(ուժը կորցրել է 11.05.10 թիվ 57-Ն որոշում)
i
501.0307.121203
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 12 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50103374
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 նոյեմբերի 2003 թվականի N 307-Ն
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 890-Ն որոշման 2-րդ կետի բ/ ենթակետով որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի գործավարության կարգը` համաձայն հավելվածի:
2. Մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետին` սույն որոշումը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հ. Գևորգյանի վրա:
Հավելված
ՀՀ Արագածոտնի մարզպետի
2003թ. նոյեմբերի 20-ի
թիվ 307-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի / այսուհետ` մարզպետարան/ գործավարության կարգը:
2. Մարզպետարանում գործավարության կարգի կազմակերպումն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմը /այսուհետ` աշխատակազմ/:
3. Սույն կարգով սահմանված գործավարության կանոնները պարտադիր են աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների համար:
4. Աշխատակազմի ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու են ստորաբաժանման ղեկավարները:
5. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997թ. դեկտեմբերի 30-ի թիվ 626 որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:
6. Աշխատակազմում սույն կարգով սահմանված գործավարության միասնական կարգի պահպանման նկատմամբ հսկողությունը դրվում է աշխատակազմի քարտուղարության /այսուհետ` քարտուղարություն/ վրա, իսկ վերահսկողությունը աշխատակազմի ղեկավարի վրա:
2. ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ
7. Աշխատակազմում ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն ընդունվում և գրանցվում է քարտուղարությունում ապարատածրագրային միջոցներով, զուգահեռ նաև մատյանների օգնությամբ, որտեղ արտացոլվում են փաստաթղթերի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը:
Գրանցված փաստաթղթի 1-ին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը:
Ստացված փաստաթղթի մտից գրանցման համարը բաղկացած է քարտուղարության դասակարգիչներով թղթակցին տրված պայմանանիշից և նրա հերթական համարից:
8. Քարտուղարությունում բացվում են ստացված բոլոր ծրարները /նաև` էլեկտրոնային/, բացի «Անձամբ» մակագրությամբ ծրարներից և անձնական էլեկտրոնային ստորագրությամբ փակված փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներից /ֆայլերից/:
«Անձամբ» մակագրությամբ ծրարները /կամ ֆայլերը/ չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում կամ մարզպետարանի համակարգչային ցանցով հաղորդվում են հասցեատիրոջը:
9. Քարտուղարության աշխատողները պարտավոր են ծրարը բացելիս ստուգել փաստաթղթերի առկայությունը /հավելվածները/, առդիր թղթերի քանակը, փաստաթղթերի համարները համեմատել ծրարի վրա նշվածների հետ:
Փաստաթղթերի կամ ֆայլերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ` 3 օրինակից, որոնցից մեկը մնում է քարտուղարությունում, երկրորդը կցվում է փաստաթղթին, իսկ երրորդն ուղարկվում է այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը:
Եթե ծրարում կամ ֆայլում հայտնաբերվում են սխալմամբ դրված փաստաթղթեր, դրանք նոր ծրարներով կամ մարզպետարանի համակարգչային ցանցով ուղարկում են ըստ պատկանելիության` փաստաթղթերին կցելով այն ծրարները /նաև` էլեկտրոնային/, որոնցով դրանք ստացված են` անհրաժեշտության դեպքում տեղյակ պահելով այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը:
10. Ծրարները /նաև` էլեկտրոնային/, որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ, եթե ծրարի վրա փոստային դրոշմի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:
11. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվում են համակարգչային ցանցով, պետք է հաստատված լինեն ուղարկողի կամ համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Ստացված օրինակն անհրաժեշտության դեպքում վերծանվում է և տեղական լոկալ համակարգչային ցանցով ուղարկվում հասցեատիրոջը:
12. Յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է ունենա իր էլեկտրոնային պատճենը` ֆայլի ձևով ստեղծված ապարատածրագրային միջոցով, որն ապահովում է այն պատրաստող անձը կամ ստորաբաժանումը:
13. Փաստաթղթերի այն էլեկտրոնային օրինակները, որոնք հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, բացի հաստատող և պատրաստող անձանց պաշտոններից ու ազգանուններից, լրացուցիչ պետք է պարունակեն ուղարկող օպերատորի ազգանունը: Բայց այդ դեպքում փաստաթուղթը կունենա միայն պատճենի կարգավիճակ:
14. Այն դեպքում, երբ փաստաթուղթն ունի գաղտնիության աստիճան, անհրաժեշտության դեպքում պետք է վերծանվի հրահանգի համաձայն և հետո հանձնվի հասցեատիրոջը:
15. Մտից փաստաթղթերը որոնք ստացվել են թղթի կրիչի վրա, էլեկտրոնային ձևի ապարատածրագրային միջոցների օգնությամբ ենթակա են վերափոխման հետագայում տվյալների շտեմարանում գրանցելու համար:
16. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, այլ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական բնույթի փաստաթղթերի կամ դրանց ֆայլերի վրա, եթե դրանք ներկայացնելու անհրաժեշտությունը չի բխում որևէ հանձնարարականի կատարման պահանջներից, դրվում է դրոշմակնիք նշելով միայն մուտքի ամսաթիվը, որից հետո դրանք ստորագրությամբ հանձնվում կամ լոկալ ցանցի միջոցով հաղորդվում են աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին:
17. Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից և Հայաստանի Հանրապետության վարչապետից ստացված նյութերն ու «Շտապ» թղթակցությունն անհապաղ գրանցվում և հանձնվում են աշխատակազմի ղեկավարին` մարզպետին զեկուցելու համար: Մյուս թղթակցությունը հասցեատերերին է տրվում կամ հաղորդվում լոկալ ցանցով աշխատանքային մեկ օրվա ընթացքում սույն կարգին համապատասխան:
18. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին հասցեագրված ու մուտքագրված գրությունները, նամակները և մյուս փաստաթղթերը գրանցումից հետո ուղարկվում են աշխատակազմի ղեկավարին:
19. Աշխատակազմի քարտուղարության աշխատողը /այսուհետև` աշխատակազմի աշխատող/ ստանալով մարզպետարան ուղարկած փաստաթուղթը կամ ֆայլը, այն գրանցում է համակարգչում և մատյանում, համապատասխան ստորաբաժանման ղեկավարի մակագրությամբ հանձնում անմիջական կատարողներին` համակարգչում կամ մատյանում արտացոլելով փաստաթղթաշրջանառությունը ստորաբաժանման ներսում: Ստորաբաժանումից ստորաբաժանում վերահասցեագրված փաստաթղթերը հասցեատերերին են հանձնվում քարտուղարության միջոցով աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի համաձայնությամբ:
20. Աշխատակազմի աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար և պարտավոր են խնամքով վերաբերվել դրանց: Չի թույլատրվում աշխատակազմում ստացված փաստաթղթերի բնագրային տեքստում կամ դրա ֆայլում որևէ նշում կատարել:
21. Արձակուրդ գնալիս, երկարատև գործուղման մեկնելիս կամ այլ պատճառներով բացակայելիս աշխատողը պարտավոր է իր մոտ եղած անավարտ գործերի փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:
22. Աշխատակազմում փաստաթղթերը քննարկվում և կատարվում են հետևյալ ժամկետներում`
Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, դրանց աշխատակազմերի այլ պետական մարմինների կողմից ներկայացված հարցերի վերաբերյալ գրությունների համար /եթե այլ ժամկետներ նախատեսված չեն/.
ա/ լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցեր` մինչև 10 օր.
բ/ լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պարունակող փաստաթղթերի քննարկման համար գլխադասային ստորաբաժանման ղեկավարի զեկուցագրի հիման վրա, հանձնարարականը տվող պաշտոնատար անձի թույլտվությամբ կատարման ժամկետը կարող է երկարացվել:
23. Իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ եզրակացություններ նախապատրաստվում են 4-օրյա ժամկետում:
24. Իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ եզրակացությունների նախապատրաստման և փաստաթղթերի սահմանված ժամկետում կատարման համար պատասխանատու է գլխադասային ստորաբաժանումը:
25. Գլխադասային ստորաբաժանման կողմից իրավական ակտի նախագծի, փաստաթղթի վերաբերյալ եզրակացությունը, պատասխան նամակի նախագիծը ներկայացվում է հանձնարարականում նշված մյուս ստորաբաժանումների ղեկավարներին համաձայնեցման:
26. Իրավական ակտերի, պատասխան նամակների նախագծերը, համաձայնեցումից հետո ներկայացվում են իրավախորհրդատուին` իրավական փորձաքննության, նշագրման:
27. Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումները, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները աշխատակազմի քարտուղարությունից դուրս տրվում են միայն աշխատակազմի աշխատողներին վերադարձնելու պայմանով, կամ դրանց ֆայլերից օգտվում են միայն աշխատակազմի աշխատողները իրենց պահանջով: Աշխատակազմի քարտուղարությունից վերցված իրավական ակտերը ենթակա են 5-օրյա ժամկետում վերադարձման:
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
28. Մարզպետի կարգադրությունները, որոշումները և աշխատակազմի ղեկավարի հրամանները տպագրվում են համապատասխան ձևաթղթերի վրա:
29. Քարտուղարությունը ձևաթղթի վրա տպագրված մարզպետի կարգադրությունների և որոշումների նախագծերը ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին` մարզպետի ստորագրությանը ներկայացնելու համար:
30. Մարզպետի կարգադրությունները, որոշումները և աշխատակազմի ղեկավարի հրամանները քարտուղարությունում գրանցվում են գրանցամատյանում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
31. Քարտուղարությունը համակարգչային ցանցով փոխանցում է մարզպետի կողմից ստորագրված կարգադրությունները, որոշումները և աշխատակազմի ղեկավարի կողմից ստորագրված հրամանները, իսկ եթե չի գործում համակարգչային ցանցը կամ եթե հասցեատերն ընդգրկված չէ դրանում, դրանք առաքվում են փոստով` համաձայն հասցեաթերթի:
32. Մարզպետի կարգադրությունների, որոշումների և աշխատակազմի ղեկավարի հրամանների յուրաքանչյուր օրինակ կնքվում է աշխատակազմի կամ քարտուղարության ընդհանուր բաժնի կնիքով:
33. Մարզպետի կարգադրությունների, որոշումների և աշխատակազմի ղեկավարի հրամանների էլեկտրոնային պատճենները քարտուղարության կողմից զետեղվում են մարզպետարանի համակարգչային ցանցում:
34. Քարտուղարության կողմից մարզպետի կարգադրությունների, որոշումների և աշխատակազմի ղեկավարի հրամանների լրացուցիչ օրինակներ չեն տրվում առանց աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի ցուցումի:
35. Մարզպետի կարգադրություններում, որոշումներում և աշխատակազմի ղեկավարի հրամաններում ուղղումներ կատարվում են բացառապես ակնհայտ տեխնիկական վրիպակների դեպքում աշխատակազմի ղեկավարի գրավոր ցուցումով, և առաքվում` ըստ սկզբնական հասցեաթերթերի:
36. Մարզպետի կարգադրությունների և որոշումների հավելվածները ստորագրում է աշխատակազմի ղեկավարը:
37. Մարզպետի, մարզպետի տեղակալների և աշխատակազմի ղեկավարի մոտ անցկացվող խորհրդակցությունների արձանագրությունները ստորագրվելուց հետո քաղվածքների ձևով ուղարկվում են համապատասխան ստորաբաժանումներ և կազմակերպություններ: Պատճենները կնքվում են քարտուղարության կնիքով, իսկ էլեկտրոնային օրինակները` էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
38. Նշված արձանագրությունները համարակալվում են և պահվում քարտուղարությունում, իսկ ֆայլերը տվյալների շտեմարանում:
4. ԵԼԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
39. Աշխատակազմում ելից փաստաթղթերը ստորագրվում են Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի և աշխատակազմի ղեկավարի, իսկ նրանց բացակայության կամ հանձնարարության դեպքում համապատասխան տեղակալների կողմից:
40. Ստորագրության ներկայացվող նամակին կցվում են դրա 2-րդ և 3-րդ օրինակները նախագիծը պատրաստող աշխատողի նշագրով:
41. Նամակների տեքստի տակ, որոնց կցվում են լրացուցիչ նյութեր, նշվում են կցվող նյութի անվանումը, ամսաթիվը, համարն ու թերթերի թիվը:
42. Նամակի ելից համարը կազմված է պայմանանիշից և համարից:
43. Հասցեատերերի ստորագրությունները և առաքվող թղթակցության ցանկերը սահմանված կարգով պահվում են քարտուղարությունում:
5. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԸՆԹԱՑՔ ՏԱԼԸ
44. Քաղաքացիների կողմից ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները ստացման օրը գրանցվում են քարտուղարությունում:
45. Աշխատակազմի իրավասու անձի կողմից քաղաքացիների անհատական ընդունելության ժամանակ նրանց գրավոր առաջարկությունները, դիմումներն ու բողոքները նույնպես ենթակա են գրանցման օրենքով սահմանված կարգով:
46. Կոլեկտիվ առաջարկության, դիմումի և բողոքի ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում առաջին ազգանունը:
47. Անանուն նամակները գրանցման ենթակա չեն և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:
48. Ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները քարտուղարության պետի կողմից նախնական քննարկումից հետո ներկայացվում են աշխատակազմի ղեկավարին կամ նրա տեղակալին:
49. Որոշ առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քարտուղարության կողմից կարող են ուղարկվել այն պետական մարմիններ, հիմնարկներ ու կազմակերպություններ, որոնց անմիջական իրավասությանն է պատկանում տվյալ հարցի լուծումը, կամ անմիջական ենթակայությամբ է գործում այն կազմակերպությունը կամ պաշտոնատար անձը» որի գործողությունը բողոքարկվում է դիմողին ուղարկելով դրա մասին ծանուցում:
50. Աշխատակազմի ստորաբաժանումներում քննարկված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի կամ աշխատակազմի ղեկավարի մակագրություններով, վերադարձվում են քարտուղարություն հասցեատերերին ուղարկելու համար: Նամակների քննարկման արդյունքների մասին գրավոր կամ, դիմողի համաձայնությամբ, բանավոր տեղեկացվում է դրանց հեղինակներին:
6. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
51. Աշխատակազմի արխիվ են հանձնվում նախորդ տարվա մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա գործավարության բոլոր փաստաթղթերը:
52. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերի պահպանումը իրականացվում է «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
53. Անհրաժեշտության դեպքում Աշխատակազմի արխիվից կամ «Արխիվ» շտեմարանից կարելի է օգտվել, գործերը դուրս բերել կամ դրանցից փաստաթղթեր պատճենահանել միայն աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալի կամ քարտուղարության պետի թույլտվությամբ:
54. Աշխատակազմի արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է ըստ ցանկերի և գործերի պայմանանիշերի:
55. Աշխատակազմի արխիվային գործի մասնագետը /արխիվարիուսը/ քարտուղարության գործերի ընդունման համար ստորագրում է ցանկերի բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը: Ցանկի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են աշխատակազմի արխիվում: