ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հունիսի 2021 թվականի N 938-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԶԵՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ (ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ), ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՑԱՆԿԸ, ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 656 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 201-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Զենքի մասին» օրենքի 5-րդ հոդվածին, «Մաքսային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերին, «Հարկային ծառայության մասին» օրենքի 30-րդ հոդվածին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային և հարկային մարմիններում զենքով ապահովելու (տրամադրելու), զենքը պահելու, կրելու և օգտագործելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային և հարկային մարմինների կողմից օգտագործվող զենքի և ռազմամթերքի ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) զենք կրելու, պահելու և օգտագործելու իրավունք ունեցող մաքսային մարմնի պաշտոնների ցանկը` համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` ՊԵԿ) նախագահին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ` ոստիկանության հաշվապահական հաշվեկշռում հաշվառված և ՊԵԿ-ին ժամանակավոր օգտագործման նպատակով հանձնված մարտական զենքի տեսակները ոստիկանության հաշվեկշռից հանելու և ՊԵԿ-ի հաշվապահական հաշվեկշռում հաշվառելու վերաբերյալ:
i
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 1-ի «Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց զենքով ապահովելու մասին» N 656 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում զենք պահելու, կրելու իրավունք ունեցող աշխատողների պաշտոնների և նրանց կողմից օգտագործվող զենքի տեսակների, ձևերի, մոդելների ցանկն ու քանակը սահմանելու մասին» N 201-Ն որոշումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան
2021 թ. հունիսի 10
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի հունիսի 10-ի
N 938-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԶԵՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ (ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ), ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` ՊԵԿ) մաքսային և հարկային մարմիններում զենքով ապահովելու (տրամադրելու), զենքը պահելու, կրելու և օգտագործելու հետ կապված հարաբերությունները:
2. Պահելու, կրելու և օգտագործելու իրավունքով ՊԵԿ-ի տնօրինության տակ գտնվող զենքը հատկացվում է մաքսային մարմնի` սույն որոշման N 3 հավելվածով սահմանված պաշտոնները, ինչպես նաև ՊԵԿ-ում հետևյալ պաշտոնները զբաղեցնող անձանց`
1) ՊԵԿ նախագահ.
2) ՊԵԿ նախագահի տեղակալներ.
3) ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության, հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչության-վարչության, հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետեր, վարչությունների պետերի տեղակալներ և վարչությունների բաժինների պետեր.
4) ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններ.
5) ՊԵԿ քննչական վարչության պետ, վարչության պետի տեղակալ, բաժնի պետ, հատկապես կարևոր գործերով քննիչ-բաժնի պետի տեղակալ, հատկապես կարևոր գործերով քննիչ, ավագ քննիչ և քննիչ:
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված անձանց (այսուհետ` ծառայող) հատկացվող զենքի հետ միասին տրվում են համապատասխան հարմարանքներ` զենքը բացահայտ կամ քողարկված կրելու համար:
4. Ծառայողին պահելու, կրելու և օգտագործելու իրավունքով զենք հատկացվում է ՊԵԿ նախագահի հրամանով, եթե ծառայողները սահմանված կարգով անցել են հատուկ պատրաստություն (ուսուցում) և հանձնել են ստուգարք: Հատուկ պատրաստության և ստուգարքի հանձնման ու ծառայողներին զենքի թույլտվության տրման կարգը սահմանում է ՊԵԿ նախագահը:
5. Պահելու և կրելու իրավունքով հատկացված զենքը ծառայողի կողմից գործադրվում է «Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին» և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում:
II. ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԶԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
6. Ծառայողին զենք հատկացնելու նպատակով հատուկ պատրաստություն անցնելու համար հիմք է հանդիսանում համապատասխան ծառայողի, բացառությամբ` ՊԵԿ նախագահի և տեղակալների, կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կամ անմիջական ղեկավարի միջնորդությունը ՊԵԿ նախագահին` զենքի պահպանման և տրամադրման պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի դրական եզրակացության դեպքում:
7. Ստուգարքը հանձնած ծառայողներին սահմանված կարգով տրվում է զենք պահելու և կրելու թույլտվություն (այսուհետ` թույլտվություն), որի վերաբերյալ կատարվում է գրանցում` զենքի թույլտվությունների հաշվառման մատյանում:
8. Թույլտվության ձևը հաստատում է ՊԵԿ նախագահը:
9. Թույլտվություն ստացած ծառայողներին զենքը հատկացվում է ՊԵԿ նախագահի հրամանով սահմանված կարգով` զենքերի և ռազմամթերքի պահպանության համար պատասխանատու նշանակված անձի (այսուհետ` զետեղարանի պատասխանատու) կողմից, գրառում կատարելով զենքի հանձնման-ընդունման մատյանում:
10. Զենքի թույլտվությունների հաշվառման և զենքի հանձնման-ընդունման մատյանների ձևերը հաստատվում են ՊԵԿ նախագահի հրամանով:
11. Զենքի թույլտվությունների հաշվառման և զենքի հանձնման-ընդունման մատյանները վարում է զետեղարանի պատասխանատուն: Մատյանները վարվում և համարակալվում են Հայաստանի Հանրապետության գործող իրավական ակտերին համապատասխան:
12. ՊԵԿ-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է ունենալ հրաձգարան` զենք կրող ծառայողների կրակային պատրաստության կազմակերպման աշխատանքներն իրականացնելու և ուսուցման նպատակով: Հրաձգարանի և զետեղարանի պատասխանատուները նշանակվում են ՊԵԿ նախագահի հրամաններով` ՊԵԿ զենքի պահպանման և տրամադրման պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ներկայացմամբ:
13. Զետեղարանն ու հրաձգարանը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջներին:
14. Զետեղարանի ու հրաձգարանի համար պատասխանատու նշանակված աշխատողների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև զետեղարանից զենքի և փամփուշտների հատկացման կարգը սահմանվում են ՊԵԿ նախագահի հրամանով:
III. ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ
15. Պահելու, կրելու և օգտագործելու իրավունքով զենք ստացած ծառայողը պարտավոր է սարքին, անվտանգ և մաքուր պահել ստացած զենքը:
16. Զենքի կորուստը բացառելու նպատակով այն պետք է համապատասխան ամրակապով հուսալիորեն ամրացված լինի ծառայողի հագուստին (գոտուն):
17. Արգելվում է ծառայողի կողմից զենք կրելն առանց համապատասխան հարմարանքների (ատրճանակի պատյան, ամրակապ և այլն):
18. Զենքը ծառայողի բնակության վայրում պետք է պահվի փականով ամրացված պահարանում կամ արկղում` միջոցներ ձեռնարկելով զենքին այլ անձանց հասանելիությունը բացառելու համար:
19. Քաղաքացիական հագուստ կրող ծառայողը զենքը կրում է քողարկված:
20. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծառայողը զենքով գործուղվում է միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում և կարգով:
21. ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումներում տվյալ ստորաբաժանման ծառայողներին հատկացված զենքերը պահվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
22. Ծառայողին արգելվում է մերկացնել զենքը, փոխանցել այլ անձանց կամ թողնել առանց հսկողության` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
23. Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման դեպքում` ժամանման վայրում զենքն անվտանգ պահելու հնարավորության բացակայության դեպքում գործուղված ծառայողը զենքը ի պահ է հանձնում ոստիկանության մոտակա բաժնի հերթապահ մաս:
24. Ծառայողին հատկացված զենքի, դրա տեխնիկական վիճակի, ինչպես նաև համապատասխան հարմարանքների նկատմամբ հսկողությունն իրականացվում է`
1) ծառայողի անմիջական ղեկավարի կողմից` եռամսյակը մեկ անգամ, ծառայողի ծառայության մեջ գտնվելու ժամանակ.
2) տվյալ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կամ անմիջական ղեկավարի կողմից` յուրաքանչյուր կիսամյակը մեկ.
3) ՊԵԿ զենքի պահպանման և տրամադրման պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման համապատասխան ծառայողի կողմից` տարեկան մեկ անգամ:
25. Ծառայողը ստացիոնար բուժման, ուսման, արձակուրդ կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս երկարատև գործուղման մեկնելիս, ինչպես նաև զենքը պահելու համար հուսալի պայմանների չապահովման դեպքում զենքը ժամանակավորապես ի պահ է հանձնում զետեղարանի պատասխանատուին:
26. Ծառայողը պարտավոր է զենքը հանձնել, եթե`
1) ծառայողի կողմից խախտվել են սույն կարգով նախատեսված զենքը պահելու և կրելու կանոնները` կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կարգադրությամբ.
2) ժամանակավորապես դադարեցվել են ծառայողի ծառայողական լիազորությունները.
3) ծառայությունից ազատվելու դեպքում.
4) ծառայողին արգելվել է զենք կրել` բժշկական եզրակացությամբ:
27. Զետեղարանի պատասխանատուն հանձնած զենքի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարում զենքի հանձնման-ընդունման մատյանում:
28. Զենքը գործադրելու դեպքերում ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով:
29. Զենքը կորցնելու կամ փչացնելու դեպքերում ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով և ձեռնարկում միջոցներ` կորած զենքը որոնելու համար:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի հունիսի 10-ի
N 938-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ
._________________________________________________________________________.
|Զենքի տեսակը |Մոդելը |Ընդհանուր |
| | |քանակը |
|_______________________|____________________________________|____________|
|Մարտական, ծառայողական, |5,45 մմ տրամաչափի ատրճանակ «ՊՍՄ» |450 միավոր |
|քաղաքացիական | | |
| |____________________________________| |
| |5,45 մմ տրամաչափի ատրճանակ «Իժ» և | |
| |տարատեսակներ | |
| |____________________________________| |
| |9 մմ տրամաչափի ատրճանակ «Մակարով» | |
| |ՊՄ, «Մակարով» ՊՄՄ | |
| |____________________________________| |
| |9 մմ տրամաչափի «Կոլտ» ատրճանակի | |
| |տարատեսակներ, այդ թվում` թմբուկավոր | |
| |____________________________________| |
| |9 մմ տրամաչափի «Սմիթ Վեսսոն» | |
| |ատրճանակի տարատեսակներ, այդ թվում` | |
| |թմբուկավոր | |
| |____________________________________| |
| |9 մմ տրամաչափի «Տանֆոլիո Մապպ» | |
| |ատրճանակի տարատեսակներ | |
| |____________________________________| |
| |5,6 մմ տրամաչափի «Վալտեր» ատրճանակի | |
| |տարատեսակներ | |
| |____________________________________| |
| |5,6 մմ տրամաչափի «Սիգ Սաուեր» | |
| |ատրճանակի տարատեսակներ | |
| |____________________________________| |
| |9 մմ տրամաչափի Յառիգինի ատրճանակ | |
| |ՄՌ-443 «Գռաչ» | |
| |____________________________________| |
| |9 մմ տրամաչափի Յառիգինի ատրճանակ | |
| |ՄՌ-446 «Վիկինգ» | |
| |____________________________________| |
| |9 մմ տրամաչափի ատրճանակ ԳՇ-18 | |
| |____________________________________| |
| |9 մմ տրամաչափի «Գլոկ» ատրճանակի | |
| |տարատեսակներ | |
| |____________________________________| |
| |9 մմ տրամաչափի «Բերետտա» ատրճանակի | |
| |տարատեսակներ | |
| |____________________________________| |
| |9 մմ տրամաչափի «ՉԶ» ատրճանակի | |
| |տարատեսակներ | |
| |____________________________________| |
| |9 մմ տրամաչափի «Բրաունինգ» ատրճանակի| |
| |տարատեսակներ | |
| |____________________________________| |
| |9 մմ տրամաչափի «Իժ» ատրճանակի | |
| |տարատեսակներ | |
| |____________________________________| |
| |9 մմ տրամաչափի «Բայկալ» ատրճանակի | |
| |տարատեսակներ | |
| |____________________________________| |
| |9 մմ տրամաչափի Ստեչկինի | |
| |ինքնաձիգ-ատրճանակ ԱՊՍ | |
| |____________________________________| |
| |5,45 մմ տրամաչափի Կալաշնիկովի | |
| |ինքնաձիգի ԱԿ տարատեսակներ | |
| |____________________________________| |
| |7,62 մմ տրամաչափի Կալաշնիկովի | |
| |ինքնաձիգի ԱԿ տարատեսակներ | |
| |____________________________________| |
| |9 մմ տրամաչափի ատրճանակ-գնդացիր | |
| |ՊՊ-2000 | |
| |____________________________________| |
| |9 մմ տրամաչափի ատրճանակ-գնդացիր | |
| |ՊՊ-19 «Բիզոն» | |
| |____________________________________| |
| |9 մմ տրամաչափի ատրճանակ-գնդացիր | |
| |ՊՊ-19-01 «Վիտյազ» | |
| |____________________________________| |
| |9 մմ տրամաչափի անձայն հատուկ | |
| |ինքնաձիգ ԱՍ Վալ | |
| |____________________________________| |
| |7,62 մմ տրամաչափի Դրագունովի | |
| |դիպուկահար հրացան ՍՎԴ | |
| |____________________________________| |
| |9 մմ տրամաչափի Վինտարեզ հատուկ | |
| |դիպուկահար հրացան | |
._________________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2021 թվականի հունիսի 10-ի
N 938-Ն որոշման
ՑԱՆԿ
ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության, հետբացթողումային հսկողության վարչության պետեր, վարչությունների պետերի տեղակալներ և վարչությունների բաժինների պետեր.
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության, մաքսանենգության դեմ պայքարի վարչության և մաքսատուն-վարչությունների բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններ:
Պաշտոնական հրապարակման օրը` 11 հունիսի 2021 թվական: