ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
1 հուլիսի 2021 թվականի N 214
ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
ՀՀ քաղաքացին հանդիսանում է «Ա» հիմնադրամի միակ հիմնադիրը (մասնակիցը) և որոշում է հիմնադրել առևտրային «Բ» կազմակերպությունը` հանդիսանալով նրա 100 տոկոս բաժնետերը («Բ» ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 100 տոկոսը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող միևնույն ֆիզիկական անձին: ՀՕ 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` Օրենսգրքի կիրառության իմաստով` կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք) «Ա» հիմնադրամը և «Բ» ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը) համարվու՞մ են փոխկապակցված, արդյո՞ք առևտրային «Բ» կազմակերպությունը կարող է համարվել շրջանառության հարկ վճարող:
Պատասխան
i
ՀՀ հարկային օրենսգրքի` - 254-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` շրջանառության հարկ վճարողներ են համարվում նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանը բավարարող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի) նույն մասով դեպքերում և ժամկետներում, մասնավորապես` հարկային տարվա ընթացքում պետական գրանցում ստացած առևտրային կազմակերպությունը որպես կազմակերպություն պետական գրանցման օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե հարկ վճարողը մինչև որպես կազմակերպություն պետական գրանցման օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ (նույն մասի 2-րդ կետ),
i
- 254-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետին համապատասխան` շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փոխկապակցված համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, բացառությամբ նույն կետում նշված դեպքերի,
i
- 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` օրենսգրքի կիրառության իմաստով` կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը):
Հաշվի առնելով վերոնշյալ կարգավորումները` գրությամբ բարձրացված հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ ոչ առևտրային կազմակերպության (տվյալ դեպքում` հիմնադրամի) հիմնադիր հանդիսացող ֆիզիկական անձի կողմից միաժամանակ առևտրային կազմակերպության հիմնադիր հանդիսանալը հիմք չէ կազմակերպություններին, օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան, փոխկապակցված համարելու համար, քանի որ վերոնշյալ կետով սահմանված փոխկապակցվածությունը վերաբերում է միայն ռեզիդենտ առևտրային կազմակերպություններին: Հետևաբար` շրջանառության հարկ վճարող համարվելու համար օրենսգրքով սահմանված մյուս պայմաններին բավարարելու դեպքում ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը կարող է համարվել շրջանառության հարկ վճարող` օրենսգրքով սահմանված ժամկետում շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը հարկային մարմին ներկայացնելու դեպքում:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ