Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ...

 

 

040.0610.200614

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հունիսի 2014 թվականի N 610-Ն

 

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ներդրումների ներգրավման նպատակով գույքի գրավադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հիսուն և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների պետական բաժնեմասը կառավարող պետական մարմինների ղեկավարներին` հաստատել սույն որոշմամբ սահմանված կարգի պահանջներից բխող որոշումներ, ինչպես նաև հսկողություն իրականացնել կազմակերպությունների տնօրենների կողմից ընդհանուր ժողովի կամ խորհրդի որոշումների կատարման նկատմամբ:

3. Կազմակերպության պետական բաժնեմասը կառավարող պետական մարմինների կողմից լիազորված անձանց` կազմակերպության ընդհանուր ժողովում կամ խորհրդի նիստում հանդես գալիս` առաջնորդվել սույն որոշմամբ սահմանված կարգի պահանջներով:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել ներդրումների ներգրավման նպատակով կազմակերպությունների գրավադրված գույքի հաշվառման գրանցամատյանի ձևը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թվականի հունիսի 12-ի

N 610-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ներդրումների ներգրավման նպատակով հիսուն և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) գույքի (այսուհետ` գույք) գրավադրման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով ներդրումներ են համարվում միայն ֆինանսական միջոցները:

3. Սույն կարգի համաձայն կազմակերպության համապատասխան մարմինների կողմից որոշումներն ընդունվում են «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընթացակարգերով: Ընդ որում, գույքի գրավադրման նպատակով ներդրումային ծրագրերի իրականացման մասին որոշումներն ընդունվում են, եթե այդ ծրագրերը համապատասխանում են կազմակերպության խորհրդի կողմից հաստատված` կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններին:

4. Ներդրումների ներգրավման նպատակով գույքը գրավադրող կազմակերպությունը պետք է ունենա ներդրումային ծրագիր (այսուհետ` ծրագիր), որը պետք է պարունակի`

1) ֆինանսական միջոցների ներգրավման նպատակները.

2) կազմակերպության վերափոխման (արդիականացման) միջոցառումները.

3) ֆինանսական միջոցների ծախսման ուղղությունները.

4) ֆինանսական միջոցների հետգնման (վերադարձի) ժամանակացույցը:

5. Ընդ որում, եթե կազմակերպության ակտիվների արժեքում գրավադրվող գույքի գնահատված արժեքը (սույն կարգի 23-րդ կետով սահմանված կարգով) կազմում է մինչև 25 տոկոս, ապա ներդրումային ծրագիրը պետք է հաստատված լինի կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կողմից` դրա մասին տեղեկացնելով խորհրդին, 25-50 տոկոսի դեպքում (սույն կարգի 24-րդ կետով սահմանված կարգով)` խորհրդի կողմից` դրա մասին տեղեկացնելով հիմնադրի լիազորություններն իրականացնող մարմնի ղեկավարին, իսկ 50 տոկոսից ավելի լինելու դեպքում (սույն կարգի 25-րդ կետով սահմանված կարգով)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` շահագրգիռ պետական մարմինների համաձայնությամբ:

6. Ներդրումների ներգրավման նպատակով կազմակերպության գույքը կարող է գրավադրվել, եթե`

1) առկա է սույն կարգի 4-րդ կետում նշված ծրագիրը հաստատող մարմնի որոշումը ֆինանսական միջոցների ներգրավման նպատակով կազմակերպության գույքի գրավադրման գործընթաց սկսելու վերաբերյալ.

2) կազմակերպությունը չունի ժամկետանց հարկային և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ պարտադիր վճարների գծով չմարված պարտավորություններ.

3) առկա է գրավադրվող գույքը շուկայական արժեքով գնահատելու մասին հաշվետվությունը կամ կազմակերպության խորհրդի որոշումը.

4) առկա է կազմակերպության գույքի գրավադրման վերաբերյալ գրավառուի կամ ֆինանսական միջոցներ տրամադրող այլ անձի հետ համաձայնեցված` գրավի մասին պայմանագրի նախագիծը.

5) կազմակերպության ակտիվների արժեքում գրավադրվող գույքի գնահատված արժեքի 50 տոկոսից ավելի լինելու դեպքում առկա են կազմակերպության ներկայացրած ծրագիրն իրատեսական լինելու և հնարավոր ռիսկերի մասին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ` վարչություն) դրական եզրակացությունները:

7. Ներդրումների ներգրավման նպատակով կազմակերպության գույքը չի կարող գրավադրվել, եթե կազմակերպությունն ընդգրկված է պետական գույքի մասնավորեցման ծրագրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքներով հաստատված` մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկում և պետք է մասնավորեցվի «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

8. Գույքի գրավադրմամբ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով կազմակերպության ակտիվների արժեքում գրավադրվող գույքի գնահատված արժեքի մինչև 25 տոկոսի դեպքում` սույն կարգի 4-րդ կետում նշված ծրագրի առկայության, ինչպես նաև սույն կարգի 6-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջների բավարարման դեպքում կազմակերպության գործադիր մարմինը կարող է ընդունել դրական որոշում և այն ընդունելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավառուի հետ կնքել գրավի մասին պայմանագիր` բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է սույն կարգի 7-րդ կետով սահմանված սահմանափակումը:

9. Գույքի գրավադրմամբ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով կազմակերպության ակտիվների արժեքում գրավադրվող գույքի գնահատված արժեքի 25-50 տոկոսի դեպքում` սույն կարգի 4-րդ կետում նշված ծրագրի առկայության, ինչպես նաև սույն կարգի 6-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջների բավարարման դեպքում կազմակերպության խորհուրդը կարող է ընդունել դրական որոշում և կազմակերպության գործադիր մարմնին առաջարկել 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավառուի հետ կնքել գրավի մասին պայմանագիր` բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է սույն կարգի 7-րդ կետով սահմանված սահմանափակումը:

10. Գույքի գրավադրմամբ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով կազմակերպության ակտիվների արժեքում գրավադրվող գույքի գնահատված արժեքի 50 տոկոսից ավելի լինելու դեպքում կազմակերպության գործադիր մարմինը, ստանալով խորհրդի դրական կարծիքը, գույքի գրավադրման մասին համաձայնությունն ստանալու նպատակով կարող է դիմել կազմակերպության հիմնադրի լիազորություններն իրականացնող պետական մարմնին` ներկայացնելով սույն կարգի 4-րդ կետի պահանջներին համապատասխան կազմված ծրագիրը, ինչպես նաև սույն կարգի 6-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջների բավարարմանը վերաբերող փաստաթղթերը:

11. Սույն կարգի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված` համապատասխանաբար կազմակերպության գործադիր մարմնի և խորհրդի որոշումները 2 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ներկայացվեն կազմակերպության հիմնադրի լիազորություններն իրականացնող պետական մարմին, որը 2 աշխատանքային օրվա ընթացքում այդ որոշումների վերաբերյալ գրությամբ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին:

12. Հիմնադրի լիազորություններն իրականացնող պետական մարմինը կարող է համաձայնություն տալ ներդրումների ներգրավման նպատակով կազմակերպության գույքի գրավադրման (գրավադրման թույլտվություն տալու) մասին, եթե գույքի գրավադրման վերաբերյալ առաջարկը բավարարում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված պահանջները:

13. Սույն կարգի 12-րդ կետում նշված` գույքի գրավադրման մասին համաձայնությունն ստանալուց հետո կազմակերպության գործադիր մարմինը` կազմակերպության խորհրդի առաջարկությամբ, բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ հայտ է ներկայացնում վարչություն, որը պետք է ներառի`

1) կազմակերպության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը.

2) սույն կարգի 4-րդ կետի պահանջներին համապատասխան հաստատված ծրագիրը.

3) սույն կարգի 6-րդ կետով սահմանված պահանջների բավարարմանը վերաբերող փաստաթղթերը.

4) կազմակերպության գույքի գրավադրման մասին գրավառուի հետ համաձայնեցված գույքի պայմանագրի նախագիծը:

14. Վարչությունը սույն կարգի 13-րդ կետում նշված հայտն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 6-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված` կազմակերպության ներկայացրած ծրագիրն իրատեսական լինելու և հնարավոր ռիսկերի մասին եզրակացությունն ստանալու նպատակով դիմում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:

15. Վարչությունը սույն կարգի 14-րդ կետում նշված եզրակացությունն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում սույն կարգի 13-րդ կետին համապատասխան ներկայացված հայտն ընդունելու կամ մերժելու մասին և 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է կազմակերպության հիմնադրի լիազորություններն իրականացնող պետական մարմնին, ընդ որում, ներկայացված հայտը մերժվում է, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 6-րդ կետով սահմանված պահանջներին.

2) կազմակերպության ծրագրի մասին բացասական եզրակացություն են տվել սույն կարգի 6-րդ կետի 5-րդ ենթակետում նշված պետական մարմիններից երկուսը.

3) առկա է սույն կարգի 7-րդ կետով սահմանված սահմանափակումը:

16. Վարչությունը, սույն կարգի 13-րդ կետում նշված հայտն ստանալուց հետո, եթե այն բավարարում է սույն կարգի 13-րդ կետով նախատեսված պայմանները, նախապատրաստում է ներդրումների ներգրավման նպատակով կազմակերպության գույքի գրավադրման (կամ գրավադրման թույլտվություն տալու) մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ և այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

17. Սույն կարգի 16-րդ կետում նշված որոշման նախագիծը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկությունները`

1) կազմակերպության անվանումը, հասցեն (գտնվելու վայրը), հիմնադրի լիազորություններն իրականացնող պետական մարմինը.

2) գրավադրվող գույքի շուկայական արժեքը.

3) գույքի գրավի դիմաց նախատեսվող ներդրումների ծավալը և դրանց իրականացման ժամկետները:

18. Ընդ որում, որոշման նախագծի հետ միասին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացվում նաև սույն կարգի 4-րդ կետի պահանջներին համապատասխան կազմված ծրագիրը և սույն կարգի 6-րդ կետով սահմանված փաստաթղթերը:

19. Ներդրումների ներգրավման նպատակով կազմակերպության գույքի գրավադրման (գրավադրման թույլտվություն տալու) մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը համապատասխան գրավառուի հետ կնքում է գույքի գրավադրման մասին պայմանագիր:

20. Կազմակերպության գույքի գրավադրման մասին պայմանագիրն ստորագրվելուց հետո կազմակերպության հիմնադրի լիազորություններն իրականացնող պետական մարմինը «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացնում է ընթացիկ և վերջնական արդյունքների մոնիթորինգ` ծրագրի իրականացման ընթացքը վերահսկելու նպատակով: Ընդ որում, հիմնադրի լիազորություններն իրականացնող պետական մարմինը կարող է մոնիթորինգն իրականացնելու նպատակով կազմակերպությունից պահանջել ծրագրին առնչվող ցանկացած փաստաթուղթ և նյութ:

21. Սույն կարգի 8-րդ, 9-րդ և 19-րդ կետերին համապատասխան կնքված գույքի գրավադրման մասին պայմանագրի մեկ օրինակը պետք է տրամադրվի վարչությանը` ներդրումների ներգրավման նպատակով գրավադրված գույքի հաշվառման գրանցամատյանի վարման համար:

22. Վարչությունը յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող 20-րդ օրը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացնում տեղեկատվություն ներդրումների ներգրավման նպատակով կազմակերպությունների գրավադրված գույքի հաշվառման գրանցամատյանի վարման արդյունքների մասին:

23. Եթե կազմակերպության գրավադրված գույքի գնահատված արժեքը, որի վերաբերյալ առկա է գրավի մասին պայմանագիր, կազմում է կազմակերպության ակտիվների արժեքի մինչև 25 տոկոսը, ապա կազմակերպությունը կարող է սույն կարգի 8-րդ կետով սահմանված ընթացակարգով նախաձեռնել ներդրումների ներգրավման նպատակով գույքի գրավադրման նոր գործընթաց, որի արդյունքում կազմակերպության գրավադրված գույքի գնահատված արժեքների հանրագումարը չի գերազանցի կազմակերպության ակտիվների արժեքի 25 տոկոսը: Ընդ որում, գույքի գրավադրման նշված գործընթացը կազմակերպությունում կարող է իրականացվել մեկ անգամ:

24. Եթե կազմակերպության գրավադրված գույքի գնահատված արժեքը, որի վերաբերյալ առկա է գրավի մասին պայմանագիր, կազմում է կազմակերպության ակտիվների արժեքի 25 տոկոսից ավելին, սակայն չի գերազանցում կազմակերպության ակտիվների արժեքի 50 տոկոսը, ապա կազմակերպությունը կարող է սույն կարգի 9-րդ կետով սահմանված ընթացակարգով նախաձեռնել ներդրումների ներգրավման նպատակով գույքի գրավադրման նոր գործընթաց, որի արդյունքում կազմակերպության գրավադրված գույքի գնահատված արժեքների հանրագումարը չի գերազանցի կազմակերպության ակտիվների արժեքի 50 տոկոսը: Ընդ որում, գույքի գրավադրման նշված գործընթացը կազմակերպությունում կարող է իրականացվել մեկ անգամ:

25. Եթե կազմակերպության գրավադրված գույքի գնահատված արժեքը, որի վերաբերյալ առկա է գրավի մասին պայմանագիր, կազմում է կազմակերպության ակտիվների արժեքի 50 տոկոսից ավելին, ապա կազմակերպությունը կարող է սույն կարգի 10-րդ կետով սահմանված ընթացակարգով նախաձեռնել ներդրումների ներգրավման նպատակով գույքի գրավադրման նոր գործընթաց, որի արդյունքում կազմակերպության գրավադրված գույքի գնահատված արժեքների հանրագումարը չի գերազանցի կազմակերպության ակտիվների արժեքի 100 տոկոսը: Ընդ որում, գույքի գրավադրման նշված գործընթացը կազմակերպությունում կարող է իրականացվել մեկ անգամ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.06.2014
N 610-Ն
Որոշում