020.0038.030297
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
3 փետրվարի 1997 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Մ. Ալեքսանյանի,
i
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև քաղաքացիական գործերով իրավական օգնության մասին 1996 թվականի հունիսի 4-ին Թբիլիսիում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև քաղաքացիական գործերով իրավական օգնության մասին 1996 թվականի հունիսի 4-ին Թբիլիսիում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:
Լսելով գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Մ. Ալեքսանյանի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև քաղաքացիական գործերով իրավական օգնության մասին 1996 թվականի հունիսի 4-ին Թբիլիսիում ստորագրված պայմանագրով Կողմերը քաղաքացիական գործերով իրավական օգնության փոխադարձ պարտավորություններ են ստանձնում:
Պայմանագիրն ապահովում է յուրաքանչյուրի` «իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու» և «Սահմանադրությամբ ու օրենքներով ամրագրված իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության» Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 38 հոդվածով սահմանված իրավունքների իրականացումը: Ըստ պայմանագրի 1 հոդվածի մի Պայմանավորվող կողմի քաղաքացիները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում օգտվում են իրենց անձնական և գույքային իրավունքների նույն իրավական պաշտպանությունից, ինչ մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիները, և իրավունք ունեն անարգել դիմել դատարան, դատախազություն և այլ հիմնարկներ, որոնց իրավասությանն են վերաբերում քաղաքացիական գործերը, ներկայացնել հայցեր և իրականացնել այլ դատաիրավական գործողություններ:
Պայմանագրով որոշարկված են քաղաքացիական գործերով իրավական օգնության տեսակները, իրավական օգնություն ցույց տալիս հաղորդակցվելու կարգը և կիրառվող օրենսդրությունը, հաղորդակցման լեզուն, ճանաչման և կատարման ենթակա դատական որոշումները, ինչպես նաև իրավական օգնությունը մերժելու հիմքերն ու կարգը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև քաղաքացիական գործերով իրավական օգնության մասին 1996 թվականի հունիսի 4-ին Թբիլիսիում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
3 փետրվարի 1997թ.
ՍԴՈ - 38