(ուժը կորցրել է 01.04.10 թիվ 62-Ն հրաման)
i
106.0190.081203
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«08» 12 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10603371
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
21 նոյեմբերի 2003 թվականի N 190-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում գործավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխանեցնելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գործավարության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել աշխատակազմի ղեկավար` Կ. Միքայելյանին:
Հավելված
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2003 թ. նոյեմբերի 11-ի
N 190-Ն հրամանի
ԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գործավարության կարգը:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գործավարության կազմակերպումն իրականացնում է գյուղատնտեսության նախարարության աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ):
3. Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է ստորաբաժանման ղեկավարը:
4. Գաղտնի գործավարությունը իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ-ի դեկտեմբերի 30-ի հ. 626 որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմում (այսուհետ` աշխատակազմ) ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն` այդ թվում նաև էլեկտրոնային փոստով հաղորդված, ընդունվում և գրանցվում է աշխատակազմի վարչատնտեսական վարչության ընդհանուր բաժնում` ապարատածրագրային միջոցով, զուգահեռ` նաև մատյանների օգնությամբ, որտեղ արտացոլվում են փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը, կատարման ընթացքը: Գրանցված փաստաթղթի առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը:
Ստացված փաստաթղթի մտից գրանցման համարը բաղկացած է ընդհանուր բաժնի դասակարգիչներով թղթակցին տրված պայմանանիշից և նրա հերթական համարից:
6. Բաժնում բացվում են ստացված բոլոր ծրարները (նաև էլեկտրոնային), բացի «Անձամբ» մակագրությամբ ծրարներից: «Անձամբ» մակագրությամբ ծրարները չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում են հասցեատիրոջը:
i
7. Բաժնի աշխատողները պարտավոր են ծրարը բացելիս ստուգել փաստաթղթերի առկայությունը (ներառյալ հավելվածները), առդիր թերթերի քանակը, փաստաթղթերի համարները համեմատել ծրարների վրա նշվածների հետ:
Փաստաթղթերի կամ ֆայլերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում քարտուղարության աշխատողի կողմից կազմվում է արձանագրություն` 3 օրինակից, որոնցից մեկը մնում է քարտուղարության ընդհանուր և արձանագրային բաժնում, երկրորդը կցվում է փաստաթղթերին, իսկ երրորդն ուղարկվում է այն կազմակերպություն, որտեղից ստացվել է ծրարը: Արձանագրությունն ստորագրում են համապատասխան աշխատողը և ընդհանուր և արձանագրային բաժնի պետը:
Եթե ծրարում հայտնաբերվում են սխալմամբ դրված փաստաթղթեր, դրանք նոր ծրարներով ուղարկվում են ըստ պատկանելության` փաստաթղթերին կցելով այն ծրարները, որոնցով դրանք ստացվել են` անհրաժեշտության դեպքում տեղյակ պահելով այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը:
(7-րդ կետը փոփ. 13.11.07 թիվ 263-Ն հրաման)
8. Ծրարները (նաև էլեկտրոնային), որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ, եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:
9. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (այսուհետ` նախարարության) համակարգչային ցանցով, պետք է հաստատված լինեն ուղարկողի կամ համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Ստացված էլեկտրոնային օրինակն անհրաժեշտության դեպքում վերծանվում է և տեղական «լոկալ» համակարգչային ցանցով ուղարկվում հասցեատիրոջը:
10. Փաստաթղթերի այն էլեկտրոնային օրինակները, որոնք հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, բացի հաստատող և պատրաստող անձանց պաշտոններից ու ազգանուններից, լրացուցիչ պետք է պարունակեն ուղարկող օպերատորի ազգանունը, բայց այդ դեպքում փաստաթուղթը կունենա միայն պատճենի կարգավիճակ:
11. Նախարարության համակարգի ընկերությունների կողմից աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին հասցեագրված տեղեկատվական բնույթի փաստաթղթերի վրա, եթե դրանք ներկայացնելու անհրաժեշտությունը չի բխում որևէ հանձնարարականի կատարման պահանջներից, դրվում է դրոշմակնիք` նշելով միայն մուտքի ամսաթիվը, որից հետո դրանք ստորագրությամբ հանձնվում են հասցեատերերին:
12. Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից ստացված նյութերը և «Շտապ» թղթակցությունն անհապաղ գրանցվում և հանձնվում են զեկուցման: Մյուս թղթակցությունը հասցեատերերին է տրվում տվյալ աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգին համապատասխան:
13. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Նախարարին հասցեագրված և մուտքագրված գրությունները, նամակները, դիմումները, բողոքները և մյուս փաստաթղթերը գրանցումից հետո ուղարկվում են քարտուղարության գործավարության բաժին:
14. Գործավարության բաժինը ստացած թղթակցությունը գրանցում է ապարատածրագրային միջոցով, զուգահեռ նաև մատյաններում նշելով` ընդհանուր բաժնի դասակարգիչներով թղթակցին տրված պայմանանիշը, ամսաթիվը, համարը և ներկայացնում աշխատակազմի ղեկավարին:
15. Աշխատակազմի ղեկավարը գործավարության բաժնից ստացված թղթակցությունը և նախարարի ստորագրմանը ներկայացվող փաստաթղթերը նախապատրաստում է տվյալ օրը նախարարին զեկուցելու համար:
16. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի (այսուհետ` նախարարի) տեղակալներին հասցեագրված թղթակցությունը ընդհանուր բաժնի կողմից գրանցվում է բաժնի դասակարգիչներով, համաձայն սույն կարգի:
17. Նախարարի տեղակալներին ամրակցված ռեֆերենտները մինչև տվյալ օրվա ժամը 1500-ն, ընդհանուր բաժնում գրանցամատյաններում ստորագրելուց հետո, ընդունում են նախարարի տեղակալներին հասցեագրված թղթակցությունը:
Ռեֆերենտները ստացված թղթակցությունը գրանցում են իրենց գրանցամատյաններում` նշելով ընդհանուր բաժնի դասակարգիչներով թղթակցին տրված պայմանանիշը, ամսաթիվը, համարը և ներկայացնում նախարարի տեղակալներին:
18. Նախարարի կողմից ընթացք տրված թղթակցությունն աշխատակազմի ղեկավարի ցուցումով գործավարության բաժինը գրանցում է ապարատածրագրային միջոցով` նշելով մակագրությունը և հանձնում ընդհանուր բաժին:
Ընդհանուր բաժինը գրանցամատյանում նշում է մակագրությունը և սույն կարգով սահմանված գործելակարգով հանձնում հասցեատերերին:
19. Նախարարի տեղակալների կողմից ընթացք տրված թղթակցությունը ռեֆերենտները գրանցում են գրանցամատյաններում` նշելով մակագրությունը և ստորագրությամբ հանձնում հասցեագրված ստորաբաժանման գործավարությունը իրականացնող մասնագետին:
20. Աշխատակազմի ստորաբաժանումների գործավարությունը իրականացնող մասնագետները ստացված թղթակցությունը գրանցում են ստորաբաժանման գրանցամատյանում` նշելով ընդհանուր բաժնի դասակարգիչներով թղթակցին տրված պայմանանիշը, ամսաթիվը, համարը, մակագրությունը և հանձնում ստորաբաժանման պետին, վերջինիս կողմից ընթացք տրված փաստաթղթերը` գրանցամատյանում համապատասխան նշումներ կատարելուց հետո, ստորագրությամբ հանձնում են անմիջական կատարողներին` մատյանում արտացոլելով փաստաթղթաշրջանառությունը ստորաբաժանման ներսում:
21. Աշխատակազմի աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար և պարտավոր են խնամքով վերաբերվել դրանց: Չի թույլատրվում աշխատակազմում ստացված փաստաթղթի բնագրային տեքստում որևէ նշում կատարել:
22. Արձակուրդ գնալիս, երկարատև գործուղման մեկնելիս, կամ այլ պատճառներով բացակայելիս, աշխատողը պարտավոր է իր մոտ եղած անավարտ գործերի փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:
23. Ստորաբաժանումներում փաստաթղթերին մակագրությանը համապատասխան ընթացք տալուց հետո` թղթակցությունը պահվում է ըստ փաստաթղթի տեսակի առանձնացված գործերում:
24. Աշխատակազմում փաստաթղթերի քննարկման համար սահմանվում են հետևյալ ժամկետները`
- լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցեր` մինչև 5 օր
- լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող հարցեր` մինչև 10 օր:
III. ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՌԱՔՈՒՄԸ
25. Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումները նախապատրաստում են նախարարի և աշխատակազմի ղեկավարի` ըստ իրավասության սահմանների, հրամանների նախագծեր հիմնավորված, միմյանց չկրկնող և արդեն լուծում ստացած հարցերին սկզբունքորեն նոր լուծում տալու կամ նոր ընդունված օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:
26. Հրամանի նախագիծ նախապատրաստվում է`
- հարցի մանրամասն ուսումնասիրությունից հետո, հստակ բովանդակությամբ, պարտադիր կարգով նշելով հրամանի վերնագիրը, աշխատանքների ծավալները և կատարման ժամկետները,
- նախագիծը չպետք է հակասի նախկինում արձակված հրամաններին, իսկ գործողության մեջ գտնվող հրամանի որևէ կետի փոփոխման դեպքում, նախագծում պետք է տրվի դրա անհրաժեշտության հիմնավորումը:
27. Նախարարի հրամանի նախագիծ նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը նախագիծն առաջին հերթին համաձայնեցնում է հարցին առնչվող և հանձնարարականներ ստացող ստորաբաժանումների պետերի հետ, որից հետո այն ներկայացնում օրենսդրության և իրավաբանական վարչության պետին` գործող օրենսդրությանը համապատասխանության ապահովման, ընդհանուր բաժնի պետին` խմբագրման, այնուհետև աշխատակազմի ղեկավարի և նախարարի տեղակալների հետ համաձայնեցնելուց հետո համապատասխան նշագրերով հանձնում աշխատակազմի ղեկավարին` նախարարի ստորագրմանը ներկայացնելու համար, ինչպես նաև հետևում է, որ նշագրերի տակ գրվեն ամսաթիվը, նշագիր տվողի պաշտոնը, անվանատառերը ազգանունը նաև էլեկտրոնային պատճենների միշտ ձևավորված լինելը:
28. Նախարարության աշխատակազմի ղեկավարի հրամանի նախագիծ նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը նախագիծը համաձայնեցնում է հարցին առնչվող և հանձնարարականներ ստացող ստորաբաժանումների պետերի հետ, այնուհետև ներկայացնում օրենսդրության և իրավաբանական վարչության պետին` օրենսդրությանը համապատասխանության ապահովման, ընդհանուր բաժնի պետին` խմբագրման համար, որից հետո համապատասխան նշագրերով ներկայացնում աշխատակազմի ղեկավարին` ստորագրման:
29. Հրամանի նախագծի բովանդակության նկատմամբ առարկության դեպքում նշագրողի կողմից առանձին թղթի վրա տրվում է առարկության հիմնավորումը և կցվում հրամանի նախագծին:
30. Ընդհանուր բաժինը նախագիծը սահմանված կարգին համապատասխան նախապատրաստված չլինելու դեպքում այն վերադարձնում է նախապատրաստող ստորաբաժանմանը` լրամշակման:
31. Հրամանի նախագծի հիմնավորվածության, արժանահավատության և ամբողջականության համար պատասխանատվություն է կրում այն նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը:
32. Հրամանները տպագրվում են համապատասխան ձևաթղթերի վրա:
33. Նախարարի և աշխատակազմի ղեկավարի հրամանները գրանցվում են ընդհանուր բաժնում համապատասխան գրանցամատյաններում, դրանց տալով հերթական համարներ, նշելով ամսաթիվը, ամիսը, տարեթիվը: Յուրաքանչյուր տարվա համար հրամանների համարակալումները սկսվում են հունվար ամսվա առաջին հրամանից և ավարտվում տվյալ տարվա դեկտեմբերի վերջին հրամանով:
34. Ընդհանուր բաժինը կազմակերպում է հրամանների բազմացումը և հասցեատերերին առաքումը, համաձայն հրամանը նախապատրաստող ստորաբաժանման պետի կողմից լրացված հասցեաթերթի:
Հրամանի պատճենները կնքվում են ընդհանուր բաժնի կնիքով:
35. Հրամաններում ուղղումներ կատարվում են բացառապես ակնհայտ տեխնիկական վրիպակների դեպքում` աշխատակազմի ղեկավարի գրավոր ցուցումով և առաքվում սկզբնական հասցեատերերին:
36. Նախարարի և աշխատակազմի ղեկավարի հրամանները ընդհանուր բաժնում մշակվում են և սահմանված կարգով հանձնվում արխիվ պահպանության:
37. Նախարարի, նախարարի տեղակալների և աշխատակազմի ղեկավարի մոտ անցկացվող խորհրդակցությունների արձանագրությունների պատճենները կնքվում են ընդհանուր բաժնի կնիքով:
Նշված արձանագրությունների բնօրինակները պահվում են հարցը նախապատրաստող ստորաբաժանումում:
IV. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
38. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն են ներկայացվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով նրա իրավասությանը վերապահված հարցեր, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից, ինչպես նաև հրատապ լուծում պահանջող հարցեր:
39. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող հարցի հիմնավորվածության, դրա որակի, ներկայացված նյութերի արժանահավատության և ամբողջականության համար պատասխանատվություն է կրում հարցը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը:
40. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների նախագծերը պետք է համապատասխանեն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:
41. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող հարցերին առնչվող փաստաթղթերում հստակ նշվում է, թե գործող օրենսդրության որ ակտերում և դրանց որ մասերում է առաջարկվում փոփոխություններ կամ լրացումներ կատարել, կամ որ ակտերի գործողությունն է անհրաժեշտ դադարեցնել: Նման դեպքերում հարցի հետ ներկայացվում է համապատասխան ակտերի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ:
i
42. Համապատասխան ստորաբաժանման ղեկավարը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկման համար հարցը պետք է նախապատրաստի Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. հունիսի 20-ի թիվ 890-Ն որոշման 28-րդ կետի պահանջներին համապատասխան, ըստ որի Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի փաթեթը ներառում է.
ա) առաջադրվող նախագիծը` նախարարի ուղեկցական գրությամբ, նշագրերով,
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը,
դ) տվյալ նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը,
ե) (42-րդ կետ ե ենթակետն ուժը կորցրել է 13.11.07 թիվ 263-Ն հրաման)
զ) հասցեաթերթիկ կատարողի կողմից ստորագրված և այն պետական մարմինների և կազմակերպությունների նշումով, որոնց ուղարկվելու է իրավական ակտը:
(42-րդ կետը փոփ. 13.11.07 թիվ 263-Ն հրաման)
43. Հարցը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը նախագծերի փաթեթի համապատասխանությունը օրենսդրությանն ապահովելու նպատակով այն ներկայացնում է օրենսդրության և իրավաբանական վարչության պետին:
44. Օրենսդրության և իրավաբանական վարչության պետը 3-օրյա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը ու դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանը և օրենքներին հավաստում է նշագրով:
45. Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների հետ 5-օրյա, այնուհետև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ` 15-օրյա ժամկետներում համաձայնեցնելուց հետո: Եթե վերը նշված ժամկետներում նախագծի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեն ստացվում, ապա նախագիծն առանց դրանց կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարություն: Նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և շահագրգիռ նախարարությունների առարկությունները և առաջարկությունները կցվում են իրավական ակտերի նախագծերին:
46. Ստորաբաժանման ղեկավարն ապահովում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, ինչպես նաև շահագրգիռ այլ նախարարությունների առարկությունների և առաջարկությունների հիման վրա նախագծի լրամշակումը:
47. Նախարարության աշխատակազմի ղեկավարը.
i
ա) հետևում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգով սահմանված փաստաթղթերը.
բ) հետևում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկման նախատեսված հարցերի սահմանված ժամկետներին նախապատրաստման նկատմամբ,
գ) (47-րդ կետ գ ենթակետն ուժը կորցրել է 13.11.07 թիվ 263-Ն հրաման)
(47-րդ կետը փոփ. 13.11.07 թիվ 263-Ն հրաման)
48. Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումները Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացրած յուրաքանչյուր իրավական ակտի նախագծի համար կազմում են գործ (օգտագործելով համապատասխան թղթապանակ), որի մեջ զետեղում են նախագծի, ուղեկցական նամակի և նախագծին կցված բոլոր փաստաթղթերի պատճենները:
V. ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
49. Աշխատակազմի ղեկավարը Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության նախարարներից և տարածքային կառավարման մարմիններից ստացված փաստաթղթերի մասին նույն օրը զեկուցում է նախարարին:
50. Պետական այլ մարմիններից և պաշտոնական այլ անձանցից, տեղական ինքնակառավարման մարմիններից նախարարի տեղակալներին և աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների պետերին հասցեագրված թղթակցությանը և նախարարի կողմից լուծում չպահանջող մյուս փաստաթղթերին ընթացք է տրվում օրենսդրությամբ սահմանված կարգով:
51. Աշխատակազմում ստացված թղթակցության կապակցությամբ նախարարը մակագրության ձևով հանձնարարականներ է տալիս իր տեղակալներին, աշխատակազմի ղեկավարին և աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների պետերին:
52. Փաստաթղթերը նախարարին զեկուցելու համար նախապատրաստելու, համապատասխան մակագրություններով հանձնարարականներ կատարողներին գրառելու գործընթացը կազմակերպում է աշխատակազմի ղեկավարը` գործավարության բաժնի միջոցով:
53. Աշխատակազմում ստացված թղթակցության հանձնարարականների, ինչպես նաև նախարարի հանձնարարականների կատարումն ապահովելու նպատակով մակագրությունում նախատեսվում են ժամկետներ, որոնք ենթակա են կատարման նշված ժամկետներում:
54. Աշխատակազմի ստորաբաժանումների պետերը յուրաքանչյուր ամիս` մինչև տվյալ ամսվա 30-ը, տեղեկատվություն են ներկայացնում նախարարի տեղակալներին` ըստ խնամարկման ոլորտների, և աշխատակազմի ղեկավարին` ստորաբաժանման կողմից հանձնարարականների, ինչպես նաև նախարարի հրամանների կատարման ընթացքի և դրանց կատարման ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին:
55. Հանձնարարականների կատարման ժամկետը կարող է երկարաձգել միայն նախարարը` փոխնախարարների և աշխատակազմի ղեկավարի առաջարկությամբ:
56. Եթե հանձնարարականը տրվել է միաժամանակ մի քանի կատարողների, ապա հանձնարարականի կատարման պատասխանատուն առաջին հասցեատերն է, որի անվան դիմաց գրառված է «հավաք» նշումը:
Հանձնարարական ստացած մյուս կատարողները պարտավոր են կատարման վերաբերյալ պատասխանատու կատարողին առաջարկություններ, առարկություններ և անհրաժեշտ այլ նյութեր ներկայացնել այն հաշվով, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա հանձնարարողների կողմից սահմանված ժամկետում կատարելու հանձնարարականը: Եթե հանձնարարականում բացակայում է «հավաք» նշումը, ապա դրանում նշված պատասխանատու կատարողները կարծիքներ ներկայացնում են հանձնարարությունը տվող պաշտոնատար անձին: Հանձնարարականը համարվում է կատարված, եթե լուծված են դրանում բարձրացված բոլոր հարցերը կամ դրա վերաբերյալ տրվել է ըստ էության պատասխան:
57. Աշխատակազմի ղեկավարը պարբերաբար քննության է առնում Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների և Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրով նախատեսված հանձնարարականների, ինչպես նաև նախարարի հրամանների կատարման արդյունքները և միջոցներ ձեռնարկում թերությունները վերացնելու համար:
58. Նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների պետերը հանձնարարականի կատարումը հավաստող նյութերը ներկայացնում են աշխատակազմի ղեկավարին և նրա ցուցումով փաստաթուղթը հանվում է հսկողությունից:
VI. ԵԼԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
59. Աշխատակազմում ելից փաստաթղթերը ստորագրվում են նախարարի, նախարարի տեղակալների և աշխատակազմի ղեկավարի կողմից:
60. Ստորագրության ներկայացվող նամակին կցվում է երկրորդ օրինակը` նախագիծը պատրաստող ստորաբաժանման պետի նշագրով:
61. Նամակների տեքստի տակ, որոնց կցվում են լրացուցիչ նյութեր` նշվում է կցվող նյութի անվանումը, ամսաթիվը, համարը և թերթերի թիվը:
62. Այն դեպքում, երբ նամակները ուղարկվում են որպես համակարգի կազմակերպություններից ստացված գրությունների պատասխաններ հասցեատիրոջ անվան տակ վերևի ձախ անկյունում նշվում են այդ գրության ամսաթիվը և համարը:
63. Նամակի ելից համարը կազմված է պայմանանիշից և համարից: Ելից համարը գրվում է տեքստի վերջում:
64. Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումները ելից փաստաթղթերը, որոնք ստորագրվել են նախարարի տեղակալների կողմից նախքան ընդհանուր բաժին առաքման հանձնելը, պետք է ներկայացնեն աշխատակազմի ղեկավարին` նշագրման:
65. Հասցեատերերի ստորագրությունները և առաքվող թղթակցության ցանկերը օրենսդրությամբ սահմանված կարգով պահվում են ընդհանուր բաժնում:
VII. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԸՆԹԱՑՔ ՏԱԼԸ
66. Քաղաքացիների կողմից ստացված առաջարկությունները, դիմումները, բողոքները ստացման օրը գրանցվում են քարտուղարությունում:
67. Նախարարի, նախարարի տեղակալների և աշխատակազմի ղեկավարի կողմից քաղաքացիների անհատական ընդունելության ժամանակ նրանց գրավոր առաջարկությունները, դիմումները ու բողոքները նույնպես ենթակա են գրանցման, օրենքով սահմանված կարգով:
68. Կոլեկտիվ առաջարկության, դիմումի և բողոքի ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում` առաջին ազգանունը:
69. Անանուն նամակները գրանցման ենթակա չեն և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով: Միևնույն անձից միևնույն հարցով քննարկման համար տարբեր հասցեներով ուղարկված և նախարարությունում ստացված առաջարկությունները, դիմումները, բողոքները հաշվի են առնվում առաջին առաջարկության, դիմումի ու բողոքի գրանցման պայմանանիշով, ավելացնելով հերթական համարը` կոտորակի ձևով:
70. Ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները ընդհանուր բաժնում գրանցումից հետո հանձնվում են գործավարության բաժին` այն աշխատակազմի ղեկավարին ներկայացնելու համար:
71. Որոշ առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ընդհանուր բաժնի կողմից կարող են ուղարկվել համակարգի այն պետական մարմիններին, հիմնարկներին և կազմակերպություններին, որոնց անմիջական իրավասությանն է պատկանում տվյալ հարցի լուծումը, կամ որոնց անմիջական ենթակայությամբ գործում է պաշտոնատար անձը, որի գործողությունը բողոքարկվում է` դիմողին ուղարկելով դրա մասին ծանուցում:
72. Ստացված առաջարկությունները, դիմումները, բողոքները Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի, նախարարի տեղակալների կամ աշխատակազմի ղեկավարի մակագրություններով տրվում են կատարողներին:
73. Նամակների քննարկման արդյունքների մասին գրավոր կամ դիմողի համաձայնությամբ բանավոր տեղեկացվում է դրանց հեղինակներին: Այս նպատակով պատասխանը նախապատրաստվում է 3 օրինակից, մեկը պահվում է համապատասխան ստորաբաժանումում, երկուսը` հանձնվում ընդհանուր բաժին: Առաջին օրինակը համապատասխան պաշտոնատար անձի ստորագրությամբ ուղարկվում է դիմողին, երկրորդ օրինակը պատասխանը պատրաստող ստորաբաժանման պետի նշագրով կցվում է գործին:
74. Ուսումնասիրությունից և վերջնական քննարկումից հետո քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները իրենց բոլոր նյութերի հետ միասին վերադարձվում են ընդհանուր բաժին` ստորագրությամբ ու ամսաթվի նշումով և «գործին» մակագրությամբ:
75. Ընդհանուր բաժինը յուրաքանչյուր նամակի համար կազմում է գործ, բաղկացած` առաջարկության, դիմումի և բողոքի բնօրինակից, պատասխանից և դրա հետ կապված այլ փաստաթղթերից:
VIII. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
i
(VIII բաժինը խմբ. 14.02.07 թիվ 23-Ն հրաման)
76. Փաստաթղթերն աշխատակազմի արխիվ են հանձնվում դրանց գործավարությամբ ավարտվելու տարվան հաջորդող երկրորդ տարվա ընթացքում, բացառությամբ հինգ տարի և ավելի կարճ ժամկետով պահպանության ենթակա հաշվապահական հաշվառման վերաբերյալ փաստաթղթերի, որոնք, պահպանության ժամկետը լրանալուց հետո, ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Փաստաթղթերի մշակումից հետո «Արխիվ» շտեմարանում գրանցվում են նաև ֆայլերը:
77. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերի համալրումը, հաշվառումը և պահպանումը իրականացվում են «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
78. Աշխատակազմի արխիվի կամ «Արխիվ» շտեմարանի փաստաթղթերն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի` պետության սեփականությունը համարվող փաստաթղթերի օգտագործման կարգի պահանջներին համապատասխան:
79. Աշխատակազմի արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է կարգավորված վիճակում` ըստ ցուցակների (հինգ օրինակ) և գործերի նիշերի:
80. Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր և արձանագրային բաժնի առաջատար մասնագետը, որն իրականացնում է արխիվի գործունեությունը, աշխատակազմի ստորաբաժանումների գործերի ընդունման ժամանակ ստուգում է դրանց առկայությունը, ստորագրում է ցուցակների բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը:
Ցուցակի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են աշխատակազմի արխիվում:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետները լրանալուց հետո մշտական պահպանության գործերն աշխատակազմի արխիվից հանձնվում են պետական արխիվ: