040.0377.100402
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 ապրիլի 2002 թվականի N 377
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված կարգի IV բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«IV. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
48. Սույն կարգի իմաստով բյուջետային երաշխիք (այսուհետև` երաշխիք) է համարվում այլ անձի (պրինցիպալ) քաղաքացիաիրավական պարտավորությունների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության (այսուհետև` երաշխավոր) ստանձնած գրավոր պարտավորությունը` պրինցիպալի պարտատիրոջը (այսուհետև` բենեֆիցիար) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին բենեֆիցիարի պահանջով որոշակի գումար վճարելու վերաբերյալ: Երաշխիքի տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 383-394-րդ հոդվածներով:
49. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին երաշխիք տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա` նախարարության կողմից:
50. Երաշխիքը տրամադրվում է գրավոր փաստաթղթի ձևով և հանդիսանում է միակողմ գործարք:
51. Երաշխիքում նշվում են հետևյալ տեղեկությունները`
ա) պրինցիպալի անվանումը, գտնվելու վայրը,
բ) երաշխավորի անվանումը` Հայաստանի Հանրապետություն` ի դեմս նախարարության,
գ) երաշխիքի գումարը,
դ) երաշխիքի գումարի վճարման պայմանները, ներառյալ երաշխավորին պահանջի ներկայացման կարգը,
ե) երաշխիքի գործողության ժամկետը,
զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ տեղեկություններ:
Սույն կետի պահանջներին չհամապատասխանող փաստաթուղթը երաշխիք չի համարվում:
52. Երաշխիքով երաշխավորը բենեֆիցիարի հանդեպ կրում է սահմանափակ պատասխանատվություն` դրանով ապահովված հիմնական պարտավորության կատարման համար:
53. Բենեֆիցիարի նկատմամբ երաշխավորի պատասխանատվությունը սահմանափակվում է երաշխիքում նշված գումարով:
54. Երաշխիքի կատարումը ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հատկացումների հաշվին:
55. Երաշխիքներ տրամադրելու նպատակով երաշխավորը պրինցիպալի հետ կնքում է երաշխիք տալու մասին պայմանագիր: Պայմանագրով պետք է նախատեսվի, որ երաշխիքի գումարը կամ դրա մի մասը երաշխավորի կողմից բենեֆիցիարին վճարելու հետևանքով ծագող հետադարձ պահանջի գումարը համարվում է երաշխավորի կողմից պրինցիպալին տրամադրված վարկ, որի տարեկան տոկոսադրույքը հավասար է բանկային տոկոսի հաշվարկային դրույքին:
56. Սույն կարգի 55-րդ կետի համաձայն տրամադրված վարկի մարման ժամկետ է համարվում երաշխավորի կողմից բենեֆիցիարին վճարված գումարի (դրա մի մասի) վճարման օրվան հաջորդող օրվանից հաշվված 1-ամսյա ժամկետը, բայց ոչ ավելի, քան տվյալ բյուջետային վերջին օրը, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա նախարարության կողմից ավելի երկար ժամկետ չի առաջարկվել:
57. Պրինցիպալը, մինչև վարկի մարման ժամկետի ավարտը, պարտավոր է երաշխավորին վճարել վերջինիս կողմից բենեֆիցիարին երաշխիքով վճարված ամբողջ գումարն ու հաշվարկված տոկոսագումարը:
58. Երաշխավորին պրինցիպալի կողմից վարկի գումարի և տոկոսագումարի վճարումն ապահովելու նպատակով պրինցիպալը երաշխիք տալու մասին պայմանագիրը կնքելուց հետո 15-օրյա ժամկետում երաշխավորին տրամադրում է ապահովման միջոց (գրավ, պահում, բանկային երաշխիք): Ապահովման չափը չի կարող փոքր լինել երաշխիքի գումարի մեծությունից:
59. Եթե պրինցիպալը պայմանագրով սահմանված ժամկետներում չի վերադարձնում վարկի և (կամ) տոկոսների գումարը, ապա երաշխավորը ձեռնարկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործողություններ` իր պահանջի իրավունքի իրականացման համար:
60. Երաշխավորը երաշխիքի գործողության ամբողջ ընթացքում կարող է պայմանագրով սահմանված հաճախականությամբ և կարգով պրինցիպալից պահանջել տեղեկատվություն վերջինիս գործունեության վերաբերյալ:
61. Պրինցիպալի կողմից` պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտման դեպքում երաշխավորն իրավունք ունի պայմանագրով սահմանված կարգով պրինցիպալի մոտ կատարելու ֆինանսատնտեսական գործունեության ստուգումներ:
62. Նախարարությունն իրականացնում է երաշխիքներով ապահովված պարտավորությունների հաշվառում` ըստ պրինցիպալի, բենեֆիցիարի, երաշխավորված պարտքային պարտավորության մեծության, պրինցիպալի կողմից ներկայացված ապահովման միջոցի ձևի և չափի, պրինցիպալի կողմից ինքնուրույն կատարված ու երաշխավորի կողմից կատարված վճարումների, ձևակերպված վարկի տոկոսադրույքների և մարման ժամկետի, պրինցիպալի կողմից կատարված մարումների ու կետանցված պարտավորության»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 10-ից: