https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20272.pdf
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
27 հոկտեմբերի 2021 թվականի N 272
ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Վրաստանի Հանրապետության քաղաքացին Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ի կլինիկական օրդինատոր է անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությամբ: Հանդիսանում է գրանցված վարձու աշխատող: Տվյալ դեպքում կարո՞ղ է օգտվել վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման հնարավորությունից:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի 160.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով, բայց ոչ ավելի, քան ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների` Կառավարության հաստատած մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողի (ուսանողի) ուսման համար վճարված գումարը:
Նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին համապատասխան` նույն օրենքով նախատեսված փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
ՀՀ կառավարության 03.07.2020թ. N 1125-Ն որոշման հավելվածով սահմանված` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգի 2-րդ կետի համաձայն` նույն կարգի գործողությունը տարածվում է ՀՀ կառավարության 18.06.2020թ. N 1035-Ն որոշմամբ հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող` վարձու աշխատող հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ գործող օրենսդրական կարգավորումներին համապատասխան` օրենսգրքի 160.1-ին հոդվածով նախատեսված` ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձման իրավունքից կարող են օգտվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ