040.0261.310301
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«31» մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 մարտի 2001 թվականի N 261
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՎԹԱՐՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԿԱՊԻ ԿԵՏ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1992 թվականի մարտի 17-ին Հելսինկիում «Արդյունաբերական վթարների անդրսահմանային ներգործության մասին» կոնվենցիայով (այսուհետև` կոնվենցիա) Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Կոնվենցիայի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններ նշանակել`
ա) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը` արդյունաբերական վթարների ներգործությունից շրջակա միջավայրի պահպանության հարցերով.
բ) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը` արդյունաբերական վթարների ռիսկի նվազեցման, այդպիսի վթարների դեպքում դրանց հետևանքների կանխման և վերացման հարցերով:
(1-ին կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)
2. Կոնվենցիայի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` կոնվենցիայի 10-րդ և 12-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում արդյունաբերական վթարների և դրանց հետևանքների վերացման նպատակով փոխադարձ օգնության մասին ազդարարման համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում ստեղծել կապի կետ:
3. Սահմանել, որ կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքում իրավասու մարմինները`
ա) գործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության սահմաններում.
բ) անհրաժեշտության դեպքում իրականացնում են փոխհամաձայնեցված համատեղ գործողություններ:
4. Սահմանել, որ կոնվենցիայի քարտուղարության հետ տեղեկատվության փոխանակումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը` իրազեկելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության իրավասու մյուս նախարարություններին ու գերատեսչություններին:
(4-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)
5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության այն նախարարությունները և գերատեսչությունները, որոնց իրավասության մեջ է մտնում կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած առանձին պարտավորությունների կատարումը, այդ սահմաններում իրենց գործառույթներն իրականացնում են իրավասու մարմինների կողմից համակարգման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ մարմիններից յուրաքանչյուրի վրա դրված լիազորություններին համապատասխան:
Իրավասու մարմինների պահանջով` Հայաստանի Հանրապետության նախարարություններն ու գերատեսչությունները սահմանված կարգով նրանց տրամադրում են անհրաժեշտ տվյալներ, տեղեկություններ և նյութեր` կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ:
6. Իրավասու մարմիններին` կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման համար, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում ընդունելու անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
(որոշումը փոփ. 06.08.2020 թիվ 1295-Ն որոշում)