020.0042.110297
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԻՐԵՆՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
11 փետրվարի 1997 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար Հ. Հակոբյանի,
i
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով և 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով և 56 հոդվածով,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև իրենց պետության սահմաններից դուրս աշխատող Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև իրենց պետության սահմաններից դուրս աշխատող Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու և որոշում ընդունելու վերաբերյալ:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Հակոբյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև իրենց պետության սահմաններից դուրս աշխատող Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության մասին համաձայնագիրն ստորագրվել է 1995 թվականի հունիսի 17-ին` Կիևում, երկու երկրների տարածքում քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության բնագավառում համագործակցության համակողմանի զարգացման նպատակով: Դրա գործողությունը տարածվում է այն անձանց և նրանց ընտանիքների անդամների վրա, որոնք նշված պետություններից մեկի քաղաքացին են կամ ունեն մշտական բնակության վայր դրանցից մեկի տարածքում: Համաձայնագիրը սահմանում է Կողմերի քաղաքացիների` աշխատանքային գործունեության, աշխատանքի տեղավորվելու թույլտվություն ստանալու, դիպլոմները և նման այլ փաստաթղթերը ճանաչելու, աշխատանքային պայմանագրեր կնքելու, աշխատանքային եկամուտների հարկման, կենսաթոշակային և սոցիալական ապահովության պայմաններն ու կարգը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև իրենց պետության սահմաններից դուրս աշխատող Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության մասին 1995 թվականի հունիսի 17-ին Կիևում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
11 փետրվարի 1997թ.
ՍԴՈ - 42