ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
29 հոկտեմբերի 2020 թվականի N 94
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԱԱՀ-ԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը Ա կազմակերպությունը իր արտադրանքը հանդիսացող ապրանքատեսակներից նվիրատվություն է կատարել հայկական բանակի կարիքների համար: Այս նպատակով սույն թվականի սեպտեմբերի 28-ին համապատասխան նախարարությանը դուրս է գրել հարկային հաշիվներ:
Արդյո՞ք նշված մատակարարումները ազատված են ավելացված արժեքի հարկից:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 56-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված են այն դեպքերը, երբ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքին վերաբերող հաշվարկային փաստաթուղթն ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի նախաձեռնությամբ կարող է չեղարկվել: Հաշվարկային փաստաթղթերի չեղարկման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 05.10.2017 թ. N 1257-Ն որոշման N 2 հավելվածով,
i
- 64-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետին համապատասխան` ԱԱՀ-ից ազատվում է նվիրատվության ձևով ապրանքի մատակարարումը պետությանը,
i
- 67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` հարկային հաշիվներ դուրս չեն գրում ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման այն գործարքների մասով, որոնք ազատված են ԱԱՀ-ից: Ընդ որում, նույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում հարկային հաշվի փոխարեն կազմվում և օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված դեպքերում և կարգով դուրս են գրվում հաշիվ վավերագրեր,
i
- 78-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի խախտմամբ հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում հարկային հաշիվ դուրս գրողը այդ հարկային հաշվում նշված ԱԱՀ-ի գումարը պետական բյուջե է վճարում մինչև այդ գործարքի իրականացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:
i
Միաժամանակ, ՀՀ հարկային օրենսգրքի 425-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` հարկային հաշիվների դուրս գրման սահմանափակումների խախտմամբ հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում հարկ վճարողները պարտավոր են հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը օրենսգրքով սահմանված կարգով վճարել պետական բյուջե, եթե դուրս գրված հարկային հաշիվը սահմանված կարգով չեղյալ չի համարվել:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ.
i
1) կազմակերպության կողմից ապրանքների անհատույց (նվիրատվությամբ) մատակարարումը ՀՀ պաշտպանության նախարարությանը, ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի համաձայն, ազատվում է ԱԱՀ-ից,
2) ԱԱՀ-ից ազատված գործարքների մասով ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կողմից հարկային հաշվի փոխարեն դուրս են գրվում հաշիվ վավերագրեր: Ընդ որում, ԱԱՀ-ից ազատված գործարքի մասով հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում կազմակերպությունը պարտավոր է հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը օրենսգրքով սահմանված կարգով վճարել պետական բյուջե, եթե դուրս գրված հարկային հաշիվը կազմակերպության կողմից սահմանված կարգով չեղյալ չի համարվել:
i
Լրացուցիչ տեղեկացնում ենք, որ «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի (21.10.2020թ. ՀՕ-461-Ն) 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Կառավարության հաստատած ցանկում ներառված և ռազմական դրության ժամանակահատվածում պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և (կամ) առողջապահության նախարարությանն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված ապրանքների մասով օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 73-րդ հոդվածի դրույթները կիրառելի չեն:
Ընդ որում, նույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված կարգավորումները կիրառվում են նաև 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ապրանքատեսակների ցանկը սահմանելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում նշված նախարարություններին անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված բոլոր ապրանքների մասով:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ