Սեղմել Esc փակելու համար:
«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԸ ՀՀ-ՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՅՏ ՃԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԸ ՀՀ-ՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՅՏ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ...

 

 

301.0058.131000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

13 հոկտեմբերի 2000 թվականի թիվ 58

 

«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՅՏ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ նոր օրենքն մեջ մտնելու կապակցությամբ հաստատել «Ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին» կարգը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀԱՅԱՐՏՈՆԱԳՐԻ ՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 58 ՀՐԱՄԱՆՈՎ

 

i

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՅՏ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՐԳ

 

Սույն կարգը մշակված է «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենքի) 12 հոդվածի 1-ին մասին «գ» ենթակետի համաձայն և սահմանում է օրենքի 2 հոդվածի 1-ին մասին համաձայն Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի 6 bis հոդվածի 1-ին կետին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելու պայմանները և կանոնները:

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ են համարվում այն ապրանքային նշանները, որոնք ՀՀ տարածքում պահպանվում են`

ա) պետական գրանցման հիման վրա.

բ) առանց պետական գրանցման, ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան:

Հանրահայտ են համարվում նաև որպես ապրանքային նշան օգտագործվող և ՀՀ տարածքում իրավական պահպանություն չունեցող այն նշանները, որոնք լայնորեն օգտագործման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում մեծ ճանաչում են ձեռք բերել հասարակության համապատասխան շրջանակներում, որոշակի արտադրողի ապրանքների նկատմամբ:

Եթե ապրանքային նշանը հասարակության համապատասխան շրջանակներում ճանաչվել է հանրահայտ, ապա այն կարող է դիտարկվել որպես ՀՀ-ում հանրահայտ ապրանքային նշան:

Սույն կետում նշված «հասարակության համապատասխան շրջանակներ» հասկացությունը ներառում է`

ա) ապրանքների և (կամ) ծառայությունների (որոնց նկատմամբ օգտագործվում է ապրանքային նշանը) փաստացի և (կամ) հնարավոր սպառողներին.

բ) ապրանքների և (կամ) ծառայությունների (որոնց նկատմամբ օգտագործվում է ապրանքային նշանը) տարածման ուղիների ապահովմանը մասնակցող անձանց.

գ) ապրանքներով և (կամ) ծառայություններով (որոնց նկատմամբ օգտագործվում է ապրանքային նշանը) զբաղվող գործարար շրջանակներին:

Օրենքի 12 հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետի, ինչպես նաև Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի 6 bis հոդվածի 1-ին կետի համաձայն հանրահայտ ճանաչված ապրանքային նշանը կարող է հիմք ծառայել այլ անձի անունով ապրանքային նշանի գրանցումը մերժելու, այլ անձի անունով գրանցված ապրանքային նշանի գրանցումը անվավեր ճանաչելու կամ արգելելու այլ անձանց այնպիսի ապրանքային նշանների օգտագործումը, որոնք նույնական կամ շփոթելու աստիճան նման են նույնատիպ ապրանքների համար հանրահայտ ապրանքային նշանին, եթե ապրանքային նշանի հանրահայտ ճանաչելու թվականը նախորդում է այլ անձի ապրանքային նշանի առաջնության թվականին:

1.2. Ապրանքային նշանը ՀՀ-ում հանրահայտ ճանաչելու մասին դիմումների քննարկման ժամանակ կիրառվում է «Հայարտոնագրի բողոքարկման խորհուրդ բողոքների և դիմումների ներկայացման և դրանց քննարկման կարգը» (հաստատված է Հայարտոնագրի 1995թ. հոկտեմբերի 24-ի թիվ Կ 35 հրամանով. լրախմբագրված տեքստը հաստատված է: Հայարտոնագրի 1997թ. նոյեմբերի 12-ի թիվ 45 հրամանով):

1.3. Ապրանքային նշանը ՀՀ-ում հանրահայտ ճանաչելու մասին դիմումը (այսուհետ` դիմում) ՀՀ արտոնագրային վարչության Բողոքարկման խորհուրդ է ներկայացվում այն անձի անունից, որը իր ապրանքային նշանը համարում է հանրահայտ (այսուհետ` հայտատու), մասնավորապես այն դեպքերում, երբ հայտատուի կողմից իրեն պատկանող ապրանքային նշանի օգտագործմանը և ձեռնարկատիրական գործունեության ընթացքում դրանից առավելություններ ստանալուն խոչընդոտում է այլ անձի անունից ապրանքային նշանի գրանցման հայտ ներկայացնելը, այլ անձի անունով ապրանքային նշանի գրանցումը կամ այլ անձի կողմից այնպիսի ապրանքային նշանի օգտագործումը, որը նույնական կամ շփոթելու աստիճան նման է հայտատուի ապրանքային նշանին և օգտագործվում է նույնատիպ ապրանքների համար:

Եթե ապրանքային նշանի գրանցման և օգտագործման հետ կապված գործողությունները դատարանի կողմից ճանաչվել են որպես անբարեխիղճ մրցակցության ակտ, ապա դիմումը կարող է ներկայացվել այդ ապրանքային նշանի գրանցման գործողության ընթացքում ցանկացած ժամանակ:

 

2. Դիմումին կցվող փաստաթղթերը

 

2.1. Դիմումի մեջ, որին կցվում է դիմում ներկայացնելու համար սահմանված տուրքի վճարման անդորրագիրը, պետք է նշվի, թե որ թվականից է հայտատուն իր ապրանքային նշանը համարում հանրահայտ ՀՀ-ում:

2.2. Ապրանքային նշանի հանրահայտ լինելը հաստատող փաստացի տեղեկություններ, որոնք կարող են ներկայացվել, օրինակ, համապատասխան փաստաթղթերում բերված հետևյալ տեղեկությունների տեսքով`

ա) ՀՀ տարածքում ապրանքային նշանի լայնորեն օգտագործման մասին, ընդ որում կարող են նշվել` օգտագործումը սկսելու թվականը, բնակավայրերի ցանկը, որտեղ կատարվել է այն ապրանքների սպառումը, որոնց նկատմամբ օգտագործվել է նշանը, նշված ապրանքների սպառման քանակը, ապրանքային նշանի օգտագործման միջոցները, տվյալ ապրանքը սպառողների տարեկան միջին քանակը, ապրանքն արտադրողի տեղը շուկայում տնտեսության որոշակի հատվածում և այլն.

բ) այն երկրների մասին, որտեղ ապրանքային նշանը լայն համբավ է ստացել.

գ) ապրանքային նշանի գովազդի համար կատարված ծախսերի մասին (օրինակ տարեկան ֆինանսական հաշվետվությունները).

դ) ապրանքային նշանի արժեքի մասին, տարեկան ֆինանսական հաշվետվություններում բերված տվյալներին համապատասխան.

ե) ապրանքային նշանի հանրահայտության վերաբերյալ սպառողների հարցման արդյունքների մասին, որը կատարվել է անկախ մասնագիտացված կազմակերպության կողմից, հաշվի առնելով Հայարտոնագրի կողմից մշակված հրահանգները:

Անհրաժեշտության դեպքում հայտատուից կարող են պահանջվել նաև այլ տեղեկություններ, որոնք հաստատում են ապրանքային նշանի հանրահայտությունը ՀՀ-ում:

2.3. Դիմումին կցվող նշանի պատկերը ներկայացվում է 5 օրինակից որակյալ սպիտակ թղթի վրա (առնվազն 80 գ/քառ. մ տեսակարար կշռով), 5x5 չափսի (կախված նշանի չափսերից, լուսանկարը կամ դրոշմվածքը կարող է լինել մինչև 8x10 սմ) և պետք է ունենա անսահմանափակ վերարտադրման (բազմացման) հնարավորություն և որակյալ գրաֆիկական կատարում:

Եթե որպես նշան ներկայացվում է պիտակ, ապա որպես նշանի պատկեր իր բնական մեծությամբ կարող է ներկայացվել պիտակը:

Եթե պիտակն ունի 21x29.7 սմ գերազանցող չափսեր, ապա նշանը ներկայացվում է փոքրացված չափսերով:

Եթե ներկայացվում է ծավալային (եռաչափ) նշան, ապա ներկայացվում է այդ նշանի ընդհանուր տեսքը: Անհրաժեշտության դեպքում ներկայացվում են նաև ծավալային նշանի մասին սպառիչ պատկերացում տվող բոլոր անհրաժեշտ պրոյեկցիաները:

Ապրանքային նշանի լուսանկարները կամ տպագրական դրոշմվածքները ներկայացվում են այն գույնով կամ գունային համակցությամբ, որով խնդրարկվում է նշանի հանրահայտ լինելը:

Եթե խնդրարկվում է հանրահայտ ճանաչել ձայնային (լուսային) ապրանքային նշան, ապա այն պետք է ներկայացվի տեսա (լսա) երիզների վրա գրառված:

 

3. Դիմումի քննարկումը

 

3.1. Հայարտոնագրի Բողոքարկման խորհրդի կոլեգիան դիմումի քննարկման ընթացքում հաշվի է առնում բոլոր այն տեղեկությունները և փաստարկները, որոնք ներկայացված են հայտատուի կողմից սույն կարգի 2.1 կետին համապատասխան:

3.2. Ապրանքային նշանը չի կարող ճանաչվել հանրահայտ ՀՀ տարածքում այն դեպքում, երբ Բողոքարկման խորհրդի կոլեգիան պարզի, որ`

ա) հայտատուի կողմից սույն կարգի 2-րդ կետին համապատասխան ներկայացված փաստացի նյութերը չեն հաստատում ապրանքային նշանի հանրահայտությունը դիմումում նշված թվականի դրությամբ.

բ) գոյություն ունի հայտատուի ապրանքային նշանին նույնական կամ շփոթելու աստիճան նման մեկ այլ ապրանքային նշան, որը նույնատիպ ապրանքների համար այլ անձի անունով արդեն գրանցված կամ գրանցման է ներկայացված ՀՀ-ում և ունի ավելի վաղ առաջարկություն, քան այն թվականը, որից սկսած հայտատուն խնդրարկում է հանրահայտ ճանաչել իր ապրանքային նշանը:

3.3. Չի թույլատրվում դիմումին կից ներկայացնել այնպիսի լրացուցիչ նյութեր, որոնց մեջ հայտատուի կողմից խնդրարկվում է ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելու այլ թվական, քան դա նշված է դիմումում:

Այդպիսի նյութերը կարող են ձևակերպվել որպես ինքնուրույն դիմում:

 

4. Ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելու

դիմումը բավարարելու մասին որոշումը

 

Ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելու մասին դիմումը բավարարելու դեպքում Բողոքարկման խորհրդի որոշման մեջ բերվում են հետևյալ տեղեկությունները`

ա) որոշման կայացման թվականը.

բ) հանրահայտ ապրանքային նշանի գրանցման համարը.

գ) հանրահայտ ապրանքային նշանի պատկերը.

դ) այն թվականը, որից սկսած ապրանքային նշանը հանրահայտ է ճանաչվել ՀՀ-ում.

ե) հանրահայտ ապրանքային նշանի սեփականատիրոջ անվանումը և գտնվելու վայրը (հասցեն).

զ) ապրանքների և ծառայությունների Միջազգային դասակարգման դասերին համապատասխան խմբավորված այն ապրանքների և ծառայությունների ցանկը, որոնց նկատմամբ ապրանքային նշանը ճանաչվել է հանրահայտ:

 

5. Եզրափակիչ դրույթներ

 

5.1. Հանրահայտ ճանաչված ապրանքային նշանը, դրա մասին Բողոքարկման խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո, մտցվում է Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ապրանքային նշանների ցանկի մեջ: Նշված ցանկի մեջ մտցվում են նաև տեղեկություններ հանրահայտ ապրանքային նշանի սեփականատիրոջ մասին, ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու թվականը, դրա գրանցման համարը, այն թվականը, որից սկսած ապրանքային նշանը հանրահայտ է ճանաչվել ՀՀ-ում, այն ապրանքների և ծառայությունների ցանկը, որոնց նկատմամբ ապրանքային նշանը ճանաչվել է հանրահայտ:

5.2. Ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելու մասին տեղեկություններն անհապաղ հրապարակվում են Հայարտոնագրի պաշտոնական տեղեկագրում:

5.3. Ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելու մասին Բողոքարկման խորհրդի որոշումն օրենքով սահմանված կարգով կարող է բողոքարկվել դատարանում:

5.4. Հանրահայտ ապրանքային նշանի իրավական պահպանությունը դադարեցվում է սահմանված կարգով:

5.5. Հանրահայտ ապրանքային նշանի իրավական պահպանության դադարեցման մասին տեղեկությունները մտցվում են Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ապրանքային նշանների ցանկի մեջ և անհապաղ հրապարակվում են Հայարտոնագրի պաշտոնական տեղեկագրում:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

20. 11. 2000թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 301000137

 

 

pin
Արտոնագրային վարչություն
13.10.2000
N 58
Հրաման