(ուժը կորցրել է 18.05.10 թիվ 173-Ն որոշում)
i
506.0802.131004
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«13» 10 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50604273
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 սեպտեմբերի 2003 թվականի N 802-Ն
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 20.06.2002 թ. թիվ 890-Ն որոշման պահանջները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հաստատել ՀՀ Կոտայքի մարզպետարանի գործավարության կարգը (կցվում է):
Հաստատում եմ
Կոտայքի մարզպետ
Կ. Շահգալդյան
N 802-Ն 05.09.2003 թ.
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի /այսուհետ` մարզպետարան/ գործավարության կարգը:
2. Գործավարության կազմակերպումն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմը /այսուհետ` աշխատակազմ/:
3. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է ստորաբաժանման ղեկավարը:
4. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի N 626 որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:
II. Մարզպետարանում ստացված թղթակցության ընդունումը, գրանցումն ու շարժը
5. Աշխատակազմում ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն ընդունվում և գրանցվում է աշխատակազմի քարտուղարությունում /այսուհետ` քարտուղարություն/ ապարատածրագրային միջոցներով, զուգահեռ նաև մատյանների օգնությամբ, որտեղ արտացոլվում են փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը:
Գրանցված փաստաթղթի 1-ին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը:
Ստացված փաստաթղթի մտից գրանցման համարը բաղկացած է քարտուղարության դասակարգիչներով թղթակցին տրված պայմանանիշից և նրա հերթական համարից:
6. Քարտուղարությունում բացվում են ստացված բոլոր ծրարները /նաև էլեկտրոնային/, բացի «Անձամբ» մակագրությամբ ծրարներից և անձնական էլեկտրոնային ստորագրությամբ փակված փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներից /ֆայլերից/:
«Անձամբ» մակագրությամբ ծրարները /կամ ֆայլերը/ չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում են հասցեատիրոջը:
7. Քարտուղարության աշխատողները պարտավոր են ծրարը բացելիս ստուգել փաստաթղթերի առկայությունը /ներառյալ հավելվածները/, առդիր թերթերի քանակը, փաստաթղթերի համարները համեմատել ծրարի վրա նշվածների հետ:
Փաստաթղթերի կամ ֆայլերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ 3 օրինակից, որոնցից մեկը մնում է քարտուղարությունում, երկրորդը կցվում է փաստաթղթին, իսկ երրորդն ուղարկվում է այն կազմակերպություն, որտեղից ստացվել է ծրարը:
Եթե ծրարում կամ ֆայլում հայտնաբերվում են սխալմամբ դրված փաստաթղթեր, դրանք նոր ծրարներով կամ համակարգչային ցանցով ուղարկվում են ըստ պատկանելության` փաստաթղթերին կցելով այն ծրարները /նաև էլեկտրոնային/, որոնցով դրանք ստացվել են` անհրաժեշտության դեպքում տեղյակ պահելով այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը:
8. Ծրարները /նաև էլեկտրոնային/, որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ, եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:
9. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվում են մարզպետարանի համակարգչային ցանցով /այսուհետ` համակարգչային ցանց/, պետք է հաստատված լինեն ուղարկողի կամ համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Ստացված էլեկտրոնային օրինակն անհրաժեշտության դեպքում վերծանվում է և տեղական լոկալ համակարգչային ցանցով ուղարկվում հասցեատիրոջը:
10. Այն դեպքում, երբ փաստաթուղթն ունի գաղտնիության աստիճան, անհրաժեշտության դեպքում պետք է վերծանվի հրահանգի համաձայն և հետո հանձնվի հասցեատիրոջը:
11. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվել են կրիչի վրա, էլեկտրոնային ձևի ապարատածրագրային միջոցների օգնությամբ ենթակա են վերափոխման` հետագայում տվյալների շտեմարանում գրանցելու համար:
12. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, այլ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական բնույթի փաստաթղթերի կամ դրանց ֆայլերի վրա, եթե դրանք ներկայացնելու անհրաժեշտությունը չի բխում որևէ հանձնարարականի կատարման պահանջներից, դրվում է դրոշմակնիք` նշելով միայն մուտքի ամսաթիվը, որից հետո դրանք ստորագրությամբ հանձնվում կամ լոկալ ցանցի միջոցով հաղորդվում են աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին:
13. Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից ստացված նյութերը և «Շտապ» թղթակցությունն անհապաղ գրանցվում ու հանձնվում են զեկուցման: Մյուս թղթակցությունը հասցեատերերին է տրվում աշխատանքային մեկ օրվա ընթացքում` սույն կարգին համապատասխան:
14. Մարզպետարան հասցեագրված գրությունները, նամակները, հեռագրերն ու մյուս փաստաթղթերը քարտուղարության կողմից գրանցվում և փոխանցվում են մարզպետի խորհրդականին մարզպետին զեկուցելու համար, որը հանձնարարականներ է տալիս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին` կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ոլորտներին համապատասխան:
Ստացված թղթակցություններին ծանոթանալու նպատակով ստորաբաժանման ղեկավարները նույն օրը դրանք ներկայացնում են մարզպետի տեղակալին կամ աշխատակազմի ղեկավարին:
15. Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերն աշխատակազմում քննարկելու համար մարզպետի կողմից նշանակվում է գլխադասային ստորաբաժանում կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ոլորտներին համապատասխան:
16. Գլխադասային ստորաբաժանման աշխատողը /այսուհետ` աշխատակազմի աշխատող/, քարտուղարությունից ստանալով ստորաբաժանում ուղարկված փաստաթուղթը կամ ֆայլը, այն գրանցում է համակարգչում կամ մատյանում, գլխադասային ստորաբաժանման ղեկավարի մակագրությամբ հանձնում անմիջական կատարողներին` համակարգչում կամ մատյանում արտացոլելով փաստաթղթաշրջանառությունն ստորաբաժանման ներսում: Ստորաբաժանումից ստորաբաժանում վերահասցեագրված փաստաթղթերը հասցեատերերին են հանձնվում քարտուղարության միջոցով` աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի համաձայնությամբ:
Սահմանված ժամկետներում ստորաբաժանումները փաստաթղթերին համապատասխան ընթացք տալուց հետո ներկայացնում են քարտուղարություն, որն այն ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին կամ տեղակալին /Գործին մակագրելու համար/:
17. Աշխատակազմում փաստաթղթերի քննարկման համար սահմանվում են հետևյալ ժամկետները`
Հայաստանի Հանրապետության նախարարությունների, այլ պետական մարմինների կողմից ներկայացված` մարզպետի քննարկմանը ենթակա հարցերի վերաբերյալ գրությունների /եթե այլ ժամկետներ նախատեսված չեն/ համար`
լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցեր` մինչև 5 օր,
լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող հարցեր` մինչև 10 օր:
18. Որոշումների և կարգադրությունների նախագծերի նախապատրաստման և քննարկման համար սահմանվում են հետևյալ ժամկետները /եթե այլ ժամկետներ նշված չեն/.
լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ չպահանջող նախագծեր` մինչև 7 օր,
լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ, խորհրդակցության հրավիրում պահանջող նախագծեր` մինչև 15 օր:
19. Աշխատակազմի աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար և պարտավոր են խնամքով վերաբերել դրանց:
20. Չի թույլատրվում աշխատակազմում ստացված փաստաթղթերի բնագրային տեքստում կամ դրա ֆայլում որևէ նշում կատարել:
21. Արձակուրդ գնալիս, երկարատև գործուղման մեկնելիս կամ այլ պատճառներով բացակայելիս աշխատողը պարտավոր է իր մոտ եղած անավարտ գործերի փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:
22. Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներն աշխատակազմի քարտուղարությունից դուրս են տրվում միայն աշխատակազմի աշխատողներին վերադարձնելու պայմանով, կամ դրանց ֆայլերից օգտվում են միայն աշխատակազմի աշխատողները` իրենց պահանջով:
Աշխատակազմի քարտուղարությունից վերցված իրավական ակտերը ենթակա են 5-օրյա ժամկետում վերադարձման:
III. Մարզխորհրդի նիստերի և մարզպետի մոտ անցկացվող
խորհրդակցությունների համար նյութերի նախապատրաստումն ու
տեխնիկական սպասարկումը
23. Մարզխորհրդի նիստերը նախապատրաստում և կազմակերպում է աշխատակազմի ղեկավարը, իսկ մարզպետի մոտ կազմակերպվող խորհրդակցությունները` աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
24. Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը մարզխորհրդի նիստում, մարզպետի մոտ հրավիրված խորհրդակցության քննարկման համար հարցեր նախապատրաստելիս` եթե կա որոշման, կարգադրության նախագիծ կազմելու անհրաժեշտություն, ապա այն նախօրոք համաձայնեցնում է մարզպետի, համակարգող տեղակալի կամ աշխատակազմի ղեկավարի հետ, սահմանված ժամկետում կազմում և կից նյութերի հետ միասին ներկայացնում է քարտուղարություն:
25. Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումում նախագծի համար կազմվում է գործ /օգտագործելով համապատասխան թղթապանակ /կամ դրա էլեկտրոնային ձևը/, որի մեջ ժամանակագրական կարգով պետք է զետեղվեն հետևյալ նյութերը`
ա/ մարզխորհրդի, մարզպետի քննարկմանը ներկայացված նախագիծը /2 օրինակից/` ուղեկցական նամակով, նշագրերով,
բ/ նախագծի ընդունման հիմնավորումը,
գ/ այն կազմակերպությունների ցանկը, որոնց ուղարկվելու է տվյալ որոշումը ստորագրված մարզպետի կողմից և ներկայացնում է քարտուղարություն:
26. Քարտուղարության իրավաբանական և անձնակազմի կառավարման բաժինը 5-օրյա ժամկետում ուսումնասիրում և քննարկում է նախագիծը, ներկայացնում եզրակացություններ և առաջարկություններ:
27. Կառուցվածքային ստորաբաժանումն անհրաժեշտության դեպքում, ներկայացված առաջարկություններին համապատասխան, լրամշակում է նախագիծը` այն համաձայնեցնելով ներկայացնողի հետ, և կից նյութերի հետ միասին ներկայացնում մարզպետի տեղակալների կամ աշխատակազմի ղեկավարի մոտ կազմակերպվող նախանիստին:
28. Նախանիստում հավանության արժանացած նախագծերը զեկուցվում են մարզպետին` նիստի օրակարգում ընդգրկելու համար:
29. Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը կազմում է խորհրդակցության հրավիրվողների ցուցակ` համաձայնեցնելով մարզպետի, տեղակալների կամ աշխատակազմի ղեկավարի հետ` ապահովելով նրանց մասնակցությունն այդ խորհրդակցությանը:
30. Քննարկվող հարցերի համար բազմացման ենթակա նյութերն ընտրում է կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը` համաձայնեցնելով մարզպետի համակարգող տեղակալի կամ աշխատակազմի ղեկավարի հետ: Քարտուղարությունը նշված նյութերը բազմացնում և օրակարգի հետ միասին առաքում է ըստ հաստատված ցանկի:
31. Մարզխորհրդի նիստի սպասարկման աշխատանքը կատարում է քարտուղարությունը, իսկ նիստերին և խորհրդակցություններին հրավիրվող անձանց ծանուցում են կառուցվածքային ստորաբաժանման աշխատողները:
32. Քարտուղարությունն ապահովում է մարզխորհրդի նիստի օրակարգի նախապատրաստումն ու դրանց առաքումը /նաև համակարգչային ցանցի միջոցով/:
33. Մարզխորհրդի նիստերի և մարզպետի կողմից անցկացվող խորհրդակցությունների արձանագրումն ապահովում է քարտուղարությունը:
Արձանագրությունները կազմվում են օրակարգում նշված հարցերի հաջորդականությամբ: Յուրաքանչյուր հարցի տակ նշվում են զեկուցողի և նիստը վարողի ազգանունները:
Արձանագրության մեջ նշվում է քննարկվող հարցն ընդունվելու, այն քննարկումից հանվելու կամ հետաձգվելու, նիստում արված ու հավանության արժանացած առարկությունների ու առաջարկությունների, ինչպես նաև նիստը վարողի վերջնական ամփոփիչ որոշման մասին: Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարները խորհրդակցության նյութերը հանձնարարականներով մեկօրյա ժամկետում ներկայացնում են քարտուղարություն արձանագրությունը կազմելու և հանձնարարականների կատարման հսկողությունն իրականացնելու համար:
34. Արձանագրությունները ճշգրիտ կազմելու նպատակով մարզխորհրդի նիստերը անհրաժեշտության դեպքում ձայնագրվում են:
35. Յուրաքանչյուր նիստի արձանագրությանը քարտուղարությունում տրվում է հերթական համար` միասնական համարակալման համաձայն, որը կատարվում է տարեսկզբից մինչև տարեվերջ:
36. Նիստում քննարկված նախագծերը լրամշակվում են նիստում արված առարկությունների և առաջարկությունների հիման վրա` նիստը վարողի ընդհանրացումներին համապատասխան և մարզպետի կողմից ստորագրվելուց հետո, կից փաստաթղթերով հանձնվում են քարտուղարություն:
37. Մարզպետի կողմից կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ ամեն շաբաթ անցկացվում է աշխատանքային խորհրդակցություն, որը արձանագրում է քարտուղարության պետը, իսկ հաջորդ խորհրդակցությանը ներկայացնում է տեղեկատվություն տրված հանձնարարականների կատարման մասին:
38. Կառուցվածքային ստորաբաժանումներում իրենց աշխատանքային ծրագրերի համաձայն անցկացված աշխատանքային խորհրդակցությունները արձանագրվում է ստորաբաժանումների աշխատակիցների կողմից և պահպանվում ստորաբաժանումներում:
39. Մարզպետի որոշումների, կարգադրությունների նախագծերը կազմվում են աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների կողմից, համաձայնեցվում են համակարգող մարզպետի տեղակալների կամ աշխատակազմի ղեկավարի և քարտուղարության իրավաբանական և անձնակազմի կառավարման բաժնի պետի հետ ու ներկայացվում քարտուղարություն:
40. Նիստերի արձանագրությունների բնագրերը պահվում են քարտուղարությունում և հաջորդ տարվա սկզբին հանձնվում աշխատակազմի արխիվ:
41. Քարտուղարությունը մարզպետի, տեղակալների, աշխատակազմի ղեկավարի մոտ անցկացվող խորհրդակցությունների արձանագրությունները ստորագրվելուց հետո` քաղվածքների ձևով ուղարկում են համապատասխան մարմիններին և կազմակերպություններին, պատճենները կնքվում են:
Նշված արձանագրությունները համարակալվում և պահվում են քարտուղարությունում, իսկ ֆայլերը` տվյալների շտեմարանում:
IV. Մարզպետի որոշումների, կարգադրությունների ձևակերպումն ու առաքումը
42. Մարզպետի կողմից որոշումների, կարգադրությունների նախագծերը կազմվում և ստորագրվում են համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարների ու քարտուղարության իրավաբանական և անձնակազմի կառավարման բաժնի պետի կողմից և համաձայնեցվում են համակարգող մարզպետի տեղակալների կամ աշխատակազմի ղեկավարի հետ: Այնուհետև ստորագրվելուց հետո տպագրվում են համապատասխան ձևաթղթերի վրա և հանձնվում են կնքելու:
43. Մարզպետի որոշումներն ու կարգադրությունները քարտուղարությունում գրանցվում են որոշումների, կարգադրությունների գրանցամատյանում` դրանց տալով հերթական համարներ, նշելով ընդունման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:
Յուրաքանչյուր տարվա համար մարզպետի որոշումների, կարգադրությունների համարակալումներն սկսվում են հունվար ամսվա առաջին որոշումից և ավարտվում տվյալ տարվա դեկտեմբերի վերջին որոշումով:
44. Քարտուղարության կողմից կազմակերպություններին և աշխատակազմի աշխատողներին որոշումների լրացուցիչ օրինակներ չեն տրվում` առանց աշխատակազմի ղեկավարի ցուցումի:
45. Որոշումներում ուղղումներ կատարվում են բացառապես ակնհայտ տեխնիկական վրիպակների դեպքում` աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի գրավոր ցուցումով:
46. Մարզպետի որոշումների, կարգադրությունների առաքումից հետո գործերը քարտուղարության կողմից մշակվում են և հանձնվում աշխատակազմի արխիվ` պահպանության:
47. Քարտուղարության պետը յուրաքանչյուր ամսվա ամբողջ թղթակցության շարժի վերաբերյալ կազմում է տեղեկանք և ներկայացնում մարզպետին:
V. Ելից թղթակցության ձևակերպումը
48. Աշխատակազմում ելից փաստաթղթերն ստորագրվում են մարզպետի, տեղակալների կամ աշխատակազմի ղեկավարի կողմից:
49. Ստորագրության ներկայացվող նամակին կցվում է երկրորդ օրինակը` նախագիծը պատրաստող աշխատողի նշագրով:
50. Նամակների տեքստի տակ, որոնց կցվում են լրացուցիչ նյութեր, նշվում են կցվող նյութի անվանումը, ամսաթիվը, համարը և թերթերի թիվը:
51. Այն դեպքում, երբ նամակներն ուղարկվում են որպես Հայաստանի Հանրապետության նախարարություններից, այլ պետական մարմիններից ու կազմակերպություններից ստացված գրությունների պատասխաններ, հասցեատիրոջ անվան տակ, վերևի ձախ անկյունում նշվում են այդ գրության ամսաթիվը և համարը: Նույն տվյալները պետք է ունենա էլեկտրոնային օրինակը:
52. Նամակի /հեռագրի/ ելից համարը կազմված է պայմանանիշից և համարից:
53. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, սահմանադրական դատարան և օտարերկրյա պետություններ ուղարկվող նամակները ստորագրվում են մարզպետի կողմից:
54. Անհրաժեշտության դեպքում ուղարկման ենթակա` համաձայնեցված և հաստատված փաստաթղթերը, որոնց տրված են ելից համարներ, և դրանց էլեկտրոնային պատճենները փոխանցվում են ստորաբաժանում, որը փաստաթղթերն ուղարկում է հասցեատերերին:
55. Եթե հասցեատերն ունի համակարգչային ցանցի էլեկտրոնային փոստի հասցեն, փաստաթուղթը` հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ /որպես էլեկտրոնային իսկական օրինակ/, համակարգչային ցանցով ուղարկվում է հասցեատիրոջը:
56. Փաստաթուղթն ուղարկվելուց առաջ դրա էլեկտրոնային օրինակը պետք է գրանցվի ուղարկողի տվյալների շտեմարանում:
57. Եթե հասցեատերը միացված չէ համակարգչային ցանցին և չունի էլեկտրոնային փոստի իր սեփական հասցեն, ապա փաստաթղթի էլեկտրոնային օրինակը` հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ, պետք է ուղարկվի մագնիսական սկավառակին գրանցված վիճակում` սուրհանդակային կամ այլ ծառայության միջոցով:
VI. Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների
քննարկումն ու ընթացք տալը
58. Մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելությունները կազմակերպվում են աշխատակազմի ղեկավարի կողմից յուրաքանչյուր շաբաթ օրը, ըստ տարածաշրջանների /Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ/:
59. Աշխատակազմի իրավասու անձի կողմից քաղաքացիների անհատական ընդունելության ժամանակ նրանց գրավոր առաջարկությունները, դիմումներն ու բողոքները նույնպես ենթակա են գրանցման` օրենքով սահմանված կարգով:
60. Քաղաքացիների կողմից ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքներն ստացման օրը գրանցվում են քարտուղարությունում:
61. Կոլեկտիվ առաջարկության, դիմումի և բողոքի ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում` առաջին ազգանունը:
62. Անանուն նամակները գրանցման ենթակա չեն և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:
63. Միևնույն անձից միևնույն հարցով քննարկման համար տարբեր հասցեներով ուղարկված և նույն պետական մարմնում ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները հաշվի են առնվում առաջին առաջարկության, դիմումի ու բողոքի գրանցման պայմանանիշով` ավելացնելով հերթական համարը` կոտորակի ձևով:
64. Ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները քարտուղարության պետի կողմից նախնական քննարկումից հետո ներկայացվում են աշխատակազմի ղեկավարին կամ նրա տեղակալին:
65. Որոշ առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քարտուղարության կողմից կարող են ուղարկվել այն պետական մարմիններ, հիմնարկներ ու կազմակերպություններ, որոնց անմիջական իրավասությանն է պատկանում տվյալ հարցի լուծումը, կամ որոնց անմիջական ենթակայությամբ է գործում այն կազմակերպությունը կամ պաշտոնատար անձը, որի գործողությունը բողոքարկվում է, դիմողին ուղարկելով դրա մասին ծանուցում:
66. Աշխատակազմի ստորաբաժանումներում քննարկված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները` աշխատակազմի ղեկավարի մակագրությամբ, վերադարձվում են քարտուղարություն` հասցեատերերին ուղարկելու համար:
Նամակների քննարկման արդյունքների մասին գրավոր կամ, դիմողի համաձայնությամբ, բանավոր տեղեկացվում է դրանց հեղինակներին: Այս նպատակով պատասխանը նախապատրաստվում է 2 օրինակից: Առաջին օրինակը` աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ, ուղարկվում է դիմողին, երկրորդ օրինակը` համապատասխան աշխատողի նշագրով, կցվում է գործին:
67. ՈՒսումնասիրությունից և վերջնական քննարկումից հետո քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները` իրենց բոլոր նյութերի հետ միասին, վերադարձվում են քարտուղարություն` «Գործին» մակագրությամբ, ստորագրությամբ, ամսաթվի նշումով:
68. Յուրաքանչյուր նամակի համար կազմվում է գործ` բաղկացած առաջարկության, դիմումի ու բողոքի պատճեններից և այլ փաստաթղթերից:
69. Վերահսկողության վերցված նամակների պատասխանները ենթակա են քարտուղարությունում պարտադիր գրանցման:
Այդ դեպքում նամակի վերջին էջի աջ անկյունում դրվում է «Վերահսկողություն» դրոշմոցը:
Պատասխանի պայմանանիշը կազմված է գրանցման պայմանանշանից և այն գործի համարից, որի մեջ կարվում է տվյալ հարցին վերաբերող գրագրությունը:
Պատասխաններն ուղարկվում են աշխատակազմի այն ստորաբաժանումներ, որոնց վրա դրված է տվյալ նամակի նկատմամբ վերահսկողությունը:
Ստորաբաժանման ղեկավարը մարզպետի տեղակալներին կամ աշխատակազմի ղեկավարին գրավոր զեկուցում է արդյունքների մասին, որից հետո փաստաթուղթը սահմանված կարգով հանվում է վերահսկողությունից, և դրա վրա կատարվում է համապատասխան նշում:
70. Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է քարտուղարությունը:
Նամակների ամբողջ շարժը գրանցվում է համակարգչում համապատասխան ծրագրի միջոցով կամ մատյաններում և պահպանվում քարտուղարության տվյալների շտեմարանում:
VII. Փաստաթղթերի պահպանումը
71. Աշխատակազմի արխիվ են հանձնվում նախորդ տարվա մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա գործավարության բոլոր փաստաթղթերը:
72. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերի պահպանումն իրականացվում է «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
73. Անհրաժեշտության դեպքում աշխատակազմի արխիվից կամ «Արխիվ» շտեմարանից կարելի է օգտվել` գործերը դուրս բերել կամ դրանցից փաստաթղթեր պատճենահանել` միայն աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալի կամ քարտուղարության պետի թույլտվությամբ:
74 .Աշխատակազմի արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է ըստ ցանկերի և գործերի պայմանանիշերի:
75. Աշխատակազմի արխիվային գործի մասնագետը /արխիվարիուսը/ քարտուղարության գործերի ընդունման համար ստորագրում է ցանկերի բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը:
Ցանկի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են աշխատակազմի արխիվում: