040.1934.250105
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» հունվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 դեկտեմբերի 2004 թվականի N 1934-Ա
ԳՈՐԻՍԻ «ԳՈՐԻՍ» ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել Գորիսի «Գորիս» հյուրանոցի գույքը և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` համապատասխան չափով բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով` նվազեցնելով «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
Սահմանել, որ գույքի առանձնացման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի վճարումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:
2. Հաշվեկշռային մեթոդով 59334 հազ. դրամ գնահատված արժեքով Գորիսի «Գորիս» հյուրանոցի գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Մանվել Մալինցյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AF 0536337, տրված` 032-ի կողմից):
3. Սահմանել գույքի վաճառքի գինը` 14834 հազ. դրամ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 3-րդ կետով սահմանված գումարը գնորդի կողմից` սույն որոշման 5-րդ կետով նախատեսված ժամկետում վճարվելուց հետո 10-օրյա ժամկետում նրա հետ կնքել մասնավորեցման պայմանագիր, որում նախատեսել գնորդի հետևյալ պարտավորությունները`
ա) հյուրանոցի սենյակներն օգտագործման իրավունքով թողնել դրանք զբաղեցնող փախստական ընտանիքներին` մինչև նրանց` ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի կողմից Գորիսում կառուցվող շենքից բնակարաններով ապահովելը, կամ նրանց տալ դրամական փոխհատուցումներ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 747 որոշմանը համապատասխան.
բ) մեկ տարվա ընթացքում մարել «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության 2004 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ունեցած 3374 հազ. դրամ պարտավորությունները` Գորիսի «Գորիս» հյուրանոցի մասով, այդ թվում`
կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 817 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1656 հազ. դրամ,
այլ կրեդիտորական պարտքեր` 899 հազ. դրամ.
գ) երեք տարվա ընթացքում կատարել 100000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ներդրումներ` յուրաքանչյուր տարի` հավասարաչափ.
դ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 386011 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ