ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
21 ապրիլի 2021 թվականի N 192
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԱԱՀ-Ի ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերը զբաղվում է ոսկյա զարդերի առևտրով և ցանկանում է Ռուսաստանի Դաշնությունից ներկրել Հայաստանի Հանրապետություն ոսկյա շղթայի փաթույթ` առանց փականների: Տվյալ դեպքում վերը նշված ապրանքը ազատվա՞ծ է ներմուծման ժամանակ առաջացող ԱԱՀ-ից, թե՞ ոչ:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 60-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ է համարվում ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը,
i
- 77-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում հարկ վճարողը պարտավոր է մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել նույն մասով սահմանված փաստաթղթերը (ներմուծման հարկային հայտարարագիր, ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին ներմուծողի լրացրած հայտարարություն),
i
- 78-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները ՀՀ պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:
«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքի
(29.06.2001թ. ՀՕ-195) 1-ին հոդվածով սահմանված են այն ապրանքատեսակները, որոնց ներմուծումն ազատված է ԱԱՀ-ից: Միաժամանակ օրենքով սահմանված ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կիրառվում է միայն ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ և հարկման հատուկ համակարգի շրջանակներում (շրջանառության հարկի համակարգ, միկրոձեռնարկատիրության համակարգ) գործունեություն իրականացնող հարկ վճարողները օրենքով սահմանված ապրանքների ներմուծման մասով չեն օգտվում ԱԱՀ-ից ազատման արտոնությունից:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ 29.06.2001թ. ՀՕ-195 օրենքով սահմանված ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կիրառվում է միայն ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ: Միաժամանակ, ԵՏՄ անդամ հանդիսացող պետությունից Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման մասով շրջանառության հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերը պարտավոր է մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել ՀՀ հարկային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը և նույն ժամկետում պետական բյուջե վճարել այդ ապրանքների ներմուծման մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ