ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության ԵԴ/0591/06/20
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԵԴ/0591/06/20
Նախագահող դատավոր` Ն. Հովակիմյան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Հ. Ասատրյանի
մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի
Ե. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
4 մարտի 2022 թվական ք. Երևան
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Վոլոդյա Արմենի Սուքիասյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հուլիսի 17-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
i
1. 2020 թվականի հունվարի 20-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնում հարուցվել է թիվ 17154520 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 3-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով, և նույն օրն ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան ու Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ռ.Ղասաբյանի վարույթ:
i
1.1. 2020 թվականի հունվարի 30-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է թիվ 12101520 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Նախաքննության մարմնի` 2020 թվականի փետրվարի 3-ի և 14-ի որոշումներով թիվ 12101120 ու 12126319 քրեական գործերը միացվել են թիվ 12101520 քրեական գործին:
2020 թվականի փետրվարի 4-ին Վոլոդյա Արմենի Սուքիասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ու 3-րդ կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ ու 3-րդ կետերով:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ մեղադրյալ Վ.Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով:
1.2. Նախաքննության մարմնի` 2020 թվականի հունվարի 22-ի, փետրվարի 17-ի, մարտի 2-ի, 3-ի և 11-ի որոշումներով թիվ 17100820, 17100620, 15999519, 16161620, 12101520, 16155320, 14105120, 27180319, 17104820, 10891519, 10894819, 13170620 ու 17154520 քրեական գործերը միացվել են թիվ 17154520 քրեական գործին:
1.3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի մարտի 30-ի որոշմամբ բավարարվել է մեղադրյալ Վ.Սուքիասյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 (երկու) ամսով երկարացնելու մասին Նախաքննության մարմնի միջնորդությունը: Միևնույն ժամանակ, մեղադրյալ Վ.Սուքիասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցով` գրավով, և գրավի չափ է սահմանվել 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամը:
Գրավի գումարը չվճարելու պատճառով նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` մեղադրյալ Վ.Սուքիասյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 (երկու) ամսով երկարացնելու մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի մայիսի 26-ի որոշմամբ մերժվել է մեղադրյալ Վ.Սուքիասյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը:
2. Նախաքննության մարմնի` 2020 թվականի հունիսի 1-ի որոշմամբ մեղադրյալ Վ.Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը` 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով: Միևնույն ժամանակ, մինչև գրավի մուծված լինելու մասին ապացույցներ ներկայացնելը, մեղադրյալ Վ.Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
3. Գրավի գումարը չվճարելու պատճառով նախաքննության մարմինը կրկին միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` մեղադրյալ Վ.Սուքիասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2020 թվականի հունիսի 5-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը` մեղադրյալ Վ.Սուքիասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, մերժվել է:
4. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի հունիսի 5-ի որոշումը` թողել անփոփոխ:
5. Վերաքննիչ դատարանի` վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ վարույթ է ընդունվել: Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի օգոստոսի 12-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Նախաքննության մարմնի կողմից Վոլոդյա Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ ու 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(...) Վ.Սուքիասյանը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2020թ. հունվարի 20-ին` ժամը 21:00-ից մինչև հունվարի 21-ը` ժամը 07:45-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել է Երևան քաղաքի Նոր Արեշ 22-րդ փողոցի 117/7-րդ հասցեում գործող «Բարի Սամարացի» մթերային խանութի մուտքի դռան փականը, ապօրինի մուտք է գործել ներս և սրահից գաղտնի հափշտակել է 400.000 ՀՀ դրամ արժողությամբ վճարահաշվարկային տերմինալը` 117.000 ՀՀ դրամ պարունակությամբ մետաղադրամներ` Գոռ Արամի Թանգյանին պատճառելով խոշոր չափերի` 517.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Բացի այդ, Վոլոդյա Արմենի Սուքիասյանը, նախնական համաձայնության գալով Ռուբեն Խաչատուրի Իսկանդարյանի հետ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու վերաբերյալ, խմբի կազմում, մեկը մյուսի գործողությունները փոխլրացնելով, 2020թ. հունվարի 30-ին` ժամը 06:20-ի սահմաններում, Ռուբեն Իսկանդարյանի կողմից շահագործվող «Մերսեդես Բենց» մակնիշի, 36 QV 097 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով ուղևորվել են Երևան քաղաքի Նուբարաշեն 11-րդ փողոցի 1-ին շենքի մոտ, որտեղ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են հիշյալ հասցեին կից մթերային խանութի մուտքի դուռը, ապօրինի մուտք են գործել սրահ և գաղտնի հափշտակել 400.000 ՀՀ դրամ արժողությամբ վճարահաշվարկային տերմինալը` 200.000 ՀՀ դրամ կանխիկ գումարի պարունակությամբ, Արամ Գեղամի Քերոբյանին պատճառելով խոշոր չափերի` 600.000 ՀՀ դրամի գույքային վնաս»(1):
_______________________
1) Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 101-105:
7. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի մայիսի 26-ի որոշման համաձայն` «Դատարանը դեռևս 2020 թվականի մարտի 30-ի` Վոլոդյա Սուքիասյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելու որոշմամբ գտել է, որ վերջինիս պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել գրավի կիրառմամբ և գրավի չափ է սահմանվել 2.000.000 ՀՀ դրամ, սակայն մինչ այժմ մեղադրյալը չի մուծել գրավը և գտնվում է անազատության մեջ:
(...)
Տվյալ դեպքում Դատարանն արդեն իսկ գտել է, որ Վոլոդյա Սուքիասյանի նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հնարավոր է հասնել մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոցի` գրավի կիրառմամբ, ինչը վկայում է, որ կալանավորման ժամկետի երկարացման անհրաժեշտությունը ներկայում բացակայում է: (...) Հարկ է նկատել, որ (...) օրենսդրական փոփոխությունների արդյունքում դատարանները սույն փուլում և այս ընթացակարգով չի կարող անդրադառնալ գրավի չափի նվազեցման կամ այլ խափանման միջոց ընտրելու հարցին, քանի որ դա դեռևս վարույթն իրականացնող մարմնի լուծման ենթակա խնդիր է: Հետևաբար, կալանավորման ժամկետի երկարացումը մերժվելուց հետո վարույթն իրականացնող մարմինը, ըստ էության, պետք է քննարկի Վոլոդյա Սուքիասյանի նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց ընտրելու, իսկ գրավի կիրառման պայմաններում` արդեն իսկ նշանակված չափից նվազ գումարի թույլատրելիության հարցը»(2):
_______________________
2) Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 268-275:
i
8. Առաջին ատյանի դատարանը, մերժելով մեղադրյալ Վ.Սուքիասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը, 2020 թվականի հունիսի 5-ի որոշմամբ փաստել է. «(...) Հաշվի առնելով, որ նախկինում` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` 26.05.2020 թվականի որոշմամբ մեղադրյալ Վոլոդյա Արմենի Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը 2 ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը մերժվել է, իսկ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 6-րդ մասի` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու նպատակով հարուցված միջնորդությունը դատավորի կողմից մերժելու մասին որոշումից հետո նույն գործով նույն անձին կալանավորելու միջնորդությամբ կրկին դատարան դիմելը հնարավոր է միայն կալանավորումը հիմնավորող նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում, սակայն վարույթն իրականացնող մարմինը չի ներկայացրել որևէ փաստարկ այն մասին, որ չհեռանալու մասին ստորագրությունը որպես խափանման միջոց կիրառված լինելու պայմաններում Վոլոդյա Արմենի Սուքիասյանը կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք: Հետևաբար կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննարկվող պայմանն առկա չէ:
Ընտրված խափանման միջոցը փոխելիս կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու դեպքում` օրենսդիրն, ի թիվս կալանավորման մնացած պայմանների, որպես լրացուցիչ պայմաններ նախատեսել է անձի կողմից`
i
- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելը, կամ
i
- նույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունները չկատարելը:
Հիշատակված պայմաններից մասնավորապես առաջինի կապակցությամբ Առաջին ատյանի դատարանն արձանագրում է, որ անձի նկատմամբ այլ խափանման միջոց ընտրված լինելու դեպքում այն փոխելու և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար պետք է հիմնավորվի անձի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներից որևէ մեկը փաստացի կատարելը, այլ ոչ թե դրա հավանականությունը:
Քննիչի միջնորդությունը մերժելիս Առաջին ատյանի դատարանը միաժամանակ հաշվի է առնում նաև ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակի տարածման վտանգը:
Վերոգրյալից ելնելով` Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մնացած պայմանների և հիմքերի քննարկումն առարկայազուրկ է, իսկ քննիչի միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման»(3):
_______________________
3) Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 42-58:
9. Վերաքննիչ դատարանը 2020 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի` Աղասի Հովսեփյանի, Արամ Ճուղուրյանի և Ասլան Ավետիսյանի գործերով արտահայտած իրավական դիրքորոշումները, անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը` արձանագրելով հետևյալը. «(...) Առաջին ատյանի դատարանի կողմից արված վերլուծություններն ու դրանց վրա հիմնված եզրահանգումը բխում են գործի նյութերում առկա փաստական տվյալներից և ընդունելի են նաև Վերաքննիչ դատարանի համար:
Բողոքաբերի պատճառաբանությունները հակառակի մասին հիմնավորված չեն և չեն բխում գործի նյութերում առկա փաստական տվյալներից: Գրավի գումարը չվճարելը ինքնին հիմք չի կարող հանդիսանալ Վոլոդյա Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու համար:
Ամփոփելով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Վոլոդյա Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը քննության առնելիս Առաջին ատյանի դատարանի կողմից քրեադատավարական նորմերի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել կամ կարող էին ազդել ճիշտ դատական ակտ կայացնելու վրա, թույլ չեն տրվել»(4):
_______________________
4) Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 29-38:
10. 2021 թվականի մայիսի 19-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Վոլոդյա Արմենի Սուքիասյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը` ըստ էության քննելու համար, և Վ.Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված` չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ(5):
_______________________
5) Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԵԴ/0635/01/21 քրեական գործը:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
11. Բողոքի հեղինակը, վկայակոչելով և վերլուծելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ և 285-րդ հոդվածների դրույթները, նշել է, որ օրենսդիրը սահմանել է դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշում կայացնելուց հետո նույն գործով նույն անձին կալանավորելու միջնորդությամբ կրկին դատարան դիմելու հետևյալ կառուցակարգերը, այն է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքը, երբ ի հայտ են եկել կալանավորումը հիմնավորող նոր հանգամանքներ, և նույն օրենսգրքի 143-րդ հոդվածով նախատեսված դեպքը, երբ չեն կատարվել գրավի կիրառման համար անհրաժեշտ գործողությունները, մասնավորապես` սահմանված ժամանակահատվածում չի վճարվել որպես խափանման միջոց ընտրված գրավի գումարը:
11.1. Բողոքաբերի պնդմամբ` սույն գործով մեղադրյալը սահմանված ժամկետում վարույթն իրականացնող մարմնին չի ներկայացրել գրավի գումարը վճարած լինելու վերաբերյալ ապացույցներ, ուստի վարույթն իրականացնող մարմինը կալանավորումը կրկին որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան, ինչը բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի պահանջից: Մինչդեռ, ինչպես փաստել է բողոքաբերը, Առաջին ատյանի դատարանը, ներկայացված միջնորդությունը մերժելով, ղեկավարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրավակարգավորմամբ, որը, ըստ բողոքի հեղինակի, սույն գործով կիրառելի չէ: Հակառակ պարագայում, բողոքաբերի կարծիքով, գրավի կիրառումը որպես խափանման միջոց դառնում է առարկայազուրկ, քանի որ գրավի գումարը չմուծելը մեղադրյալի համար չի առաջացնի որևէ իրավական հետևանք:
i
11.2. Բողոքի հեղինակի պնդմամբ, Առաջին ատյանի դատարանը սխալ է կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածը: Որպես հիմնավորում` բողոքի հեղինակը նշել է, որ սույն գործով առկա է եղել ընտրված խափանման միջոցը փոփոխելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար նշված հոդվածով նախատեսված պայմաններից մեկը, այն է` գրավի կիրառման համար անհրաժեշտ գործողությունները չկատարելը, ինչը, ըստ բողոքի հեղինակի, հիմք է ծառայել Առաջին ատյանի դատարան համապատասխան միջնորդություն ներկայացնելու համար:
12. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի հունիսի 5-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հուլիսի 17-ի որոշումը ու մեղադրյալ Վ.Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
13. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ կրկին դատարան դիմելու իրավական կառուցակարգերի կիրառման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր, ուստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ համանման փաստական հանգամանքներ ունեցող գործերով միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար:
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյո՞ք գրավի գումարը մուծված չլինելու պայմաններում ստորադաս դատարանների կողմից մեղադրյալ Վ.Սուքիասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու մասին որոշում կայացնելն այն հիմնավորմամբ, որ կալանավորման անհրաժեշտությունը հիմնավորող նոր հանգամանքներ չեն ներկայացվել:
i
15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Կալանքից ազատված անձը չի կարող նորից կալանավորվել նույն մեղադրանքով, եթե չեն հայտնաբերվել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից ազատելու պահին»:
i
Նույն օրենսգրքի 285-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Կալանավորումը որպես խափանման միջոցն ընտրելու նպատակով հարուցված միջնորդությունը դատավորի կողմից մերժելու մասին որոշումից հետո նույն գործով նույն անձին կալանավորելու միջնորդությամբ կրկին դատարան դիմելը հնարավոր է միայն կալանավորումը հիմնավորող նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում»:
15.1. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ի ապահովումն անձի ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնարար իրավունքի` օրենսդիրը լրացուցիչ պայմաններ է նախատեսել կալանքից ազատված կամ այն անձի նկատմամբ նույն մեղադրանքով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը դատարան կրկին ներկայացնելու համար, ում վերաբերյալ միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է: Այսպես, նշված միջնորդությունը կրկին կարող է ներկայացվել միայն բացառիկ դեպքում, երբ ի հայտ են եկել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից ազատելիս կամ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելիս, և որոնք հիմնավորում են կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությունը:
i
16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի համաձայն` «6. Սույն օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` որպես խափանման միջոց ընտրված գրավը չմուծելու հետևանքով վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալին կալանավորման միջնորդություն դատարան ներկայացվելու դեպքում դատարանն իրավասու է նաև նվազեցնելու գրավի չափը:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքում դատարանի կողմից գրավի չափը նվազեցնելու և այն փոփոխելու վերաբերյալ որոշում կայացվելուց հետո մեղադրյալը երկօրյա ժամկետում պարտավոր է մուծել դատարանի սահմանած գրավը, իսկ չմուծելու դեպքում քրեական հետապնդման մարմնի միջնորդության հիման վրա կարող է կալանավորվել»:
i
Նույն օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Անհրաժեշտության դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից խափանման միջոցը կարող է փոխվել:
i
Սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու կամ սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունները չկատարելու դեպքում վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի կիրառելու սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նպատակներն ապահովելու համար անհրաժեշտ և պիտանի խափանման միջոց, իսկ անհրաժեշտության դեպքում քրեական հետապնդման մարմինները կարող են դիմել դատարան` անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ»:
16.1. Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ դրանք սահմանում են օրենքով նախատեսված խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունները չկատարելու, մասնավորապես, որպես խափանման միջոց ընտրված գրավի գումարը չվճարելու դեպքում անձին կալանավորելու հարցը դատարանի առջև բարձրացնելու ինքնավար ընթացակարգ: Մասնավորապես, անձի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց ընտրելուց հետո երկօրյա ժամկետում գրավը մուծված լինելու մասին ապացույցներ ներկայացված չլինելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը կարող է դիմել դատարան` անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ: Ընդ որում, անհրաժեշտ և պիտանի խափանման միջոց ընտրելու պահանջն ապահովելու համար` քննարկվող դեպքում դատարանն իրավասու է ոչ միայն բավարարելու կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը, այլ նաև գրավը թողնել անփոփոխ` քննարկելով գրավի չափը նվազեցնելու հարցը:
17. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկվող քրեադատավարական նորմերը բովանդակում են անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու երկու տարբեր իրավական ընթացակարգեր: Առաջինը ենթադրում է կալանավորման անհրաժեշտությունը հիմնավորող նոր էական հանգամանքներ ի հայտ գալու դեպքում այն անձին կալանավորելու միջնորդությունը դատարան կրկին ներկայացնելու հնարավորություն, ով ազատվել է կիրառված կալանքից կամ ում նկատմամբ նշված խափանման միջոցը կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է: Նշված ընթացակարգի շրջանակում կալանավորման անհրաժեշտությունը հիմնավորող նոր էական հանգամանքներ ներկայացնելու օրենսդրական պահանջը ելնում է իրավաչափ այն գաղափարից, որ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի երաշխավորման համատեքստում դատարանի կողմից չի կարող բավարարվել այն միջնորդությունը, որում ներկայացված` կալանավորման պայմանների և հիմքերի առկայության վերաբերյալ նույն հիմնավորումները դատարանի կողմից արդեն իսկ մեկ անգամ բավարար չեն գնահատվել նույն գործով նույն անձի քննարկվող իրավունքը սահմանափակելու համար:
Երկրորդ ընթացակարգը ենթադրում է խափանման միջոցի կիրառման համար անհրաժեշտ գործողությունները չկատարելու, մասնավորապես` որպես գրավ սահմանված գումարը չվճարելու դեպքում դատարան անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնելու հնարավորություն` առանց հիմնավորելու նոր հանգամանքների առկայությունը: Այսինքն, վարույթն իրականացնող մարմինը լիազորված է գրավի գումարը վճարած չլինելու հանգամանքի ուժով դատարանի առջև բարձրացնելու անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հարցը` առանց նոր հանգամանքների առկայությունը հիմնավորելու անհրաժեշտության: Նոր հանգամանքների առկայությունը հիմնավորելու պահանջի բացակայությունը պայմանավորված է այն գաղափարով, որ ավելի մեղմ խափանման միջոցի կիրառման պայմանները չապահովելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը լիազորված է անձի պատշաճ վարքագծի և վարույթի բնականոն ընթացքի ապահովման իրավաչափ նպատակին հասնելու համար դատարանի առջև բարձրացնելու անձի կալանավորման հարցը, ինչը ենթակա է դատական քննության: Դատարանն իր հերթին լիազորված է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում քննարկման առարկա դարձնել գրավի գումարը չվճարելու պատճառները և ըստ այդմ` քննարկելու նաև գրավի գումարի նվազեցման հարցը, ինչպես նաև կալանավորման պայմանների և հիմքերի առկայությունը` արդյունքում կայացնելով միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին որոշում:
i
18. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձին նույն մեղադրանքով կրկին կալանավորելու միջնորդությամբ դատարան դիմելու առումով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ և 285-րդ հոդվածի 6-րդ մասերով սահմանված ընդհանրական պահանջն այն է, որ անձի ազատության իրավունքի սահմանափակումը նույն մեղադրանքով կարող է կրկին հայցվել միայն նոր էական հանգամանքներ ի հայտ գալու դեպքում:
i
Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 7-րդ և 151-րդ հոդվածի 1-ին մասերը սահմանում են գրավը որպես խափանման միջոց կիրառելու համար անհրաժեշտ գործողությունները չկատարելու իրավական հետևանքը, որից բխում է, որ այն դեպքում, երբ քրեական գործով վարույթի ընթացքում անձի ոչ պատշաճ վարքագիծը կանխելու նպատակով գրավի` որպես խափանման միջոցի ընտրությունը հաջորդել է դատարանի կողմից անձին կալանավորելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժելուն, վարույթն իրականացնող մարմինը, գրավի գումարը մուծված չլինելու դեպքում, լիազորված է դատարանի առջև բարձրացնել նույն մեղադրանքով անձի ազատությունը կալանավորման կիրառմամբ սահմանափակելու հարցը: Նշված դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված կառուցակարգի կիրառումը կարող է հանգեցնել կամայականության, քանի որ գրավի գումարը չվճարելը մեղադրյալի համար չի առաջացնի որևէ իրավական հետևանք: Արդյունքում հնարավոր չի լինի հասնել խափանման միջոցների կիրառմամբ հետապնդվող նպատակներին և կբացառվի տվյալ փուլում քրեական դատավարության խնդիրները լուծելու հնարավորությունը:
19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
i
- Վ.Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ ու 3-րդ կետերով, մեղադրանք է առաջադրվել` ա) տեխնիկական միջոցների գործադրմամբ շինություն ապօրինի մուտք գործելով` ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն և բ) խմբի կազմում, նախնական համաձայնությամբ տեխնիկական միջոցների գործադրմամբ շինություն ապօրինի մուտք գործելով` ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար(6),
_______________________
6) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2020 թվականի մայիսի 26-ի որոշմամբ մերժել է մեղադրյալ Վ.Սուքիասյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը` արձանագրելով, որ դատարանը` 2020 թվականի մարտի 30-ի որոշմամբ արդեն իսկ գտել է, որ քրեական գործով վարույթի ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի` 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գրավի կիրառմամբ, ինչը վկայում է, որ կալանավորման ժամկետի երկարացման անհրաժեշտությունը ներկայում բացակայում է: Դատարանն արձանագրել է, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում դատարանն իրավասու չէ քննարկելու գրավի չափի նվազեցման կամ այլ խափանման միջոց ընտրելու հարցը, քանի որ, կոնկրետ դեպքում, այդպիսիք վարույթն իրականացնող մարմնի կողմից լուծման ենթակա հարց են, ուստի միջնորդությունը մերժելուց հետո վարույթն իրականացնող մարմինը, ըստ էության, պետք է քննարկի մեղադրյալ Վ.Սուքիասյանի նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոց ընտրելու, իսկ գրավի ընտրության պայմաններում` արդեն իսկ նշանակված չափից նվազ գումարի թույլատրելիության հարցը(7),
_______________________
7) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
- Վ.Սուքիասյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մերժելու մասին որոշումից հետո նախաքննության մարմինը 2020 թվականի հունիսի 1-ի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել գրավը` դրա չափը նվազեցնելով մինչև 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը(8),
_______________________
8) Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:
- գրավի գումարը չվճարելու պատճառով նախաքննության մարմինը կրկին միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` մեղադրյալ Վ.Սուքիասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին(9),
_______________________
9) Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:
i
- Առաջին ատյանի դատարանը 2020 թվականի հունիսի 5-ի որոշմամբ մերժելով նախաքննության մարմնի` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, գտել է, որ չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, այն է` կալանավորման եղանակով մեղադրյալ Վ.Սուքիասյանի անձնական ազատությունը նույն մեղադրանքով կրկին սահմանափակելու անհրաժեշտությունը հիմնավորող նոր հանգամանքներ չեն ներկայացվել: Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու հիմքում դրել է նաև Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի (COVID-19) համավարակի տարածման վտանգը(10),
_______________________
10) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
- Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի` Աղասի Հովսեփյանի, Արամ Ճուղուրյանի և Ասլան Ավետիսյանի գործերով իրավական դիրքորոշումները, անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը` արձանագրելով նաև, որ գրավը չմուծելն ինքնին հիմք չէ մեղադրյալ Վ.Սուքիասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար(11):
_______________________
11) Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
i
20. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-18-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես խափանման միջոց ընտրված գրավի կիրառման համար անհրաժեշտ գործողությունները կատարված չլինելու դեպքում կալանքից ազատված անձի նկատմամբ նույն մեղադրանքով կալանքը որպես խափանման միջոց կրկին կիրառելու միջնորդության քննության արդյունքում ստորադաս դատարանները պատշաճ ուշադրության չեն արժանացրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 7-րդ և 151-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված և կոնկրետ դեպքում կիրառման ենթակա քրեադատավարական ընթացակարգային առանձնահատկությունները:
21. Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշմանը, որ անձի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանավորմամբ փոխարինելու դեպքում պետք է հիմնավորել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներից որևէ մեկի փաստացի կատարումը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, ինչպես իրավաչափորեն փաստել է բողոքաբերը(12), Առաջին ատյանի դատարանը ճիշտ չի մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի կարգավորումները: Մասնավորապես, քննարկվող հոդվածով սահմանված են ընտրված խափանման միջոցը փոփոխելու ինքնավար հիմքեր, որոնցից յուրաքանչյուրի առկայությունն ինքնին բավարար է անձի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու հարցը քննարկելու համար: Սույն գործով կալանավորման եղանակով մեղադրյալ Վ.Սուքիասյանի անձնական ազատությունը սահմանափակելու միջնորդության հիմքում դրված է եղել ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու, այլ ընտրված խափանման միջոցի կիրառման համար անհրաժեշտ գործողությունները չկատարելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածով սահմանված հիմքը:
_______________________
12) Տե՛ս սույն որոշման 11.2-րդ կետը:
21.1. Վերոգրյալի հետ մեկտեղ հարկ է նշել, որ Առաջին ատյանի դատարանը, մի կողմից նշելով, որ չի հաղթահարվել նույն գործով, նույն մեղադրանքով կալանավորման եղանակով անձի անձնական ազատությունը սահմանափակելու դատավարական պահանջը, մյուս կողմից արձանագրել է, որ միջնորդությունը մերժելու հիմքում դնում է նաև Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի (COVID-19) համավարակի տարածման վտանգը: Վերոշարադրյալի համատեքստում տեղին է մեջբերել Վճռաբեկ դատարանի` Գեղամ Ղազարյանի վերաբերյալ և այլ գործերով արձանագրված այն դիրքորոշումը, որ դատարանի պատճառաբանությունները ոչ միայն պետք է կառուցվեն տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա, այլև դատական ակտի կառուցվածքային տարբեր մասերում արված դատողությունները պետք է համապատասխանեն միմյանց, ունենան ներքին միասնություն և տրամաբանական կապ: Դատական ակտում պետք է բացառվեն ներքին հակասությունները, միմյանց բացառող դատողությունները, քանի որ հակառակ դեպքում այդպիսի դատական ակտի տրամաբանությունը կխարխլվի, իսկ քրեական դատավարության խնդիրները չեն իրագործվի(13):
_______________________
i
13) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գեղամ Ղազարյանի գործով 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՐԴ/0121/01/11, Աննա Հարությունյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵՇԴ/0110/01/11, Արթուր Մադոյանի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0303/01/15, Նարինե Ղազարյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ՇԴ/0008/11/18 որոշումները:
22. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից Վճռաբեկ դատարանի` Աղասի Հովսեփյանի, Արամ Ճուղուրյանի և Ասլան Ավետիսյանի գործերով կայացված որոշումների շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումները վկայակոչելուն, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված գործերով ձևավորած իրավական դիրքորոշումները սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի չեն` հաշվի առնելով, որ դրանք ձևավորվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` նախկին խմբագրությամբ 143-րդ հոդվածի 7-րդ և 151-րդ հոդվածի 1-ին մասերի կարգավորումների պայմաններում:
22.1. Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշման առնչությամբ, որ որպես խափանման միջոց ընտրված գրավի կիրառման համար անհրաժեշտ գործողությունների չկատարումը ինքնին հիմք չէ մեղադրյալ Վ.Սուքիասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ թեև գրավի կիրառման համար անհրաժեշտ գործողությունների չկատարումն ինքնին չի ենթադրում անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը բավարարելու անխուսափելիությունը, սակայն առնվազն հիմք է դատարան կալանավորման նոր միջնորդություն ներկայացնելու համար` առանց նոր հանգամանքների առկայությունը հիմնավորելու պարտադիր պահանջի, ինչը, սակայն անտեսվել է Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների կողմից:
23. Նման պայմաններում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ չէ գրավի գումարը մուծված չլինելու պայմաններում ստորադաս դատարանների կողմից մեղադրյալ Վ.Սուքիասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու մասին որոշում կայացնելն այն հիմնավորմամբ, որ կալանավորման անհրաժեշտությունը հիմնավորող նոր հանգամանքներ չեն ներկայացվել:
i
24. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, մերժելով մեղադրյալ Վ.Սուքիասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը, իսկ Վերաքննիչ դատարանն էլ, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, թույլ են տվել դատական սխալ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ և 151-րդ հոդվածների պահանջների խախտում, որն իր բնույթով էական է ու համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի հունիսի 5-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հուլիսի 17-ի որոշումները բեկանելու համար: Սակայն հաշվի առնելով, որ սույն գործով մինչդատական վարույթն ավարտվել է, Վ.Սուքիասյանի վերաբերյալ քրեական գործն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերաբերյալ կայացվել է նոր որոշում(14), ուստի բողոքարկված դատական ակտը չի կարող բեկանվել, քանի որ այն եղել է ժամանակավոր և սույն որոշումը կայացնելու պահին կորցրել է իր իրավական նշանակությունը:
_______________________
14) Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Վոլոդյա Արմենի Սուքիասյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հուլիսի 17-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Ասատրյան
Դատավորներ` Ս. Ավետիսյան
Ե. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան
__________________________________
ԻՐՏԵԿ - սույն որոշումը բացակայում է www.datalex.am կայքէջում, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2022 թվականի մայիսի 20-ին:
Միասնական կայք` 16.05.22-29.05.22