրինական տիրապետումը հավաստող փաստաթղթեր.
4) հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ուսումնասիրության ակտ.
5) պահպանություն իրականացնող կազմակերպության հետ պայմանագրի պատճենը` շինությունների պահպանության վերաբերյալ.
6) իրավաբանական անձի ղեկավարի հրամանների պատճենները`
ա. իրավաբանական անձի ղեկավարի զետեղարանում զենքն ու փամփուշտները պահելու և հանձնելու պատասխանատու անձ նշանակելու մասին,
բ. զենքի ու փամփուշտների հետ առնչվող աշխատանքներին թույլատրված անձանց ցուցակ.
7) զենքի ու փամփուշտների հավաքածու կազմելու թույլտվություն ստանալու համար իրավաբանական անձի ղեկավարը պատմամշակութային հավաքածուներ ստեղծելու դեպքում պարտավոր է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն ներկայացնել նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համաձայնությունը:
16. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հավաքածու կազմելու թույլտվություն ստանալու համար պարտավոր են ներկայացնել դիմում (Ձև N 15),
17. Զենքի հավաքածու կազմող իրավաբանական անձանց ու քաղաքացիներին զենք պահելու թույլտվության հետ միասին հանձնվում է թույլտվությունը ստորագրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության մարմնի ղեկավարի կողմից հաստատված և այդ մարմնի կնիքով վավերացված զենքի համարային հաշվառման ցուցակը:
18. Զենքի ու փամփուշտների հավաքածուներ կազմելով զբաղվող իրավաբանական անձանց ղեկավարները զենք ու փամփուշտներ ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար պարտավոր են ներկայացնել դիմում:
19. Պետական և համայնքային թանգարանները ներքին գործերի նախարարության թանգարանային հավաքածուի պետական մասի մեջ ընդգրկելու համար զենք և փամփուշտներ ձեռք են բերում թույլտվությամբ, իսկ զենքի առանձին տեսակների նվիրատվության կամ փոխանցման դեպքում թանգարանի ղեկավարը դիմումի հետ մեկտեղ ներքին գործերի նախարարության ոստիկանություն պարտավոր է ներկայացնել փոխանցվող ցուցանմուշ-զենքի նկատմամբ նվիրատուի սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ:
20. Իրավաբանական անձանց կողմից փամփուշտներ ձեռք բերելու թույլտվության ձևակերպումն իրականացվում է զենք ձեռք բերելու թույլտվությունների համար սահմանված կարգով: Օգտագործված, կորած կամ ոչնչացման հանձնված փամփուշտների փոխարեն նորերը ձեռք բերելու համար դիմումատուն լրացուցիչ ներկայացնում է`
1) իրավաբանական անձի ղեկավարի կողմից հաստատված փամփուշտների դուրսգրման ակտը.
2) ուսումնական և այլ նպատակներով իրականացված հրաձգությունների ժամանակ օգտագործված փամփուշտների բաշխման-հանձնման ամփոփագրերը կամ փամփուշտների դուրսգրման օրինականությունը հաստատող այլ փաստաթղթեր.
3) ոչնչացման նպատակով` ՆԳՆ ոստիկանության մարմիններին փոխանցված փամփուշտների ընդունման հանձնման ակտերը:
21. Իրավաբանական անձանց հավաքածուներ կազմելու թույլտվություններ տալու կամ դրանց գործողության ժամկետները երկարաձգելու ժամանակ ուսումնասիրվում են զենք պահելու պայմանները, օբյեկտների տեխնիկական հագեցվածությունը և հաշվառման փաստաթղթերը: Կազմվում է ակտ` նշելով զենք ու փամփուշտներ պահելու թույլատրելի քանակությունը, դրանք պահելու պայմաններն ապահովող չհրկիզվող կամ մետաղյա պահարանների, դարակաշարերի և հրշեջ-պահպանական ահազանգման միջոցների առկայությունը:
22. Զենք ցուցադրելու թույլտվություն ստանալու համար իրավաբանական անձինք պարտավոր են ներկայացնել`
1) դիմում (Ձև N 16).
2) իրավաբանական անձի կանոնադրության և պետական գրանցման փաստաթղթերի պատճենները կամ զենքի ու փամփուշտների հավաքածուներ կազմելու թույլտվությունը.
3) ցուցադրելու և զենքի ու փամփուշտների պահպանության պատասխանատու անձ նշանակելու մասին իրավաբանական անձի ղեկավարի հրամանի պատճենը.
4) զենք և փամփուշտներ ցուցադրելու, պահելու, հանձնելու և դրանց հետ կապված աշխատանքներին թույլատրված աշխատողների ցուցակը:
23. Պետական ու համայնքային թանգարանները նշված փաստաթղթերի հետ մեկտեղ ներկայացնում են նաև թանգարանային գործունեություն իրականացնելու իրավունք վերապահող փաստաթղթի պատճենը:
24. Թվարկված փաստաթղթերը ներկայացվում են նաև տրված թույլտվությունների գործողության ժամկետները երկարաձգելու համար: Թույլտվություններում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում դիմումին կցվում են այդ փոփոխություններն առաջացրած իրավաբանական փաստերի մասին տեղեկություններ, ինչպես նաև դրանց հետ կապված լրացուցիչ փաստաթղթեր:
25. Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից իրենց պատկանող հավաքածուների, ինչպես նաև այլ սեփականատերերին պատկանող զենքի և դրա փամփուշտների հատուցվող ցուցադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրված ցուցադրելու թույլտվության հիման վրա:
26. Իրավաբանական և ֆիզիկական անձինք իրենց և այլ սեփականատերերի պատկանող զենքի հավաքածուի ցուցահանդեսները, ցուցահանդես-վաճառքները (այսուհետ` ցուցահանդես) կատարում են զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվության հիման վրա:
27. Զենք և փամփուշտներ ցուցադրելու թույլտվություն ստանալու համար ՀՀ քաղաքացիները ոստիկանություն ներկայացնում են դիմում:
28. Պետական ռազմականացված կազմակերպությունները զենքի գիտական, տեղեկատվական, ճանաչողական և քրեագիտական նշանակության հատուկ հավաքածուների ցուցահանդեսներ կազմակերպում են առանց թույլտվության:
29. Զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձինք իրենց պատկանող զենքը կարող են ցուցադրել զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց միջոցով` նրանց հետ կնքած համապատասխան պայմանագրի հիման վրա: Ցուցահանդեսի անցկացման պատասխանատվությունը կրում է զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձը:
30. Զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են`
1) ապահովել ցուցասրահների, զետեղարանների անվտանգությունը, ցուցանմուշների պահպանությունը.
2) ապահովել ցուցանմուշների հաշվառումը.
3) Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել ցուցադրման ենթակա զենքի համարային հաշվառման ցուցակները:
31. Զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց արգելվում է`
1) ցուցադրել Հայաստանի Հանրապետության ոստիկանության չհաշվառած զենքը.
2) ցուցահանդեսում զենք ցուցադրել այլ առարկաների հետ համատեղ, բացառությամբ զենքի պահեստամասերի, արտադրության սարքերի և գործիքների, սպորտային, որսորդական ու ձկնորսական հարմարանքների, զենքի տեխնիկական սպասարկման և նորոգման առարկաների.
3) զենքը պահել ցուցահանդեսի ընթացքում զենք պահելու պայմաններին չհամապատասխանող զետեղարանում:
32. Ցուցադրման թույլտվություն ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք առևտրային կամ ոչ առևտրային ցուցահանդեսի, ցուցահանդես-վաճառքի կամ աճուրդի կազմակերպման դեպքում պարտավոր են`
1) տարածքի սեփականատիրոջ հետ կնքել վարձակալության պայմանագիր` զենքի և դրա փամփուշտների ցուցադրման, դրանց պահպանման վերաբերյալ.
2) օտարերկրյա մասնակիցների դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ստանալ Հայաստանի Հանրապետություն զենք ներկրելու թույլտվություն կամ Հայաստանի Հանրապետությունից այն արտահանելու համար.
3) թույլ չտալ կողմնակի անձանց մուտքը զենքի և դրա փամփուշտների տեղաբաշխման ու պահման զետեղարաններ.
4) բաց ցուցափեղկում կամ ստենդում տեղադրված զենքը և փամփուշտները օրվա վերջում ցուցահանդեսի կամ աճուրդի ավարտից հետո հանձնել դրանց պահպանումը և անձեռնմխելիությունն ապահովող զետեղարաններ:
33. Մի քանի իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից զենքի և դրա փամփուշտների ցուցահանդեսի կամ աճուրդի կազմակերպման դեպքում միջոցառման անցկացման պարտականությունը կատարում է մասնակիցներից մեկը:
34. Զենքի և փամփուշտների ցուցահանդես անցկացնելու համար պատասխանատու անձը պարտավոր է ցուցադրումից առնվազն երեք օր առաջ ոստիկանությանը տեղյակ պահել տվյալ միջոցառման անցկացման ժամկետները, ինչպես նաև`
1) ապահովել ցուցասրահների, զենքի զետեղարանների սարքավորումը, ցուցանմուշների ցուցադրումն ու ժամանակավոր պահպանումը.
2) կազմակերպել անհրաժեշտ անցագրային և ներօբյեկտային ռեժիմ, ապահովել զենքի անվտանգության և ցուցանմուշների հաշվառման սահմանված պայմանները.
3) ցուցադրվող զենքն ու փամփուշտները պահելու թույլտվություն ստանալու համար դիմումի հետ մեկտեղ ոստիկանություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա. ցուցահանդեսի մասնակիցների միջև կնքված պայմանագիրը` զենք և փամփուշտներ ցուցադրելու կարգի ու պայմանների, ցուցահանդես անցկացնելու և ցուցադրվող զենքի անվտանգությունն ապահովող պատասխանատուի նշանակելու (որոշման) մասին,
բ. ցուցահանդեսի մասնակիցների կողմից ցուցադրման համար ներկայացված զենքի և փամփուշտների ցուցադրման թույլտվությունների պատճենները,
գ. զենք ցուցադրելու և պահելու համար նախատեսված տարածքների օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերը, այդ տարածքների ուսումնասիրման ակտերը` կազմված ոստիկանության թույլտվության համակարգի, հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ու պահպանության ներկայացուցիչների կողմից,
դ. ցուցահանդեսի անցկացման ծրագիրը, ինչպես նաև էքսպոզիցիայի նախագիծը,
ե. պահպանություն իրականացնող ծառայության հետ կնքված պայմանագրի պատճենը` շինությունների պահպանության և պահնորդաազդանշանային կենտրոնացված պահպանության դիտակետին դրանց միացման մասին,
զ. մասնակից իրավաբանական և ֆիզիկական անձանց ցուցակները, ցուցահանդեսի կազմակերպման պատասխանատու իրավաբանական անձի կողմից պահպանության և ցուցադրվող զենքերի համար պատասխանատուների ցուցակը, նրանց անձնագրային տվյալները, արտակարգ կապի հեռախոսների տեղակայման վայրերը, պահպանության պատասխանատու անձանց նշանակելու հրամանների պատճենները,
է. ցուցադրման ներկայացված զենքերի համարային հաշվառման ցուցակները, որտեղ նշվում են զենքերի տեսակները, մոդելները, տրամաչափերը և համարները, ինչպես նաև` ցուցադրման ենթակա փամփուշտների քանակը, տեսակը և տրամաչափեր:
35. Ցուցահանդես կազմակերպելու դեպքում ցուցահանդես անցկացնելու պատասխանատու անձը ոստիկանություն պարտավոր է ներկայացնել`
1) ցուցահանդես անցկացնելու և ցուցադրվող զենքի ու փամփուշտների պահպանության պատասխանատու անձ նշանակելու մասին որոշման պատճենը.
2) ոստիկանության թույլտվության համակարգի, հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ու պահպանության ներկայացուցիչների կողմից ցուցասրահների և զենք պահելու վայրերի ուսումնասիրության ակտ.
3) զենքի ցուցադրման ծրագիրը և էքսպոզիցիայի տեղադրման նախագիծը, ցուցահանդեսը պահնորդաազդանշանային կենտրոնացված պահպանության դիտակետին միացնելու պայմանագիրը, միջոցառման մասնակից իրավաբանական և ֆիզիկական անձանց ու մասնակից կազմակերպությունների պատասխանատու անձանց ցուցակները, ինչպես նաև ցուցադրման ներկայացված զենքի համարային հաշվառման ցուցակը, ինչպես նաև փամփուշտների քանակը, տեսակը և տրամաչափը:
36. Ցուցադրումը կազմակերպող պատասխանատու անձը ցուցադրումը սկսելուց առաջ ոստիկանության իրավասու աշխատակցին ներկայացնում է ցուցադրվող զենքերն ու փամփուշտները` զննելու, հաշվառելու և ուղեկցող փաստաթղթերի համապատասխանությունը ստուգելու նպատակով: Ցուցահանդեսի ավարտից հետո զենքն ու փամփուշտները ենթակա են կրկնակի զննության ու ստուգման:
37. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով քաղաքացիական և ծառայողական զենք ու փամփուշտներ տեղափոխելու համար զենքի ու փամփուշտների հավաքածուներ կազմելու կամ ցուցադրելու թույլտվություն ունեցող կազմակերպությունները, զենք և փամփուշտներ ներկրելու կամ արտահանելու թույլտվություն ստանալու համար ոստիկանություն պարտավոր են ներկայացնել դիմում` նշելով տեղեկություններ`
1) զենքի տեսակների, մոդելների, տրամաչափերի, սերիաների, համարների, ինչպես նաև փամփուշտների տեսակների, տրամաչափերի, պատրաստման խմբաքանակի և քանակության մասին.
2) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության թույլտվությունը ոստիկանությունում գրանցված մշակութային արժեք հանդիսացող զենքը ՀՀ-ից արտահանելու համար.
3) զենք ու փամփուշտներ ներկրելու (արտահանելու) ընթացքում տեղափոխման անվտանգության պատասխանատու անձ նշանակելու հրամանի պատճենը և նրա անձնագրային տվյալների մասին.
4) զենքի և փամփուշտների համապատասխանության գնահատման փաստաթղթի պատճենը բացառությամբ`
ա. պետական կադաստրում ընդգրկված քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների,
բ. հավաքածուների համար նախատեսված զենքերի և փամփուշտների,
գ. ցուցահանդեսի օտարերկրյա մասնակցի կողմից ցուցադրման նպատակով ներկրվողների, եթե առկա են ցուցահանդեսի անցկացման և զենքի ցուցահանդեսի անցկացման պատասխանատու իրավաբանական անձի հրավերը կամ նրա հետ կնքված պայմանագիրը,
դ. օտարերկրյա ցուցահանդեսների մասնակցելու նպատակով արտահանվողների` համապատասխան հրավերների և կնքված պայմանագրերի առկայության դեպքում,
ե. լիազորված հանրապետական գործադիր իշխանության մարմնի որոշմամբ ցուցադրելու միջոցառումներին մասնակցելու նպատակով զենք և փամփուշտներ արտահանելու դեպքում պայմանագրի փոխարեն ներկայացվում է համապատասխան գործադիր իշխանության մարմնի ղեկավարի որոշման պատճենը.
զ. զենք ու փամփուշտներ արտադրող իրավաբանական անձանց արտադրական (տեխնոլոգիական) նպատակներով եզակի նմուշ ներկրելու դեպքում:
38. Զենքի հավաքածու կազմելով կամ դրանց ցուցադրմամբ զբաղվող քաղաքացիների և իրավաբանական անձանց գործունեության ստուգումներն իրականացվում են ոստիկանության կողմից` անհրաժեշտության դեպքում ընդգրկելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության հատուկ հավատարմագրված ներկայացուցիչների` ապահովելով զենքերի և դրանց սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների գաղտնիությունը:
39. Հավաքածու ունեցող իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանց ստուգումներն իրականացվում են եռամսյակը մեկ անգամ:
40. Զենքի հավաքածու ունեցող կամ դրանց ցուցադրմամբ զբաղվող իրավաբանական անձանց ստուգումների ընթացքում պարզվում են`
1) նրանց գործունեության համապատասխանությունը օրենսդրության պահանջներին, ինչպես նաև կանոնադրական և գրանցման փաստաթղթերին.
2) զենքի ընդունման-հանձնման ակտերի առկայությունը և զենքի ու փամփուշտների սեփականատերերի հետ կնքված ցուցադրմանը մասնակցելու պայմանագրերը կամ իրավասու մարմինների կողմից վերցված զենքն ու փամփուշտները թանգարաններին պատասխանատու պահպանության փոխանցելու վերաբերյալ ընդունման-հանձնման ակտերը, ինչպես նաև հավաքածու կազմելու ենթակա զենքի և փամփուշտների պատմամշակութային ու արվեստաբանական փորձաքննության ակտերը.
3) զենք ցուցադրելու, պահելու տեղերի համապատասխանությունը զենքի պահման պայմաններին.
4) զենքի հավաքածու կազմելու, ցուցադրելու, պահելու սահմանված կարգի և ցուցափեղկերում ու այլ տեղերում նրանց պահպանության ապահովումը.
5) զենքի հաշվառման փաստաթղթերի, գործավարության համապատասխանությունը սույն կարգի պահանջներին.
6) ցուցադրման համար նախատեսված զենքի ընդունման-հանձնման, մշակութային արժեք ունեցող զենքի պատմամշակութային և արվեստաբանական փորձաքննության ակտերի առկայությունը, ինչպես նաև իրավասու մարմինների կողմից վերցված զենքի և փամփուշտների վերաբերյալ նյութերը ոստիկանություն ժամանակին հանձնելու փաստերը.
7) զենքի և փամփուշտների հետ վարվելու, դրանց պահպանության պատասխանատու անձանց, փորձաքննություն, հետազոտություն իրականացնող մասնագետներին հանձնելու և զենքի ու փամփուշտների հետ կապված այլ թույլատրելի աշխատանքների փաստաթղթավորումը.
8) իրավաբանական անձի աշխատողներին զենքի և փամփուշտների հետ առնչվող աշխատանքներին թույլատրելու հիմքերը, անվտանգության միջոցառումների ապահովումը տեղափոխման, ուղեկցման և գնորդներին ու այցելուներին ցուցասրահներ, իսկ այլ կազմակերպությունների մասնագետներին` հավաքածուների պահոցներ և զետեղարաններ մուտքը թույլատրելիս.
9) ոստիկանության կողմից նախորդ ստուգումների ժամանակ հայտնաբերված խախտումների ժամանակին և լիարժեք վերացումը:
----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում