Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1691.161204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 սեպտեմբերի 2004 թվականի N 1691-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 51971 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կայծակ» բարձր լարման տեխնիկայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` այն վերակազմակերպելով «Կայծակ» բարձր լարման տեխնիկայի ինստիտուտ» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Սահմանել «Կայծակ» բարձր լարման տեխնիկայի ինստիտուտ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 44712 հազ. դրամ, որը համապատասխանում է 44712 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Սահմանել «Կայծակ» բարձր լարման տեխնիկայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 44712 հազ. դրամ:

1.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 22356 հազ. դրամ:

1.5. «Կայծակ» բարձր լարման տեխնիկայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 7259 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2144 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 3261 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 893 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 961 հազ. դրամ:

1.6. «Կայծակ» բարձր լարման տեխնիկայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել`

որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

որ «Կայծակ» բարձր լարման տեխնիկայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունում գոյություն ունեցող տեխնիկական արխիվի փաստաթղթերը համարվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը և գնորդը պարտավոր է մեկ տարվա ընթացքում ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց արխիվացումը,

«Կայծակ» բարձր լարման տեխնիկայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի առնվազն 10 տարի ժամկետով պահպանման մասին դրույթ:

1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների ուղղությունը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

1.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրության ստորագրման պահից մեկ ամսվա ընթացքում:

1.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 8112 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սևանի հացամթերքների օժանդակ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` այն անվանափոխելով «Սևանի հացամթերքների օժանդակ տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության:

2.2. Սահմանել «Սևանի հացամթերքների օժանդակ տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 6541 հազ. դրամ, որը համապատասխանում է 6541 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Սահմանել «Սևանի հացամթերքների օժանդակ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 6541 հազ. դրամ:

2.4. Սահմանել մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 3270 հազ. դրամ:

2.5. «Սևանի հացամթերքների օժանդակ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 1571 հազ. դրամ, այդ թվում`

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1571 հազ. դրամ:

2.6. «Սևանի հացամթերքների օժանդակ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

2.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրության ստորագրման պահից մեկ ամսվա ընթացքում:

2.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 20-ի N 138 որոշմամբ «Ավտոագրեգատների գործարան» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող «փոքր» օբյեկտների պետական գույքի գնահատման կարգը հաստատելու մասին» N 208 որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված 8 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող, 770 հազ. դրամ արժեքով տարածքը (այսուհետ` գույք) (հասցեն` քաղ. Երևան, Արշակունյաց 34) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «Եվրոստան-ՈՒյուտ» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը:

3.2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 770 հազ. դրամ:

3.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 3.2-րդ կետով սահմանված վճարումը կատարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

3.5. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. 15750 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 35547 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Գուգարքի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով:

4.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող 34 տոկոս բաժնետոմսերի անվանական արժեքը կազմում է 5350 հազ. դրամ, որը համապատասխանում է 535 բաժնետոմսի, յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

4.3. Սահմանել մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը` 1000 դրամ:

4.4. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Գուգարքի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 1459 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 698 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 462 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 299 հազ. դրամ:

4.5. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Գուգարքի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

4.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման վերաբերյալ հայտարարությունը հրապարակել մամուլում:

4.7. Աճուրդն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.09.2004
N 1691-Ն
Որոշում