040.0830.210606
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հունիսի 2006 թվականի N 830-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1725-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում որոնման և փրկարարական ծառայությունների կազմակերպման և համագործակցության կարգը հաստատելու մասին» N 1725-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում որոնման և փրկարարական ծառայությունների կազմակերպման և համագործակցության կարգում`
ա) 14-րդ կետը «սահմանվում է» բառից հետո լրացնել «շուրջօրյա» բառով.
i
բ) «VI. ՈՐՈՆՈՂԱԿԱՆ - ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«VI. ՈՐՈՆՈՂԱԿԱՆ-ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
45. Հայաստանի Հանրապետության տարածքում աղետի ենթարկված օդանավերի որոնողական-փրկարարական աշխատանքները կազմակերպում և ղեկավարում է որոնման և փրկման օպերատիվ շտաբը, որը որոնողական-փրկարարական աշխատանքների համակարգման կենտրոնն է:
46. Այն դեպքում, երբ որոնողական-փրկարարական աշխատանքներում ներգրավվում են մի քանի որոնողական-փրկարարական խմբեր և միջոցներ, օդում և ցամաքում կատարվող որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունավետությունն ավելացնելու նպատակով օպերատիվ շտաբի որոշմամբ աղետի վայրում որոնողական-փրկարարական աշխատանքների իրականացման համար նշանակվում են մեկ կամ մի քանի որոնողական-փրկարարական աշխատանքային խմբեր` հաշվի առնելով միջոցների առկայությունը և դրանց անհրաժեշտությունը:
47. Եթե որոնման աշխատանքների ընթացքում օդանավի (ուղղաթիռի) հրամանատարը նկատում է, որ մեկ ուրիշ օդանավ է ենթարկվել աղետի, հնարավորության սահմաններում (բացի այն դեպքերից, երբ նա գտնում է, որ դրա անհրաժեշտությունը չկա)`
ա) հսկողություն է սահմանում աղետի ենթարկված օդանավի նկատմամբ` այնքան ժամանակ, քանի դեռ ստիպված չէ լքել տարածքը, կամ որոնողական-փրկարարական աշխատանքների համակարգման կենտրոնի կողմից դրա մասին հրահանգ չի ստացվել.
բ) որոշում է աղետի վայրը, տեղանքը.
գ) համապատասխան որոնողական-փրկարարական աշխատանքների համակարգման կենտրոնին կամ օդային երթևեկությունն սպասարկող մարմնին հայտնում է հետևյալ տվյալները`
աղետի ենթարկված օդանավի վիճակը, տեսակը, արտաքին նշանները,
գտնվելու վայրը` արտահայտված աշխարհագրական կոորդինատային համակարգի տվյալներով, կամ նկարագրված մոտակայքում գտնվող որևէ աերոնավիգացիոն կայանի, սարքի դիրքի նկատմամբ,
ժամանակը` արտահայտված միջազգային կոորդինացիոն ժամային համակարգով (UTC),
նկատվող մարդկանց թիվը,
որևէ փաստ մարդկանց կողմից օդանավի լքման մասին,
աղետի վայրում եղանակի պայմանները,
ողջ մնացածների արտաքին ֆիզիկական վիճակը,
աղետի վայր հասնելու տեսանելի օպտիմալ երթուղին.
դ) գործում է` համաձայն որոնողական-փրկարարական աշխատանքների համակարգման կենտրոնի կամ օդային երթևեկությունն սպասարկող մարմնի հրահանգների:
48. Եթե աղետի վայր առաջինը ժամանել է ոչ որոնողափրկարար օդանավ (ուղղաթիռ), ապա նա մնացած բոլոր օդանավերի գործողությունները ղեկավարում է այնքան ժամանակ, քանի դեռ չի ժամանել առաջին որոնողափրկարար օդանավը (ուղղաթիռը): Այն դեպքում, երբ առաջինը ժամանած ոչ որոնողափրկարար օդանավը (ուղղաթիռը) չի կարողանում կապ հաստատել որոնողական-փրկարարական աշխատանքների համակարգման կենտրոնի կամ օդային երթևեկությունն սպասարկող մարմնի հետ, ապա հետագա գործողությունների ղեկավարումը, երկուստեք պայմանավորվածությամբ, ստանձնում է այն օդանավը (ուղղաթիռը), որին հաջողվում է կապ հաստատել և այն պահպանել` մինչև որոնողափրկարար օդանավի ժամանելը:
49. Եթե օդում գտնվող օդանավը (ուղղաթիռը) ցանկանում է որևէ տեղեկություն հաղորդել ողջ մնացածներին կամ ցամաքային որոնողափրկարար խմբին, սակայն բացակայում են երկկողմանի կապի միջոցները, ապա հնարավորության դեպքում կարող են օդանավից ցած նետել որևէ ռադիոկապի սարք (եթե այդպիսիք կան) կամ տեղեկատվություն պարունակող գրություններ:
50. Այն դեպքում, երբ գետնից որևէ ազդանշան է տրվում, օդանավը (ուղղաթիռը), օգտագործելով սույն կարգի 49-րդ կետում նշված միջոցներից որևէ մեկը կամ սույն կարգի 8-րդ գլխում նշված տեսողական ազդանշանները, պետք է ցույց տա, որ ազդանշանն ընդունվել է:
51. Աղետի ազդանշան ստացած օդանավի հրամանատարը հնարավորության սահմաններում`
ա) հաստատում է աղետի ազդանշանի ստացումը,
բ) ֆիքսում է աղետի վայրը, եթե դրա մասին հաղորդվել է,
գ) որոշում է ազդանշանը հաղորդող ռադիոկայանի դիրքը (պելենգը),
դ) ստացված տեղեկատվության մասին հաղորդում է որոնողական-փրկարարական աշխատանքների համակարգման կենտրոնին կամ օդային երթևեկությունն սպասարկող մարմնին,
ե) իր հայեցողությամբ մեկնում է դեպքի վայր` սպասելով լրացուցիչ հրահանգի:
52. Որոնման աշխատանքների ընթացքում, աղետի ենթարկված օդանավի հայտնաբերման դեպքում, որոնում իրականացնող օդանավի (ուղղաթիռի) անձնակազմը պարտավոր է`
ա) աղետի ենթարկվածներին զգալ տալ, որ նրանք հայտնաբերված են, և օդանավից նրանց համար իջեցնեն կապի ու կենսաապահովման միջոցներ,
բ) աղետի վայրը պահել իրենց տեսադաշտում` շրջապտույտներ կատարելով նրանց վրա, ուսումնասիրել տեղանքը, քարտեզի վրա ճշգրտորեն որոշել աղետի վայրը,
գ) օպերատիվ շտաբին զեկուցել աղետի վայրի հայտնաբերման մասին` հայտնելով աղետի վայրի բացահայտման ժամը, տեղը, պայմանները, ողջ մնացած աղետյալների թիվը և տեսանելի վիճակը, անհրաժեշտ որոնողական-փրկարարական և կենսաապահովման միջոցների կարիքը, աղետյալներից ստացված ահազանգերը (այդ թվում` նաև կապի միջոցներով), եղանակային պայմանները, տեղանքի առանձնահատկությունները, իրականացված միջոցառումները, որոնում իրականացնող օդանավի վառելանյութի քանակը,
դ) կատարել աղետի վայրի տեսանկարահանում, լուսանկարահանում և որոնողական-փրկարարական ստորաբաժանումներին ցույց տալ աղետի վայր հասնելու առավել կարճ ճանապարհը,
ե) մնալ աղետի վայրում` մինչև փոխարինումը, հարկադիր վերադարձի պահը կամ որոնողական աշխատանքների ավարտը:
53. Աղետի ենթարկված օդանավի հայտնաբերման դեպքում վերգետնյա որոնողափրկարար խմբերը`
ա) հետախուզում, գնահատում են աղետի վայրը և տվյալները հայտնում օպերատիվ շտաբին,
բ) ցուցաբերում են առաջին օգնություն և իրականացնում նախապատրաստական աշխատանքներ` ողջ մնացածների տարահանման համար,
գ) կազմակերպում են աղետի վայրում օդանավի մնացորդների պահպանությունը և նախնական զննումը,
դ) առկա միջոցներով տարահանում են ողջ մնացած ուղևորներին:
54. Աղետի ենթարկված օդանավի մնացորդները չպետք է տեղաշարժվեն` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք անհրաժեշտ է տեղաշարժել ողջ մնացած ուղևորներին փրկելու համար: Ընդ որում, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ օդանավի մնացորդները ոչ միայն վտանգավոր են, այլ նաև մեծ նշանակություն ունեն դեպքի հետագա քննության համար: Այդ պատճառով մինչև դրանք տեղաշարժելն անհրաժեշտ է հնարավորության դեպքում կատարել աղետի վայրի լուսանկարահանում:
55. Ողջ մնացած ուղևորների տարահանման ժամանակ պետք է հաշվի առնել նրանց վիճակը, փրկարարների բժշկական պատրաստականության աստիճանը, ուղևորների տարահանման համար փրկարար խմբերի հնարավորությունները, օպերատիվ շտաբի հետ կապ պահպանելու ձևերն ու միջոցները, ինչպես նաև տեղանքի ռելիեֆային և օդերևութաբանական պայմանները:
Ողջ մնացած ուղևորներին օդանավով (ուղղաթիռով) տարահանման մասին որոշման ընդունման դեպքում փրկարար խումբը նախապատրաստում է վայրէջքի հրապարակ և համապատասխան «Երկիր-օդ» ազդանշանները:
56. Ողջ մնացած ուղևորներին բժշկական օգնություն ցույց տալու անհրաժեշտության դեպքում օպերատիվ շտաբին պետք է հայտնել հետևյալ տեղեկությունները`
ա) որոնողափրկարար խմբի անվանումը և սահմանված ռադիոկանչը,
բ) որոնողափրկարար խմբի գտնվելու վայրը, տեղանքը և ժամանման հաշվարկային ժամանակը,
գ) ուղևորի ազգանունը, անունը, ազգությունը, տարիքը, տվյալներ շնչառության, սրտի աշխատանքի, արյան ճնշման, վնասվածքների բնույթի, առկա բուժման միջոցների և օգտագործված դեղամիջոցների մասին:
57. Որոնողական-փրկարարական աշխատանքների իրականացման ընթացքում զոհվածների դիակների հայտնաբերման դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ ուղևորը մահացել է փրկարար օդանավով (ուղղաթիռով) փոխադրման ընթացքում, կազմվում է արձանագրություն յուրաքանչյուր զոհվածի վերաբերյալ` նշելով զոհված ուղևորի ազգանունը, անունը, տարիքը (եթե դա հնարավոր է), մահվան տեղը, ժամը և պատճառը (եթե դա հնարավոր է): Բազա վերադառնալուց անմիջապես հետո, օպերատիվ շտաբի ցուցումով, զոհվածի դին կազմված արձանագրության հետ միասին պետք է փոխանցվի համապատասխան լիազոր մարմիններին:
58. Փրկարարական աշխատանքների ավարտից անմիջապես հետո օպերատիվ շտաբը որոնողական-փրկարարական աշխատանքներում ներգրավված ստորաբաժանումներին պետք է ծանուցի աշխատանքների ավարտի մասին և կազմի հաշվետվություն իրականացված որոնողական-փրկարարական աշխատանքների և դրանց արդյունքների մասին».
i
գ) կարգը համապատասխանաբար լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` VII և VIII գլուխներով.
«VII. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
59. Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ավիացիայի օդանավերի աղետների դեպքերում որոնողական-փրկարարական աշխատանքների համակարգման լիազորված մարմինը (այսուհետ` լիազորված մարմին) պետք է իր աշխատանքներում համագործակցի հարևան երկրների համապատասխան մարմինների ու որոնողափրկարար խմբերի հետ, որոնողական-փրկարարական աշխատանքների համակարգման նպատակով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ապահովի այլ երկրների որոնողական-փրկարարական ուժերի ու միջոցների անարգել մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք` համաձայնեցնելով այն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ, ստեղծի որոնման և փրկարարական կապի կենտրոն` ԿՈՍՊԱՍ-ՍԱՐՍԱՏ (ԿՕՍՊԱՍ-ՍԱՌՍԱՏ) համակարգից աղետների մասին տեղեկատվություն ստանալու համար:
60. Այն երկրները, որոնք ցանկանում են իրենց որոնողափրկարար խմբերով մասնակցել Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող որոնողական-փրկարարական աշխատանքներին, պետք է ուղերձով դիմեն լիազորված մարմին` մանրամասն հիմնավորելով իրենց առաքելության նպատակը:
61. Լիազորված մարմինն անհապաղ հաստատում է նշված ուղերձի ստացումը և հրապարակում կամ տարածում այն պայմանները (եթե այդպիսիք կան), որոնց համաձայն կարող է իրականացվել նշված առաքելությունը կամ անհրաժեշտ են օտարերկրյա պետությունների որոնողափրկարար խմբերին Հայաստանի Հանրապետություն մուտքի թույլտվության հատկացման համար:
62. Այն դեպքում, երբ որոնողական-փրկարարական աշխատանքների կատարման համար պատասխանատու են մեկից ավելի երկրներ, այդ երկրներից յուրաքանչյուրը ձեռնարկում է տվյալ տարածաշրջանային որոնողական-փրկարարական աշխատանքների համակարգման կենտրոնի գործողությունների պլանին համապատասխան միջոցներ:
VIII. ՈՐՈՆՈՂԱԿԱՆ-ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԸ
63. Որոնողական-փրկարարական աշխատանքների ժամանակ կիրառվում են «Օդ-երկիր» և «Երկիր-օդ» տեսողական ազդանշանները, որոնք օգտագործվում են միայն նշանակետեր նշելու համար:
64. «Օդ-երկիր» տեսողական ազդանշանները հայտնելու ժամանակ օդանավի կողմից իրականացվում են հետևյալ գործողությունները`
ա) կատարում է առնվազն մեկ պտույտ նավի վրայով.
բ) ցածր բարձրության վրա նավի առաջամասի կողմից հատում է նրա ուղերթը և ճոճում թևերը կամ փակում և բացում է շարժիչների կափարիչները (զասլոնկի) կամ փոխում է շարժիչի պտուտակաթևերի քայլերը.
գ) ընտրում է շարժման այնպիսի ուղղություն, որով շարժվում է նավը:
65. Օդանավի կողմից այս գործողությունների կատարումը նշանակում է, որ նա ցանկանում է ջրում գտնվող նավին ուղարկել աղետի ենթարկված նավի կամ օդանավի մոտ: Այսպիսի գործողությունների կրկնությունը չի փոխում ազդանշանների իմաստը:
66. Այն դեպքում, երբ ջրի վրա գտնվող նավի օգնության կարիքը չի զգացվում, օդանավի կողմից կատարվում են հետևյալ գործողությունները`
ցածր բարձրության վրա նավի նավախելային մասով հատում է նրա շարժման ուղղությունը և ճոճում թևերը կամ փակում և բացում է շարժիչների կափարիչները, կամ փոխում է շարժիչի պտուտակաթևերի քայլերը:
67. Նշված ազդանշաններին ի պատասխան` նավից պետք է տրվեն հետևյալ ազդանշանային պատասխանները`
ա) ազդանշանն ընդունվել է, այս դեպքում`
մինչև վերջ բարձրացվում է սպիտակ և կարմիր գույնի ուղղաձիգ գծերով պայմանական նշանով դրոշ, որը նշանակում է, որ ազդանշանն ընդունվել է,
ազդանշանային լապտերի միջոցով տրվում է Մորզեի այբուբենի T տառին համարժեք ազդանշան,
փոխում է շարժման ուղղությունը և հետևում օդանավին.
բ) հրահանգների կատարումն անհնարին է, այս դեպքում`
բարձրացվում է N տիպի միջազգային դրոշակ, որն ունի սպիտակ և կապույտ գույնի շախմատաձև տեսք,
ազդանշանային լապտերի միջոցով տրվում է Մորզեի այբուբենի N տառին համարժեք ազդանշան:
68. «Երկիր-օդ» տեսողական ազդանշանները հետևյալն են`
ա) «Երկիր-օդ» տեսողական ազդանշանի տարբերանշանները ողջ մնացածների օգտագործման համար.
._______________________________________________.
|NN | Ազդանշանի նշանակությունը | Ազդանշանը |
|ը/կ| | |
|___|_______________________________|___________|
|1. |Պահանջվում է օգնություն: | V |
|___|_______________________________|___________|
|2. |Պահանջվում է բժշկական | X |
| |օգնություն: | |
|___|_______________________________|___________|
|3. |Ոչ կամ բացասական | N |
|___|_______________________________|___________|
|4. |Այո կամ դրական | Y |
|___|_______________________________|___________|
|5. |Շարժվում ենք տվյալ ուղղությամբ:| /|\ |
| | | | |
._______________________________________________.
բ) «Երկիր-օդ» տեսողական ազդանշանի տարբերանշանները գետնի վրա գտնվող փրկարարների օգտագործման համար.
.________________________________________________________________________.
|NN | Ազդանշանի նշանակությունը | Ազդանշանը |
|ը/կ| | |
|___|____________________________________________________|_______________|
| 1.|Օպերացիաներն ավարտված են: | LLL |
|___|____________________________________________________|_______________|
| 2.|Մենք գտել ենք բոլոր մարդկանց: | LL |
|___|____________________________________________________|_______________|
| 3.|Մենք գտել ենք միայն մի քանի մարդու: | + + |
|___|____________________________________________________|_______________|
| 4.|Մենք ի վիճակի չենք շարունակել: Վերադառնում ենք բազա:| XX |
|___|____________________________________________________|_______________|
| 5.|Բաժանվել ենք 2 խմբի: Յուրաքանչյուրը շարժվում է նշված| --> <-->-->
| |ուղղություններով: | |
|___|____________________________________________________|_______________|
| 6.|Ստացված են տվյալներ, որ օդանավը գտնվում է | --> --> |
| |այս ուղղությամբ: | |
|___|____________________________________________________|_______________|
| 7.|Ոչինչ չենք գտել: Շարունակում ենք որոնումները: | N N |
.________________________________________________________________________.
Ազդանշանները պետք է պատրաստված լինեն առնվազն 2.5 մետր (8 ֆութ) երկարությամբ և հնարավորինս տեսանելի:
69. Աղետի վայրից «Երկիր-օդ» ազդանշանները տալու ժամանակ ցույց տալու համար, որ գետնի վրայից արձակված ազդանշանները հասկացվել են, օդանավի կողմից պետք է կատարվեն հետևյալ գործողությունները`
ա) ցերեկային ժամերին`
ճոճում է օդանավի թևերը.
բ) մութ ժամերին`
կրկնակի անջատում և միացնում է վայրէջքի լուսարձակները, իսկ դրանց բացակայության դեպքում` աերոնավիգացիոն լապտերները:
Այս ազդանշանների բացակայությունը նշանակում է, որ գետնի վրայից ուղարկված ազդանշանները չեն հասկացվել».
դ) ուժը կորցրած ճանաչել կարգի NN 1 և 2 հավելվածները:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ