(ուժը կորցրել է 08.06.18 թիվ 705-Ն որոշում)
040.1400.170902
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 սեպտեմբերի 2002 թվականի N 1400-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «զ» ենթակետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի (այսուհետ` ջրային տնտեսության պետական կոմիտե) աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
(1-ին կետը փոփ. 19.05.05 թիվ 633-Ն որոշում)
2. Հաստատել`
i
ա) Ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.
գ) Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 19.05.05 թիվ 633-Ն որոշում)
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 9-ի «Ջրային տնտեսության կառավարման համակարգի բարեփոխումների մասին» N 92 որոշման 3-րդ կետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(որոշման վերնագիրը և տեքստը փոփ. 04.12.014 թիվ 1346-Ն, 06.10.16 թիվ 1038-Ն որոշումներ)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 5-ի N 1400-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
1. Ջրային տնտեսության պետական կոմիտեն (այսուհետ` կոմիտե) Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որը մշակում և իրականացնում է պետական սեփականություն հանդիսացող ջրային և ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգերի կառավարման ու օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
(1-ին կետը փոփ. 19.05.05 թիվ 633-Ն, 03.07.08 թիվ 681-Ն որոշումներ)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 19.05.05 թիվ 633-Ն որոշում)
i
3. Կոմիտեի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Կոմիտեն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
6. Կոմիտեն կազմված է նախագահից և կոմիտեի աշխատակազմից: Կոմիտեի համակարգում ընդգրկվում են կոմիտեի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններն ու հիմնարկները:
7. Կոմիտեի նպատակները և խնդիրներն են`
i
ա) պետական սեփականություն հանդիսացող ջրային և ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգերի կառավարումը և անվտանգ օգտագործման ապահովումը.
բ) իր իրավասության սահմաններում ջրի ազգային ծրագրի իրականացման ապահովումը.
գ) ջրային համակարգերի ներդրումային քաղաքականության մշակումն ու իրականացումը, ինչպես նաև ներդրումային ծրագրերի փորձաքննության կազմակերպումը:
(7-րդ կետը փոփ. 03.07.08 թիվ 681-Ն որոշում)
II. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
i
8. Կոմիտեն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) ոլորտում ֆինանսական ռազմավարության մշակում, ինչպես նաև դրանից բխող ներդրումային ծրագրերի նախապատրաստում և կառավարում.
ա.1) ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների ռազմավարության և չափորոշիչների մշակում, պայմանագրերի կնքում և կառավարում.
բ) օգտագործելի ջրային ռեսուրսների պահանջարկի հաշվարկման ամենամյա և հեռանկարային աշխատանքներին մասնակցելը.
գ) օգտագործելի ջրային ռեսուրսների վերաբաշխման աշխատանքների իրականացման ապահովումը.
դ) ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների կառավարման լիազորությունների իրականացումը.
ե) ջրային համակարգերի վրա ազդող օբյեկտների շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի նախնական փորձաքննության ապահովումը և առաջարկություններ ներկայացնելը.
զ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով հիդրոտեխնիկական կառուցվածքների օգտագործման անվտանգության կարգավորումը և վերահսկումը.
է) ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգերում աշխատանքների կազմակերպման վերահսկումը.
ը) ոլորտում առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպություններում պետական բաժնեմասի (գույքի) կառավարման հետ կապված գործառույթների` ներառյալ պետական սեփականություն հանդիսացող ջրային և ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգերի արդյունավետ կառավարման պայմանագրերի կնքման և օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ապահովումը.
թ) ջրամատակարարման և ջրահեռացման, ինչպես նաև այլ ջրային համակարգերում կորուստների նորմատիվների մշակմանը մասնակցելը.
ժ) սակագների վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում.
ժա) ջրային հողերի ու դրանց ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների օգտագործման սահմանափակումների և նորմերի սահմանումը.
ժբ) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրումը և, դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա, վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը.
i
ժգ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան վարչական իրավախախտումների վերաբերյալ իրեն վերապահված գործերով վարույթի իրականացումը.
ժդ) իր իրավասությունների սահմաններում օժանդակում է ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային համագործակցության իրականացմանը.
ժե) զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման և իրականացման ապահովումը.
ժզ) ուսումնասիրելով պետական մասնավոր գործընկերության շրջանակներում ներկայացված առաջարկությունները` ոլորտի զարգացման ռազմավարական պլանների և առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպությունների գույքի համալրման խոշոր, կապիտալ ներդրումային ծրագրերի մշակում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված գույքի կադաստրի վարում:
(8-րդ կետը փոփ. 17.09.03 թիվ 1278-Ն, 19.05.05 թիվ 633-Ն, 03.07.08 թիվ 681-Ն, 26.12.13 թիվ 1491-Ն, 25.02.16 թիվ 163-Ն որոշումներ)
III. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
i
9. Կոմիտեն կառավարում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը (այսուհետ` նախագահ), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հետ: Նախագահն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գյուղատնտեսության նախարարը` նախագահի ներկայացմամբ:
Իր գործունեության ընթացքում նախագահն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Նախագահը միաժամանակ Հայաստանի Հանրապետության ջրային համակարգերի օգտագործման և պահպանության գլխավոր պետական տեսուչն է:
(9-րդ կետը փոփ. 17.09.03 թիվ 1278-Ն, 19.05.05 թիվ 633-Ն, 12.01.17 թիվ 11-Ն որոշումներ)
10. Նախագահն իրականացնում է կոմիտեին վերապահված խնդիրները և գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
i
11. Նախագահը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին:
(11-րդ կետը փոփ. 19.05.05 թիվ 633-Ն որոշում)
12. Նախագահը`
i
ա) իր իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.
բ) ղեկավարում է կոմիտեի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է կոմիտեի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի միջոցով առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության վարչապետին.
դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում կոմիտեի քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
զ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.
է) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.
ը) սահմանում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
թ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կոմիտեի աշխատակազմի ղեկավարի, կոմիտեի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև կոմիտեի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
ժ) լսում և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
ժա) վերահսկողություն է իրականացնում կոմիտեի աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.
ժբ) Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.
ժգ) Հայաստանի Հանրապետության նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատողների թիվը.
ժդ) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
ժե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շնորհում է դասային կոչումներ.
ժզ) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
ժէ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(12-րդ կետը փոփ. 19.05.05 թիվ 633-Ն որոշում)
13. Նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախագահի պարտականությունները կատարում է նախագահի տեղակալներից մեկը:
14. Նախագահի տեղակալը`
ա) համակարգում է կոմիտեի համակարգի աշխատանքները` կոմիտեին վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառում.
բ) իր լիազորության սահմաններում համակարգում է կոմիտեի` իրեն հանձնարարված ոլորտներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
գ) կոմիտեի նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված ոլորտների` կոմիտեի համակարգի մարմիններին տրվող որոշակի հանձնարարականների ու առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) նախագահի հանձնարարությամբ իրականացնում է նախագահի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված ոլորտներում կոմիտեի համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված ոլորտներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար նախագահին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված ոլորտներում տիրող իրավիճակի մասին.
թ) ապահովում է իրեն հանձնարարված ոլորտներում նախագահի հրամանների և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախագահին.
ժ) նախագահին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերաբերող հարցերի մասին.
ժա) նախագահի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
15. Նախագահն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:
IV. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
16. Կոմիտեի աշխատակազմի նպատակը և խնդիրը օրենքներով, այլ իրավական ակտերով ու սույն կանոնադրությամբ կոմիտեին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին կոմիտեի մասնակցության ապահովումն է:
17. Կոմիտեի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
18. Կոմիտեի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
19. Կոմիտեի աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
20. Կոմիտեի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
21. Կոմիտեի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
22. Կոմիտեի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Կոմիտեի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:
23. Կոմիտեի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Կոմիտեի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև կոմիտեի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
24. Կոմիտեի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:
25. Կոմիտեի աշխատակազմի անվանումն է` Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ:
(25-րդ կետը փոփ. 19.05.05 թիվ 633-Ն որոշում)
26. Կոմիտեի աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Վարդանանց 13ա:
V. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
27. Կոմիտեի աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կոմիտեի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
28. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու իր կողմից կոմիտեի աշխատակազմին հանձնված գույքը:
29. Կոմիտեի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:
VI. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
30. Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ):
31. Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախագահը:
VII. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
i
32. Կոմիտեի աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը և նախագահը` օրենքով ու սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
Կոմիտեի աշխատակազմը ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ղեկավարը:
(32-րդ կետը փոփ. 19.05.05 թիվ 633-Ն որոշում)
33. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա) վերակազմակերպում և դադարեցնում է կոմիտեի աշխատակազմի գործունեությունը.
բ) հաստատում է կոմիտեի աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
գ) որոշում է կոմիտեի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ) հաստատում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը.
ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
34. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախագահի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և նախագահի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
35. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
i
36. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի, նախագահի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:
(36-րդ կետը փոփ. 19.05.05 թիվ 633-Ն որոշում)
i
37. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նրա փոխարինումն իրականացվում է Քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(37-րդ կետը փոփ. 25.02.16 թիվ 163-Ն որոշում)
38. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը`
ա) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրություններով սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է կոմիտեի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.
զ) նախագահի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է կոմիտեի աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
է) նախագահին ներկայացնում է առաջարկություններ կոմիտեի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
ը) կազմակերպում է կոմիտեի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
թ) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
ժ) կազմակերպում է կոմիտեում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
ժա) վերահսկում է կոմիտեի աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
ժբ) նախագահի ստորագրությանն է ներկայացնում նախագահի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.
ժգ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
ժդ) կազմակերպում է կոմիտեում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
i
39. Կոմիտեի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է կոմիտեի նախագահի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:
(39-րդ կետը փոփ. 25.02.16 թիվ 163-Ն որոշում)
40. Կոմիտեի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, կոմիտեի աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
41. Կոմիտեի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների ու վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
42. Կոմիտեի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
IX. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
43. Կոմիտեի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
Հավելված N 2
i
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 5-ի N 1400-Ն որոշման
i
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Վարչություններ
Ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչություն
Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչություն
Գույքի կառավարման և ներդրումների իրականացման վարչություն
Մոնիթորինգի և վերլուծությունների վարչություն
Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչություն
Գնումների վարչություն
Քարտուղարություն
2. Բաժիններ
Ներքին աուդիտի բաժին
Իրավաբանական բաժին
Արտաքին կապերի բաժին Զորահավաքային բաժին
(2-րդ հավելվածը փոփ. 28.11.02 թիվ 1878-Ն, փոփ. 17.09.03 թիվ 1278-Ն, 19.05.05 թիվ 633-Ն, 03.07.08 թիվ 681-Ն, 06.08.09 թիվ 902-Ն, 19.04.12 թիվ 479-Ն, 26.12.13 թիվ 1491-Ն, 25.02.16 թիվ 163-Ն. 12.01.17 թիվ 11-Ն որոշումներ)
Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 5-ի N 1400-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ
._________________________________________________________________.
| NN | Գույքի անվանումը |Քանակը|Սկզբնական արժեքը|
| ը/կ| | | (հազար դրամ) |
|____|____________________________________|______|________________|
| 1 | 2 | 3 | 4 |
|____|____________________________________|______|________________|
| 1.| Վարչական շենք` Վարդանանց 13ա | 1 | 216.3 |
| 2.| Վարչական շենք` Վարդանանց փակուղի 8 | 1 | 674.6 |
| | (5,6,7, 8-րդ հարկերը, տանիքը, 2 | | |
| | մարդատար վերելակ) | | |
| 3.| Ավտոմեքենա «ԳԱԶ-3102» | 1 | 5438.0 |
| 4.| Ավտոմեքենա «ԳԱԶ-3110» | 1 | 3417.0 |
| 5.| Ավտոմեքենա «ՎԱԶ-21099» | 1 | 2327.5 |
| 6.| Պատճենահանման մեքենա «ՄԻՏԱ CC-60» | 2 | 1470.0 |
| 7.| Սառնարան «Դեու FR-171» | 3 | 445.5 |
| 8.| Հեռուստացույց «Դեու DTU-21D3T» | 3 | 594.0 |
| 9.| Համակարգիչ «Պենտիում II-330» | 1 | 719.5 |
| 10.| Համակարգիչ «Պենտիում III-600» | 1 | 637.8 |
| 11.| Անխափան հոսանքի սնուցման սարք | 1 | 118.5 |
| 12.| Մոդեմ | 1 | 216.3 |
| 13.| Լազերային կարդացող սարք | 1 | 38.6 |
| 14.| Տպող սարք | 1 | 246.8 |
| 15.| Ցուցանակ | 1 | 200.0 |
|____|____________________________________|______|________________|
| | Ընդամենը | 20 | 16760.4 |
._________________________________________________________________.