040.0453.230412
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 ապրիլի 2012 թվականի N 453-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1445-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը, «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895 որոշման 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզավորման կարգը, հայտի ձևը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1445-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման NN 4 և 6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների.
2) որոշման N 5 հավելվածում`
i
ա. 2-րդ կետի «ա» ենթակետը «գտնվելու վայրը» բառերից հետո լրացնել «հեռախոսահամարը» բառով,
բ. 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) իրավաբանական անձանց համար` պետական գրանցման համարը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական հաշվառման համարը»,
գ. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
«գ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը»,
դ. 4-րդ կետը «Հայտատուի» բառից հետո լրացնել «կամ նրա» բառերով,
ե. 5-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
զ. 5-րդ կետի 2-րդ ենթակետը «տարածքի» բառից հետո լրացնել «նկատմամբ անշարժ գույքի» բառերով, իսկ «իրավունքի» բառից հետո` «պետական գրանցման» բառերով,
է. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով.
«5. Հայտատուի կամ նրա ներկայացուցչի անձնագրի պատճենը
6. Պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 785-Ն որոշմամբ սահմանված կարգով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության եզրակացությունը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2012 թվականի ապրիլի 5-ի
N 453-Ն որոշման
«Հավելված N 4
ՀՀ կառավարության
2006 թվականի սեպտեմբերի 22-ի
N 1445-Ն որոշման
ԿԱՐԳ
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզավորման կարգը:
2. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1445-Ն որոշման N 5 հավելվածի:
3. Հայտը լիցենզավորող մարմին է ներկայացվում առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` [email protected]), ինչպես նաև հայտատուի ցանկությամբ` էլեկտրոնային համակարգի միջոցով (www.e-gov.am/licenses):
4. Հայտում նշվում են`
1) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության վայրը և պետական հաշվառման համարը.
2) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
3) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության իրականացման վայրը.
4) հայտատուի կամ նրա ներկայացուցչի տվյալները (անունը, ազգանունը, անձնագրի համարը, բնակության վայրը, հեռախոսահամարը).
5) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
5. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
1) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության իրականացման տարածքի նկատմամբ անշարժ գույքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.
2) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշմամբ և հարգադրոշմմամբ զբաղվող աշխատողների մասնագիտական որակավորման վկայականների պատճենները.
3) համապատասխան տարածքային հարկային մարմնի կողմից տրված` հայտատուի հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունների մասին տեղեկանք` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 785-Ն որոշմամբ սահմանված կարգով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության եզրակացությունը.
5) հայտատուի կամ նրա ներկայացուցչի անձնագրի պատճենը.
6) պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը.
6. Հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը թերի լինելու դեպքում` լիցենզավորող մարմինը դրանք ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում նախազգուշացնում է հայտատուին դրա վերաբերյալ: Նախազգուշացումն ուղարկելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում հայտատուն անհրաժեշտ փաստաթղթերը կամ նյութերը ներկայացնում է լիցենզավորող մարմին:
7. Փաստաթղթերն ամբողջական լինելու դեպքում լիազոր մարմնի կողմից ստեղծված լիցենզավորող հանձնաժողովը հայտերը քննարկում է նիստերում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Հայտատուն լիցենզավորող հանձնաժողովի կողմից 7 օր առաջ պատշաճ ձևով տեղեկացվում է նիստի վայրի (հասցեի), օրվա ու ժամի մասին: Քննարկումն իրականացվում է անկախ հայտատուի կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:
8. Լիազոր մարմինը լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա բավարարում կամ մերժում է լիցենզիա ստանալու մասին հայտը` «Լիցենզավորման մասին» և «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և ժամկետներում:
9. Հայտի մերժման դեպքում հայտատուն իրավունք ունի լիցենզիա ստանալու մասին նոր հայտ ներկայացնելու ընդհանուր կարգով:
10. Լիցենզիան տրվում է անժամկետ:
11. Լիցենզիան վերաձևակերպվում, լիցենզիայի գործողությունը կասեցվում և դադարեցվում է «Լիցենզավորման մասին» և «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:
12. Լիցենզավորող մարմինը վարում է լիցենզիաների գրանցամատյան` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
13. Հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա ստացած անձինք ներկայացնում են հաշվետվություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1903-Ն որոշմամբ սահմանված կարգով:
14. Հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա ստացած անձանց անվանանիշերի, տարբերանիշերի պատվիրումը, տրամադրումը և հաշվառումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ սահմանված կարգով:
15. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա տրամադրելուց հետո 15 օրյա ժամկետում լիցենզավորող մարմինը դրա մասին տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության վերադաս մաքսային մարմնին:»:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2012 թվականի ապրիլի 5-ի
N 453-Ն որոշման
«Հավելված N 6
ՀՀ կառավարության
2006 թվականի սեպտեմբերի 22-ի
N 1445-Ն որոշման
(Հայաստանի Հանրապետության զինանշան)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԼԻՑԵՆԶԻԱ
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Լիցենզավորող մարմինը _________________________________________________
Լիցենզիայի համարը ____________________________________________________
Կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և բնակության վայրը)___________
______________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը _____________________________________
Տրված է ______________________________________________________________
Գործողության ժամկետը _________________________________________________
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար _____________________
(ստորագրությունը)
Կ.Տ.»: