011.0008.161117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասով և 21-րդ հոդվածի 12-րդ մասով` որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում մրցույթ և ատեստավորում անցկացնելու համար թեստեր կազմելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՆՈ-08-Ն
Հավելված
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահի
2017 թվականի նոյեմբերի 16-ի
թիվ ՆՈ-08-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում (այսուհետ` Աշխատակազմ) պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ և պետական ծառայողի ատեստավորում անցկացնելու համար թեստերը կազմվում են «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` Օրենք) և սույն կարգին համապատասխան:
2. Մրցույթի մասնակիցների կամ պետական ծառայողների գիտելիքներն Օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված բնագավառներում ստուգելու համար կազմված հարցաշարը (այսուհետ` Հարցաշար) բաղկացած է հարցերից (խնդիրներից): Հարցերը վերաբերում են համապատասխան բնագավառների կոնկրետ հարցադրումներին, իսկ խնդիրները` կոնկրետ իրավիճակների նկարագրությանը:
3. Պետական ծառայության յուրաքանչյուր պաշտոնի համար նախատեսված յուրաքանչյուր բնագավառի հարցաշարում ընդգրկված հարցերի (խնդիրների) քանակը պետք է պակաս չլինի թեստային առաջադրանքում տվյալ բնագավառի համար նախատեսված հարցերի քանակի եռապատիկից:
4. Հարցաշարը, դրանում ընդգրկված կոդավորված, համարակալված հարցերը (խնդիրները) և դրանց ճիշտ պատասխանները կազմում է Աշխատակազմը:
5. Հարցերը (խնդիրները) կոդավորվում, համարակալվում են` ըստ բնագավառների և ըստ պաշտոնների խմբերի:
6. Աշխատակազմը հատուկ առանձնացված համակարգչում զետեղում է Հարցաշարը, դրանում ընդգրկված կոդավորված, համարակալված հարցերը (խնդիրները) և յուրաքանչյուր հարցի (խնդրի) երեք կամ չորս ենթադրյալ պատասխանները, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
7. Մրցույթ կամ ատեստավորում անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ Աշխատակազմը հրապարակում է Հարցաշարը: Հարցաշարում ընդգրկված հարցերի (խնդիրների) ճիշտ պատասխանները հրապարակման ենթակա չեն:
8. Թեստերը կազմվում են համակարգչային ծրագրի միջոցով համակարգչում նախօրոք զետեղված Հարցաշարի կոդավորված հարցերից (խնդիրներից)` պատահական ընտրությամբ: Համակարգչային ծրագիրը, ընտրելով հարցը (խնդիրը), միաժամանակ դուրս է բերում վերջինիս ենթադրյալ պատասխաններն ու միասնականացնում:
9. Թեստերը կազմում են մրցութային կամ ատեստավորման հանձնաժողովները` մրցույթի մասնակիցների կամ պետական ծառայողների գիտելիքներն Օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված բնագավառներում ստուգելու համար:
10. Մրցութային կամ ատեստավորման հանձնաժողովները թեստերը կազմում են մինչև թեստավորման փուլ սկսելը:
11. Յուրաքանչյուր մրցույթի դեպքում մասնակիցների համար կազմվում է մեկ ընդհանուր թեստ` սույն կարգին և թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջներին համապատասխան:
12. Թեստավորման առաջադրանքները մրցույթի մասնակցին կամ պետական ծառայողին կարող են առաջարկվել գրավոր կամ համակարգչի միջոցով: