(ուժը կորցրել է 11.02.2021 թիվ 156-Ն որոշում)
i
040.2305.190106
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 2005 թվականի N 2305-Ն
ԿԱԹԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1922-Ն որոշման N 1 հավելվածի 130-րդ կետի դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի դեկտեմբերի 29-ի
N 2305-Ն որոշման
ԿԱՐԳ
ԿԱԹԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննության դրույթները` կաթի մթերման, պահպանման, վերամշակման, իրացման (այսուհետ` իրացում) գործընթացներում:
2. Կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննություն կատարում են անասնաբուժական ծառայություն իրականացնող լիցենզավորված անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք:
3. Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված կաթն իրացնող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
4. Կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման գործընթացը գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, հանրային սննդի և առևտրի օբյեկտներում, կաթ վերամշակող կազմակերպություններում ապահովում են կաթ իրացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք:
5. Իրացման համար նախատեսված կաթն անասնաբուժասանիտարական փորձաքննության է ներկայացվում անասնաբուժական ծառայության կողմից տրված ուղեկցող անասնաբուժական համապատասխան փաստաթղթով:
II. ԿԱԹԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ, ԿԱԹ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
6. Անասնաբուժասանիտարական փորձաքննության է ենթակա բոլոր տեսակի գյուղատնտեսական կենդանիների կաթը:
7. Կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննությունը ներառում է սենսոր և լաբորատոր արագացված մեթոդներով հետազոտությունները:
8. Կաթի` հիվանդ կենդանիներից ստացման կասկածի դեպքում հիմք ընդունելով մանրէական աղտոտվածության ցուցանիշները, կատարվում են լաբորատոր լրացուցիչ հետազոտություններ:
9. Իրացման համար ներկայացված կաթը հետազոտվում է` համաձայն սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերի դրույթների:
10. Անասնաբուժասանիտարական փորձաքննության համար կաթի նմուշները վերցվում են ապրանքախմբի յուրաքանչյուր տարայից` 50-150 միլիլիտր չափով: Նմուշը վերցնելուց առաջ անհրաժեշտ է կաթը լավ խառնել:
11. նույն ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից մշտապես իրացվող կաթն ամիսը 3 անգամ ենթարկվում է հսկիչ-լաբորատոր հետազոտության: Հսկիչ-լաբորատոր հետազոտության համար նմուշներ են վերցվում ապրանքախմբի տարաների առնվազն 1/3-ից:
12. Նմուշները հետազոտվում են վերցնելուց հետո 30-40 րոպեից ոչ ուշ: Մինչև հետազոտության արդյունքների ստացումը` իրացման համար նախատեսված կաթը պահվում է առանձնացված:
13. Անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների հիման վրա տրվում է եզրակացություն կաթի անասնաբուժասանիտարական տեսակետից պիտանելիության մասին, որը կազմվում է 2 օրինակից և մեկ օրինակը տրվում է իրացնողին: Եզրակացության օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմինը:
Դրական եզրակացության արդյունքում անասնաբուժասանիտարական տեսակետից պիտանի ճանաչված կաթի իրացման համար տրվում է անասնաբուժասանիտարական տեսակետից պիտանելիությունը հաստատող պիտակ, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմինը:
Անասնաբուժասանիտարական փորձաքննության բացասական արդյունքներով անասնաբուժասանիտարական տեսակետից պայմանական պիտանի (թույլատրվում է օգտագործել սննդում վերամշակումից` եռացումից, պաստերիզացումից, հետո) կամ ոչ պիտանի (ենթակա են օգտահանման կամ ոչնչացման) ճանաչելու դեպքում եզրակացության մեջ նշվում են նաև վերամշակման, օգտագործման կամ ոչնչացման եղանակները: Օգտահանման անհնարինության դեպքում խոտանված կաթը ոչնչացվում է:
Անասնաբուժասանիտարական փորձաքննությամբ կենդանիների կերակրման համար պիտանի ճանաչված կաթն ապաբնականացվում է սննդային ներկով կամ սուրճով և վերադարձվում տիրոջը:
14. Սիբիրախտով, խշխշան պալարով, կատաղությամբ, ժանտախտով, տուբերկուլյոզով, բրուցելիոզով, պարատուբերկուլյոզով, ծաղկով, չարորակ հարբխային տենդով, լեպտոսպիրոզով, սալմոնելոզով, դաբաղով, Քյու-տենդով, կրծքի նեկրոբակտերիոզով և ակտինոմիկոզով, կրծքի, մարսողական և վերարտադրողական օրգանների բորբոքումներով, լեյկոզով հիվանդ, կանխարգելիչ պատվաստումների և մշակումների ենթարկված կենդանիներից սահմանված ժամկետներից շուտ ստացված կաթն անասնաբուժասանիտարական տեսակետից ոչ պիտանի է, ենթակա է ոչնչացման:
i
15. Բավարար կասկածանքի դեպքում` կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչներով կաթի վարակվածության, հիվանդության ախտորոշումը հաստատելու նպատակով, ինչպես նաև, երբ հնարավոր չէ սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերում նշված հետազոտությունների միջոցով տալ անասնաբուժասանիտարական լիարժեք գնահատական, անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքները 1-15 օրվա ընթացքում վերահաստատվում կամ հերքվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տրված եզրակացությամբ: Փորձաքննության կասկածելի արդյունքները լաբորատոր հետազոտությամբ հաստատելու համար անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք նմուշներն ուղարկում են ամուր խցանված ու զմռսված, անջրաթափանց տարաներով, կից փաստաթղթով, որում նշվում են կաթն անասնաբուժասանիտարական փորձաքննության ներկայացրած ֆիզիկական անձի անունը, ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում` անվանումը, կաթի նմուշի ստացման վայրը և ժամկետը, նմուշառման ամսաթիվը, փորձաքննության արդյունքում ենթադրվող ախտորոշումը, անհրաժեշտ լրացուցիչ հետազոտությունների տեսակը, ուղարկողի ստորագրությունը: Կազմվում է արձանագրություն` 3 օրինակից, որն ստորագրվում է նաև իրացնողի կողմից և մեկ օրինակը տրվում է նրան:
Եթե նմուշներ ուղարկելը հետաձգվում է, ապա դրանք պահպանվում են սառնարանային` 4 oC (Ցելսիուս) պայմաններում կամ դրանց ավելացվում են համապատասխան պահպանող նյութեր: Կաթի նմուշների մնացորդները հետազոտություններից հետո օգտահանվում են կամ վնասազերծելուց հետո ոչնչացվում:
(15-րդ կետը փոփ. 29.12.11 թիվ 1922-Ն որոշում)