(ուժը կորցրել է 20.09.05 թիվ 63 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունվարի 1999 թվականի թիվ 5
i
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
ՀՀ դատարանների նախագահների Խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ Քաղաքացիական և Քաղաքացիական դատավարության օրենսգրքերը կիրարկության մեջ դնելու կապակցությամբ անորոշություն է առաջացել սնանկության գործերի վարույթը կարգավորելու հարցում: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն «մինչև քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող օրենքները և այլ իրավական ակտերն օրենսգրքին համապատասխանեցնելը` դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում օրենսգրքին»:
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 28 հոդվածի 2-րդ կետը և 71 հոդվածն ամրագրում են, որ քաղաքացուն, իրավաբանական անձին սնանկ ճանաչելու հիմքերը և կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Մինչդեռ Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավաբանական անձանց և քաղաքացիների սնանկության գործերի վարույթին նվիրված երրորդ բաժնի երկրորդ ենթաբաժինը դեռևս ՀՀ Ազգային Ժողովի կողմից չի ընդունվել:
Ստեղծված պայմաններում հնարավոր սխալներից խուսափելու նպատակով ՀՀ դատարանների նախագահների Խորհուրդը
i
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 106 հոդվածի 3-րդ կետի հիմքով կասեցնել հանրապետության դատարաններում գտնվող սնանկության վերաբերյալ քաղաքացիական գործերի վարույթը` մինչև հարցի կարգավորման լուծում գտնելը:
i
(1-ին կետն ուժը կորցրել է 16.08.00 թիվ 29 որոշում)
2. Հանձնարարել ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատին` հնարավոր սեղմ ժամկետում ուսումնասիրել հանրապետության դատարանների վարույթում գտնվող սնանկության վերաբերյալ գործերի վիճակը, ինչպես նաև «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման մասին» 1996 թ. դեկտեմբերի 3-ի օրենքի և ՀՀ Քաղաքացիական, Քաղաքացիական դատավարության օրենսգրքերի նորմերի միջև հակասություններ կան, թե ոչ և ուսումնասիրության արդյունքներով դատարանների նախագահների Խորհրդին ներկայացնել եզրակացություն:
3. Սնանկության վերաբերյալ գործերը քննության առնել և լուծել «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման մասին» ՀՀ 1996թ. դեկտեմբերի 3-ի օրենքով, նկատի ունենալով, որ այդ օրենքի և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի միջև հակասությունների դեպքում գործում են վերջիններս նորմերը և ընդհանուր սկզբունքները:
(3-րդ կետ լրաց. 16.08.00 թիվ 29 որոշում)