(ուժը կորցրել է 16.02.17 թիվ 142-Ն որոշում)
i
040.0666.310506
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«31» մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 մայիսի 2006 թվականի N 666-Ն
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ ԴՐՈՇՄՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել կենդանիների սպանդից գոյացած մթերքի դրոշմման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել անասնաբուժական դրոշմակնիքների օրինակելի ձևերը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2006 թվականի մայիսի 18-ի
N 666-Ն որոշման
ԿԱՐԳ
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ ԴՐՈՇՄՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է գյուղատնտեսական կենդանիների և թռչունների, ինչպես նաև վայրի որսակենդանիների և թռչունների սպանդից գոյացած մթերքի` մսեղիքի, մսեղիքի կտորների, գլխի, լեզվի, ներքին պարենքիմատոզ օրգանների` սրտի, թոքերի, լյարդի, փայծաղի, երիկամների, ճարպի, ճարպոնի` որովայնային ճարպի (այսուհետ` միս) դրոշմման (այսուհետ` դրոշմակնքում) կարգը:
2. Դրոշմակնքումն անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների հիման վրա կատարում են անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, կենդանիների սպանդ իրականացնող կազմակերպությունները` հաստատելով մսի անասնաբուժասանիտարական պիտանիությունը:
3. Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտադրվող, իրացվող, վերամշակվող մսի դրոշմակնքումը պետք է լինի պարզ, ընթեռնելի:
4. Անասնաբուժական դրոշմակնիքները ձեռք են բերվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Դրոշմակնքման համար օգտագործվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցված` անվտանգ, մանուշակագույն ներկեր:
II. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԸ
6. Մսի դրոշմակնքման համար օգտագործվում են անասնաբուժական դրոշմակնիքներ, որոնք պատրաստվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցված նյութերից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի դրոշմման կարգը սահմանելու մասին» N 666-Ն որոշման N 2 հավելվածում նախատեսված ձևերով և չափսերով, ակոսված շրջանակով, թվերով և տառերով:
7. 40 x 60 մմ և 25 x 40 մմ չափսերի ձվաձև դրոշմակնիքները հաստատում են, որ անասնաբուժասանիտարական փորձաքննությունը լիարժեք է, և միսը ենթակա է իրացման` առանց սահմանափակման:
25 x 40 մմ չափսի ձվաձև դրոշմակնիքն օգտագործվում է ճագարի, նապաստակի, թռչնի, կուղբի, ճահճակուղբի մսի դրոշմակնքման համար, 40 x 60 մմ չափսի ձվաձև դրոշմակնիքը` մյուս տեսակի գյուղատնտեսական և որսակենդանիների մսի դրոշմակնքման համար:
8. 40 x 60 մմ չափսի ուղղանկյունաձև դրոշմակնիքը հաստատում է, որ միսն ստացված է կարանտինային հիվանդությունների նկատմամբ ապահով տնտեսության առողջ սպանդային կենդանուց, որը ենթարկվել է նախասպանդային և հետսպանդային զննման: Միսն այսպիսի դրոշմակնքման ենթակա է իրացման լիարժեք անասնաբուժասանիտարական փորձաքննությունից հետո:
9. 40 x 70 մմ չափսի ուղղանկյունաձև դրոշմակնիքը հաստատում է, որ միսը ենթակա է օգտագործման վնասազերծումից հետո` անասնաբուժասանիտարական կանոններին համապատասխան: Այդպիսի դրոշմակնիքի կենտրոնում նշված մեծատառերը պարզաբանում են վնասազերծման եղանակը կամ հիվանդության անվանումը (եփում, սառեցում, երշիկի ստացում, պահածոյացում, հալեցում` ճարպի համար, օգտահանում, դաբաղ, ֆիննոզ, տուբերկուլյոզ և այլն):
10. 20 x 50 մմ չափսի լրացուցիչ ուղղանկյունաձև դրոշմակնիքը հաստատում է մսի տեսակը (տավարի, խոզի, ոչխարի, այծի, ձիու, ուղտի, արջի, եղջերուի, եղնիկի, վարազի, փորսուղի, ճագարի, կուղբի, ճահճակուղբի և այլն):
i
11. Դրոշմակնիքներում նշված քառանիշ թվերն անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձի համապատասխան գործունեության լիցենզիայի համարի 4 թվերն են, որոնք բացահայտում են, թե որտեղ և ով է իրականացրել անասնաբուժասանիտարական փորձաքննությունը:
(14-րդ կետը փոփ. 29.12.11 թիվ 1922-Ն որոշում)
12. (12-րդ կետն ուժը կորցրել է 29.12.11 թիվ 1922-Ն որոշում)
i
13. Անասնաբուժական դրոշմակնիքները և լրացուցիչ դրոշմակնիքները պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
III. ՄՍԻ ԴՐՈՇՄԱԿՆՔՈՒՄԸ
14. Միսը դրոշմակնքվում է հետևյալ կերպ`
ա) կենդանու ամբողջական մսեղիքի կամ դրա կեսերի վրա դրվում է մեկական դրոշմակնիք` յուրաքանչյուր թիակի և ազդրի հատվածում.
բ) կենդանու մսեղիքի քառորդների վրա դրվում է մեկական դրոշմակնիք` յուրաքանչյուր քառորդի թիակի կամ ազդրի հատվածում.
գ) գլխի, լեզվի, ճարպի կամ նրա կտորների, ներքին պարենքիմատոզ օրգանների վրա դրվում է մեկական դրոշմակնիք.
դ) ճագարի, նապաստակի, կուղբի, ճահճակուղբի մսեղիքի վրա դրվում է մեկական դրոշմակնիք` թիակի հատվածում և ազդրի արտաքին մակերեսին.
ե) թռչնի մսեղիքի վրա դրվում է մեկական դրոշմակնիք` պարանոցին կամ ազդրի արտաքին մակերեսին, թռչնաֆաբրիկաներում և սպանդանոցներում կարելի է կիրառել էլեկտրական դրոշմակնիք` առանց շրջանակի, 20 մմ բարձրությամբ 1 կամ 2 թվերով, որը դրվում է ցատկիչ հոդի արտաքին մակերեսին` հավի, հավի ճտի, բադի ճտի մի ոտքին, իսկ բադի, սագի, սագի ճտի, հնդկահավի և դրա ճտի երկու ոտքին: Թռչնի մսի փաթեթավորման դեպքում կարելի է դրոշմակնիքը դնել փաթեթի վրա.
զ) միայն նախասպանդային և հետսպանդային զննման ենթարկված մսի վրա դրվում է 40 x 60 մմ չափսի ուղղանկյունաձև դրոշմակնիք.
է) ճարպոնը չի դրոշմակնքվում. դրա վրա փակցվում է դրոշմակնքված պիտակ.
ը) վնասազերծումից հետո իրացման կամ վերամշակման ենթակա մսի վրա դրվում է 40 x 70 մմ չափսի ուղղանկյունաձև դրոշմակնիք, որը բացահայտում է վնասազերծման եղանակը կամ սպանդի ենթարկված հիվանդ կենդանու ախտորոշումը.
թ) տեխնիկական օգտահանման ենթակա մսի վրա դրվում է «Օգտահանում» դրոշմակնիքը` առնվազն 3-4 տարբեր մասերում:
15. Սույն կարգի 14-րդ կետի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է» և «ը» ենթակետերում նշված դեպքերում մսի վրա դրվում է նաև մսի կենդանատեսակը հաստատող 20 x 50 մմ չափսի լրացուցիչ ուղղանկյունաձև դրոշմակնիք:
16. Կրկնակի անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթակա միսը ենթակա է կրկնակի դրոշմակնքման` համապատասխան դրոշմակնիքներով, որոնք կսահմանեն դրա հետագա օգտագործման հնարավորությունը:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2006 թվականի մայիսի 18-ի
N 666-Ն որոշման
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐ
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԻ
1. Ձվաձև դրոշմակնիքներ`
ա) ձվաձև դրոշմակնիք` 40 x 60 մմ չափսի, 1,5 մմ լայնությամբ շրջանակով, կենտրոնում` 2 զույգ երկնիշ և 1 քառանիշ 12 մմ բարձրությամբ թվերով, վերևում և ներքևում` 6 մմ բարձրությամբ մեծատառերով (վերևում` ՀՀ (Հայաստանի Հանրապետություն), ներքևում` ԱԲՍՓ (անասնաբուժասանիտարական փորձաքննություն).
ՀՀ
00-00-0000
ԱԲՍՓ
բ) ձվաձև դրոշմակնիք` 25 x 40 մմ չափսի, 1 մմ լայնությամբ շրջանակով, կենտրոնում` 2 զույգ երկնիշ և 1 քառանիշ 6 մմ բարձրությամբ թվերով, վերևում և ներքևում` 3 մմ բարձրությամբ մեծատառերով (վերևում` ՀՀ (Հայաստանի Հանրապետություն), ներքևում` ԱԲՍՓ (անասնաբուժասանիտարական փորձաքննություն):
ՀՀ
00-00-0000
ԱԲՍՓ
2. ՈՒղղանկյունաձև դրոշմակնիք` 40 x 60 մմ չափսի, 1,5 մմ լայնությամբ շրջանակով, կենտրոնում` 2 զույգ երկնիշ և 1 քառանիշ 12 մմ բարձրությամբ թվերով, վերևում և ներքևում` 6 մմ բարձրությամբ մեծատառերով (վերևում` ՀՀ (Հայաստանի Հանրապետություն), ներքևում` ՆԶ (նախնական զննում):
.____________.
| ՀՀ |
| 00-00-0000 |
| ՆԶ |
.____________.
3. ՈՒղղանկյունաձև դրոշմակնիք` 40 x 70 մմ չափսի, 1,5 մմ լայնությամբ շրջանակով, կենտրոնում և վերևում` 7 մմ բարձրությամբ մեծատառերով (վերևում` ՀՀ (Հայաստանի Հանրապետություն, կենտրոնում, օրինակ, ԴԱԲԱՂ, ներքևում` 7 մմ բարձրությամբ 2 զույգ երկնիշ և 1 քառանիշ թվերով:
.____________.
| ՀՀ |
| ԴԱԲԱՂ |
| 00-00-0000 |
.____________.
4. Լրացուցիչ ուղղանկյունաձև դրոշմակնիք` 20 x 50 մմ չափսի, 1,5 մմ լայնությամբ շրջանակով, կենտրոնում` 7 մմ բարձրությամբ մեծատառերով:
._______.
| ՏԱՎԱՐ |
._______.