ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
18 նոյեմբերի 2020 թվականի N 105
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՀԻՄՆԱՎՈՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
ՀՀ երկու կազմակերպությունների միջև կնքվել է կապալի պայմանագիր: Պայմանագրով սահմանվել են կատարված աշխատանքների համար վճարման ժամանակացույց և վճարումների ուշացման համար սահմանվել է տույժեր և տուգանքներ: Պայմանագիրը լուծվել է պատվիրատուի կողմից, որի ժամանակ կապալառու կազմակերպությունը հաշվեգրել է տույժեր և տուգանքներ ըստ կապալի պայմանագրի: Կապալառու կազմակերպությունը դուրս է գրել կատարած աշխատանքների դիմաց ԱԱՀ-ով հաշիվ ապրանքագիր: Տույժերի և տուգանքների մասով հաշիվ ապրանքագիր դուրս չի գրվել, քանի որ կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով և համաձայնագրով է ներառել տույժերն ու տուգանքները: Պատվիրատու կազմակերպության կողմից առաջարկվել է դուրս գրել հաշիվ վավերագիր, որը սակայն կապալառու կազմակերպության կողմից դուրս չի գրվել: Արդյո՞ք համաձայնագիրը և փոխադարձ հաշվարկների ակտը դա այն փաստաթուղթն է, որով պատվիրատու կազմակերպությունը կկարողանա վճարած տույժերը և տուգանքները որպես ծախսեր հաշվառել:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 111-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի` համապատասխանաբար 1-ին և 3-րդ կետերով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են շահութահարկ վճարողի կատարած` օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, եթե նույն հոդվածի 2-րդ մասով և օրենսգրքի 113-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ,
i
- 55-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են նույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործարքների և գործողությունների փաստաթղթավորման նպատակով կիրառվող հաշվարկային փաստաթղթերը:
Նույն հոդվածի 12-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով չսահմանված գործարքների ու գործառնությունների (այդ թվում` աշխատողներին աշխատավարձ հաշվարկելու, պետական և տեղական հարկեր, տուրքեր, վճարներ կամ օրենսգրքով չսահմանված այլ վճարներ վճարելու), ինչպես նաև վճարահաշվարկային համակարգի կամ վարկային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների գծով ծախսերը կարող են փաստաթղթավորվել հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով:
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման գծով ծախսերից տարբերվող ծախսերը (տվյալ դեպքում` աշխատանքի կատարման դիմաց վճարումը ուշացնելու համար հաշվարկված տույժերի և տուգանքների գծով ծախսերը) կարող են փաստաթղթավորվել հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ