ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
17 մայիսի 2021 թվականի N 200
ՆՎԱԶԵՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Կազմակերպությունը անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ կնքված գրավոր պայմանագրերի հիման վրա նրանցից իրականացնում է ձկան ձեռքբերում թույլատրելի որսի չափին համապատասխան քանակով: Տվյալ դեպքում վերոնշյալը համարվու՞մ է գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերում և նվազեցվու՞մ է համախառն եկամտից:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 143-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար եկամտային հարկով հարկման բազա է համարվում հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի և օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն,
i
- 147-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի համաձայն` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում` գյուղատնտեսական արտադրանք արտադրող ֆիզիկական անձանց` գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումից ստացվող եկամուտները` օրենսգրքի 148-րդ հոդվածի համաձայն,
i
- 148-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում նաև գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված ֆիզիկական անձանց` օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամուտները,
i
- 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` գյուղատնտեսական արտադրանք են համարվում հարկ վճարողի կողմից իրականացված գործողությունների արդյունքում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող, մասնավորապես` նույն կետի «ժէ» ենթակետում նշված ձկնաբուծության արտադրանքը:
i
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ. N 874-Ն հրամանով հաստատված տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի`
- ձկների բուծումը դասվում է դասակարգչի «A (ԷՅ) Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն» բաժնի «03.2 Ձկնաբուծություն» խմբին, որը ներառում է ձկների, խեցեմորթների, կակղամորթների, կոկորդիլոսների, ալիգատորների, երկկենցաղների, ջրային այլ կենդանիների և մարմինների բուծումը ոչ բնական միջավայրում, կիրառելով բուծման և աճեցման հատուկ մշակված մեթոդներ և պաշտպանելով գիշատիչներից` քանակը բարձրացնելու նպատակով: Ձկնատնտեսություններում, անազատության պայմաններում աճեցվում և իրացվում են տարբեր չափսերի կենդանի ձկներ և այլ ջրային կենդանիներ` մանրաձկներից, նորածին ջրային կենդանիներից մինչև հասուն վիճակը,
- ձկների որսը դասվում է դասակարգչի «A (ԷՅ) Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն» բաժնի «03.1 Ձկնորսություն» խմբին, որը ներառում է օվկիանոսում, բաց ծովում, առափնյա, ներքին և այլ ջրամբարներում ձկնորսությունը, խեցեմորթների, կակղամորթների, ջրային կենդանիների որսը ձկնորսական ցանցերով, ուռկաններով, ձկնորսական որսասարքերով, ջրային մարմինների հավաքումը` անմիջական սպառման կամ այլ նպատակների համար: Նման գործունեությունը կարող է իրականացվել առափնյա գոտիներում (օրինակ` ոստրեների, միդիաների հավաքում) ցանցերի տեղադրմամբ, ինքնաշեն նավակներով, առևտրային ձկնորսանավերով: Այս խմբում ներառվում է նաև ձկների, ջրային մարմինների նախնական մշակումը և մթերումը:
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը կիրառելի է ձկների բուծման (աճեցման) արդյունքում ստացվող արտադրանքի օտարումից ստացվող եկամուտների նկատմամբ, իսկ ձկնորսության արդյունքում ստացվող արտադրանքը` օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան, չի համարվում գյուղատնտեսական արտադրանք, և տվյալ դեպքում օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը կիրառելի չէ:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ