ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
7 հունվարի 2022 թվականի N 311
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ԴԱՇՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՎԱԾ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԸ ԵՎ ՍՏԱՑՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Շրջանառության հարկի դաշտում գործունեություն ծավալող ընկերության անհուսալի ճանաչված կրեդիտորական պարտքերը և ստացված դրամաշնորհները հանդիսանու՞մ են շրջանառության հարկով հարկման օբյեկտ, եթե այո, ապա ի՞նչ դրույքաչափով է հարկը հաշվարկվում:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 256-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, բացառությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների շրջանակներում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը: Նույն մասի կիրառության իմաստով` ծառայությունների մատուցում են համարվում նաև ոչ նյութական ակտիվների օտարման գործարքները, ինչպես նաև այն գործարքները, որոնց դիմաց ստացվում են վարձակալական կամ օգտագործման վճար, տոկոս և (կամ) ռոյալթի,
i
- 257-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին համապատասխան` շրջանառության հարկով հարկման բազա է համարվում օրենսգրքի 256-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործարքների իրացման շրջանառությունը: Նույն հոդվածի կիրառության իմաստով` եկամուտների հաշվառումն իրականացվում է օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով:
i
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ շրջանառության հարկով հարկման բազա են համարվում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից (այդ թվում` ոչ նյութական ակտիվների օտարման գործարքներից, վարձակալական կամ օգտագործման վճարի, տոկոսի և (կամ) ռոյալթիի տեսքով) ստացվող եկամուտները (իրացման շրջանառությունը), որոնց հաշվառումն իրականացվում է օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով: Հետևաբար` օրենսգրքի 256-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված շրջանառության հարկով հարկման օբյեկտ համարվող ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից տարբերվող` օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ համարվող տարրերը (այդ թվում` անհուսալի կրեդիտորական պարտքերի գումարները, անհատույց ստացված դրամական միջոցները) շրջանառության հարկ վճարողների համար հարկման օբյեկտ չեն համարվում:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ