040.1531.061203
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 նոյեմբերի 2003 թվականի N 1531-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաշվեկշռային մեթոդով 731219,4 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Մոսկվայի «Արարատ» գինու-կոնյակի գործարանի անավարտ շինարարության հիման վրա ստեղծված «Արմյանսկիե վինա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):
2. Սահմանել մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 135626 հազ. դրամ:
3. Սահմանել մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գինը` 33907 հազ. դրամ:
4. Ընկերության պարտավորությունները 2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 595593 հազ. դրամ, այդ թվում`
կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 5444,9 հազ. դրամ,
երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ` 211640 հազ. դրամ,
կարճաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ` 148686,7 հազ. դրամ,
ստացված ընթացիկ կանխավճարներ` 190783,8 հազ. դրամ,
այլ ընթացիկ պարտավորություններ` 39038 հազ. դրամ:
5. Ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
6.1. մասնավորեցման պայմանագրում նախատեսել`
ա) «Երևանի կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման պայմանագրից բխող` գնորդի հետևյալ պարտավորությունները`
գնորդն իր հետ փոխկապակցված անձանց (բաժնետերեր, իր կամ բաժնետիրոջ դուստր ու կախյալ ընկերություն և այլն) և գնվող գործարանի կողմից պարտավորվում է մինչև 2004 թվականի հունիսի 30-ը չարտադրել և չիրացնել «Հայկական կոնյակ», «Հայկական բրենդի» անվանումներով ոգելից խմիչքներ,
գնորդը պետք է երաշխավորի արտադրվող կոնյակների, բրենդիների և գինիների համար «Հայկական կոնյակ», «Հայկական բրենդի» անվանումների և դրանց թարգմանությունների, ինչպես նաև «Երևանի կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերության Հայաստանի Հանրապետությունում գրանցված «Արարատ» լոգոյի և այլ ապրանքային նշանների ու դրանց` շփոթելու աստիճան նման նշանների չօգտագործումը` անկախ դրանք Երևանի կոնյակի գործարանի անվամբ Ռուսաստանի Դաշնությունում գրանցված լինելու կամ չլինելու հանգամանքից,
գնորդը պետք է պարտավորվի որոշակի ժամկետում` մասնավորեցվող ընկերության կանոնադրական կապիտալում կատարել այնքան ներդրում, որն անհրաժեշտ կլինի մասնավորեցվող ընկերության բոլոր պարտքերը մարելու համար, կամ, պարտատերերի համաձայնությամբ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օրենսգրքի 391-րդ հոդվածին համապատասխան` պետք է ստանձնի մասնավորեցվող ընկերության պարտքերը` բացառելով անվճարունակ ճանաչելն ու սպիրտի պաշարների անվերահսկելի վաճառքը,
ընկերությունը մասնավորեցումից հետո առնվազն մինչև 2004 թվականի հունիսի 30-ը պետք է գործի որպես փակ բաժնետիրական ընկերություն, և գնորդն իրավունք չի ունենալու իր բաժնետոմսերն այդ ժամանակահատվածում օտարելու, վարձակալությամբ տալու կամ գրավ դնելու երրորդ անձի` առանց սույն որոշմամբ սահմանված պարտավորությունների ամենայն հստակությամբ վերջինիս կողմից ստանձնման,
գնորդն իրավունք չունի առնվազն մինչև 2004 թվականի հունիսի 30-ը իր նախաձեռնությամբ օտարելու, գրավ դնելու կամ վարձակալությամբ տալու մասնավորեցվող ընկերության այն արտադրական կառույցները, որոնք հնարավոր է օգտագործել կոնյակի արտադրության համար, եթե նոր գնորդները, գրավառուները կամ վարձակալներն ամենայն հստակությամբ չեն ստանձնում սույն որոշմամբ սահմանված պարտավորությունները.
բ) որ գնորդը պարտավոր է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) որ Հայաստանի Հանրապետությունն իրավունք ունի պայմանագրից բխող պարտավորությունների կատարման վերահսկման իրավունքը փոխանցելու երրորդ անձի.
6.2. սույն որոշման 6.1-ին կետի «բ» ենթակետի պահանջների կատարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:
7. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ