(ուժը կորցրել է 04.05.17 թիվ 526-Ն որոշում)
i
040.0372.190413
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 ապրիլի 2013 թվականի N 372-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 168-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման 3-րդ կետի 10-րդ ենթակետում «հայտարարությունները և հրավերները» բառերը փոխարինել «հրապարակումները» բառերով, իսկ «հրապարակում են» բառերը` «տեղադրում են» բառերով.
i
2) որոշման 4-րդ կետում նշված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 8-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ պարբերությամբ.
«8) պետության կարիքների համար կնքված պայմանագրերի, ինչպես նաև պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործընթացների գծով ընտրանքային կարգով մոնիթորինգի իրականացումը».
3) որոշման 1-ին կետով հաստատված կարգում`
ա. 12-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «անձն է» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, որտեղ պատվիրատուի ղեկավարը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետն է» բառերով,
բ. 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27. Բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների` մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը պատվիրատուի ղեկավարը հաստատում է գնումների պլանը և հինգ աշխատանքային օրվա ընթացքում ձեռնարկում միջոցներ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի սահմանած կարգով այն հրապարակելու համար:»,
գ. 32-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) եթե գնման առարկաների նմանատիպ խմբի նախահաշվային գինը չի գերազանցում գնումների բազային միավորը, ապա գնումը կարող է կատարվել բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, անկախ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն հրապարակված` մասնակիցների հետ կնքված շրջանակային համաձայնագրերում տվյալ գնման առարկան ներառված լինելու հանգամանքից: Ընդ որում, նմանատիպ խմբերում ներառվող գնման առարկաների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը.»,
դ. 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը «որոշման» բառից հետո լրացնել «նախագծի» բառով և ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» և «դ» պարբերություններով.
«գ. եթե տվյալ գնման առարկան ձեռք բերելու նպատակով հայտարարված գնման մրցակցային ընթացակարգն առնվազն 2 անգամ հայտարարվել է չկայացած` բացառությամբ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դեպքի,
դ. ավիասպասարկման ծառայությունների գնման դեպքում` եթե ծառայությունը պետք է մատուցվի տվյալ պաշտոնական գործուղումը թույլատրող իրավական ակտի ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»,
ե. 35.1-ին և 35.2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«35.1. Եթե գնվելիք ապրանքների նմանատիպ ապրանքախմբի գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա մինչև գնումների հրավերների հաստատումը, բացառությամբ շինարարական ծրագրերի, պատասխանատու ստորաբաժանումը պարտավոր է ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության համապատասխան շուկաները և կազմել գրավոր երաշխավորություն տվյալ հրավերի շրջանակում իրականացվելիք գնումների շուկայական գների մասին` կցելով մանրամասն բացատրագիր նախահաշվային գնի ու շուկայական գնի համեմատության վերաբերյալ և ուսումնասիրությունը հիմնավորող փաստաթղթերը (այսուհետ` կարգի 35.1-ին կետով նախատեսված փաստաթղթեր):
35.2. ՈՒսումնասիրությունները կարող են կատարվել`
ա. օգտվելով «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից հրապարակված տեղեկատվությունից,
բ. «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն դիմելու միջոցով` ներկայացնելով գնման առարկայի տեխնիկական բնութագիրը: Ընդ որում, «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը պատվիրատուին պատասխանում է պատվիրատուի հարցումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում,
գ. առնվազն այն մեխանիզմով, որով կազմվել է տվյալ գնման նախահաշվային գինը:»,
զ. 41-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) գնումների մասին հայտարարության և հրավերի կամ նախաորակավորման մասին հայտարարության տեքստերը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի սահմանած կարգով հրապարակվում են www.gnumner.am հասցեով ինտերնետային կայքում` բացառությամբ պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող գնումների:»,
է. 42-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը կազմակերպում է գնումների վերաբերյալ հիմնական տեղեկությունների հեռարձակումը հեռուստատեսությամբ և ռադիոյով:»,
ը. 48-րդ կետի առաջին նախադասության մեջ «, շահույթ և անուղղակի հարկեր» բառերը փոխարինել «և ավելացված արժեքի հարկ» բառերով, իսկ նույն կետի 1-ին ենթակետից հանել «կամ շահույթի» բառերը,
թ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 50.1-ին կետով.
«50.1. Եթե պայմանագրով նախատեսվում է կանխավճար, ապա պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների գործարքների դեպքում կանխավճարի ապահովումը հիմնավորող փաստաթղթում որպես բենեֆիցիար պետք է նշվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:»,
ժ. 56-րդ կետը «հրավերում» բառից հետո լրացնել «և պայմանագրում» բառերով,
ժա. 58-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«58. Պայմանագրի գինը կարող է լինել գործոնային, և այդ պայմանը պետք է նախատեսված լինի հրավերով ու պայմանագրով, եթե`
պայմանագրով նախատեսված ապրանքները մատակարարվում են և ծառայությունները մատուցվում են պայմանագրի կնքման օրվանից հաշված երեք տարին գերազանցող ժամանակահատվածում` միայն երեք տարին գերազանցող ժամանակահատվածի համար պայմանագրով նախատեսված գների փոփոխության հնարավորությամբ,
պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարվում են պայմանագրի կնքման օրվանից հաշված մեկ տարին գերազանցող ժամանակահատվածում` միայն մեկ տարին գերազանցող ժամանակահատվածի համար պայմանագրով նախատեսված գների փոփոխության հնարավորությամբ.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ դեպքերում:»,
ժբ. 70-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«70. Եթե պետության կարիքների համար կնքված պայմանագրի գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա այդ պայմանագրում կատարված փոփոխությունը և դրա մասին հայտարարությունը պատվիրատուն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի սահմանած կարգով հրապարակում է www.gnumner.am հասցեով ինտերնետային կայքում` այդ փոփոխությունը կատարելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող գնումների:»,
ժգ. 71-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) բացառությամբ կարգի 32-րդ կետի 4-րդ ենթակետով հաստատված ցանկում ներառված գնումների` պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ծավալների ավելացումը, որը գերազանցում է պայմանագրի գնի 20 տոկոսը, ինչպես նաև օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-6-րդ կետերով նախատեսված հիմքերով կնքված պայմանագրերով նախատեսված ապրանքների ծավալների ավելացումը: Պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ծավալները կարող են ավելանալ միայն պայմանագրի կատարման ժամկետում.»,
ժդ. 73-րդ կետը «գործընթացների գծով» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից սահմանված ռիսկերի գնահատման կարգի հիման վրա» բառերով, իսկ «իրականացնելու համար» բառերից հետո լրացնել «, այդ թվում` կասեցնելու գնման գործընթացը» բառերով,
ժե. 81-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) հրավերով պահանջվում է, որ մասնակիցը հայտով ներկայացնում է հայտարարություն, որ հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարվա ընթացքում պատշաճ ձևով իրականացրել է համանման (նմանատիպ) առնվազն մեկ պայմանագիր: Նախկինում կատարված պայմանագիրը (կամ պայմանագրերը) գնահատվում է (կամ գնահատվում են) նմանատիպ, եթե`
ա. մինչև երեք հարյուր հիսուն միլիոն դրամ նախահաշվային արժեք ունեցող գնումների դեպքում, դրա (դրանց) շրջանակներում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների ծավալը (կամ հանրագումարային ծավալը)` գումարային արտահայտությամբ, պակաս չէ տվյալ գնման ընթացակարգի շրջանակներում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի հիսուն տոկոսից,
բ. երեք հարյուր հիսուն միլիոն դրամից մինչև մեկ միլիարդ դրամ նախահաշվային արժեք ունեցող գնումների դեպքում, դրա (դրանց) շրջանակներում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների ծավալը (կամ հանրագումարային ծավալը)` գումարային արտահայտությամբ, պակաս չէ տվյալ գնման ընթացակարգի շրջանակներում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի հիսուն տոկոսից, որից առնվազն մեկ պայմանագրի շրջանակներում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների ծավալը գումարային արտահայտությամբ, պակաս չէ տվյալ գնման ընթացակարգի շրջանակներում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի քսան տոկոսից,
գ. մեկ միլիարդ դրամից ավելի նախահաշվային արժեք ունեցող գնումների դեպքում, դրա (դրանց) շրջանակներում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների ծավալը (կամ հանրագումարային ծավալը)` գումարային արտահայտությամբ, պակաս չէ տվյալ գնման ընթացակարգի շրջանակներում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի հիսուն տոկոսից, որից առնվազն մեկ պայմանագրի շրջանակներում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների ծավալը գումարային արտահայտությամբ, պակաս չէ տվյալ գնման ընթացակարգի շրջանակներում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի երեսուն տոկոսից.»,
ժզ. 81-րդ կետի 2-րդ ենթակետի առաջին նախադասությունը «պայմանագրի» բառից հետո լրացնել «(կամ պայմանագրերի)» բառերով,
ժէ. 83-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) հրավերով պահանջվում է, որ առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը պետք է որակավորման չափանիշները հիմնավորող փաստաթղթերով ներկայացնի ֆինանսական վիճակի գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթեր: Ֆինանսական փաստաթղթերի գնահատման կարգը և ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:
Եթե գնումն իրականացվում է օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերում, ապա ֆինանսական վիճակի գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են միայն տվյալ ժամանակահատվածում գնում կատարելու համար մասնակցի կողմից ներկայացված գնային առաջարկի համար.»,
ժը. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 88.1-ին կետով.
«88.1. Սահմանափակ ընթացակարգի կիրառման դեպքում ընտրված մասնակցի հետ պայմանագիրը կնքվում է օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ մասերով և 33-րդ հոդվածով նախատեսված կարգով:»,
ժթ. 90-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «գ» պարբերությունները «դեպքում» բառից հետո լրացնել «կամ այն դեպքում, երբ գնման գործընթացը կազմակերպվում է շրջանակային համաձայնագրերով գնումներ կատարելու ընթացակարգի կիրառմամբ և գնման գործընթացը պարունակում է պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք, ապա» բառերով,
ի. 91-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «համարվում է» բառերը փոխարինել «կարող է համարվել» բառերով,
իա. 91-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ. պայմանագրի և (կամ) կանխավճարի ապահովում ներկայացնում է, եթե գնումը կատարվում է օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի հիման վրա, ընդ որում, գնումն օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիման վրա կատարվելու դեպքում պայմանագրի և (կամ) կանխավճարի ապահովում կարող է չներկայացվել, եթե գնումն իրականացվում է կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված դեպքում,»,
իբ. 92-րդ կետից հանել «3-րդ» և «4-րդ» բառերը,
իգ. 93-րդ կետի առաջին նախադասության մեջ «6-րդ կետի» բառերը փոխարինել «1-ին և 6-րդ կետերի» բառերով, իսկ «շրջանակային համաձայնագրերի հիման վրա» բառերից հետո լրացնել «և գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը» բառերով,
իդ. 110-րդ կետի 7-րդ ենթակետն առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Պայմանագրի գինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության դրամով` տվյալ գնման ընթացակարգի հրավերով սահմանված փոխարժեքով` անկախ գնային առաջարկն արտարժույթով ներկայացված լինելու հանգամանքից:»,
իե. 110-րդ կետի 8-րդ ենթակետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«պայմանագրի կնքմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն ձեռնարկում է միջոցներ` www.gnumner.am հասցեով ինտերնետային կայքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի սահմանած կարգով կնքված գնման պայմանագրի մասին հայտարարությունը հրապարակելու համար:»,
իզ. 110-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ բաժնի վերնագրով.
«Շրջանակային համաձայնագրերի միջոցով պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող գնում կատարելու ընթացակարգի կիրարկման կարգը»,
իէ. ուժը կորցրած ճանաչել 110.1-ին կետի 3-րդ ենթակետը,
իը. 110.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«110.3. Պատվիրատուն նախաորակավորման մասին հայտարարության տեքստը հրապարակում է www.gnumner.am հասցեով ինտերնետային կայքում` դրա հաստատվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:»,
իթ. 110.13-րդ կետի 2-րդ ենթակետը «ընթացքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ ավիասպասարկման ծառայությունների գնման, որոնց դեպքում հայտը կարող է ներկայացվել ծանուցվելու օրվան հաջորդող օրվանից հաշված մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
լ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 110.15-րդ կետով.
«110.15. Սույն կարգի համաձայն և օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ մասերով և 33-րդ հոդվածով նախատեսված կարգով ընտրված մասնակցի հետ կնքվում է պայմանագիր: Պայմանագրի գինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության դրամով` տվյալ գնման ընթացակարգի հրավերով սահմանված փոխարժեքով` անկախ գնային առաջարկն արտարժույթով ներկայացված լինելու հանգամանքից: Ընդ որում, ավիասպասարկման ծառայությունների գնման դեպքում անգործության ժամկետ կարող է չսահմանվել, ինչպես նաև բացառությամբ ավիասպասարկման ծառայությունների գնման և այն դեպքերի, երբ պատվիրատուի հետ պայմանագիր կնքող անձը համաձայնում է պայմանագիրը կատարել ավելի կարճ ժամկետում, ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և ծառայության մատուցման ժամկետը պետք է սահմանվի առնվազն երեսուն աշխատանքային օր, որի հաշվարկը կատարվում է պայմանագրի կնքման օրվանից:»,
լա. 111-րդ կետում «27-37-րդ» բառերը փոխարինել «24-37-րդ» բառերով,
լբ. 112-րդ կետի 10-րդ ենթակետի «բ» պարբերությունում «հատկանիշների» բառը փոխարինել «չափանիշների» բառով,
լգ. 112-րդ կետի 26-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26) օրենքի 9-րդ և 33-րդ հոդվածներով նախատեսված կարգով ընտրված մասնակցի հետ կնքվում է պայմանագիր:»,
լդ. ուժը կորցրած ճանաչել 114-րդ, 115-րդ, 116-րդ և 117-րդ կետերը,
լե. 118-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«118. Հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն չներկայացնելը հանգեցնում է տվյալ գնման պայմանագրի ֆինանսավորման կասեցմանը` մինչև հաշվետվությունը ներկայացնելը:»,
լզ. 123-րդ կետը «ներկայացնում է» բառերից առաջ լրացնել «և արձանագրության պատճենը» բառերով,
լէ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 135-149-րդ կետերով.
«XI. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏԱՑՎԱԾ ԱՀԱԶԱՆԳՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԲՈՂՈՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
135. Գնումների աջակցման կենտրոնի թեժ գծով կարող է տրամադրվել միայն հակիրճ խորհրդատվություն:
136. Յուրաքանչյուր անձ, ով գտնում է, որ պատվիրատուի և (կամ) գնահատող հանձնաժողովի գործողությունների հետևանքով խախտվել են իր իրավունքները, կամ կրել է, կամ կարող է կրել վնասներ, իրավունք ունի ահազանգելու գնումների աջակցման կենտրոնի թեժ գծին:
137. Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման վերաբերյալ գնումների աջակցման կենտրոնի թեժ գծին ահազանգ ստանալու դեպքում`
1) գնումների աջակցման կենտրոնն ստացված ահազանգի վերաբերյալ կազմում է արձանագրություն, եթե առկա են հետևյալ տեղեկությունները`
ա. պատվիրատուի անվանումը,
բ. գնման ընթացակարգի ծածկագիրը և (կամ) առարկան,
գ. գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման առարկան:
Արձանագրությունը ներառում է նաև ահազանգողի անունը (անվանումը), եթե այն հայտնի է.
2) գնումների աջակցման կենտրոնի պետի հանձնարարականով գնումների աջակցման կենտրոնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը կամ գնումների աջակցման կենտրոնի պետի կողմից լիազորված գնումների աջակցման կենտրոնի այլ պաշտոնատար անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հեռախոսակապ է հաստատում տվյալ ընթացակարգի գնումների համակարգողի, իսկ անհնարինության դեպքում` պատվիրատուի ղեկավարի և (կամ) աշխատակազմի ղեկավարի հետ և վերջինիս տեղեկացնում է ստացված ահազանգի վերաբերյալ: Գնումների աջակցման կենտրոնն ստացված ահազանգի վերաբերյալ ծանուցում է նաև էլեկտրոնային փոստով` պատվիրատուի պաշտոնական էլեկտրոնային հասցեի առկայության դեպքում.
3) պատվիրատուն մեկ աշխատանքային օրվա ընթացքում գնումների աջակցման կենտրոնին է տրամադրում ընթացակարգին վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև ստացված ահազանգի վերաբերյալ պատվիրատուի գրավոր կարծիքը.
4) եթե պատվիրատուի կողմից ընդունվում է կատարված խախտումը, և պատվիրատուն համաձայնում է անմիջապես վերացնել արձանագրված խախտումը, ապա արձանագրված խախտման և դրա վերացման մասին տեղեկատվությունը պատվիրատուն մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տրամադրում է գնումների աջակցման կենտրոնին.
5) եթե պատվիրատուն գտնում է, որ ահազանգված խախտումն առկա չէ, ապա`
ա. մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն գնումների աջակցման կենտրոն է ներկայացնում հավաստում խախտման բացակայության մասին, ինչպես նաև` տվյալ գնման ընթացակարգին վերաբերող բոլոր փաստաթղթերը.
բ. պահանջվող տեղեկատվությունն ստանալուց հետո գնումների աջակցման կենտրոնում հրավիրվում է քննարկում, որին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ կողմերը.
գ. հրավիրված քննարկման վերաբերյալ կազմվում է արձանագրություն.
դ. քննարկման արդյունքում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտում արձանագրվելու դեպքում, գնումների աջակցման կենտրոնի պետի հանձնարարականով, գնումների աջակցման կենտրոնը բողոքարկման գործընթաց է նախաձեռնում գնումների բողոքարկման խորհրդում.
ե. գնումների աջակցման կենտրոնի կողմից բողոքարկման խորհուրդ բողոքը ներկայացվում է գրավոր` գնումների աջակցման կենտրոնի պետի կողմից, որում ներառվում են պատվիրատուի անվանումը և գտնվելու վայրը, բողոքարկվող գնման ընթացակարգի ծածկագիրը և առարկան, գնումների աջակցման կենտրոնի կողմից արձանագրված խախտման առարկան և պահանջը, ահազանգող անձի պահանջը (եթե նման պահանջ առկա է), բողոքի փաստացի և իրավական հիմքերը, ապացույցները, այլ անհրաժեշտ տեղեկություններ.
6) գնումների աջակցման կենտրոնի կողմից բողոքարկման խորհուրդ ներկայացված բողոքը քննվում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և գնումների բողոքարկման խորհրդի գործունեության կարգով սահմանված ընթացակարգով:
138. Լիազոր մարմնի և գնումների աջակցման կենտրոնի կողմից գնումների բողոքարկման խորհրդում բողոքարկման գործընթաց նախաձեռնվելու դեպքում բողոքարկման համար վճար չի կատարվում:
139. Բողոքի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացներում գնումների բողոքարկման խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչը:
XII. ԳՆՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
140. Բողոքարկման խորհրդի կողմից ընդունված որոշումն իրավապարտադիր է և ենթակա է անվերապահ կատարման, եթե այն չի փոփոխվել կամ դատական կարգով անվավեր ճանաչվել:
141. Բողոքարկման խորհրդի կողմից ընդունված որոշման կատարման մասին տեղեկատվությունն այդ որոշման հրապարակման օրվան հաջորդող օրվանից հաշված 5 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն գրավոր ներկայացնում է գնումների աջակցման կենտրոն, որը գնումների աջակցման կենտրոնում հաշվառվում է:
142. Գնումների աջակցման կենտրոնում բողոքարկման խորհրդի կողմից ընդունված որոշման կատարման վերաբերյալ հաշվառումն իրականացնում է տվյալ բողոքի պատասխանատուն (քարտուղարը)` այն գրանցելով էլեկտրոնային միասնական մատյանում:
143. Հաշվառվում են հետևյալ տեղեկությունները`
1) պատվիրատուի անվանումը և գտնվելու վայրը.
2) բողոքարկվող գնման ընթացակարգի ծածկագիրը և առարկան.
3) արձանագրված խախտման առարկան և պահանջը.
4) բողոք բերող կամ ահազանգող անձի պահանջը (եթե նման պահանջ առկա է).
5) բողոքարկման խորհրդի կողմից ընդունված որոշման համառոտ նկարագիրը.
6) պատվիրատուի կողմից բողոքարկման խորհրդի ընդունած որոշումից բխող գործողությունները կատարվելու կամ չկատարվելու մասին տեղեկատվությունը:
144. Բողոքարկման խորհրդի ընդունած որոշումից բխող գործողությունները պատվիրատուի կողմից չկատարվելու դեպքում` գնումների աջակցման կենտրոնը դրա մասին հայտնի դառնալու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզաբանումներ ստանալու նպատակով դիմում է`
1) գնումների բողոքարկման խորհրդի ընդունած որոշումը չկատարող պատվիրատուին, եթե տվյալ գնման գործարքը պետության համար պարտավորություններ առաջացնող գործարք է.
2) գնումների բողոքարկման խորհրդի ընդունած որոշումը չկատարող պատվիրատուի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին, եթե տվյալ գնման գործարքը պետության համար պարտավորություններ առաջացնող գործարք չէ:
Սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված պատվիրատուի և (կամ) պատվիրատուի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի կողմից նշված պարզաբանումը գնումների աջակցման կենտրոնին է տրամադրվում դրա մասին դիմումն ստանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում` մանրամասն նշելով դրա չկատարման հանգամանքների, ինչպես նաև այն պաշտոնատար անձանց մասին տեղեկատվությունը, որոնց գործողությունների կամ անգործության հետևանքով չի կատարվել գնումների բողոքարկման խորհրդի կողմից ընդունված որոշումը:
Եթե տրամադրված պարզաբանման արդյունքում պարզվում է, որ գնումների բողոքարկման խորհրդի ընդունած որոշումը չի կատարվել պատվիրատուի պաշտոնատար անձանց գործողությունների կամ անգործության հետևանքով, ապա գնումների աջակցման կենտրոնը նման տեղեկատվությունն ստանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվություն է տրամադրում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը:
145. Սույն կարգի 144-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում` բողոքարկման խորհրդի կողմից ընդունված, սակայն չկատարված որոշումների մասին «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկատվություն է տրամադրում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը:
146. Բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացրած անձի կողմից բողոքի քննության ընթացքում բողոքը հետ վերցվելու դեպքում «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շարունակում է ուսումնասիրել և ներկայացնել եզրակացություն` բողոքի քննման համար նախատեսված ժամկետներում:
147. Գնումների բողոքարկման խորհրդի կողմից գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ որոշում ընդունվելու դեպքում` գնումների աջակցման կենտրոնը դրա մասին տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն: Նման դեպքերում բողոքարկման խորհրդի կողմից ընդունված որոշումները դատական կարգով բողոքարկվելու դեպքում «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է հրաժարվել բողոքարկման խորհրդի անունից դատարանում հանդես գալուց:
XIII. ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԻՆ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՆԱԽԱՁԵՌՆԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
148. Լիազոր մարմնի կողմից գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում մասնակցին ներառելու նպատակով գնումների բողոքարկման խորհրդում պաշտոնական ընթացակարգ նախաձեռնելու դեպքում լիազորված մարմինը դիմում է գնումների աջակցման կենտրոնին` առաջարկելով ուսումնասիրել ներկայացված նյութերը և հիմքերի առկայության դեպքում կազմակերպել բողոքարկման գործընթաց:
Եթե ներկայացված նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում տվյալ մասնակցին ներառելու համար չկան բավարար հիմքեր, ապա գնումների աջակցման կենտրոնը` լիազորված մարմնի կողմից գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում մասնակցին ներառելու հիմքերի բացակայության վերաբերյալ կազմում է եզրակացություն և ներկայացնում լիազորված մարմին:
Լիազորված մարմինը քննարկում է գնումների աջակցման կենտրոնի կողմից ներկայացված գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում տվյալ մասնակցին ներառելու հիմքերի բացակայության վերաբերյալ տրամադրված եզրակացությունը, համաձայնության դեպքում`
1) դադարեցնում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում տվյալ մասնակցին ներառելու նպատակով նախաձեռնած գործընթացը և տեղեկացնում դիմող պատվիրատուին.
2) հակառակ դեպքում գնումների աջակցման կենտրոն է ներկայացնում լիազորված մարմնի առարկությունները և պահանջում նախաձեռնել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում տվյալ մասնակցին ներառելու ընթացակարգը:
149. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` գնումների բողոքարկման խորհրդի ընդունած որոշման հիման վրա մասնակիցը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ընդգրկվում է`
1) 6 ամիս ժամկետով, եթե ավելի քան մեկ անգամ խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, որի հետևանքով պատճառված վնասի, հաշվարկված տույժի կամ տուժանքի չափը չի գերազանցում գնումների բազային միավորը և մինչև բողոքարկման խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունվելը` պատճառված վնասը, հաշվարկված տույժը կամ տուժանքը վերականգնվել է.
2) 6 ամսվանից մինչև մեկ տարի ժամկետով`
ա. եթե ավելի քան մեկ անգամ խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, որի հետևանքով պատճառված վնասի, հաշվարկված տույժի կամ տուժանքի չափը չի գերազանցում գնումների բազային միավորի հնգապատիկը և մինչև բողոքարկման խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունվելը` պատճառված վնասը, հաշվարկված տույժը կամ տուժանքը վերականգնվել է,
բ. եթե օրենքով նախատեսված կարգով մասնակցի առնչությամբ ընդունվել է որոշում գնումների գործընթացում հակամրցակցային վարքագծի` հակամրցակցային համաձայնության կամ գերիշխող դիրքի չարաշահման համար,
գ. եթե որպես ընտրված մասնակից մեկ անգամից ավելի հրաժարվել է պայմանագիր կնքելուց.
3) մեկ տարվանից մինչև մեկ տարի 6 ամիս ժամկետով, եթե ավելի քան մեկ անգամ խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, որի հետևանքով պատճառված վնասի, հաշվարկված տույժի կամ տուժանքի չափը գերազանցում է գնումների բազային միավորի հնգապատիկը, սակայն չի գերազանցում գնումների բազային միավորի տասնապատիկը և մինչև բողոքարկման խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունվելը` պատճառված վնասը, հաշվարկված տույժը կամ տուժանքը վերականգնվել է.
4) մեկ տարի 6 ամսվանից մինչև 3 տարի ժամկետով, եթե մասնակցի գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարվա ընթացքում դատապարտված է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար.
5) 3 տարի ժամկետով`
ա. եթե ավելի քան մեկ անգամ խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, որի հետևանքով պատճառված վնասի, հաշվարկված տույժի կամ տուժանքի չափը գերազանցում է գնումների բազային միավորի տասնապատիկը կամ սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված վնասը, հաշվարկված տույժը կամ տուժանքը չի վերականգնվել մինչև բողոքարկման խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունվելը,
բ. եթե գնման գործընթացի շրջանակում ներկայացրել է կեղծ տվյալ:»:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից` բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «ե» պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից, և «ժէ» պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2013 թվականի օգոստոսի 1-ից:
(2-րդ կետը փոփ. 10.07.13 թիվ 745-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-ԻՆ